***
Մի երկու ժամից Վոլոդյան վերադարձավ: Երբ բարձրացա խցիկ, նա միանգամից սկսեց.
— Վե՛րջ: Կարող ենք հանգիստ գնալ, Էլյայի հետ հաշիվներս մաքրեցի: Նա ինձ այլևս պետք չէ:
— Չհասկացա՞: Քիչ առաջ լավ էիք, էդ ի՞նչ սև կատու անցավ ձեր միջով:
— Ես նրան ասացի, որ շուտով Հայաստան եմ վերադառնալու, հիմա սպասում եմ եղբորս, որ նա էլ հանձնի մեքենան ու միասին գնանք,- ասաց Վոլոդյան ու տխուր ավելացրեց,- Էլյան նեղացավ ինձանից…
— Ի՞նչ է, նա չգիտեր, որ Հայաստան ես վերադառնալու: Դրա համար նեղանո՞ւմ են,- հեգնեցի ես:
— Քեզանից ի՞նչ թաքցնեմ, ախպերս… Գնացինք քաղաքից դուրս, մի քիչ էս կողմ, էն կողմ, լավ զգացինք, հետո…,- Վոլոդյան մի պահ լռեց ու շարունակեց,- Ժոռ ջան, նրանից բաժանվելու համար մի բան պիտի մտածեի… Ասացի. «Եղբայրս քեզ չհավանեց, իսկ մեր ադաթն այդ հարցում շատ խիստ է: Չեմ կարող չլսել մեծ եղբորս: Ամուսնության գործում անպայման պետք է լինի մեծի համաձայնությունը»: Էլյան լաց եղավ: Սկսեցի հանգստացնել. «Էլյա ջան, մի նեղացիր ինձանից, մեծ եղբայրս է մեղավորը: Ոչինչ, եկող տարի կգամ, իսկ մինչ այդ նրան կհամոզեմ ու մենք կամուսնանանք»:
— Ստացվում է, որ ե՞ս եմ ձեր «սև կատուն»,- ներքուստ նեղվելով` հարցրեցի ես,- հըլը մանրամասնորեն պատմիր, թե է՛լ ինչ ստեր ես դուրս տվել:
— Չէ, էլ ուրիշ բան չեմ ասել: Այդ խոսակցությունից հետո Էլյան խնդրեց, որ իրեն տուն տանեմ:
Երբ տեղ հասանք, հայրը` Ալեքսանդրը, դուրս եկավ տնից, օգնեց բեռնաթափել պարկերը: Այդ ընթացքում Էլյան լուռ կանգնած հետևում էր մեզ: Գործն ավարտելուց հետո հայրն առաջարկեց տուն մտնել: Հրաժարվեցի` պատճառաբանելով, որ եղբայրս ինձ է սպասում: Երբ հրաժեշտ տվեցի, Էլյան նետեց ետևիցս. «Դուք` հայերդ, վատ մարդիկ եք»:
— Լսի՛ր, Վալոդ, ես քեզ ի՞նչ վատություն եմ արել, որ թշնամացնում ես ուրիշների հետ: Դու քեզ համար հաճույք վայելես, իսկ ես մեղավոր դառնամ… Համ էլ` ես քեզ ի՞նչ ախպեր…
— Հասկացիր, իմ մեքենայի դռնակի ներսի կողմում Էլյան գերմաներեն տառերով գրել էր իր և իմ անունները: Դրանից էլ հասկացել էր, որ մեքենան իմը չէ և այդտեղից էլ բացվեց մեր վեճը: Իսկ ես արդարանալու կամ նրանից պոկվելու ուրիշ ելք չունենալով, ստիպված քեզ պատճառ բռնեցի:
Ես հայհոյանքների տարափ տեղացի Լամբարյանի գլխին` նրան անվանելով կեղտոտ, անբարոյական, դավաճան…
Նա էլ իր հերթին նեղացավ ինձանից.
— Մի նեմկի պատճառով իրար հետ վատամարդ դուրս եկանք: Էդ ազգը կռվի տարիներին ջարդել է մեր ժողովրդին, դրա դեմ մեկ աղջկա խաբելն ի՞նչ է որ… չնչին բան:
— Հա, քո հասկացողությամբ, իհարկե, դա ոչինչ է: Ռա՛դ եղիր աչքիցս:
Ծուղակ
Առավոտյան, երբ պատրաստվում էի աշխատանքի դուրս գալ, ինձ մոտեցավ Ժիտագարա քաղաքի միլիցիայի վարչության պետը` Դոչինը և հարցրեց.
— Ո՞վ է «ԴՆ 15-73» համարներով ավտոմեքենայի վարորդը:
— Ես,- անվրդով պատասխանեցի նրան:
— Որտե՞ղ եք եղել երեկ երեկոյան:
Մանրամասնորեն պատմեցի, թե մեքենայով ուր ենք գնացել:
— Տեսնում եմ, ազնիվ տղա ես, բայց քո և ընկերոջդ վրա դիմում ենք ստացել,- մտախոհ խոսեց Դոչինը:
— Ի՞նչ դիմում:
— Ոմն աղջիկ բողոք է ներկայացրել, որ դու և ընկերդ բռնաբարել եք իրեն:
Ես այդ խոսքերի վրա ծիծաղեցի, քանի որ գիտեի` նման բան չի եղել:
— Տղաս, դու ծիծաղում ես, բայց ես ամենևին էլ չեմ կատակում: Ցավոք, դա իրողություն է,- թեթևակի խստացնելով ձայնը, շարունակեց միլպետը:
— Իսկ ո՞վ է այդ կինը կամ աղջիկը, որին բռնաբարել ենք,- նրա լրջությունը մի պահ վարակեց ինձ և մի տեսակ երկյուղ անցավ մարմնովս:
— Նրա ազգանունը Էրգեր է, Էլյա Էրգե՛ր,- շեշտեց միլպետը:
Ես մի պահ ցնցվեցի ու զարմանքից ապշահար եղա: «Սա կատա՞կ է, թե՞ ծուղակ»,- անցավ մտքովս: Ու մինչ կընկնեի ենթադրությունների գիրկը, մեզ մոտեցավ Վոլոդյա Լամբարյանը, որն, ըստ երևույթին, հեռվից լսել էր մեր խոսակցությունը: Կանգնելով երկուսիս մեջտեղը` Վոլոդյան դիմեց պետին.
— Էլյային Շահբազյանը չի ճանաչում: Էլյան իմ ընկերուհին է: Արդեն երեք ամիս ես նրա հետ եմ: Ոչ մի բռնաբարություն էլ չի եղել: Իսկ երեկ երեկոյան ես միայնակ եմ նրան տուն տարել, Շահբազյանը մեզ հետ չի եղել: Ես միայնակ կգամ ձեզ հետ ու վարչությունում այդ հարցը կպարզեմ: Խնդրում եմ, Ժոռային ձեռք մի տվեք:
Դոչինը մի պահ երկմտեց, ապա ասաց.
— Ես հավատում եմ ձեր խոսքերին, տղաներ: Եթե չճանաչեի Էլյային, միգուցե չհավատայի ձեզ, բայց լավ գիտեմ, թե ինչ պտուղ է այդ աղջիկը: Սակայն նա բողոք է ներկայացրել երկուսիդ վրա: Հնարավոր չէ միայն մեկիդ տանել, այնպես որ` երկուսիդ ներկայութունն է պարտադիր: Հակառակ դեպքում, բողոքող կողմը մեծ աղմուկ կբարձրացնի… Երևում է դուք նրան լավ չեք ճանաչում:
Միլիցիայի պետը մի պահ լռեց, ուշադիր զննեց Վոլոդյային, հետո շարունակեց.
— Տեսնում եմ լավ տղա ես, մի՞թե ինքդ քեզ չես ափսոսացել, որ նման անբարոյականի հետ ես ման եկել: Ամուսնացա՞ծ ես:
— Ոչ,- պատասխանեց Վոլոդյան:
— Դե ուրեմն մեզ փեսա կդառնաս: Ես էլ քավոր կկանգնեմ,- կատակեց Դոչինը,- իսկ եթե հրաժարվես… բանդ բուրդ է:
Վոլոդյան քմծիծաղ տվեց.
— Դա լինելու բան չէ:
— Լսի՛ր, տղաս, ես խորհուրդ կտայի լեզու գտնել այդ լրբի հետ: Իսկ ամենաճիշտ ճանապարհը` նրա հետ ժամանակավոր ամուսնանալն է, այլապես գործերդ վատ կվերջանան:
Ես լսում էի նրանց խոսակցությունը և ներքուստ զգում, որ, իրոք, Դոչինն ուզում է օգնել մեզ: Նա կարծես կարդաց իմ մտքերն ու շարունակեց.
— Ես ձեզ ուզում եմ օգնել, որովհետև հայերին շատ եմ հարգում: Պատերազմի ժամանակ մի հայ ընկեր ունեի` Մհեր Դավիդովիչը, երեք տարի միասին ենք կռվել, մի տեղ քնել, մի ամանից հաց կերել, եղբոր պես ենք եղել… Ինչորէ, գնանք:
Դոչինի ուղեկցությամբ գնացինք Ժիտագարա: Կանչեցին Էլյային: Նա ներս մտավ, սկզբում ատելությամբ լի հայացք նետեց ինձ վրա, հետո թարս-թարս նայեց Վոլոդյային ու նստեց անկյունում դրված աթոռին:
— Էլյա, սրա՞նք են,- հարցրեց միլպետը;
— Այո, սրանք են եղել…
Այդ պահին ես զգացի, թե ինչպես դեմքս այրվեց կարմրությունից, չգիտեմ` ամոթի՞ց էր, թե՞ զայրույթից, ամբողջ մարմինս պատվեց սառը քրտինքով: Ինձ թվաց, թե այդ պահին վերածվում եմ մի անզգա էակի: Հետզհետե տիրապետեցի ինձ ու դիմեցի Էլյային.
— Էլյա, դու ի՞նձ էլ ես խառնում ձեր գործի մեջ:
— Այո՛,- վճռական տոնով պատասխանեց նա:
Կատաղությունից չգիտեի ինչ անել, բայց, միևնույն ժամանակ, ինքս ինձ հույս էի տալիս. «Ի՞նչ կարող են ինձ անել, չէ՞ որ ես անմեղ եմ և ոչնչից տեղյակ չեմ: Երևի Էլյան կզղջա ու կուղղի իր խոսքը, հիմա ջղայնացած է»:
(շարունակությունը հաջորդ էջում)
Պիտակներ՝ #հուշեր