ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

Այս իրավիճակում էլ թատրոնը դադար չունի

Գյումրու դրամատիկական թատրոնը բավական ծանրաբեռնված ու խիտ խաղացանկ էր կազմել, որը պիտի մատուցեր թատերասեր հասարակությանը: Սակայն…

Հարցազրույց Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն ԼՅՈՒԴՎԻԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

Պարոն Հարությունյան, ինչ ունեինք մինչ կարանտինը:

— Տարին սկսել էինք մի նոր թատերական նախագծով, հունվարից պատրաստվել էինք, և փետրվարին իրականացրեցինք: Ամբողջ հունվարը նաև պատրաստվել էինք «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորմանը: Մեծ աշխատանք տարվեց, Մշակույթի նախարարության և MITOYAN Production-ի ֆինանսական աջակցությամբ, մեզ միացավ ռեժիսոր Արշալույս Հարությունյանը, օպերատոր Սուրեն Թադևոսյանը, և պատրաստվեց նոր դեկոր, ծախսատար աշխատանքներ էին: Մոտ 18 օր տևեց այդ աշխատանքները՝ օրական 14-ժամյա նկարահանումներով: Արդյունքում ստացվեց շատ գեղեցիկ ու հետաքրքիր ֆիլմ: Եվ մենք պատրաստվում էինք ապրիլի 3-ի պրեմիերային՝ ՀՀ բոլոր կինոթատրոններում: Ֆիլմի փետրվարյան պատրաստումներից հետո թատրոնը մարտի 5-ից լծվեց իր բնականոն աշխատանքներին: Ունեցանք մոնոներկայացում՝ «Հասմիկ»-ը… Պիտի փաստեմ, որ աբոնեմենտներն ամբողջությամբ սպառված էր: Մարդիկ հասցրեցին առաջին ներկայացումները դիտել: Վերջին ներկայացումն եղավ մարտի 12-ին, իսկ 14-ին նոր մանկական առաջնախաղ էր լինելու, բայց… Մինչդեռ մենք պատրաստվում էինք մարտ և ապրիլ ամիսներին՝ ամսական 19 ներկայացում խաղալ, որոնց  մեջ ընդգրկված էր նաև 3 առաջնախաղ. մեկը Վահե Շահվերդյանի «Սեր և խարդավանք»-ն էր, որի դերաբաշխումներն ու նկարչական ձևավորումներն արդեն ավարտված էին: Դադարեցվեց թատրոնի աշխատանքները: Գիտեք, որ թատրոնը նաև վարձակալական հիմունքներով է տրվում, և ապրիլի 1-ին Գյումրու «Թատրոնի աջակցման հիմնադրամը» ուներ մեծ բարեգործական համերգ, որի ամբողջ հասույթը պիտի նվիրվեր թատրոնին՝ Տ.Մանսուրյանի երեկոն էր՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ, տոմսերն էլ վաճառվել էր, բայց դա էլ, բնականաբար, չեղարկվեց: Ներկայում մենք տոմսերի գումարները վերադարձնելու աշխատանքներն ենք կազմակերպել, և օրվա մեջ 4 ժամով թատրոնի դրամարկղն աշխատում է՝ պահպանելով բոլոր պաշտպանական ու հիգիենիկ կանոնները, այնպես որ մարդիկ կարող են մոտենալ:

Կարանտինը կամ, ավելի շուտ, պարապուրդը թատրոնի, բեմի արտիստի համար անշուշտ անտանելի է:

— Ահավոր անտանելի է ու անհնար: Եվ մեզ մոտ մի նոր շրջափուլ սկսվեց. օնլայն հարթակում թատրոնն ակտիվացնելը: Առաջին օնլայն ներկայացումը կազմակերպեց Նիկոլայ Ծատուրյանը՝ Թբիլիսիի հայկական թատրոնի հետ համատեղ՝ «Փուղի զորությունը»: Տվյալ դեպքում, օնլայն դիտողը շատ գոհ մնաց, հետաքրքրություն կար և մենք որոշեցինք օնլայն հարթակում շարունակել: Բայց որոշեցինք հատու ներկայացումներ ցուցադրել: Հաջորդիվ ցուցադրեցինք Խորեն Աբրահամյանին նվիրված՝ «Անավարտ մենախոսություն»-ը, որը ևս մեծ ոգևորությամբ ընդունվեց դիտողի կողմից: Հետո եղավ «Ծառերը կանգնած են մահանում» ներկայացումը… Օնլայն հարթակում թատրոն ցուցադրելն ունի լավ ու վատ կողմ. մենք փորձեցինք ցուցադրել այն ներկայացումները, որոնք այս տարվա խաղացանկում չէինք ներառել: Մեր նախարարության հետ քննարկումներ ունեցանք, թե ինչպե՞ս շարունակել թատրոնի կենսագործունեությունը, եկանք դարձյալ օնլայնում թատերական նախագիծ ներկայացնելուն: Հասկացանք, որ սահմանափակումով, պահպանելով կանոնները, ի վերջո, թատրոնում 120 աշխատող կա, հո բոլորին չենք կարող ներգրավել, բայց գոնե ստեղծագործական հավաքներ կազմակերպել՝ 10-կան հոգով, և փոքր ծավալներով նոր ներկայացումների շուրջ աշխատել: Ի դեպ, թատրոնի ողջ անձնակազմը այս երկու ամիսներին 100 տոկոսով վարձատրվել է: Չգիտեմ սա որքան կտևի, բայց մեզ համար այս պահին ծանր շրջափուլ է. արվեստագետը չլինի պրոցեսի մեջ՝ սա շատ բարդ վիճակ է:

Կարո՞ղ ենք պատկերավոր ասել, որ կարանտինի մեղմացումից հետո փորձում եք ստեղծագործել փոքր ծավալի ներկայացումների շուրջ:

— Ստացվում է այդպես: Երբ արդեն ամեն ինչ բարեհաջող ավարտվի, ապա հայտարարում եմ, որ թատրոնը պարտք է իր աբոնեմենտներին և մենք անպայման մեր պարտքը կվերադարձնենք՝ ներկայացումների տեսքով: Պատրաստվում էինք «Արմոնո» փառատոնին, թատրոնն էլ ուներ մոնոներկայացումների շարք, բայց առայժմ դա էլ է դադարի մեջ: Մեր տարիքով արտիստներին ու աշխատակիցներին այս շրջանում կտրականապես չենք անհանգստացնում, իսկ երիտասարդները, ովքեր ընդգրկված են այս փոքր ծավալի ներկայացումների մեջ, դիմակներով, ձեռնոցներով ներկայանում են: Անսովոր է, անհարմար է, շատ բարդ է, բայց պետք է հարմարվել ու ձեռքերը ծալած չնստել: Սա իրավիճակ է, որից պետք է ստեղծագործաբար ելքեր գտնել: Քննարկեցինք, թե գուցե թատրոնի 600 տեղից 100 տեղը՝ հեռավորության սկզբունքով պահպանելով, ներկայացում ցուցադրենք, բայց սա առայժմ գաղափար է: Պատանի հանդիսատեսի թատրոնում էլ մեծ թվով՝ տարեկան 150 ներկայացում էր խաղացվում… Հետագայում բնական է, ավելի մեծ բարդություններ են ի հայտ գալու, հատկապես՝ ֆինանսական տեսքով, բայց գոնե ստեղծագործական ուղեղը աշխատեցնենք, մինչև տեսնենք ինչ կլինի: Թե չէ բեմի մարդու համար օնլայն աշխատելը, առանց հանդիսատեսի հետ կենդանի շփման, նույնն է, թե շնչահեղձ լինելը: Սահմանափակումները ստիպում են մտքին այլ ձևաչափերում մտածել ու ստեղծագործել, երիտասարդները տարբեր գաղափարներ են առաջարկում, այնպես որ այս պրոցեսի մեջ ենք: Ես լավատես եմ, սա ժամանակավոր է, ավելի լավ է, հիմա հետևենք առողջությանը… Թատրոնը դադար չունի… Թեկուզ տանը, ամեն դերասան ստեղծագործական որոշակի պրոցեսի մեջ է, և կարանտինից հետո կամ կողքին, մենք պիտի կարողանանք ստեղծագործել: Կարծում եմ, այս իրավիճակում, մինչև տարեվերջ կարող ենք երկու նոր ստեղծագործության ծնունդ ունենալ:

Պիտակներ՝