ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այլեւս ըստ ցանկության չեն կարողանա ընտրել դպրոցը

Հարցազրույց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

Պարոն Կարապետյան, ընդունված է ուսումնական տարեվերջ ամփոփել ուստարին, հարցնել «Վերջին զանգից», փոխակերպումով՝ «Վերջին Զումից»… և քանիսը 12-րդ ավագ դպրոցին հրաժեշտ տվեցին:

— 2019-20թթ. ուս. տարին համարենք ավարտված: Ի՞նչ տեղի ունեցավ այս ուսումնական տարում, ինչ ծրագրերի փոփոխություններ տեղի ունեցան կամ ինչպես դեֆորմացիայի ենթարկվեց ուսումնական գործընթացը: Մարտի 13-ն եղավ փաստացի առկա ուսուցման վերջին օրը և արդեն սկսվեց կազմակերպվել հեռավար ուսումնական դասընթացներ: Այլևս չխոսելով, թե ինչպիսի բարդություններ առաջացան, քանզի այն բոլորիս է հայտնի, միայն մատնանշենք, որ հիմնական խնդիրները տեխնիկական էին, որոնք որոշ բնակավայրերի, որոշ թվով աշակերտների համար անհնարինության պայմաններ էր ստեղծել: Սակայն ի պատիվ մեր մանկավարժների, ի պատիվ կրթական ոլորտի ներկայացուցիչների՝ ուսումնական գործընթացը չնայած տուժեց, բայց ոչ ամբողջական առումով: Տուժեց այնքանով, որքանով արդյունավետությունը կարողացանք գնահատել, հասկանալ, թե ինչ որակի դասապրոցես կարողացանք կազմակերպել: Իհարկե, արդյունքներից խոսելիս մենք պատկերացնում ենք օլիմպիադաներում գրանցած հաջողությունները, ավարտական քննությունները, բուհական ընդունելության քննությունները: Ինչպես գիտեք, բուհական քննությունները ևս մեկ ամսով հետաձգվեցին՝ տեղափոխվելով հուլիսի առաջին տասնօրյակ: Բայց ամփոփ պատկերով վերցրած, պիտի փաստենք, որ մենք մարզում գրեթե բոլորի մոտ կարողացանք ապահովել ուսումնական գործընթացը, իհարկե, լրացուցիչ տեխնիկական միջոցներ տրամադրելով, չնայած պահանջն ավելի մեծ էր, բայց կարողացանք բարերարների և ԿԳՄՍ-ի օգնությամբ մոտ 400 տեխնիկական միջոցներ տրամադրել: Իսկ ինչ մնում է 12-րդ դասարանն ավարտողների թվաքանակին, ապա ինչպես և նախորդ տարի էր՝ մոտ 1700 աշակերտ հրաժեշտ տվեց դպրոցին:

— Եվ այդ տեխնիկական միջոցները դպրոցն ավարտելուց հետո՝ վերադարձվելու են, այո՞:

— Այո, վերադարձվելու են, հետագայում, սեպտեմբերից, ելնելով երկրի համաճարակային պայմաններից, եթե նույն կերպով շարունակվի դասապրոցեսը, ապա նորից կհատկացվի պահանջ ունեցողներին: «Վերջին զանգ-զումով» էլ հնչեցվեց վերջին զանգը, որն ազդարարեց ավարտը: Ավարտական քննություններ չեղան, իսկ երեխաների կիսամյակները փակող գնահատականները մարտի 13-ով էլ ամփոփվեցին: Ինչ վերաբերում է բուհական քննություններին, ինչ արդյունք կունենանք, այս պահին ասել չեմ կարող, բայց, եթե համեմատենք նախորդ տարիների արդյունքները, ապա մոտ 50 տոկոս շրջանավարտներ կդիմեն բուհեր:

— Ըստ Ձեզ, որքանո՞վ արդարացի էր մոտ երկու ամիս հեռավար դասընթացների մասնակից երեխաների, նաև ուսուցիչների, այսպես ասած, «աշխատանքը ջուրը լցնելը»՝ փաստելով, որ գնահատականը չէր կարևոր, բայց համակարգը գնահատման սանդղակ ունի:

— Այն, ինչ արվել է, աշակերտի շահերից ելնելով է արվել: Օրինակով փորձեմ ապացուցել. պատկերացրեք մի ամբողջ կիսամյակ և կես կիսամյակ երեխան կարողացել է ուսումնական գործընթցներում բարձր ակտիվություն դրսևորել, բարձր առաջադիմություն գրանցել, բայց ֆիզիկապես կամ տեխնիկական պատճառներով չկարողանալով հեռավար դասընթացներին մասնակցել, «Էլեկտրոնային մատյաններում» գրանցած վերջին «ցածր» գնահատականներով ամփոփվեր իրենց առաջադիմությունը: Եվ հակառակը. այն աշակերտը, որը կիսամյակի ընթացքում գրեթե աչքի չի ընկել առաջադիմությամբ, իսկ երկու ամսվա ընթացքում, մեզ հայտնի մեթոդների՝ ծնողների, ավագ եղբայր-քույրերի «հուշման» օգնությամբ կարողացել է ի ցույց դնել բարձր մասնակցություն ու հանկարծ «բարձր» գնահատականներով ամփոփվեր ուսման առաջադիմությունը…

— Եվ, բնականաբար, ուսուցիչներն էլ ֆիզիկապես չէին կարողանա անհատական մոտեցում ցուցաբերել:

— Այո, քանի որ ուսուցիչները գերհագեցած օրով, օրական 8-9 ժամ ծանրաբեռնվածությամբ աշխատել են, իրոք, անհատական մոտեցում դժվար կլիներ: Միևնույն ժամանակ, փաստենք, որ այս մասին մի քիչ ժամանակային առումով շուտ հայտարարվեց, ինչը պակասեցրեց թե՛ երեխաների, թե՛ մանկավարժների մոտիվացիան: Բայց դա էլ ուներ իր օբյեկտիվ պատճառները: Ներողություն եմ խնդրում սուբյեկտիվ կարծիք հայտնողներից, բայց ընդունեք, որ այս որոշումը կայացվել է մասնագետների խորը վերլուծություններից, քննարկումներից հետո: Ինչ վերաբերում է բուհական մեկ քննությանը, որի մասին նույնպես տարաբնույթ կարծիքներ են հնչում, ապա թող թյուր կարծիք չստեղծվի, թե այն շատ հեշտ է լինելու:

— Առաջին դասարանցիների ընդունելությունը ևս օնլայն է կազմակերպվելու: Ի՞նչ կասեք այս առումով:

— Նախորդ ուսումնական տարում Երևանում այդ փորձն անցել են, եղել են որոշակի խնդիրներ՝ գրանցման հետ կապված, որոնք լուծվել են, շտկվել են թերությունները: Այս տարի, մինչև հունիսի 1-ը հնարավորություն էր տրվել ճշգրտել յուրաքանչյուրի գրանցման տարածքները: Դպրոցների համար կար սահմանային թիվ՝ թե՛ տարրական, թե՛ միջին օղակի համար, և սա մի բանով լավ է, որ տանում է համահարթեցման սկզբունքի, այլևս ըստ ցանկության ու նախընտրության չեն կարողանա ընտրել դպրոցը, բացառությամբ, եթե երեխայի ծնողը կամ ավագ եղբայր-քույրը չեն սովորում այլ դպրոցում:

— Իսկ եթե դպրոցը շենքային պայմաններով հնարավորություն չի ունենա ընդունել այնքան աշակերտ, որքան որոշված կարգով բաժին կընկնի տվյալ դպրոցի՞ն:

— Այդ հարցը վաղուց է կարգավորված. քանի որ դպրոցները լիցենզավորումներ են անցել և սահմանային թվեր են որոշված, ապա, իհարկե, այդ խնդիրը չի առաջանա: Որոշակի տատանումներ, քիչ թվով շեղումներ հնարավոր է լինեն: Այլևս կբացառվեն խոսակցությունները, թե այս կամ այն դպրոցն ամեն ինչ անում է, որ ավելի շատ թվով աշակերտներ ներգրավի:

— Բայց եկեք խոստովանենք, որ ինչ-որ տեղ սա որոշ տնօրենների մոտիվացիաների վրա կազդի:

— Այո, մրցակցային պայմանների մասին ենք խոսում, բայց չեմ կարծում, որ այդ դպրոցները որևէ կերպ կտուժեն:

— Մի շատ կարևոր հարցի անդրադառնանք. եթե առաջ երեխաներին դրսից տուն չէինք կարող բերել, հիմա ստացվել է այնպես, որ շատ ծնողներ ստիպում են երեխաներին բակ դուրս գալ՝ խաղալու: Ամառային արձակուրդները մի կողմ թողնենք, խոսքը հեռավար դասերի ընթացքում ֆիզիկական շարժունակությանն է վերաբերում:

— Համամիտ եմ, այդ մտավախությունը կա. երեխաներն ամբողջովին մտել են վիրտուալ հարթակ, ակտիվ խաղերն ու շփումներն ընդհատվել են, տեխնիկայի զարգացումն ի վնաս աշխատեց այս տեսակետից: Բայց խնդիրը գլոբալ է, մտահոգություններ բոլորն են հայտնում, որովհետև երեխայի մոտ և՛ ֆիզիկական, և՛ սոցիալական շփումների դեֆորմացիաներ են առաջանում: Կարծում եմ, այստեղ ծնողները մեծ դեր ունեն, պետք է ժամանակ գտնեն ու երեխայի հետ ակտիվ զբաղմունք կազմակերպեն: Ուղղակի այսօր դեռ համավարակի հետ կապված դա խնդիր է:

— Եվ վերջին հարցը. արդյո՞ք հեռավար դասընթացների մասնակցած ուսուցիչները պարգևավճարների կամ հավելյալ վարձատրումների չպիտի արժանանային:

— Իհարկե, ցանկալի կլիներ, որ հավելյալ վճարումներ ստանային: Բայց պետությունը կանգնեց մանկավարժի կողքին այնքանով, որ կրթական հաստատությունում աշխատող ոչ մի աշխատակից չտուժեց, այլ բոլորը 100 տոկոսով վճարվեցին: