ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այս տարի բերքատվության ու անասնագլխաքանակի աճ կարող ենք գրանցել

Հարցազրույց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ ՄՈՎՍԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

Պարոն Մանուկյան, վերջին օրերին գրանցված բարձր ջերմաստիճանը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ գյուղատնտեսության, բերքատվության վրա:

— Մեր մարզի հարթավայրային շրջաններում ջերմաստիճանը մինչև 35 է հասնում: Շատ մշակաբույսեր, հատկապես կարտոֆիլը, շատ զգայուն է ջերմային ռեժիմին ու, քանի որ ոռոգման ռեժիմը կարգավորելու համար հնարավոր չէ միաժամանակյա այն ծավալով ջուր տալ, որ բոլոր ջուրօգտագործողները նույն օրը կարողանան ոռոգում կազմակերպել, այդ պատճառով վերջին մի քանի օրը լարվածություն ստեղծվեց Արևիկ, Այգաբաց, Ազատան հատվածում: Ջուր կա մաքսիմում քանակությամբ, բայց, քանի որ ջրատարի տարողությունը 2խմ, 2 հազար լիտր ջուր է գալիս, ապա այն բաժանվում է Կառնուտ, Արևիկ, Այգաբաց, Ազատան համայնքների մեջ: Նրանք, ովքեր գլխամասային հատվածում ունեն սեփականաշնորհված հողամասեր, և ունեն տնամերձներ համայնքում, այդ հատվածնեում, որ ոռոգում են անում, ուզում են, որ տնամերձներն էլ ոռոգեն, ինչը ուղղակի հնարավոր չէ: Մարզպետն այցելեց, տեղեկացավ խնդրին, կազմակերպեցինք հետևյալ կերպ. գիշերային ժամերին բոլոր փականները փակում ենք ու ջուրը տալիս ենք դեպի տնամերձներ, իսկ առավոտյան մնացածին:

Գարնանային հացահատիկի համար մենք ջրամբարային ջուր չօգտագործեցինք, այլ լրիվ բնության տված հնարավորությամբ այն ջրվեց, ջրի 30 տոկոս խնայողություն ունեցանք: Փառք Աստծո, հացահատիկի վիճակն հոյակապ է այս տարի, հասկն այնքան հզոր ու բարձր է, որ… Այն ֆերմերային և գյուղացիական տնտեսությունները, որոնք շուտ են տունկ կատարում, շուտ են կարտոֆիլ ցանում, դրանց առաջին ոռոգման ջուրն էլ խնայվեց: Երկրորդ և երրորդ՝ ամենակարևոր ոռոգման խնդիրն ենք հիմա կազմակերպում: Մեկ-երկու օր ներկայացրածիս պատճառով ոռոգումն ուշանում է, ուղղակի մեր ժողովուրդն ուզում է այսօր ու հիմա: Դրա համար հերթ ենք կազմել, որ հերթով բոլորին հնարավոր լինի ջուր հասցնելը:

Բարկ արևը չի՞ խանձում, վառում բերքը, խոտը

— Դե, գիտեք, ամեն ինչ էլ բնակլիմայական պայմաններից է կախված… Ուղղակի խնդիրների մի մասը տեխնիկական գործոնով է պայմանավորված, մյուս մասը՝ մարդկային: Եթե հողօգտագործողները մի քիչ համբերատար լինեն, ապա հարցերը կկարգավորվեն, պետք է ընդունեն, որ տեխնիկապես հնարավոր չէ միաժամանակ բոլորին հասցնել: Այնպես չէ, որ մենք տեղյակ չենք, չենք ուզում, ամեն ինչից էլ տեղյակ ենք, և ուզում ենք, որ բերքատվությունը բարձր լինի:

Իսկ կարկտահարությունը վնասներ հասցրե՞ց, և ի՞նչ չափով:

— Ընդհանուր ծավալային իմաստով, անցած տարվա հետ համեմատական տանելով՝ կարելի է անգամ կարկտահարությունը չնշել. մոտ 600 հեկտարի վնաս է, հացահատիկին՝ մոտ 20-30 տոկոս, պտղատու այգիներն են վնասվել, որոնք մեր մարզում ցանքային ծավալում  0,01 տոկոս է կազմում. Մարմաշեն, Վահրամաբերդ հատվածներում: Եթե տարին այսպես ավարտենք, հիանալի կլինի:

Մեր նախորդ հարցազրույցների ժամանակ նշել եք կարկտակայանների թվաքանակի ավելացման անհրաժեշտությունը:

— Այո, անհրաժեշտությունը կա, սակայն կառավարությունն է որոշում կայացնողը: Մյուս կողմից էլ, եթե հին ժամանակներից մնացած «Զենիթ» լոկալ կարկտակայաններից խոսենք, ապա դրանց ժամանակներն անցել են, հիմա տեխնիկան զարգացել է, Ռուսաստանում հրթիռային կայաններ են գործածում, շուտով Արարատյան դաշտավայրում այն կփորձարկեն, արդյունքները կտեսնեն, որոշումն էլ վերևից է լինելու:

— Իմ պատկերացմամբ, խոտի հարցը խոնավ եղանակների արդյունքում շատ լավ պիտի լինի:

— Անցած տարի այս ժամանակահատվածում մեկ հակ խոտն արժեր 1200 դրամ, հիմա՝ 400 դրամ… Սա նշանակում է, որ խոտի, անասնակերի ընտիր պաշար ունենք, եթե հանկարծ որևէ մեկն ասի, թե անասունին կերակրելու խոտ չունի, ուրեմն նա ամենաթամբալ մարդն է, ուրեմն չի քաղել, չի պահեստավորել. քարի վրա անգամ խոտ էր աճել:

Սա նաև նշանակո՞ւմ է, որ անասնապահության աճ նույնպես ակնկալվում է:

— Միանշանակ. անցած տարի անասունի գլխաքանակի հարկադիր մորթն հիմնականում անասնակերի բացակայությամբ եղավ: Իհարկե, չեմ բացառում, որ որոշ մաս եղավ ֆինանսական/սոցիալական պատճառով: Բայց օրինակ բերեմ. եթե անասունի բտման խնդիր կար, որ միս ստանային, հիմա գրեթե 30 անգամ ներկայում ավել կլինի, որովհետև խոտի պաշարը շատ է: Հարկադիր մորթն էլ եթե քիչ եղավ, իմ հաշվարկով, համոզված եմ, որ անասնագլխաքանակի 20-30 տոկոսի աճ կունենանք: Ունենք 58 հազար գլուխ կով, եթե 58 հազար հորթ ստացվի, եթե մի 10 հազարն էլ չմորթվի, ապա աճ կլինի:

Բավական մեծ քննարկում եղավ՝ կապված սպանդանոցների հետ: Ինչ կասեք այս առումով:

— Սպանդանոցների հարցը սառեց, առաջընթաց չկա. Գյումրիինը չի գործում, Ամասիայինի շինարարությունն ավարտվել է, փաստաթղթաշրջանառության գործերով է… Սպանդանոցների հարցը լուրջ է. այս ամսի 1-ից պետք է մթերումները պարտադիր սպանդանոցային մորթի լիներ, բայց… Ու չեմ էլ պատկերացնում, թե հասարակական սննդի, մանկապարտեզների, խանութներում թարմ մսի ապահովումն ինչպես պետք է ապահովեն: Մեր մարզում սպանդանոց չկա, մոտ տարածաշրջանում Լոռին է, Աշտարակը, բայց սա ծախսատար է ու արժեքն է ավելացնում: Հիմա օրենքն ու իրականությունն անհամապատասխանության մեջ են: