ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Անավարտ շինություններ, կիսակառույցներ կամ՝ կառուցապատող կա, տարածք չկա՞

Հարցազրույց Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ:

Պարոն Գասպարյան, քաղաքի կենտրոնական հատվածներում կան երկաթյա կոնստրուկցիաներով կիսակառույցներ: Հայտնի չէ, թե դրանց հետագա ճակատագիրն ինչ է լինելու, մինչդեռ քաղաքապետն ասել է, որ շինարարություն իրականացնելու համար  քաղաքում համարյա չկան ազատ հողատարածքներ:

— Իրոք, քաղաքում նման շատ շինություններ կան ու տարբեր պատճառներով դրանք չեն կառուցապատվել: Պատճառներից մեկը, ըստ սեփականատերերի՝ ֆինանսական միջոցների ոչ բավարար լինելն է: Կան շենքեր, որ վեճի, քաշքշուկների առարկա են, այսինքն, մի քանի սեփականատեր ունի, ինչ-որ ժամանակ իրար հետ փորձել են մի բան անել, հետո ինչ-որ բան չեն կիսել, սկսել են վիճաբանել, ու շենքի կամ տարածքի ճակատագիրը չլուծված է մնացել: Կան տարածքներ, որ ժամանակին մասնավորեցվել են, բայց ոչ ծրագիր ունեն, ոչ նախագիծ, ոչ էլ ցանկություն՝ որևէ բան կառուցելու: Նշեմ, որ դատարանի դիմացի մայթին վեր խոյացող երկաթյա կոնստրուկցիայով տարածքի հարցը լուծվում է. Սոչիից Գյումրի ժամանած մեր հայրենակիցը, որը նաև «Դելֆինարիա» հիմնեց այստեղ, տարածքը գնել է, և որքանով գիտեմ, հյուրանոց է կառուցելու: Մյուս դեպքերի մասով ասեմ, որ վեց ամիսը մեկ անդրադառնում ենք, տերերի ու կառուցապատողների հետ համապատասխան բացատրական աշխատանքներ տանում:

Վեց ամիսը մե՞կ, ու տարիներ շարունա՞կԱյս դեպում՝ իմաստը՞

— Իմաստը՞… Նախ, մենք չունենք այնպիսի լծակներ, որ ստիպենք…

Իսկ հանրային գերակա շահը այս պարագայում չի՞ գործում:

— Հանրային գերակա շահի մասին օրենքն, անշուշտ, գործում է, բայց ոչ ամեն դեպքի համար: Եթե հանրային կարիքների համար լինի, այո, հնարավոր է, որ տվյալ տարածքը հետ վերցվի: Նկատի առեք, որ մենք չենք ասում՝ խլել, այլ փոխհատուցմամբ այն ետ գնել՝ նույնիսկ շուկայականից ավել արժեքով, եթե, իհարկե, հանրային պահանջարկ կա այդ տարածքներում…

Քաղաքապետն ասում է, որ կառուցապատողը կա, բայց ազատ տարածք չկա: Սրանից առավել փաստա՞րկ:

— Հանրային գերակա շահ ճանաչվում է այն դեպքում, որ դա շատ խիստ անհրաժեշտ է համայնքի համար. ասենք՝ ճանապարհ է կառուցվում, ինչ-որ քաղաքաշինական նորմերի հետ է կապված, բայց Ձեր նշածների դեպքում մեկ այլ սուբյեկտի խնդիր է, այս դեպքում՝ կառուցապատողի: Մյուս դեպքում, եթե տարածքը հանրային է ճանաչվում և, ինչպես նշեցի, փոխհատուցմամբ կարելի է ետ գնել, ապա ֆինանսական միջոց է անհրաժեշտ: Իսկ այս դեպքում ստացվում է, որ մարդը տարիներ շարունակ ուզում է իր տարածքը վաճառել, պոտենցիալ գնորդ չկա, այս դեպքում պետությունը, տեղական իշխանությունը դառնում է գնորդ: Եթե մենք այդ միջոցները չունենք, իսկ ներդրող կա, ապա մենք միայն կարող ենք միջնորդել, մատնացույց անել այն տարածքները, որոնք օտարման ենթակա են:

Փոխքաղաքապետը ասուլիս էր հրավիրել ու հայտարարել, որ այն տարածքները, որոնք սեփականատիրոջն են հանձնվել նախագծով, պայմանագրով, ու չեն կառուցապատվել, ժամկետներն էլ անցել են, ապա քաղաքը պատրաստ է գործիքներ կիրառել:

— Այո, մենք ցուցակագրել ենք, ունենք կազմած ցանկ, հիմնականում գլխավոր փողոցներում գտնվող տարածքներին է վերաբերում: Եվ ինչպես վերևում նշեցի՝ 6 ամիսը մեկ բացատրական աշխատանք ենք տանում, որ, եթե չեն պատրաստվում կառուցել, ապա գոնե օտարեն: Լավագույն դեպքում տուգանքներ են կիրառվում: Բայց, եթե այս հարցերը դարձնենք հանրային գերակայություն, ապա միայն դատական կարգով է հնարավոր ստիպել, որպեսզի կամ վաճառի, կամ… Եթե ժամկետում չեն տեղավորվում, տուգանք է կիրառվում, հետո էլի ժամկետ է տրվում, հետո էլի տուգանք է կիրառվում և այսպես շարունակ: Այստեղ օրենսդրական դաշտի բաց կա: ՏԻՄ-ն էլ ուրիշ լծակ չունի, մնում է դատական կարգով հարցը կարգավորելը. սեփականության իրավունք է, որը պաշտպանվում է Սահմանադրությամբ, ու հազար ու մի միջազգային համաձայնագրերով:

Այդպիսի օրինակ է Տիգրան Մեծ փողոցի մայթը «զավթած» սեփականատերինը, որ մի քանի օր առաջ փողոցաշինարարն ուզում էր ասֆալտապատել, իսկ բնակիչները բողոքեցին, որ մայթին դրված մետաղյա օբյեկտը հեռացվի տարածքից:

— Այո: Մեկ տարի է՝ մենք դատական քաշքշուկների մեջ ենք: Մայթը հանրային է, իսկ վրայինը՝ սեփական: Այստեղ տեսեք ինչ բացթողում կա: Հիմա ի՞նչ անի ՏԻՄ-ը… Ասում ենք՝ սեփականաշնորհե՞լ ես, այ մարդ, վերցրա երկաթյա տաղավարը, տար ձեր տուն, քանի որ սեփական է, կամ, վերջիվերջո, վաճառի, միայն թե հողն ազատի: Իսկ սեփականատերը ոչինչ չի ուզում անել ու վերջ: Մինչդեռ այդ մետաղակույտը թե՛ քաղաքաշինական նորմերի խախտում է, թե՛ պատմամշակութային արձանի դիմացն է դրված, թե՛ այլոց իրավունքներն է խախտում՝ բնակիչների պատուհանների դիմաց է… Դատարանն էլ, զարմանալիորեն, մեկ անգամ ի օգուտ իրեն է որոշում կայացրել: Մեզ մնում է ըստ օրենքի ու կարգի, հերթով դատական ատյաններով գնալ: Որքանո՞վ արդարացի է մյուսների հանդեպ. բոլորին բացատրեցինք, հանեցին իրենց կրպակները, անգամ թույլտվություն ունեցողները, իսկ այս մեկը չի ուզում ու չի նահանջում:

Պարոն Գասպարյան, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու 25-30-ամյա ձգձգվող շինարարության ավարտ կա՞:

— Վերջնական ժամկետ որպես այդպիսին չկա, բայց քաղաքապետը դիմել էր կառավարությանը, որպեսզի ֆինանսական միջոցներ տրամադրվի՝ ավարտին հասցնելու համար:

Եթե չեմ սխալվում, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էր հանձն առել, բայց ոնց որ վերջը դեռ չի երևում:

— Չգիտեմ՝ կհասցնի, թե՝ ոչ, բայց համայնքապետարանը միանշանակ չի ընդունում, որ այդպես շարունակ ձգձգվի:

Բոլորս լավ լուր առանք, բայց դեռ վստահ չենք, թե իրականում ինչ ընթացք կունենա. մեկը վերաբերում է «Բարեկամություն» այգում «Դիսնեյ Լենդի» կառուցմանը, որը գործարար Ռուբեն Վարդանյանը պիտի կառուցեր, իսկ մյուսը Սևյանի ակումբն էր

— «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում, երբ հոկտեմբերի 17-ին Ռուբեն Վարդանյանը ժամանի, ապա օրակարգի մեջ կա «Բարեկամություն» այգու հիմնադրման արարողակարգ: Դիմացի տարածքի բարեկարգումը կարագացնեն, որպեսզի պատրաստ լինենք: Ինչ վերաբերում է Սևյանի ակումբին, ապա այն, ինչպես և նշվել էր, «Բալետ 20/21» կազմակերպությանն է տրվել՝ խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանին, և իրենք պատրաստվում են այնտեղ մշակութային կենտրոն կառուցել: Հարցն այս պահին քաղաքաշինական կոմիտեում է՝ հողատարածքի հատկացման, նախագծի և այլ հարցերով:

Երևի արդեն հազարմեկերորդ անգամ անդրադառնամ Տեքստիլի հանրակացարանի կիսախարխուլ շենքին: Հիմա ի՞նչ, այն որպես երկրաշարժի «հուշարձա՞ն» է մնալու

— Չէ, միանշանակ քանդվելու է: Խնդիր կա երեք բնակչի հետ կապված, դատական կարգ է տրված, նրանց կվտարեն, իսկ շենքը, հաստատ, այդպես չի մնա:

Պարոն Գասպարյան, իսկ թատրոնի տարածքը, Շախմատի դպրոցի դիմացի հատվածը կբարեկարգվի՞: Չէ՞ որ թատրոնը Գյումրիի մշակութային բրենդն է ու հաճելի կլիներ, որ այդ տարածքը բարեկարգ տեսք ունենար:

— Շախմատի դպրոցի դիմացի բազմաթիվ տաղավարներ ելնելու են: Ծրագիր ունենք, որ թատրոնի տարածքի սալահատակները փոխենք, ուղղակի այս ընթացիկ ծրագրերի ֆորմատում այն չէր տեղավորվում: Գլխավոր փողոցները երբ կարգի բերեցինք, կսկսենք մնացյալ տարածքներում: ՎԶԵԲ-ի 3 փուլային ծրագիրը ավարտենք, նոր միայն…

ՀՀ կառավարության որոշմամբ՝ փողոցաշինական ծրագրեր իրականացնելու համար Գյումրուն՝  2020թին հատկացվելու է 9,2 մլրդ դրամ: 2020-ին փողոցաշինությունը երկրորդական փողոցների՞ն է հասնելու:

— Անկեղծ ասած, այդ հարցը դեռ քաղաքապետի հետ չենք քննարկել:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ