ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Այսօր մեր քաղաքացին լիաթոք է շնչում, ուրեմն երկիրն առողջանում է»

Հարցազրույց «Գյումրու շտապ բուժական օգնության կայան» ՓԲԸ տնօրեն ՌՈԲԵՐՏ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ:

Բժիշկ, խոսենք կայանից, խնդիրներից, հնարավորություններից, նոր կառավարությունից

— Մենք 4 աշխատանքային խմբերով, շուրջօրյա սպասարկում ենք Գյումրին, հարակից համայնքները, անհրաժեշտության դեպքում, առանց բացառության, մեկնում ենք հեռավոր վայրեր՝ փոխօգնության ձեռք մեկնում: Խմբերից 3-ը գծային աշխատախումբ է՝ բժիշկ-բուժքույր, վարորդ, սանիտար, իսկ մեկը՝ ֆելդշերական. բուժքույր, վարորդ, սանիտար: Մեր վարորդները վերապատրաստվել են որպես սանիտարներ, և նրանք օգնում են բրիգադին՝ բուժօգնության կազմակերպման ընթացքում: Օրեկան սպասարկում ենք 70-80 կանչ: Մենք նաև վճարովի ծառայություններ ենք մատուցում, որից մեկը՝ հիվանդին մեկ բնակավայրից մյուսը տեղափոխելն է՝ ընթացքում բուժօգնություն տրամադրելով, երբ այն պետական պատվերի մեջ չի մտնում, համավճարի կամ վճարովի ծառայության մասին է խոսքը: Ասեմ, որ մոտ 50 տոկոս մատչելի ենք կազմակերպում այս ծառայությունը՝ ելնելով մեր քաղաքի սոցիալական վիճակից:

Խորհրդային տարիներին, որքան հիշում եմ՝ Շտապ օգնությունը դա ոչ միայն կանչով հրավիրվող բուժխումբն էր, այլ նաև ամբուլատոր սպասարկում էր ապահովվում. ասենք՝ տրավմա ստացածին բերում էին Շտապ օգնության հիվանդանոց, որտեղ նրան արդեն վիրաբուժական, վնասվածքաբանական օգնություն էին ցուցաբերում:

— Այսօրվա կայանները կազմակերպում են միայն շտապ օգնության ծառայություն: Առաջ, այո, կային մի քանի հիվանդանոցներ՝ շտապ օգնության, վիրաբուժական, թերապևտիկ… Հիմա ունենք բժշկական կենտրոն, որտեղ միավորվել են գրեթե բոլոր բուժհաստատությունները:

Իսկ վտանգ չե՞ք տեսնում, որ Շտապ օգնության կայանը ևս միավորեն կենտրոնին:

— Ինչո՞ւ պետք է վտանգ տեսնեմ: Եթե փոքր տարածք է սպասարկվում, ապա շատ հարմար է ու ցանկալի, մանավանադ, շտապ օգնության կայան պահելը բավական ծախսատար է, թանկ է, իսկ բժշկական կենտրոնները՝ լինելով հզոր կառույցներ, արդեն կկարողանան պահել նման կայաններ: Պետական պատվերով գծային բրիգադայի մեկ կանչը 7000 դրամ է, իսկ ֆելդշերականը՝ 5200 դրամ: Տեսեք, մենք փակ բաժնետիրական ընկերություն ենք՝ շահույթ հետապնդող առևտրային կազմակերպություն, այսինքն, մենք որևէ մեկի հետ պայմանագրով աշխատում ենք, և նաև գումար ապահովում: Մեր պատվիրատուներն են հանդիսանում պետությունը՝ իր պետպատվերով և բնակչությունը, որին վճարովի ծառայություններ են մատուցվում: Պետպատվերի սահմաններից դուրս բոլոր առաջին՝ բուժական, և երկրորդ՝ ոչ բուժական ծառայությունները վճարովի են մատուցվում: Հայաստանում գտնվող ցանկացած անձի համար կանչերը սպասարկվում են պետական պատվերով՝ անվճար: Բայց, եթե ասենք որևէ մեկն իր հիվանդ հարազատին ուզում է իր ցանկությամբ տեղափոխել Երևան, Վանաձոր… այդ դեպքում մենք վճարովի տեղափոխում ենք, իսկ ճանապարհին իրականացնում բուժական օգնություն: Մյուս դեպքը, երբ մահացածի աճյունն ենք օրինական փաստաթղթերով տեղափոխում. սա ոչ բժշկական ծառայություն է, որը հարկվում է ԱԱՀ-ով: Եղել է, որ ասենք, Ռոստովից, արհեստական շնչառական ապարատին միացրած մեր քաղաքացուն ենք տեղափոխել Հայաստան՝ որևէ բժշկական կլինիկա, և հետագայում նա առողջացել է, ողջ մնացել, ինչի համար ես անձամբ շատ ուրախացել եմ, որ հրատապ տեղափոխելով՝ փրկել ենք մարդու կյանքը:

Բժիշկ, ասելով Շտապ օգնություն, արդեն պատկերացնում ենք բժշկական ավտոպարկ, որը միշտ առաջնային խնդիրներից է կայանների համար:

— Այո, բավական երկար ժամանակահատված մենք հին ավտոպարկով էինք սպասարկում իրականացնում: 2011-ին ստացանք 6 հատ «Ֆորդ» մակնիշի շտապ օգնության մեքենաներ, որոնցից մեկը ռեանիմոբիլ է (վերակենդանացման), իսկ մնացածները գծային են, որոնք հագեցած են թթվածնային սարքով, պատգարակով, բժշկական սարքերով, էլեկտրոսրտագրիչ սարքով: Մինչ այսօր շատ լավ աշխատում են: Դրա հետ մեկտեղ, մենք հին մեքենաները դուրս չգրեցինք, վերականգնեցինք մեր «Գազելները», 2004թ-ի «Մերսեդես-սպրինտերը»: Ճիշտ է, բարոյապես մաշված են, բայց մենք նրանց նոր շունչ հաղորդեցինք, քանզի մեր կայանի համար 10-15 մեքենա է պետք՝ օրական կանչերն ապահովելու համար: Եթե 4-5 նոր մեքենա տրամադրեն, շատ լավ կլինի… Պիկ օրեր կան, որ կանչերն այնքան շատ են լինում, որ հերթապահն ըստ առաջնահերթության է դրանք գրանցում:




Նոր կառավարություն ունենք, նաև նոր հույսեր ենք կապում, միգուցե հարցերը կարգավորվե՞ն:

— Ուրախությամբ եմ ընդունել այն լուրը, որ Առողջապահության նախարարությունում քննարկվում է ամբուլատոր բուժօգնության և ոչ հիվանդանոցային բուժսպասարկման հարցերը: Երկար տարիներ ոչ հիվանդանոցային բուժսպասարկման օղակում եմ աշխատում և գտնում եմ, որ շատ կարևոր է, որ այս օղակը լուրջ ուշադրության կենտրոնում պահեն: Պոլիկլինիկական օղակը դա առողջապահության հարստությունն է…

Սակայն համաձայնեք, որ բնակչության շրջանում այս օղակից դժգոհություններ շատ են լինում:

— Տեսեք, այս օղակը և ծախսատար է, և առաջին հարված ստացողն է: Բացատրեմ դժգոհությունների պատճառներն ու իմաստը. մարդու մոտ սրտխառնոց է, միանգամից ասել, որ այն սթրեսի հետևանք է, ստամոքսի խանգարում է, զարկերակային ճնշման տատանում է, թե թունավորում է, շատ դժվար է, եթե կլինիկական մյուս նշանները դեռ չեն զարգացել, արտահայտվել: Երկրորդ օրը միանում են այլ կլինիկական նշաններ, 3-րդ օրն ավելի է հիվանդության ախտանիշները գլուխ հանում, հետո լաբորատոր հետազոտության արդյունքներն են պարզվում, ապա նոր դիագնոզում: Երբեմն հիվանդի տերերը առաջին օրերին տանում են հիվանդին, ու տեսնելով, որ էֆեկտ չեն ստանում, հիվանդին տեղափոխում են Երևան. ու ի՞նչ է լինում, արդեն հիվանդության կլինիկան խորացել է, պարզվել է, Երևանում վայրկենական դիագնոզվում է, իսկ քաղաքացին էլ սխալ ենթադրություն է կազմում, ասելով, թե «մեր մոտ չհասկացան»… Ես միգուցե այս պահին պաշտպանի դերում հանդես եկա, բայց սա պետք է քաղաքացին ընդունի ու ճիշտ պատկերացնի, որ առաջնային օղակը դրանից է տուժում: Իսկ Երևանում էլ սրանից օգտվում են և անուն են հանում, և բարձր գներով բուժում իրականացնում:

Բայց, եթե հիվանդության կլինիկան զարգացած չէ, ինչո՞ւ են բուժումներ նշանակում

— Ահա՜, ա՛յ, հիմա բացատրեմ. երբ հիվանդի մոտ դեռևս կլինիկան զարգացած չէ, կոնկրետ չի ախտորոշվում կոնկրետ հիվանդությունը, վերցնում են այդ կլինիկայով որ հիվանդությունները կարող են առնչություն ունենալ, վերցնում են 5 ամենավտանգավոր հարակից հիվանդությունները և սկսում են բուժել, որպեսզի գոնե ամենավտանգավորի դիմացն առնեն, մնացած թեթևներն այնքան խնդիր չեն, որքան վտանգավորը:

Ահա, թե ինչու են հիվանդները դժգոհում, թե մի հիվանդության դեմ են բուժել, սակայն հետո պարզվել է, որ ուրիշ բան էր:

— Այո, հենց սա է, որ պետք է ճիշտ ընկալենք:

Վերադառնանք կայանին.թվարկեք այն հարակից  խնդիրները, որոնք առկա են կայանի համար:

— Քանդված փողոցները, տների, շենքերի բացակայող համարները, փողոցների լուսավորության, փողոցային շների խնդիրներ… Մենք հերոսաբար այս խնդիրները հաղթահարում ենք:

Բացի ավտոպարկի թարմացումից, ի՞նչ առավելություններ կնշեք:

— Ասեմ, որ նշածս «Ֆորդ» մեքենաներում եղած սարքավորումներին մենք ավելացրել ենք նաև մեր կողմից ձեռքբերված այլ սարքեր՝ շաքարը որոշող, պուլսօքսիմետրը, ավելացրել ենք 7-8 տեսակի շինաներ՝ անշարժացնող սարքեր: Բուժանձնակազմերը ապահոված են ըստ օրենքի, բոլոր պահանջվող դեղորայքներով: Մեր բուժանձնակազմն ունի յուրահատուկ արտահագուստ՝ ձմեռային և ամառային: Մեր կայանը երևի միակն է, որ ունի ստերիլիզացման, հականեխման, մանրէազերծման սենյակ. մեր ունեցած բոլոր բուժգործիքները, ձեռնոցները, հագուստները, ծածկոցները, սավանները ստերիլ վիճակում փաթեթավորվում են, 3 օրը մեկ, շաբաթը մեկ փոխվում են:

Հեռախոսակապի խնդիրը լուծվել է. Գյումրիում «Վիվա-Սել» օպերատորի համարով «1-03» զանգահարելու դեպքում ուղղակի կապվում են մեր կայանին, լավ կլիներ, որ մյուս օպերատորներն էլ այս հարցը կարգավորեին, չնայած ասեմ, որ «ԱրմենՏելի» դեպքում «1-03» զանգելով, Երևանի հետ են կապվում, այնտեղից մեզ դարձյալ կանչը տալիս են: Բայց մի քանի րոպեի սպասման հոգեբանական խնդիր է առաջանում: «Վիվա-Սելը» մեր աշխատակիցներին տրամադրել է նաև ներքին կապի համար հեռախոսներ: Ժամանակակից ռացիաներ ունենք, ռադիոլոկացիոն համակարգով նավիգատորներով մենք տեսնում ենք մեր մեքենաների ուղերթը, ամեն ինչը՝ սկսած կանչի պահից, հիվանդի մոտ հասնելուց, խոսակցություններից մինչև բուժմիջամտությունը ձայնագրվում, արձանագրվում է:

Իսկ ինչ մնում է բուժանձնակազմին, ապա պետք է ասեմ, որ մեր բժիշկները բազմակողմանի են, այնպիսի մասնագիտական բարձրակարգ որակավորումներ են ձեռք բերում, որ նրանցից շատերը ժամանակի ընթացքում այլ հիվանդանոցներում բաժնի վարիչներ են դառնում և այստեղ, և Երևանում, և մասնավոր կլինիկաներում:

Բժիշկ, փոխվե՞լ է արդյոք մարդկային հոգեբանությունը. մի քանի դեպք եղավ, երբ շտապ օգնության բժշկի վրա հարձակվեցին

— Փոխվել է շատ բան, բայց փոխվել է դեռ սովետական փակ շրջանի փլուզումից հետո. երբ «դռները բացվեց», աշխարհի ամեն լավ բանը մինչև եկավ, հասավ Հայաստան, աշխարհի ամեն վատ բանն արդեն այստեղ էր: Թե մի եվրոպական կուլտուրա, մշակույթ պիտի այստեղ հասներ, արդեն թմրամոլությունը, համասեռամոլությունը, վարակային հիվանդություններն առկա էին: Երբ մենք այն ժամանակ անտուններ, փողոցում ընկած ալկոհոլիկներ չունեինք, ապա հիմա ունենք… Չեմ ուզենա մեկ նախադասությամբ Ձեր հարցին պատասխանել, բայց պատասխանիցս հետևող ենթադրությունները թողնում եմ Ձեզ: Թե ինչու է մարդկանց հոգեբանության մեջ «նստել», որ շտապ օգության մեքենան ուշանում է, չգիտեմ… Հոգեբանորեն դա մենք հասկանում ենք. հիվանդատերը ցայտնոտի մեջ է, մեկ րոպեն հավերժություն է թվում, հենց սրա ու եղած դեպքերի հիման վրա մենք ստեղծեցինք այն համակարգը, որը վերևում նշեցի. մենք յուրաքանչյուրի բողոքի դեպքում ձայնագրությունը հանում, ապացուցում ենք: Բայց հարցի մյուս կողմն էլ կա. ո՞ւմ մտքով կանցներ, որ այսօր Գյումրիի փողոցներում մեքենաների խցանում կլինի… Սա ֆորս-մաժորային դեպքերի շարքում են: Տրված է, որ 15 րոպեից պիտի մենքենան կանչի վայր հասնի, բայց, եթե լինի, որ 16 րոպեում ենք հասել, ուրե՞մն…

Վերջին հարցս. տարիների ընթացքում ադյո՞ք փոխվել է հիվանդության, կանչի տեսակը:

— Ե՛վ այո, և ո՛չ: Ոչ, որովհետև դարձյալ առաջին տեղում է հիպերտոնիաները՝ մոտ 60-70 տոկոս: Այո, որովհետև այսօր կանչեր են գրանցվում, և բժիշկները հայտնվում են մի իրավիճակում, երբ հիվանդը ոչ թե բժշկական միջամտության անհրաժեշտություն ունի, այլ՝ հոգեբանական… մարդու հետ շփման անհրաժեշտություն ունի, մխիթարության, հոգսերը կիսելու, հումանիզմի: Կուզենայի նաև հետևյալն ասել. այն, ինչ տեղի ունեցավ մեր երկրում, ես բժշկության տեսանկյունից եմ ուզում ասել. երբ բժիշկը տեսնում է, որ մարդը հեշտ է շնչում, լիաթոք է շնչում, ասում է՝ ահա սա այն է, որ հիվանդն առողջացել է: Եթե այսօր մեր քաղաքացին լիաթոք է շնչում, ուրեմն երկիրն առողջանում է:

Պիտակներ՝