ՍՊՈՐՏ

Այս տարվա հուլիսից հայ ֆուտբոլիստները Ռուսաստանում լեգիոներ չեն համարվի

armtimes.com-ը գրում է. Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ֆուտբոլիստները կդադարեն լեգիոներ համարվել Ռուսաստնի առաջնություններում: Սա Ռուսաստանի սպորտի նախարարության՝ 2019թ. դեկտեմբերի 3-ի հրամանն է: Այն ուժի մեջ է մտնելու որոշումը կգործի այս տարվա հուլիսի 1-ից:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ուրալում» խաղում է ՀՀ հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: Հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը «Սոչիի» խաղացող է: Վերջերս «Սոչի» է տեղափոխվել նաեւ կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը:

Այս պահին գործող կանոնի համաձայն՝ խաղադաշտում միաժամանակ կարող է գտնվել 6-ից ոչ ավելի արտասահմանցի խաղացող: Ռուսական լրատվամիջոցներում նշվում է, որ 2020-21 մրցաշրջանից սկսած գործելու է 8+17 ձեւաչափը: Մրցաշրջանի հայտացուցակում թիմը կարող է ունենալ 8 լեգիոներ, սակայն սահմանափակում չի լինի, թե քանի հոգի կարող է միաժամանակ խաղադաշտում լինել:

Այս նոր կանոնը Ռուսաստանի՝ ազգությամբ հայ ֆուտբոլիստներին հնարավորություն կտա առաջարկ ունենալու դեպքում առանց մտավախության խաղալ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում: Ինչպես հայտնի է, տարիներ շարունակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փորձում էր համաձայնության գալ դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի հետ, սակայն գործող սահմանափակումը խանգարում էր:

Վերջերս նմանատիպ որոշում կայացվեց Ղազախստանում: Դրանից հետո ղազախական թիմերի հետաքրքրությունը հայերի նկատմամբ մեծացավ: Օրերս «Տոբոլ» տեղափոխվեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը: ՀՀ չեմպիոնի մեկ այլ կիսապաշտպան՝ Գոռ Մալքսյանն էլ փորձաշրջան է անցնում «Ժետիսուում»:

ՔՐԻՍՏԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

armtimes.com