ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անհրաժեշտության դեպքում կարող ենք մոբիլիզացնել երկրի ողջ ռեսուրսը

Հարցազրույց Շիրակի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար ԼԵՅԼԻ ԱՍԼԱՆՅԱՆԻ հետ:

Խոսենք պանդմիայի շրջանակում՝ առողջության պահպանման առաջնային օղակի աշխատանքներից. ինչպե՞ս են հարաբերվում մեկուսացածների կամ ինքնամեկուսացվածների հետ, ինչպե՞ս են կազմակերպում աշխատանքները, ի՞նչ ձևաչափով են աշխատում ընտանեկան բժիշկները:

— Ինչպես գիտեք, առողջապահության նախարարի մայիսի 22-ի հրամանով, անախտանիշ և թեթև ընթացք ունեցող կորոնավիրուսային վարակ ունեցող հիվանդներն արդեն տնային մեկուսացման մեջ են, և գտնվում են պոլիկլինիկաների բժիշկների անմիջական հսկողության տակ: Դրա համար ԱՆ-ի կողմից կա սահմանված չափորոշիչ, համաձայն որի, թե ինչ ցուցանիշների դեպքում է համարվում, որ տվյալ հիվանդի մոտ COVID-19-ն ընթանում է թեթև, միջին կամ ծանր ընթացքով: Զանգերի միջոցով իրականացվում է ամենօրյա հսկողություն: Հաշվի առնելով չափորոշիչները, գնահատելով հիվանդի վիճակը, պաշտպանիչ միջոցներով տունայց է կատարվում և, ըստ այդմ, եթե ցուցանիշները ծանր են, ապա որոշում է կայացվում հիվանդի հոսպիտալացում «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց», ապա կատարվում է գործիքային և լաբորատոր հետազոտություններ, նմուշառում և այլն:

Իսկ այն ինքնամեկուսացվածները, որոնց մոտ դեռ նմուշառում չի իրականացվել, սա՞ ինչ ընթացք է ունենում:

— Իհարկե, ունենք նաև 14-օրյա տնային ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներ. դա նրանք են, որոնք հատել են սահմանը: Սահմանի վրա ջերմաչափում է կատարվում, լրացվում է ժամանող քաղաքացու անձնական տվյալները, ԱՆ-ից և տեսչական մարմնի կողմից տեղեկատվություն է ուղարկվում մարզպետարան, որտեղից էլ տեղեկություն է տրամադրվում պոլիկլինիկաներին՝ հանձնարարվում է վերցնել հսկողության: Դարձյալ ամենօրյա տեղեկություն է հավաքվում և ներկայացվում աշխատանքի և առողջապահական տեսչական մարմին: Այս պահին ունենք 346 ինքնամեկուսացված քաղաքացի:

Ենթադրենք քաղաքացին վատառողջ է, ջերմություն ունի, կամ երեխան է հիվանդացել, ի՞նչ է, անմիջապես նրան որպես վիրուսակրի կասկածո՞վ են մոտենում. չէ՞ որ մեր իմացած սովորական մրսածությունը կամ գրիպը, կամ այլ հիվանդությունները ևս առկա են:

— Երբ քաղաքացին տեղեկացնում է, որ ջերմություն ունի, պոլիկլինիկայից բժիշկը տունայց է կատարում, գնահատում է առողջական վիճակը, որից հետո նշանակում է համապատասխան հետազոտություններ և, ելնելով դրանց արդյունքներից, եթե հիվանդին ցուցվում է նմուշառում՝ նմուշառվում է: Բայց պետք է նաև նշեմ, որ Համաշխարհային առողջության կենտրոնի վիճակագրությամբ, կորոնավիրուսը, ճիշտ է, դեռևս անծանոթ հիվանդություն է, բայց 80 տոկոսով ընթանում է անախտանիշ, կարող է մարդը հիվանդանալ, լավանալ ու չիմանալ, որ վարակված է եղել: Հետագայում, երբ պացիենտն անցնում է իմունոլագիական հետազոտություն, եթե կհայտնաբերվի այն իմունոգլոբուլինը, որը խոսում է, որ ինքը վարակն ունեցել է և ձեռք բերել իմունիտետ, նոր կարող է իմանալ, որ վարակված եղել է: Այստեղ խնդիրն այն է, որ, եթե մարդը չգիտի՝ ինքը վարակված է, բայց թեթև է տանում, սակայն կարող է տարածման պատճառ հանդիսանալ, ինչը կարող է ուրիշի համար ծանր անդրադառնալ:

Բավական օգնություն կամ աջակցություն եկավ տարբեր երկրներից՝ բժշկական, հիգիենիկ պարագաների տեսքով: Կարո՞ղ եք ասել, թե ինչպես բաշխվեց, որքանով բավարարվեց պոլիկլինիկաների պահանջները: Առաջնային օղակը բավարար ապահովվե՞ց:

— Համավարակի սկզբնական օրերից եղան բարերարներ, որոնք մեզ օգնեցին, մարզպետարանի միջոցով դրանք տրամադրվեցին բժշկական հաստատություններին: Բացի այս, հաստատություններն իրենց միջոցներով ևս ձեռք բերեցին անհրաժեշտ պարագաները, երկու անգամ ԱՆ-ն է անհատական պաշտպանիչ միջոցներ տրամադրել: Մենք փորձում ենք օգտագործել բոլոր հնարավոր տարբերակները՝ բուժհաստատություններին անհրաժեշտ միջոցներով ապահովելու համար: Այսօր ամենախոցելիներից մեկը առաջնային օղակում գտնվող մեր բժշկական անձնակազմն է, և պետք է մաքսիմալն անենք, որպեսզի չունենանք ռեսուրսների խնդիր:

Մեր մարզում հնարավո՞ր է, որ շտապ օգնություն զանգահարեն ու պատասխան ստանան, որ հիվանդին չեն կարող այցելել, տեղափոխել, քանի որ հիվանդանոցներում տեղ չկաՎերջերս սոցիալական ցանցերում նման լուրեր են տարածվում:

— Բոլորս էլ գիտենք, որ «Ֆեյսբուքում» ինչ ասես տարածում են, չի գրաքննվում որևէ մեկի տարածած տեղեկությունը… Սակայն մեր մարզի պահով փաստում եմ, որ նման բան չկա, բացառում եմ: Մենք ունենք ինֆեկցիոն հիվանդանոց, որն ամբողջությամբ վերապրոֆիլավորվեց կորոնավիրուսային վարակով աշխատելու համար: Ընդհանուր ունենք 100 մահճակալ ու կարող ենք սպասարկել: Այսօրվա դրությամբ ունենք 82 հիվանդ, որից ընդամենը 34-ն է Շիրակի մարզից: Իսկ տնային մեկուսացման մեջ 49-ն են, և ես ունեմ ամենօրյա տեղեկատվություն, թե ինչ վիճակում են բոլոր պացիենտները:

Մյուս բժշկական հաստատություններն ինչոր տեղ տուժեցին, քանի որ դադարեցրին սպասարկումը, բացառապես ծանր դեպքերն էին ընդունում

— Այո, դա ԱՆ-ի և պարետի որոշումն էր, որ միայն խիստ, անհետաձգելի ցուցումներով հիվանդներին կարող էին ստացիոնար հոսպիտալացնել, իսկ պլանային դեպքերը՝ ոչ: Շուտով կթույլատրվի նաև պլանայինները:

Երբ նախարար Արսեն Թորոսյանն Գյումրի էր այցելել, խոսակցություն կար, որ հնարավոր է նախկին «Սամարիթեր» հիվանդանոցը ևս վերածվի հակավիրուսային կենտրոնի:

— Կոնկրետ մարզում դրա խիստ կարիքը մենք չունենք: Բայց հաշվի առնելով երկրում համաճարակային վիճակը, և հաշվի առնելով այն տեղեկատվությունը, որ վերակենդանացման մահճակալները չեն բավականացնում, եթե անհրաժեշտությունն եղավ, ապա այդ շենքը բավականին պատրաստի կառույց է, կարիք կլինի կոսմետիկ աշխատանքների և անհրաժեշտ գույքով ապահովման:

Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ անեսթեզիոլոգռեանիմատոլոգների խիստ կարիք կա, կարծեմ մեր մարզն էլ մշտապես այդ մասնագետի կարիքն ուներԻսկ հիմա, Ձեր ասածով, եթե այդ շենքը գործարկվի, ապա մասնագետի կրիտիկական անհրաժեշտություն կծագի:

— Այո, մենք մշտապես, տարիներ շարունակ, ունենք այդ մասնագետի կարիքը: Ցանկացած խնդիր հնարավոր է լուծել, կարող ենք մոբիլիզացնել երկրի ռեսուրսները. բարդ է, բայց լուծելի է:

Պիտակներ՝