***
Հարցաքննությունից հետո մեզ տարան դեպքի վայրը: Այն գտնվում էր քաղաքի ծայրամասում` կենտրոնական ճանապարհից մոտ 50 մետր հեռավորության վրա, իսկ Էլյայենց տունը գտնվում էր 150 մետր հեռավորության վրա: Այդ վայրը շրջապատված էր բնակելի տներով: Տարածքը հետաքննող հատուկ հանձնաժողովը եզրակացրեց, որ այդտեղ բռնաբարություն կատարելն անհնար է, քանի որ շրջապատված է բնակելի գոտիով, իսկ գլխավոր ճանապարհը շատ մոտ էր անցնում: Եթե բռնաբարվողը աղմուկ բարձրացներ կամ օգնություն կանչեր` անհնար էր որևէ մեկը չլսեր:
Իսկ Էլյան այսպիսի բացատրություններ էր տալիս. «Վոլոդյան Ժոռային իջեցրեց ճաշարանի մոտ, իսկ ինձ բերեց այստեղ: Ավտոմեքենան կանգնեցրեց ու սկսեց ուժ գործադրել ինձ վրա: Փորձում էր բռնաբարել… Երկու ժամ չարչարվեց… Ոչինչ չկարողացավ անել: Հետո ջղայնացավ, իջավ մեքենայից, ասելով. «Հիմա կկանչեմ եղբորս»: Քիչ անց բարձրացավ խցիկ ու ասաց. «Հիմա եղբայրս կգա»: Այնուհետև նորից սկսեց ուժ գործադրել: Նա պատառոտեց հագուստս ու սկսեց հարվածել դեմքիս: Հագուստս ամբողջովին ծածկված էր արյունով: Ես անկարող էի դիմադրել… Լամբարյանը բռնաբարեց ինձ ու իջավ մեքենայից: Հետո խցիկ բարձրացավ Ժոռան… Ես անզոր էի նրան դիմադրելու, նա էլ բռնաբարեց…»:
Էլյայի վերջին խոսքերը կարծես շանթահարեցին ինձ… Ի՜նչ աստիճանի լրբություն, ինչպիսի՜ սուտ, մի՞թե կարելի է նայել մարդու աչքերին ու անամոթաբար պախարակել… Օ՜, Աստված իմ:
— Հետո՞,- հարցրեցին նրան:
— Հետո ինձ այդ վիճակով տուն տարան,- հայտարարեց Էլյան:
— Ըստ ձեր պատմածի, Լամբարյանը երեք ժամից ավելի ձեզ պահել է խցիկում: Եթե դուք օգնություն կանչեիք, ապա որևէ մեկը հաստատ կլսեր,- Դոչինը դիմեց Էլյային:
— Գոռում էի, սակայն օգնություն չեկավ:
— Ինչո՞ւ երբ հասար տուն, այնտեղ միանգամից աղմուկ չբարձրացրեցիր ու չբողոքեցիր ծնողներիդ:
— Մեքենայի խցիկի աջ կողմի դռանը բռնակ չկար, որ կարողանայի բացել, իսկ Վոլոդյան չթողեց, որ իր կողմից իջնեմ: Հորս հետ պարկերը դատարկելուց հետո նա բացեց դուռը և ես իջա: Իսկ մինչև իմ բողոքելը, նա արդեն գնացել էր:
Սակայն հանձնաժողովի ստուգումից պարզվեց, որ Էլյայի այդ ցուցմունքն էլ էր զուրկ ճշմարտությունից, քանի որ նրա նշած աջ կողմի դուռը ներսից բռնակ ուներ:
Այնուհետև հրավիրեցին Էլյայի հորը` Ալեքսանդրին: Նա այսպիսի ցուցմունք տվեց. «Աշխատանքից նոր էի վերադարձել: Մահճակալիս պառկած հանգստանում էի: Հանկարծ լսեցի բակ մտնող մեքենայի ձայնը: Դուրս եկա, Էլյան և Վոլոդյան բացում էին թափքը: Ես օգնեցի Վոլոդյային` իջեցնել ալյուրով պարկերը: Աշխատանքն ավարտելուց հետո նրան առաջարկեցի տուն մտնել, բայց Վոլոդյան հրաժարվեց` պատճառաբանելով, որ եղբայրը քաղաքում իրեն է սպասում: Վոլոդյայի հեռանալուց հետո ներս մտա տուն: Աղջիկս արտասվում էր, իսկ մայրը հայհոյում էր ինչ-որ մեկին: Երբ հարցրեցի, թե ինչ է պատահել, կինս պատասխանեց. «Քո գործը չէ»: Մտածելով, որ մայր ու աղջիկ ինձ չվերաբերող հարց են քննարկում, գնացի իմ սենյակ: Այլևս ոչնչից տեղյակ չեմ»:
— Երբ Էլյան ու Վոլոդյան եկան, Շահբազյանը նրանց հե՞տ էր,- հարցրեցին հորը:
— Ոչ, ես նրան չեմ տեսել: Մեքենայի մեջ եղել են միայն Վոլոդյան ու աղջիկս: Ընդհանրապես, ես Շահբազյանին չեմ ճանաչում և առաջին անգամ եմ տեսնում:
Այստեղ հայր ու աղջիկ սկսեցին վիճաբանել: Էլյան նրան անվանում էր ստախոս ու խաբեբա, իսկ հայրը` պոռնիկ ու սուտասան:
Վերոհիշյալ փաստերն ու իրարամերժ ցուցմունքներն ինքնին աղաղակում էին ճշմարտության և իմ անմեղության մասին: Սակայն ճշմարտությունն այդպես էլ թաղված մնաց ստի ու երեսպաշտության, կեղծիքի և անմարդկայնության հետևում, իսկ սովետական արդարադատության ջատագովները լռեցին ու փակեցին աչքերը` իրենց ձևացնելով «արդար» ու «միամիտ»: Ի՞նչ արդարադատություն… Այնտեղ տիրում էր լոկ աչքակապությունն ու կեղծիքը, կաշառքն ու բացահայտ կողմնապահությունը: Մի՞թե ինձ պես անփող ու անտեր մարդը միայնակ կկարողանար պարզել ճշմարտությունը: Ոչ մեկը չփորձեց խորանալ գործի իսկության մեջ, ոչ մեկը չփորձեց բացահայտել ճշմարտությունը: Այնտեղ փողն էր տիրում, որը մեղավորին անմեղ է դարձնում, անմեղին` մեղավոր, գայլին գառ ներկայացնում, գառին` գիշատչի տեղ կախել տալիս: Նույնիսկ իրավաբանական կրթություն չունեցողի համար էլ պարզ էր, որ գործը շինծու էր, և ոչ մեկին ձեռնտու չէր բացահայտել ճշմարտությունն ու դատապարտել իսկական մեղավորին` զրպարտիչ լրբին: Բոլոր դեպքերում, մեկ գործի մեջ երկու ճշմարտություն լինել չի կարող, ճշմարտությունը մեկն է: Եվ եթե Ժիտագարա քաղաքի արդարադատության ներկայացուցիչները քիչ թե շատ մարդասեր լինեին, ունենային փոքր-ինչ խղճի խայթ, հաստատ կբացահայտեին գործի իսկությունը: Ավաղ, ես էլ բազմաթիվ անմեղների նման դարձա սովետական «ամենաարդար արդարադատության» պոռնկության անփառունակ զոհը…
Դատավարություն
1956թ. հոկտեմբերի 28-ին ինձ և Վոլոդյա Լամբարյանին վերցրեցին նախնական կալանքի: Ճիշտ է, ես դեռևս չէի կարողացել ապացուցել իմ անմեղությունը, բայց հոգուս խորքում հույս ունեի, որ արդարությունը կհաղթանակի: Այդ դեպքից արդեն անցել են տարիներ, դժբախտության հասցրած վերքերը փոքր-ինչ ապաքինվել են, կրածս տանջանքները մոռացվել են, բայց հիշողությանս մեջ դաջված են մնացել Լամբարյանի հոգու խորքից բխող աղիողորմ լացը, դառը արցունքները, որ նա զեղում էր հանուն ինձ` ի՛մ անմեղությունն ապացուցելու համար: Իր անմեղությունը ապացուցելու փոխարեն, Վոլոդյան մտածում էր ի՛մ մասին, քանի որ հասկանում էր` իր պատճառով այդ լիրբն ինձ ներքաշեց գործի մեջ: Ես հուսադրում ու հանգստացնում էի Վոլոդյային. ոչինչ այդպես չի մնա, ամեն ինչ շուտով կպարզվի…
Միլիցիայի վարչության մեկուսարանում մեզ պահեցին երեք ամիս: Մի օր ինձ մոտ եկավ դատապաշտպանս` Տրուբաչովը: Դեսից-դենից երկար խոսելուց հետո ասաց.
— Ժոռա, քո դրությունը լուրջ է: Եթե ուզում ես այստեղից դուրս գալ, ապա դրանց բերանները պետք է քաղցրացնես: Քո վրայից մեղադրանքները հանելու համար 6 հազար ռուբլի փող են ուզում:
Ղազախստանում աշխատելու ընթացքում ես բավականին գումար էի ետ գցել: Երբ ինձ վերցրեցին կալանքի, այդ գումարը պահ տվեցի Աբդուլաևին: Ես կարող էի պահանջած 6 հազարը բերել, գցել դրանց բերաններն ու ազատվել, բայց ինչի՞ համար… Ես այդ ժամանակ մի վառվռուն կոմերիտական էի, հայրենասեր երիտասարդ, դաստիարակված հումանիստական ոգով: Եվ չէի էլ պատկերացնում, որ սովետական հասարակարգում անմեղ մարդը կհայտնվի ճաղերի ետևում: Ինքս ինձ հույս էի տալիս. «Արդարությունը կարող է հիվանդանալ, բայց մահանալ` երբեք»: Չէի պատկերացնում, որ արդարադատության մարմինները օրինականությունը պաշտպանելու համար կարող են կաշառք վերցնել: Ի՞նչ իմանայի… Չէ՞ որ իմ կարդացած հեքիաթներում ու գրքերում, հետևաբար և կյանքում` չարը միշտ կործանվում էր, իսկ արդարն ու բարին` հաղթում: Այդպիսի պարզ ու միամիտ հայացքներ ունեի այն ժամանակ` միջավայրի ու կյանքի նկատմամբ: Այդ էր պատճառը, որ չտվեցի արդար քրտինքով վաստակածս փողը: Ի՞նչ իմանայի…
Մեր դատավարությունը տեղի ունեցավ 1956թ. դեկտեմբերին: Դատեցին մեզ` ի զարմանս ողջ հասարակության, դատեցին` ի զարմանս հանդիսականի, ի զարմանս անգամ նրա` ում երեսից դատվում էինք: Դատախազը յուրաքանչյուրիս համար պահանջեց 12 տարվա ազատազրկում: Իսկ դատավորը` սպանդանոցի այդ անխիղճ դահիճը, դա քիչ համարեց, և ինձ ու Լամբարյանին դատապարտեց օրենքով սահմանված ամենաբարձր պատժաչափով` 15-ական տարի…
Սկսած կիսավայրենի համակարգերից, վերջացրած կապիտալիզմի բարձրագույն ստադիայով` մարդուն դատապարտելու համար հարկավոր է առնվազն երկու բան. վկաներ ու փաստեր: Իսկ դրանց բացակայության դեպքում ոչ մի հասարակարգում մարդկանց չեն զրկում ազատությունից: Իսկ ի՞նչ վկաների ու փաստերի հիման վրա մեզ դատապարտեցին 15 տարվա ազատազրկման. նախ մեր «հանցանքը» ապացուցող վկաներ չկային, բացի Էլյայից, և երկրորդ` նրա բոլոր ցուցմունքներն անհիմն էին, իրարամերժ և հեռու ճշմարտությունից: Իսկ փաստերն ավելի շատ ապացուցում էին մեր անմեղությունը, քան մեղավորությունը, այն է.
- Տեղանքը ստուգող հանձնաժողովը հաստատեց, որ Էլյայի մատնանշած վայրը, որտեղ տեղի էր ունեցել բռնաբարություն, այնքան մոտ էր բնակելի տներին, որ մի թեթև ճչոցի դեպքում հաստատ կգտնվեր մեկը, ով կլսեր ու կհասներ օգնության:
- Էլյան պատմում էր. «Վոլոդյան Ժոռային իջեցրեց ճաշարանի մոտ և ասաց, որ հիմա ինձ տուն կտանի: Սակայն, երբ մոտեցանք մեր տանը, նա չարգելակեց մեքենան և շարունակեց ճանապարհը: Ես հասկացա նրա միտքը, սկսեցի աղաղակել, բռնեցի նրա ձեռքերը և փորձեցի խանգարել մեքենան վարելուն: Վոլոդյան բռնեց ձեռքերս, փակեց բերանս ու սկսեց էլ ավելի արագ վարել մեքենան: Խցիկի աջ դռան բռնակը չկար, որ բացեի ու ինձ վայր գցեի»:
Այստեղ հարց է առաջանում. Վոլոդյան քանի՞ ձեռք ուներ, որ բռնել էր Էլյային, փակել էր բերանը և միաժամանակ էլ վարում էր մեքենան: Բացի այդ, մեքենան ստուգելուց հետո պարզվել էր, որ աջ դռան բռնակը տեղում էր:
- Էլյան պնդում էր. «Բռնաբարելուց հետո, երբ Վոլոդյան ինձ տուն տարավ, չթողեց, որ իջնեմ մեքենայից, որպեսզի չբողոքեմ ծնողներիս: Նա ինձ այնքան ժամանակ պահեց խցիկում, մինչև Շահբազյանը դատարկեց ալյուրով պարկերը: Հետո ինձ թույլ տվեց իջնել, ու իրենք արագ հեռացան»:
Այնինչ, նրա հայրը բացատրում էր. «Երբ մեքենան մտավ բակ, ես դուրս եկա: Էլյան ու Վոլոդյան բացում էին մեքենայի թափքը: Վոլոդյայի հետ միասին իջեցրինք պարկերը: Շահբազյանն այդտեղ չէր»:
- Էլյան ցուցմունք էր տալիս, թե իրեն բռնաբարել է նաև Շահբազյանը, այն դեպքում, երբ ըստ իր խոսքերի, ես իջել էի ճաշարանի մոտ: Հետաքրքիր է, էդ ինչպե՞ս հասցրեցի ճաշարանից ոտքով հասնել դեպքի վայր, բռնաբարել նրան ու ակնթարթորեն անհետանալ: Մի՞թե պարզ չէր, որ Էլյան իր ցուցմունքներով հակասում էր ինքն իրեն:
- Մի կարևոր հանգամանք ևս. Էլյան հաստատակամորեն պնդում էր, որ Վոլոդյան հարվածներ է հասցրել դեմքին, արդյունքում արյունոտվել էր երեսը, հագուստները: Սակայն բժշկական փորձաքննության ժամանակ նրա մարմնի վրա նույնիսկ քերծվածքներ չեն հայտնաբերվել: Հայրը նույնպես հաստատեց, որ աղջկա դեմքին և հագուստի վրա արյան հետքեր չի նկատել:
Ահա դրանք էին մեզ մեղադրող «վկաներն» ու «փաստերը»: Իսկ սովետական դատարանն առանց խղճի խայթի, կեղծ ու պոռնկական փաստերով դատապարտեց մեզ 15 տարվա: Նույնիսկ, երբ Էլյան ու Վոլոդյան պատրաստակամություն հայտնեցին հաշտվելու և ամուսնանալու, այդ նույն դատարանը, որ ինքը պետք է հաշտարարի դեր ստանձներ, ձևանալով կույր` երկու անմեղ կյանքերի մղեց հավիտենական կործանման: Եղավ մի պահ, երբ Էլյան, խղճի խայթից ազդված, լացակումած աչքերով դիմեց դատարանին. «Շահբազյանն անմեղ է, նա ինձ ձեռք չի տվել», բայց դատախազը կտրուկ սաստեց. «Լսիր, ցուցմունքդ փոխելու համար 3 տարի կստանաս»: Այդ ժամանակ նա լուռ արտասվեց ու սսկվեց տեղում:
Անցել են տարիներ, չեմ կարող մոռանալ իմ դատապաշտպան Տրուբաչովին, ով կաշվից դուրս գալով փորձում էր իրավաբանորեն, ճշմարտացի փաստերով ապացուցել իմ անմեղությունը, բայց… իզուր: Ո՞վ էր նրան լսողն ու բանի տեղ դնողը:
(շարունակությունը հաջորդ էջում)
Պիտակներ՝ #հուշեր