ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս Սահմանադրությամբ ով ուզում է լինի վարչապետ, ինքը խնդիր է ունենալու երկրի Մայր օրենքի հետ

Հարցազրույց ՀԱԿ իրավական հարցերի համակարգող ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

Պարոն Խաչատրյան, դեռ 2015 թվականին Հայ Ազգային Կոնգրեսը փոփոխվող Սահմանադրությանը «ոչ» ասաց: Սահմանադրական հանրաքվեին ժողովուրդը ևս իր վերաբերմունքը ցույց տվեց՝ մեծամասամբ «ոչ» ասելով, սակայն նախկին իշխանությունների «թեթև ձեռքով» «ոչը»-ը «այո» դարձավ: Այժմ, երբ երկրի ղեկին նոր, հեղափոխական իշխանությունն է, ամենաքննարկվող թեման Սահմանադրությունն է ու սահմանադրական ճգնաժամը:

— Այն ժամանակ մենք ասում էինք երկու բան.

  1. Սահմանադրության փոփոխությունն ուներ միտում` Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանությունը վերարտադրելու: Ստեղծում էին իրավական, օրինական հիմքեր՝ այդ իշխանությանը շարունակություն, հավերժություն տալու համար:
  2. Ինչի պատճառով մենք կտրականապես դեմ էինք Սահմանադրության փոփոխությանը. դա կառավարման համակարգի փոփոխությունն էր: Եվ մենք այսօր էլ գտնում ենք, որ այս պառլամենտական համակարգը Հայաստանում բերելու է բազմաթիվ խնդիրներ: Հաշվի առնելով պատերազմական իրավիճակը, հաշվի առնելով Հայաստանում մինչ այդ հաստատված քաղաքական խաղի կանոնները, մենք գտնում էինք և պնդում ենք, որ Հայաստանում անհրաժեշտ է նախագահական կամ կիսանախագահական համակարգ:

Մենք, ընդհանրապես, այն ժամանակ սահմանադրական նախագծին ուշադրություն չէինք էլ դարձրել, թե ինչ էր գրված, որովհետև հասկանում էինք, որ առաջարկվող փաստաթուղթն արդեն իսկ չարիք է դառնալու երկրի հետագայի համար: Եվ հիմա Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամը դրա վառ ապացույցն է: Ասեմ ավելին. այս Սահմանադրության մեջ բազմաթիվ խութեր կան, որոնք ամեն օր կարող են ճգնաժամեր առաջացնել: Ու սա նրանից էր, որ այս Սահմանադրությունը գրվում էր Սերժ Սարգսյանի  իշխանության վերարտադրման, դրա շարունակելիություն համար: Սա ոչ թե պառլամենտական կամ վարչապետական սահմանադրություն է, այլ սա ես անվանում եմ սերժսարգսյանական սահմանադրություն: Աստված մի արասցե, ես ունեմ կասկած, որ, եթե այս սահմանադրությունը չփոխվի, ով էլ դառնա երկրի վարչապետ, արդյունքում վերաճելու է «Սերժ Սարգսյանի», որովհետև սահմանադրության խաղի կանոններն այնպիսին են, որ անկախ քո կամքից, որպես պետական իշխանության բարձրագույն մարմին, դու ընկնում ես այնպիսի իրավիճակների մեջ, որի լուծումներն առնվազն լինելու են ցնցումներով:

Նկատի ունեք սուպերվարչապետությո՞ւնը

— Հենց բանն այն է, որ այստեղ սուպերվարչապետականություն չէ, այլ նորից եմ կրկնում, այս Սահմանադրությունը գրելուց, այդ գրողներն ամեն մեկը նկատի է ունեցել կոնկրետ անձի. օրինակ, կոնկրետ Սերժ Սարգսյանին, կոնկրետ Հրայր Թովմասյանին, Գագիկ Հարությունյանին:

Այսինքն, խաղի կանոնները մշակված են եղել արդեն բաշխված դերերով:

— Այո: Տեսեք, Սահմանադրական դատարանի հետ կապված անհասկանալի իրավիճակը. առաջին տպավորությունն այն է, թե անգրագիտության արդյունքում է անցումային դրույթների 213-րդ հոդվածը թերի շարադրված, բայց հետո արդեն պարզվում է, որ այդպես է շարադրված, որպեսզի ապահովեն Հրայր Թովմասյանի՝ մինչև 2035թ. պաշտոնավարումը: Այնպես որ, սա իսկապես փորձանք Սահմանադրություն է, և օր առաջ պետք է հրաժարվել սրանից: Ընդ որում, մենք պնդում ենք, որ Հայաստանի համար առնվազն այս պատմական ժամանակաշրջանում միակ կառավարման արդյունավետ ձևը դա նախագահական կամ կիսանախագահական կառավարման ձևն է: Եվ, ընդհանրապես, մենք դեմ ենք Սահմանադրության լրիվ փոփոխությանը. կարող են փոխվել որոշ հոդվածներ, կարող են բարելավվել, կարող են նոր նորմեր լրացվել, բայց կառավարման համակարգին ամեն անգամ կպնելը Հայաստանի համար լրջագույն ցնցում է: Տեսեք,  այս Սահմանադրության մեջ կա 155-րդ հոդվածը, որը զինված ուժերի կիրառմանն է վերաբերում: Սա այն հոդվածն է, որը պակասում էր Ռոբերտ Քոչարյանին՝ Մարտի 1-ին, և Սերժ Սարգսյանը մտցրել էր այդ հոդվածը: Հիմա Սերժ Սարգսյանը չկա, Նիկոլ Փաշինյանն էլ ասենք երբևիցե չօգտվի այդ հոդվածից, իսկ 5 տարի հետո որևէ նոր քաղաքական ուժ հանկարծ ինչ-որ ամբիցիաներով է գալիս, ասենք՝ կրկնվում է 2018թ. մայիսյան իրադարձությունները… առանց վարանելու կկարողանա կիրառել բանակը, և ընդամենը ժամեր անց տանկերը կարող են հայտնվել Ազատության հրապարակում, փակված փողոցներում: Այսպես թե այնպես, մենք ուզենք, թե չուզենք, պետք է հրաժարվենք այսպիսի վիճահարույց դրույթներից, որոնք կարող են ճգնաժամեր, ցնցումներ առաջացնել:

Իսկ հնարավո՞ր է վերադառնալ նախկին Սահմանադրությանը. ասենք, եթե մասնագետները կքննարկեն, կտեսնեն, որ ավելի լավ է հին Սահմանադրական փաստաթղթում փոփոխություններ մտցնել: Նման պրակտիկա կա՞:

— Դա մեխանիկորեն չի կարող լինել, որ ասենք՝ այս Սահմանադրությունն ուժը կորցրած է: Պետք է լինի նորից հանրաքվեի ճանապարհով:

Այո, իհարկե, հանրաքվեի: Ես ուզում եմ ասել, փաստաթղթի մեջ փոփոխություններ մտցնել և այլն:

— Ներկայիս իշխանություններն առաջին պատեհությունը կորցրեցին, որովհետև դա պետք է արվեր հեղափոխական տրամաբանության մեջ, հեղափոխության ընթացքի մեջ պետք է արվեր, դա պետք է արվեր նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Հա, բայց երկրում նոր կառավարություն պիտի ձևավորվեր, նոր գործադիր և օրենսդիր իշխանություններ:

— Դրա համար էլ ասում եմ, որ հեղափոխական ընթացքի, թափի մեջ պիտի փոխվեր: ԱԺ չէր ձևավորվել, բայց հո վարչապետ էր ընտրվել Նիկոլ Փաշինյանը: Այսինքն, ըստ էության, ցանկության դեպքում, սա լուծելի խնդիր էր: Մեր աչքի առաջ այն նույն Հանրապետական մեծամասնությունը քվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին, և կողմ է քվեարկել նրա կառավարությանը, ծրագրին: Մանավանդ փաստաթուղթը կար, այսինքն, Ձեր ասածի պես, 1995-ի կամ 2005-ի մոդելը կար, պետք էր վերցնել, վերանայել, կատարել անհրաժեշտ փոփոխությունները: Մասնագետների համար հեշտ կլիներ աշխատել կյանք ունեցող օրգանիզմի վրա ու դրա վրա ստեղծել լավ տարբերակ: Իհարկե, էլի եմ ասում, պետք էր հետ գնալ նախագահական կամ կիսանախագահական համակարգին, որից հետո նոր խաղի կանոններով, առանց խութերի, առանց ցնցումների ու ճգնաժամերի, մեր ապագան ծրագրավորել:

Ըստ Ձեզ, ներկայիս իշխանությունը պատրաստվո՞ւմ է գնալ Սահմանադրական փոփոխություններիԱսում են օրակարգում չունենք, արձակուրդ են գնում այն պահին, երբ ճգնաժամ կա:

— Եթե մինչ այդ նրանց հայտարարություններին նայենք, ապա ասում են, թե իրենց օրակարգում կա Սահմանադրական փոփոխությունների փիլիսոփայությունը: Հասկանում եք, այստեղ շատ կարևոր է, որ դա արվի այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կամ հրամայականը կա: Որովհետև մի տարի հետո կարող է շատ ուշ լինել՝ թե քաղաքական նպատակահարմարություններով, թե՝ ընդհանրապես: Պետք է այնպես արվի, որ կասկածի տակ չդրվի նաև հաջողությունը: Որովհետև անհաջող փոփոխությունները, անհաջող հանրաքվեն կարող են մեզ ավելի հետ շպրտել: Մենք դեռ չենք թոթափել 20 տարվա ռեժիմի, բռնատիրության, թալանի հետևանքները, իսկ մեկ տարվա ընթացքում օբյեկտիվորեն դա անհնարին է: Բայց որպեսզի այդ էտապներն ավելի արագ անցնես, ճանապարհը պետք է հարթ լինի: Իսկ այդ ճանապարհ ասվածը ես հասկանում եմ առաջին հերթին խաղի կանոնները. դու Սերժի խաղի կանոններով ուզում ես ուրիշ տեղ գնալ, Սերժի ուղեգծած ճանապարհով դու լրիվ այլ տեղ կհասնես: Դրա համար պետք է սեփական ուղենիշ գծել… Մի խութ էլ նշեմ. գիտե՞ք, որ մեր Սահմանադրությամբ դատավորին հնարավոր չի հեռացնել իր պաշտոնից: Որովհետև գրված է. դատավորի լիազորությունները դադարում են… ու նշված է այն բոլոր դեպքերը, որոնց հիմքով դա հնարավոր է: Գրված է, որ դատավորի լիազորությունները դադարում են այս-այս դեպքերում: Բարձրագույն դատական խորհուրդը, եթե ուզենա որևէ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցի, դրա արդյունքում ուզենա նրա լիազորությունները դադարեցնի, ապա չի կարողանա, քանզի վերջինս պաշտպանված է Սահմանադրությամբ: Որ այսպես ամեն մի հոդվածն առանձին-առանձին ընթերցենք, այնքան խութեր կան, որ կխճճվես: Սա գրվել է Սերժ Սարգսյանի իշխանությունը և նրա արբանյակների իշխանությունը վերարտադրելու, երկարացնելու և նրանց բարեկեցիկ կյանքն ապահովելու համար: Այնպես որ, կրկնվեմ. այս Սահմանադրությամբ ով ուզում է լինի վարչապետ, որ քաղաքական ուժը լինի, ինքը խնդիր է ունենալու երկրի Մայր օրենքի հետ:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ