ՀՈՒՇԵՐ

Անմեղ «մեղավորի» անավարտ օրագիրը

Ժոռա Շահբազյանի կյանքի օրագիրը «Շրջապատի» խմբագրությանն է ներկայացրել նրա աներորդու դուստրը` Մարիամ Ադամյանը:

(տպագրվել է 2007 թվականի «Շրջապատի» համարներում)

Կենտրոնում` Ժոռա Շահբազյան

Երկու խոսք

1973 թվականի աշնանը Ղափանի ուղղիչ աշխատանքային գաղութում սկսեցի գրի առնել կյանքիս հուշերը: Ընկերս` Արտավազդ Հովհաննիսյանը, հանձն առավ խմբագրել գրածներս և տալ գեղարվեստական տեսք: Որոշեցինք նաև այն ուղարկել տուն` հետագայում շարունակելու համար և պահել որպես կյանքի օրագիր:

Կյանքիս այս հուշերը չեմ գրում հրապարակայնեցնելու նպատակով, չեմ էլ ցանկանում սրանով ցույց տալ, որ ես կրել եմ մարդկային կյանքի համար նախատեսված ամեն տեսակ վիշտ ու դժբախտություն և ոչ էլ ցանկանում եմ գոռալ աշխարհին, թե ես անմեղ եմ: Ես գրում եմ սրտիս խռովահույզ պոռթկումները հանգստացնելու համար, գրում եմ սերունդներիս համար, որ նրանք չկարծեն, թե ես եղել եմ այն սրիկան, որպիսին պատկերացված եմ կյանքում: Թող նրանք իմանան, որ կյանքի հասցրած հարվածները ես ստացել եմ ոչ իմ մեղքով և թող հասկանան, որ ես շրջապատի վայրագության և անօրինական բարքերի զոհն եմ: Գրում եմ, որ գոնե նրանք հավատան իմ անմեղությանը և ներեն ինձ, այլապես տիրող օրենքներն այնքան քարսիրտ ու անգութ են իմ նկատմամբ, որ ես անզոր եմ նրանց առաջ ապացուցելու և համոզելու այն, ինչը շատ քիչ անմեղներին է հաջողվում ապացուցել և գտնել ճշմարտությունն այս հանցավոր աշխարհում: Ես գրում եմ խիղճս հանգստացնելու համար, գրում եմ ինքնամոռացության մեջ` վիշտս ցրելու համար: Չմեղանչելով արդարության առջև, ներկայացնում եմ կյանքս այնպես, ինչպես որ կա` առանց ավելացնելով, չափազանցնելով կամ խեղաթյուրելով ճշմարտությունը, քանզի հանձնում եմ այն իմ հետագա սերունդների արդար դատին…

Եվ ուրեմն թող ներողամիտ լինեն ընթերցողները, եթե այս մեմուարներում կգտնեն զգացմունքների պոռթկումներ, մտքի սխալ արտահայտություններ, քանզի այն գրվել է կյանքիս խռովահույզ տարիներին, երբ 5 երեխաներիս միայնակ ու անխնամ թողած` ընկել եմ մի փորձության ու տառապյալ կյանքի մեջ, որտեղից արտահայտված մտքերը չեն բուրում անուշահոտությամբ և վառ զգացմունքներով…

Գուցե ցոփ կյանք ու վայելքներ ճաշակած մարդու վրա ոչ մի ազդեցություն չթողնի դժբախտ կյանքիս պատմությունը, սակայն նա, ով կյանքում կրել է գեթ քիչ նեղություն` առանց հուզականության չպետք է թերթի այս էջերը:

ԺՈՌԱ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Ղափան, ուղղիչ աշխատանքային գաղութ, 1973թ.

Մանկություն

1932 թվականի դեկտեմբերի 16-ին Սպիտակում (նախկին Համամլու)` դրսից անգամ աղքատություն բուրող մի հյուղակում, ծնվեցի ես` ձմռան պես անողոք և ձյան պես սառը ճակատագիրը դրոշմված ճակատիս: Այլապես ինչո՞ւ, երբ դեռ նոր թոթովող անզոր մանուկ էի` հազիվ 4 տարեկան, զրկվեցի աշխարհում ամենաքաղցր ու ամենաթանկ էակից` Մորիցս:

Զարմանալի է. ասում են` ինձանից առաջ մայրս երեք տղա էլ է ունեցել, սակայն նրանք շուտ են հեռացել` չկամենալով տանել նզովյալ կյանքի տանջանքները և կարծես նրանց փայ տանջանքն էլ ճակատագրի նախախնամությամբ ինձ էր բաժին հասել: Դրա համար էլ ես ապրեցի…

1939թ. հայրս ինձ համար նոր մայր բերեց, որի կծու հետևանքները գերազանցեցին և՛ որբությունը, և՛ քաղցը, և՛ տկլորությունը, և՛ զրկանքը:

Սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Հայրս մեկնեց ֆրոնտ` ինձ թողնելով միայնության և սովի ճիրաններում: Բայց գտնվեցին բարի մարդիկ, ովքեր տեսնելով իմ վիճակը` օգնության ձեռք մեկնեցին: Մեր տանից ոչ հեռու կար մի հացի փուռ, վարպետներն ինձ վերցրեցին իրենց մոտ աշխատանքի. մազութ էի կրում, կաղապարներ յուղում, ալյուր մաղում և կատարում այլ աշխատանքներ: Ես փրկվեցի սովամահ լինելու տառապանքից, սակայն զրկվեցի այնքան թանկ ու կարևոր բանից` ուսումից:

1945թ-ին հայրս վերադարձավ պատերազմից, բայց նրա վերադարձը ոչ մի փոփոխություն չմտցրեց իմ կյանքում. ինձ ուսման տալը ավելորդ համարեցին, քանի որ աշխատող ձեռք էր հարկավոր: 1951թ. ավտովթարի հետևանքով մահացավ հայրս, և ես զրկվեցի իմ վերջին նեցուկից, որը պետք է հենարան դառնար կյանքում` իմ տեղը գտնելու համար: Հորս մահից հետո թողեցի փուռը և ընդունվեցի վարորդական խմբակ` որ այս կյանքում գոնե մի փեշակ ունենայի:

Այսպես անցավ մանկությունս, որը լի էր վշտով ու զրկանքով, քաղցով ու տառապանքով, զուրկ էր մայրական քաղցր գուրգուրանքից, որի մասին այնքան խանդաղատանքով ու գորովանքով պատմում էին ուրիշները: Չնայած ինձ վրա ծանրացած էր միայն խորթ մորս անբարյացկամությունը, չնայած ես չտեսա հարազատ մորս բարի խրատը և հորս` կյանքի կոչող ապտակը, բայց ես ուրիշ որբերի նման գող ու խուլիգան չդարձա, ընդհակառակը, ամբողջ կյանքում խորշեցի նրանցից: Չնայած որբությունն ու կյանքի դառնությունները դրոշմեցին իրենց կնիքն ինձ վրա, ես գեղեցիկ ու սևաչյա տղա էի և կարծես դեմքիս գրավչությունը արտահայտում էր հոգուս անաղարտությունն ու խղճիս մաքրությունը:

Այդպիսին էի ես, երբ մաքուր խղճով ոտք դրեցի կյանքի ճանապարհին:

Երիտասարդություն

1954թ. զորակոչվեցի Սովետական բանակ: Շատ էի ուրախացել, մտածում էի, թե այնտեղ ձեռք կբերեմ մի հարմար մասնագիտություն և զորացրվելուց հետո կսկսեմ կյանքիս իսկական ճանապարհը: Սակայն ինձ ուղարկեցին շինարարական ջոկատ, որտեղ մեկ տարի աշխատեցի որպես որմնադիր: Մի օր էլ կառուցվող շենքի երկրորդ հարկում գլուխս կախ աշխատում էի, երբ վերամբարձ կռունկի կեռիկն իր ծանրությամբ հարվածեց գլխիս և երկրորդ հարկից ցած գլորեց ինձ: Դեպքից 2 օր անց միայն ուշքի եկա հիվանդանոցում` ծանր վիճակում անկողնուն գամված: Եվ այսպես` մեկ տարի ծառայելուց հետո զորացրեցին, որպես երկրորդ կարգի պահեստային: Վերադարձա տուն: Մի քանի ամիս թափառեցի, չէի կարողանում աշխատանք գտնել: Փորձեցի վարորդ աշխատել, բայց դրա համար փող էր հարկավոր (կաշառք), իսկ ես անփող էի, աղքատ ու անտեր:

1956թ. ՀամԼԿԵՄ կենտկոմի կոչով մեկնեցի եղբայրական Ղազախստանի Հանրապետություն` շենացնելու խամ ու խոպան հողերը: Հայկական ջոկատին աշխատանք հանձնարարեցին Կուստանայի մարզում: Կամիչինսկի շրջանի Բիստուբինսկի ավտոբազայում ստացանք ավտոմեքենաներ և լծվեցինք բերքահավաքի աշխատանքներին: Հայաստանից Ղազախստան մեկնած վարորդներից շատերը փախան. սիրասուն մայրերի փափկասուն որդիները չէին դիմանում Ղազախստանի դաժան պայմաններին: Մնացինք մի քանի հոգով: Նրանցից մի քանիսն էլ օրվա մեծ մասը զբաղվում էին աղջիկներին մեքենաների մեջ նստեցնելով ու թրև գալով: Իսկ իմ ուշքն ու միտքը միայն աշխատանքն էր` փող վաստակելը: Այնտեղ ծանոթացա ադրբեջանցի Աբդուլաևի հետ ու ընկերացանք: Կեղտոտ ու վտանգավոր շրջապատից հեռու մնալու համար գիշերում էինք մեքենաների խցիկներում: Եվ այսպես, ցերեկներն աշխատելով, գիշերներն ավտոխցիկներում լուսացնելով` լրացավ մեր պայմանագրային երկու ամիսը: Սակայն Կուստանայի կենտկոմի խնդրանքով վարորդ-կամավորների ժամկետը երկարացրեցին մեկ ամսով ևս` մինչև բերքահավաքի ավարտը: Լրացուցիչ ժամանակն աշխատելու համար մնացինք ընդամենը 4 հոգի` ես, Աբդուլաևը, իմ համաքաղաքացի Վոլոդյա Լամբարյանը և մեկ տղա` Երևանից:

Հոկտեմբերի 25-ին ինձ մոտ եկավ Վոլոդյա Լամբարյանը, որին մինչ այդ տեսել էի 2-3 անգամ: Ողջագուրվելուց հետո նա ասաց.

— Ես վերջացրեցի իմ հաշիվները, եկա, որ միասին տուն գնանք:

— Կարող ես գնալ, ես առանց քեզ էլ կգտնեմ տան ճամփան,- նեղացած տոնով պատասխանեցի ես,- երեք ամիս է այստեղ ենք, քո աշխույժ կամպանիայում քեֆ էիր անում, չէիր մտաբերում ինձ, էդ ինչպե՞ս հանկարծ հիշեցիր:

Նա ցինիկաբար սկսեց պատմել ուտող-խմող լավ տղաների, քնքուշ ու գեղեցիկ ռուս ու նեմկա աղջիկների, հեշտասիրության և նման այլ վայելքների քաղցրության մասին: Այդ պահին Վոլոդյան ինձ ատելի թվաց, բայց, քանի որ իմ հայրենակիցն էր, մեջս ուժ չգտա մերժելու նրա ընկերակցությունը: Ուստի, ինչպես պարզվեց հետագայում, կատարելով ճակատագրական սխալ, համաձայնեցի, որ նա մնա մեզ հետ, մինչև կհանձնենք մեքենաներն ու միասին տուն կվերադառնանք…

Լամբարյանը մնաց: Նա մերթ ինձ էր օգնում, մերթ Աբդուլաևին: Երեք օր միասին աշխատեցինք: Երրորդ օրը, վերադարձի ճանապարհին, հանդիպեցինք մեզ ծանոթ ադրբեջանցիների, որոնք 1949թ-ին աքսորվել էին Հայաստանից և ապրում էին Ղազախստանում: Նրանք նույնպես աշխատում էին պայմանագրային կարգով: Այդ տղաները հյուրասիրեցին մեզ և խոսակցության ընթացքում պարզվեց, որ իրենց գործը վերջացրել են ու պատրաստվում են տուն վերադառնալ: Ես և Աբդուլաևը հանձն առանք տեղափոխել իրենց բեռները մինչև Ժիտագարա, որը գտնվում էր մեր ճանապարհի վրա: Իմ մեքենայով` Վոլոդյայի և չորս ադրբեջանցիների հետ շարժվեցինք դեպի գյուղի ծայրամասում գտնվող ջրաղացը` բարձելու նրանց ալյուրները: Մինչ ադրբեջանցիները բեռնում էին պարկերը, ջրաղացից ուրախ-ուրախ դուրս եկավ Վոլոդյան և մոտենալով ինձ` շշնջաց.

— Ժոռա ջան, իմ ընկերուհին էլ է այստեղ, կլինի՞ որ նրա ալյուրն էլ տանենք Ժիտագարա:

— Խնդիր չկա, բարձեք,- համաձայնեցի ես:

— Բայց գիտե՞ս, ախպերս, թող ես նստեմ ղեկին, որ նա չկարծի, թե մեքենաս հանձնել եմ:

— Հարց չկա:

Վոլոդյան արագ մտավ ջրաղաց և քիչ անց դուրս եկավ իր աղջկա հետ: Դա մի գեղեցկատես, խարտյաշ մազերով, ժպտերես,19-20 տարեկան աղջիկ էր:

— Ծանոթացիր, եղբայրս է,- աղջկան դիմեց Վոլոդյան` բազմանշանակ նայելով դեմքիս:

— Էլյա՛,- ժպտաց աղջիկը:

— Ժոռա, ուրախ եմ ծանոթանալու համար,- պատասխանեցի ես ու մեկնեցի ձեռքս:

— Գիտե՞ս, Ժոռա, Էլյան նեմկա է, ասաց Վոլոդյան:

— Էհ, ի՞նչ անենք, ես էլ հայ եմ:

Ու բոլորս միասին ծիծաղեցինք:

Եվ այսպես, ալյուրով պարկերը բարձելուց հետո, երեքով տեղավորվեցինք խցիկում, իսկ ադրբեջանցիները` թափքում: Վոլոդյան նստեց ղեկին ու մենք շարժվեցինք:

— Հը՞, ո՞նց աղջիկ է,- քիչ անց հայերեն հարցրեց Վոլոդյան:

— Շատ լավն է,- նույնպես հայերենով պատասխանեցի,- գեղեցիկ զույգ կկազմեք:

— Ախպերս, միայն տեսնեիր` սրանից լավերն էլ կային, սա ի՜նչ է որ:

— Դրա համար էլ ընկերոջդ մոռացել էիր, երեք ամսվա ընթացքում գոնե մեկ անգամ կհանդիպեիր: Վալոդ, դրանց խաթեր դու հաստատ հայրենիքդ էլ կմոռանաս:

— Չէ մի, էդ էր մնացել, որ սրանց պատճառով ընտանիք կամ ընկեր մոռանամ,- քմծիծաղ տվեց Վոլոդյան:

— Ինչո՞ւ ռուսերեն չեք խոսում, որ ես էլ հասկանամ,- մեր զրույցին միջամտեց Էլյան:

— Վոլոդյան քեզ է գովում ու իմ կարծիքն է հարցնում: Ես էլ պատասխանում եմ, որ շատ լավիկն ես, հիանալի զույգ կկազմեք,- պատասխանեցի աղջկան:

Ճանապարհին զրուցում էինք դեսից-դենից, կատակում: Շուտով հասանք Ժիտագարա: Փողոցներից մեկով անցնելիս Էլյան ցույց տվեց իրենց տունը, բայց, չգիտես ինչու, Վոլոդյան չարգելակեց մեքենան:

— Ինչո՞ւ չիջեցրիր Էլյային,- զարմացած հարցրեցի ես:

— Թուրքերին իջեցնենք, հետո Էլյային հետ կբերեմ, մանավանդ, նրա պարկերն ամենատակն են դարսած:

«Չհասկացա, բայց Էլյայի ալյուրը վերջում բարձեցինք»,- անցավ մտքովս, բայց լռեցի` մտածելով, որ Վոլոդյան ուզում է վերջում Էլյայի հետ մենակ մնալ:

Փաստորեն, ես ճիշտ էի մտածում. ադրբեջանցիների բեռները տեղ հասցնելուց հետո Լամբարյանը խնդրեց.

— Ժոռ, ուզում եմ Էլյայի հետ մենակ մնալ: Քեզ ճանապարհին մի տեղ կիջացնեմ, Էլյային կտանեմ տուն, ետդարձի ճանապարհին կվերցնեմ քեզ: Համ էլ, Էլյայի հետ խոսելու բան ունեմ:

Այդպես էլ արեցինք:

(շարունակությունը հաջորդ էջում)

Պիտակներ՝