Երբ սկսվեց նոր ուսումնական տարին, Շիրակի մարզի 24 դպրոցների աշակերտներին հաճելի անակնկալ էր սպասվում. նրանք արդեն ապահովված էին ժամանակակից կրթության պահանջներին համահունչ համակարգչային դասասենյակներով: Իսկ նման անակնկալ մատուցել էր Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ): Բանկերը՝ համատեղ ջանքերով, Շիրակի մարզի 24 դպրոցների համակարգչային դասասենյակները վերանորոգեցին, տրամադրեցին ավելի քան 150 համակարգիչ՝ իրենց համակարգչային սեղաններով և աթոռներով, ինչպես նաև էլեկտրոնային գրադարաններ:
Անցած շաբաթ ՀԲՄ անդամները Շիրակի մարզպետարանում հանդիպեցին Շիրակի մարզպետի և հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Մարզպետը շնորհակալություն հայտնեց՝ հատ առ հատ նշելով, թե որ դպրոցներին է աջակցություն տրվել: ՀԲՄ նախագահ Արտակ Հանեսյանը ներկայացրեց, որ տարեսկզբին հանդիպել են Շիրակի մարզպետի հետ, քննարկվել էր ծրագիրը, ապա ծրագրին մասնակցել են գրեթե բոլոր 16 բանկերը. «Նման ծրագրերը լինելու են շարունակական: Մենք Շիրակի մարզում դեռ անելիքներ շատ ունենք, մանավանդ վարկավորման ուղղությամբ՝ թե՛ բիզնեսի, թե՛ սպառողական վարկերի առումով: Նշեմ, որ Շիրակի մարզում գործում է 12 բանկ՝ 37 մասնաճյուղով: Մոտ ապագայում և՛ Կենտրոնական բանկի, և՛ ՀԲՄ-ի կողմից կմշակվեն համապատասխան ծրագրեր՝ հասարակության ֆինանսական կրթվածությունը բարձրացնելու ուղղությամբ: Այստեղ շատ կարևոր է դպրոցների, ուսուցիչների դերը, և մենք պատրաստ ենք համապատասխան սեմինարներ կազմակերպել նրանց համար»:
Հանդիպումից հետո նախատեսված էր ասուլիս, սակայն այն չկայացավ: Սակայն «Շրջապատը» զրուցեց Հայաստանի բանկերի միության նախագահ ԱՐՏԱԿ ՀԱՆԵՍՅԱՆԻ հետ:
— Պարոն Հանեսյան, Ամանորին ընդառաջ միշտ այսպես է եղել. արտարժույթի գինը բավականին տատանվել է, դոլարի գինը բարձրացել է, իսկ ռուբլու գինը նվազել: Ինչպիսի՞ կանխատեսումներ կան այս տարվա համար:
— Բանկերը չեն սիրում արտարժույթի փոխարժեքի վերաբերյալ որևէ կանխատեսում անել, միևնույն ժամանակ, գտնում եմ, որ դա ճիշտ էլ չէ, քանզի կարծես հասարակությանը տրամադրություններ ենք փոխանցում, սպասումներ ձևավորում, սա որպես ՀԲՄ նախագահ: Որպես անհատ, կարող եմ ասել, որ կտրուկ տատանումների, փոփոխությունների սպասումներ չունենք, լինելու է սահուն: Իհարկե, սեզոնայնության տեսանկյունից, ելնելով, որ տարվա վերջ է, միշտ էլ մի փոքր ճնշում լինում է փոխարժեքի վրա: Բայց դա ոչ մի արտառոց երևույթի հետ կապ չունի:
— Հատկապես ռուբլու հետ կապված մի դիտարկում անեմ. բոլորիս հայտնի է, որ Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցներն իրենց ընտանիքներին գումարներ են ուղարկում՝ Ամանորը դիմավորելու համար, այս պարագայում ռուբլին արհեստականորե՞ն է արժեզրկվում, որպեսզի բանկերը գերշահույթ ստանան, ֆինանսական խաղե՞ր են:
— Ոչ, ֆինանսական խաղ չէ, բայց այո, Ձեր ասածը կա՝ ռուբլու փոխարժեքը նվազում է, սակայն Ձեր ենթադրություններում մի փոքր սխալվում եք, դա կապված չէ բանկերի գերշահույթ ապահովելու հետ, այլ նորմալ երևույթ է: Երբ տոների շեմին տրանսֆերտների թիվն աճում է, այսինքն մեր հայրենակիցները գումարներ են փոխանցում իրենց հարազատներին, որն էլ պետք է լինում դրամի վերածել, ապա շատ շարժի դեպքում ստացվում է, որ կուրսը փոփոխության է ենթարկվում: Բացի այդ, ռուբլու տատանվող կուրսը կապված է լինում նաև հենց Ռուսաստանի տնտեսական իրավիճակից. այնտեղի ռուբլի-դոլար տատանողականությունը միանշանակ ազդում է այստեղի դրամի փոխարժեքի տատանումների վրա:
— Իսկ վարկերի հետ կապված. արդյո՞ք չեք գտնում, որ վարկային տոկոսադրույքները բավականին բարձր են:
— Վերջին մեկ տարվա ընթացքում բոլոր վարկատեսակների գծով տոկոսադրույքները բավականին նվազել են: Տոկոսադրույքների սահմանման գործընթացում կա լուրջ տնտեսական հիմնավորումներ: Կարող եմ ասել, որ այսօրվա տոկոսադրույքները լիովին համապատասխանում են այսօրվա տնտեսական իրավիճակին, և իմ գնահատմամբ, ամենևին էլ բարձր չեն:
— Սակայն թույլ տվեք նկատել, որ եվրոպական բանկերում մեր տոկոսադրույքներից ավելի ցածր տոկոսներ են գործում, այն դեպքում, երբ մեր ստացած աշխատավարձերն ու շահույթները տասնապատիկ անգամ զիջում են եվրոպականին…
— Իսկ Եվրոպայի և Հայաստանի տնտեսություններն համեմատելի՞ են, իհարկե՝ ոչ: Եվրոպայում ավանդների դիմաց վճարվող տոկոսադրույքները Հայաստանում նույն ավանդների դիմաց վճարվող տոկոսադրույքները համեմատելի՞ են, իհարկե՝ ոչ, անգամներով ավելի ցածր է այնտեղ: Տեսեք, միշտ ասում են, սպառողական վարկերի տոկոսադրույքներն Հայաստանում շատ բարձր են: Իսկ Դուք գիտե՞ք, որ Միացյալ Նահանգներում վարկային քարտերի տոկոսադրույքները միջինում տատանվում են 18 տոկոս, դոլարով, կա և 14, և մինչև 24:
— Հա, բայց մեզ մոտ էլ են նույն տոկոսադրույքները:
— Այո, բայց Միացյալ նահանգները և Հայաստանը տնտեսության առումով, զարգացվածության առումով չես կարողանա, չէ՞, համեմատել, բայց տոկոսադրույքներն համադրելի են: Սա ամենևին չի նշանակում, որ մենք չենք փորձելու տոկոսադրույքներն ավելի մատչելի դարձնել: Եթե տոկոսադրույքներն էլ չկարողանանք իջեցնել, ապա այլ պայմաններով կբարելավենք պայմանները, միգուցե ժամկետները երկարացնենք, սպասարկման որակը բարձրացնենք, մենք ևս շահագրգռված ենք, որ հնարավորինս շատ վարկեր տրամադրենք: Դա է մեր հիմնական եկամտի աղբյուրը:
— Երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկերի տոկոսների ու ժամկետների բարելավում արվեց: Ի՞նչ կասեք, հնարավոր չէ՞, որպեսզի ոչ երիտասարդ ընտանիքի համար ևս մեղմ քաղաքականություն մշակվի:
— Եթե վարկառուն իվիճակի է վարձ վճարելու, նրա եկամուտն օրինական է, եկամտահարկ է վճարում, այս դեպքում հիփոթեքային վարկ վերցնելով քաղաքացին փոխհատուցվում է եկամտային հարկի հետվերադարձումով: 8-8,5 տոկոսով՝ դոլարով, 11 տոկոսով՝ դրամային հիփոթեքային վարկային գիծ է մշակված, 20 տարի ժամկետով. ի՞նչ կասեք, սա հարմարավետ պայմաններ չե՞ն:
Ս.ՄԵԽԱԿՅԱՆ