ՀՈՒՇԵՐ

Անմեղ «մեղավորի» անավարտ օրագիրը

Աշխատանքային ճամբարներում

«Պատիժս» կրելու էի Կուստանայի 4-րդ աշխատանքային ճամբարում: Իմ բանտարկվելու լուրը ադրբեջանցի ընկերս` Աբդուլաևը, հասցրել էր Հայաստան: Նա իր մոտ պահ տված վաստակածս գումարը և 2 տոննա ցորենի չեկը հանձնել էր խորթ մորս: Այն տարիների համար դա բավականին մեծ հարստություն էր, և պատահական չէ, որ գտնվեցին մարդիկ, ովքեր իրենց «պատրաստակամությունը» հայտնեցին` օգնելու ինձ: Այդ գործը ստանձնեց հորեղբորս որդին` Շահբազյան Բագրատը: Նա վաճառում է երկու տոննա ցորենը, մորս մոտից վերցնում է ուղարկածս փողը, որոշ գումար էլ ավելացնում է Լամբարյանի հայրը և երկուսով դուրս են գալիս ճանապարհ: Բայց ճանապարհի կեսին Վոլոդյայի հայրը հիվանդանում է և վերադառնում Հայաստան: Բագրատը միայնակ հասնում է ինձ մոտ: Տեսնելով հորեղբորս որդուն` շատ ուրախացա: Նա բացատրեց, թե ինչպես է պատրաստվում օգնել ինձ ու մեկնեց Ժիտագարա քաղաք: Մի քանի օրից եկավ ու հայտնեց ուրախ լուրը.

— Ժոռա, Ժիտագարայում գտա դատապաշտպան Տրուբաչովին ու միասին գնացինք Էլյայի մոտ: Նրան համոզեցինք` դատախազությանն ուղղված գրություն գրել, որ դու անմեղ ես և երբեք Վոլոդյայի հետ մեղսակից չես եղել: Տրուբաչովն իր ձեռքի տակ ունի քո անմեղությունն ապացուցող մի շարք ապացույցներ: Էս երկու օրը դատապաշտպանիդ հետ կգնանք Ալմա-Աթա: Եթե այնտեղ որևէ բան չստացվի, կմեկնենք Մոսկվա: Այնպես որ, մի 2-3 ամիս էլ դիմացիր: Համոզված եղիր, որ ամեն ինչ լավ կվերջանա, քեզ կազատենք:

Կա՞ արդյոք ավելի մեծ երջանկություն, երբ կյանքիդ ամենադժվարին պահին զգում ես հարազատիդ աջակցությունը, երբ տեսնում ես վրադ իջնող հույսի շողի ջերմացնող ճառագայթները: Այդպիսի հույսի շող էր Բագրատի ձեռնարկած գործը: Բայց, ավաղ, այդ լույսը շատ շուտ հանգչեց: Երկար ու ձիգ օրեր տևող անհամբեր սպասումից հետո համոզվեցի, որ դժվար թե իմ դժբախտ կյանքում գտնվի մեկը, ով թողած իր անձնական շահը` կզբաղվի ինձ պես լքվածի փրկությամբ: Որոշ ժամանակ անց Բագրատը նորից եկավ ինձ մոտ, բայց եկել էր հրաժեշտ տալու: Ասաց.

— Հայրս ծանր հիվանդ է, գուցե մահանա: Այնպես որ, պետք է շտապ վերադառնամ Հայաստան: Չընկճվես, երկու ամսից կգամ ու կշարունակեմ զբաղվել քո գործով:

Նա ինձ երկու հազար ռուբլի փող տվեց (այդ տարիներին թույլատրվում էր կալանավորների մոտ փող պահել), իր հետ վերցրեց մնացած գումարը ու մեկնեց Հայաստան: Այդ գնալն էր, որ գնաց` իր հետ անվերադարձ տանելով փայփայածս հույսերը, երազանքներն ու դառը քրտինքովս վաստակած գումարը… Անցան ամիսներ, իսկ իմ հարազատը, իմ արյունակիցը, իմ եղբայրը այդպես էլ չերևաց: Առաջ ընկնելով ասեմ, որ տարիներ անց տեղեկություն ստացա, որ նա այդ գումարով մեքենա էր գնել ու ապրում էր անհոգ կյանքով` թքած ունենալով, որ իր եղբայրը տանջվում է Ղազախստանի տափաստաններում:

Ինչորէ, հույսս կտրեցի Բագրատից: Այդ ժամանակ հիշեցի դատապաշտպան Տրուբաչովին: Նամակով կրկին դիմեցի նրա օգնությանը: Ահա թե ինչ պատասխան ստացա նրանից. «Եղբայրդ` Բագրատը, ինձ մոտ որոշ գումար էր թողել, որպեսզի զբաղվեմ քո գործով: Հետո եկավ, ասաց, որ Ալմա-Աթայում գտել է ինչ-որ ծանոթի, որը խոստացել է առանց գումարի լուծել հարցը: Բագրատն իմ մոտից վերցրեց փողը, Էլյա Էրգերի գրությունը, որը քեզ ազատելու միակ հույսն էր, ու անհետացավ: Ես պարզել եմ, որ նա այդ գրությունը հանձնել է Էլյային ու շանտաժի ենթարկել, թե եթե նորից փորձի նման գրություն գրել, ապա կյանքը կդնի վտանգի տակ»:

Ահա թե ինչպիսի «մեծահոգի» տղա էր իմ հորեղբոր որդին: Նա այնպես էր դասավորել, որ ես հավիտենից հավիտյան դուրս չգամ ճամբարից…

***

15 երկար ու ձիգ տարիներ, բեռը շալակիս, հուսահատության, մենակության ու տանջանքի մեջ հեծում էի ու խորհում, փրկության ելք որոնում: Լցված էի վրեժի թույնով` դատավորի, դատախազի ու ողջ աշխարհի նկատմամբ, բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կտրեցին իմ ջահել կյանքի թելը և նետեցին խավարամոլ հանցավոր աշխարհ, ուր ապականվելու էր իմ անմեղ, իմ դալուկ սիրտը:

Եվ ես գտա փրկության միակ ելքը` և ոչ նրա համար, որ ընկնեմ ազատության գիրկն ու վայելեմ նրա բարիքները, այլ որպեսզի հագեցնեմ վրեժիս ծարավը` սպանեմ դատախազին և դատավորին…

Փախուստ… Ահա միակ ելքը: Ճամբարի բնակելի գոտում կար մի կիսակառույց բարաք, որի փայտաշեն հատակը մոտ 1,5-2 մետրով բարձր էր գետնից: Այն գտնվում էր արգելված գոտուց 10-15 մետր հեռավորության վրա: Գտնվեցին մեծ պատժաչափ ունեցող ինձ պես 9 հուսալքված տղաներ, ովքեր համաձայնեցին միասին կազմակերպել փախուստը: Մենք բարաքի հատակին մի անցք բացեցինք ու այդտեղից սկսեցինք թունել փորել դեպի բաղձալի ազատությունը: 20-25 օր տանջվեցինք: Դուրս բերած հողը փռում էինք բարաքի հատակի տակը, որն աննկատելի էր մնում չար աչքից: Ամեն օր սրտի դողով չափում էինք մեր անցած ճանապարհն ու ուրախանում, որ ահա, ուր որ է հայտնվելու ենք ազատության մեջ: Սակայն, ավաղ, մի օր հերթափոխության ժամանակ հսկիչներից մեկի ոտքի տակ փլվում է հողը, և նա անարգել ընկնում է մեր քանդած թունելի մեջ: Մեծ աղմուկ բարձրացավ, փակեցին թունելը, բայց լավ էր, որ մեզ չհայտնաբերեցին ու տույժի չենթարկեցին: Այսպես, փախուստի առաջին փորձը անհաջողության մատնվեց: Հոգնած ու հուսալքված` նորից հանձնվեցի բախտի քմահաճույքին: Օրեր անցան, թունելի համար ներդրած ֆիզիկական տանջանքները մոռացության տրվեցին, բայց վրեժի տենչը կրծում էր հոգիս, ու ես սկսեցի փախուստի նոր ուղիներ որոնել:

Շոգեքարշով բեռներ և շինանյութ էին բերում մեր աշխատանքային գոտի: Մեքենավարը վրացի էր` նույնպես կալանավոր: Փորձեցի համոզել նրան` տեղավորել ինձ շոգեքարշի մեջ ու դուրս բերել ճամբարից: Չհամոզվեց: Վախեցավ, որ իր գլխին կարող է փորձանք գալ: Նույնիսկ թախանձագին խնդրանքներս չազդեցին վրան: Պարզ էր` իր անձնականն ավելի քաղցր ու թանկ էր, քան իմ ազատությունը: Նորից որոշ ժամանակ ապրեցի հուսահատության մեջ:

Մի օր նկատեցի, որ բեռնատար մեքենայով երկու 250 լիտրանոց մետաղյա տակառներով ջուր են բերում ճամբար: Տղաներով մտածեցինք, որ օրը երկու հոգի թաքնվելով տակառների մեջ` կարող են այդ մեքենայով դուրս պրծնել ճամբարից: Այդպես էլ արեցինք: Առաջին երկու օրում 4 հոգու հաջողվեց դուրս գալ ազատություն, սակայն, մինչ հերթը կհասներ ինձ` աղմուկ բարձրացավ: Հսկիչներն իմացան մեր գաղտնիքը, ու այդ ճանապարհով դուրս գալն արդեն իսկ անհնարին դարձավ:

Մի անգամ ընկերոջս կինը եկել էր ամուսնուն տեսակցության: Մի քանի հոգով հավաքվել էինք կիսակառույց շինություններից մեկում և ուտում խմում էինք: Այդ ընթացքում փախուստի ընկերներս առևանգում են շինանյութ բերող բեռնատարը, փնտրում են ինձ, բայց չեն գտնում և ստիպված` առանց ինձ, 5 հոգով դիմում են փախուստի: Անցնում են արգելման գոտին, բայց հսկիչները նկատում են ու խաչաձև կրակահերթ բացելով` բոլորին տեղն ու տեղը սպանում: Իմանալով դեպքի մասին` ինձ մի անհուն թախիծ պատեց: Մտածում էի, թե ինչու այդ պահին ես նրանց հետ չեմ եղել: Միգուցե ես էլ նրանց հետ կզոհվեի ու այդկերպ կազատվեի այս նողկալի կյանքից:

Ժամանակի ընթացքում հետզհետե սկսեցի մոռանալ փախուստի մասին, բայց արդարությունը գտնելու հույսը չէր մեռնում: Համարյա ամեն ամիս խնդրագիր ու բացատրագիր էի գրում տարբեր մարմինների, բայց ոչ մեկը չէր ուզում հետաքրքրվել իմ գործով: Երբ Ղազախստանի բարձրագույն մարմիններից ստացա մի քանի մերժված պատասխաններ, որոշեցի գրել մայրենի լեզվով և ուղարկել Հայաստան` Կոմկուսի կենտրոնական կոմիտեին, ՀԼԿԵՄ կենտկոմին: Գրում էի այն հույսով, որ հայրենիքում կհասկանան ինձ, սակայն… իզուր: Ի վերջո համոզվեցի, որ բարձրաստիճան ղեկավարների քար սրտերը լացով ու աղաչանքով հնարավոր չէ տեղից շարժել: Ու այդպես էլ ոչ ոք չհասկացավ ինձ, չզգաց իմ ցավերն ու չարձագանքեց իմ դառը բողոքներին: Այդպես, զուր հույսերով ու վշտաբեկ տառապանքներով ապրեցի երկար ու ձիգ տարիներ…

(շարունակությունը հաջորդ էջում)

Պիտակներ՝