ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս սերնդին այլեւս վախեցնել չի լինի

Հարցազրույց Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպանական հասարակակական կազմակերպության իրավապաշտպան ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

Վահագն, լրացավ թավշյա հեղափոխության մեկ տարին: Դու մշտապես պայքարների կիզակետում ես եղել, ճանապարհ ես անցել, երբեք չես ընկրկել, ընդդիմադիր կուսակցության անդամ ես եղել, մի խոսքով, ո՞վ, եթե ոչ դու, կարող ես մեզ հետ կիսվել մտքերով, մտահոգություններով, ներկայի ու ապագայի ակնկալիքներով:

-Ես պայքարող մարդ եմ: Ես պայքարել եմ, որպեսզի երկրում վերականգնվի սահմանադրական կարգը, որ Հայաստանում տարիներ շարունակվող բռնապետական իշխանությունից ազատվենք: Ես 2007-08-ին միացա Լևոն Տեր-Պետրոսյանի համաժողովրդական շարժմանը՝ քրեաօլիգարխիկ բուրգը քանդելու, երկիրը թալանողներից ազատելու համար: Եվ առաջնորդին հավատալով, վստահելով, ես միացա այդ շարժմանը: Շատ շատերիս նպատակն էր՝ մեկ օր առաջ ազատվել ապաշնորհ իշխանությունից, մանավանդ, պայքարողներիս միավորում էր տարիներով կուտակված խնդիրները, անարդարությունները: Ես չեմ էլ կասկածում, որ 2008-ին փողոց դուրս եկածները հանուն մեկ ընդհանուր գաղափարախոսության հետևից էին գնում, մենք քաղաքացիներ էինք ու չէինք ուզում, որ ընտրությունները կեղծվեն, բռնություն, ծեծ ու ջարդ լինի: Ես դեռ 2003-ին եմ ընտրությունների կեղծիքների պատճառով աշխատանքից դուրս եկել, որովհետև չէի կարող աչք փակել:

Մինչդեռ, այդ ժամանակ քաղաքացիական հասարակությունը, փողոցային պայքարներն այնպես ձևավորված չէին, ինչպես 2008-ից:

— Այո, այդպես է, որ կա: 2007-ի հոկտեմբերի 26-ից հիմք դրվեց քաղաքացիական հասարակության ակտիվ պայքարներին:

Տեսեք, եղան նաև մի շարք քաղաքացիական անհնազանդություններ. տրանսպորտի թանկացման դեմ, բնապահպանական թեմաներով, «Էլեկտրիկ Երևան» և այլն, սակայն, երբ միտինգավորներին հարց էր հղվում, իրենք անմիջապես հայտարարում էին. «Չքաղաքականացնել»…

— Այո, և այդ մարդկանցից շատերն այսօր քաղաքականության մեջ են, իշխանության մեջ են: Ասում էին՝ «Ոչ թալանին» ու վրա բերում՝ «Մի քաղաքականացրեք»… Եթե պայքարում էին թալանի դեմ, ապա ո՞ւմ մասին էր, եթե ոչ իշխանության, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Հանրապետական կուսակցության: Չէ՞ որ բոլոր լծակներն իրենց ձեռքերում էին: Մինչդեռ այդ իշխանությունը թքած ուներ ժողովրդի վրա, ինչի ապացույցը նրանց ցինիկ պահվածքն էր: Նրանք ամեն ինչ անում էին, որպեսզի պահեին իրենց իշխանությունը՝ բռնությամբ, ծեծով, և Մարտի 1-ին նաև արյունով: 2003-ին էլ  ծեծ ու ջարդ եղավ, ջրցաններով մարդկանց վրա բռնություն գործադրեցին: 2008 թվականին արդեն արյունով պահեցին իրենց իշխանությունը: Եվ յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի պետք է  փողոց դուրս գար: Արդեն քաղաքացու պայքարը սկսվել էր՝ հանուն արժանապատվության, հանուն երկրի:

Մինչ թավշյա հեղափոխությունը մի պահ այնպիսի հիասթափություն էր բոլորիս մոտ, որ արդեն կասկածում էինք, թե երկրում որևէ բան կփոխվի, սակայն հեղափոխության առաջին իսկ օրից ես, դու, ակտիվ պայքարողները դարձյալ պայքարի կիզակետում էին, չնայած փոխվել էր առաջնորդը:

— Առաջնորդը փոխվել էր, Նիկոլ Փաշինյանի հետ ես 2008-ից եմ ծանոթ, և բազում անգամներ միասին պայքարում էինք: Ինձ համար խնդիրը դարձյալ մեկն էր՝ ազատվել այս ռեժիմից, քանի որ ևս մեկ շանս էր տրվել: Եվ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես արեցի իմ քայլը, հիմա դու արա», և ինչպես բոլորս տեսանք, երիտասարդները, երեխաները, Հայաստանի հպարտ քաղաքացիները ոտքի կանգնեցին՝ իրենց քայլն անելու, որպեսզի ազատվեինք Սերժ Սարգսյանի իշխանությունից, ստից, կեղծիքից:

Հետհեղափոխական շրջանում մենք ի՞նչ ունենք:

— Ես չեմ ասում, թե խնդիրներ չունենք, ունենք, բայց ամենակարևոր խնդիրը լուծված է, դա քրեաօլիգարխիկ ռեժիմից ազատվելն էր: Իսկ մնացածը փուլ առ փուլ կշարունակվի: Ես կարող եմ ասել, որ հեղափոխությունը դեռևս ավարտված չէ, որովհետև Քոչարյանի, Սարգսյանի, նրանց հանցավոր կլանի հարցերը դեռ փակված չեն: Իսկ այս պահի ամենակարևոր լուծելիք հարցը պիտի լինի արդարադատության խնդրի լուծումը: Մենք այստեղ շատ խնդիրներ ունենք, լուրջ փոփոխությունների կարիք կա, սա արդեն ասում եմ որպես իրավապաշտպան: Օրեր առաջ դատարանում տեսանք, լսեցինք Քոչարյանի խոսքերը, որն անարգանք է Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ գերագույն գլխավոր դատախազին, և ժողովրդին: Վստահությունս մեծ է ներկայիս իշխանությանը, ավելի շուտ՝ Նիկոլ Փաշինյանին, նրանք քաղաքական կամք դրսևորեցին՝ կոռուպցիայի ուղղությամբ պայքար տանելով, և իրենք թաթախված չեն այդ կեղտոտ գործարքներում:

—  Վահագն, ես էլ, դու էլ հեղափոխության շրջանում տեսել ենք մարդկանց, ովքեր, կոպիտ ասած, նեղ խնդիրների հետևից գնացող են, իրենց համար միևնույն է, թե ինչպիսի իշխանություն կլինի, միայն թե իշխանությանը մոտ գտնվեն, և արի ու տես, որ նման մարդիկ այսօր պաշտոններ ստացան:

— Գաղափարական մարդու համար առաջնահերթությունը սկզբունքն է, իսկ նման մարդիկ իշխանության համար սողացողներ են և այո՛, ոմանց մոտ դա ստացվել է:

Բայց հենց նրանք կարող են վնաս հասցնել հեղափոխությանը, հեղինակազրկել հեղափոխական իշխանությանը:

— Այո, մենք պետականամետ մարդկանց խնդիր ունենք: Եվ այսօրվա շատ պաշտոնյաներ դեռ նախկիններից են մնացել, կա կադրային խնդիր… Ինչ-որ տեղ մտածում եմ՝ կա ռեսուրսի խնդիր, բայց մյուս կողմից էլ ազնիվ պայքարողներից շատերը դուրս մնացին, որոնք կարող էին համալրել կադրային բազան: Հնից, միանշանակ, ազատվել է պետք, ուղղակի այս պահին գլխից ենք սկսել, կամաց-կամաց մարմինը կանջատվի: Եվ հենց դրա համար եմ ասում, որ հեղափոխությունը դեռ ավարտված չէ:

Կարո՞ղ ենք հեղափոխությունը բաժանել փուլերի. սկզբում եղավ իշխանափոխություն, ապա տնտեսական, հետո կհասնենք արդարադատության:

— Այո, և Նիկոլ Փաշինյանն էլ էր ասում, որ անցումային արդարադատությունը շատ կարևոր, առաջնային խնդիր է: Այսօր, տեսեք, մարդկանց մոտ հույսն է արթնացել, իսկ այն ժամանակ մեզանից գողացել էին անգամ հույսը: Մեր նմաններն անկոտրում մնացին, որովհետև հավատացին, որ գալու է այս օրը: Ինչպես և դուք՝ Ձեր խմբագրակազմն ու թերթը, որ տարիներ շարունակ նույնպես պայքարում էիք՝ որպես ՀՀ քաղաքացի, դուք էլ ձեր վրա կրեցիք այն ճնշումները, որոնք եղան 2008-ից հետո, որ մամուլի ազատությունն էր ոտնահարվում, որ քաղաքացու իրավունքներն էին ոտնահարվում: Իսկ այսօր մենք ունենք ազատ մամուլ, ազատ լրատվամիջոցներ, բայց որոշներն այդ ազատությունը վերածել են սանձարձակության, բայց դա այն ԶԼՄ-ներն են, որոնք նախկին իշխանություններին են ծառայել:

Այսօր Ռոբերտ Քոչարյանն ամբաստանյալ է, ես հավատում եմ, որ հերթով, կարգով պատասխանատվության կեթարկվեն բոլոր նրանք, որոնք մեղավոր են այս կամ այն հանցավոր գործարքների համար: Մենք, եթե այսօր այս իշխանությանը քննադատենք, դա նրա համար է, որ հնի կրկնությունը չունենանք, որ սխալները մատնացույց անենք, նոր Հայաստանում հին մեթոդները տեղ չունեն: Մենք թույլ չենք տա, որ ինչ-որ լպրծուկներ փորձեն վարկաբեկել ժողովրդական հեղափոխության արժեքները: Այս սերնդին այլևս վախեցնել չի լինի: