Աշոտ Եղիազարյան
Տանջանքների ու դեգերումների տարիներին շատ անհատների հետ եմ առնչվել, հանդիպել տարբեր բնավորությունների ու խառնվածքների տեր մարդկանց հետ, ունեցել լավ ու վատ ընկերներ: Նրանցից յուրաքանչյուրը, առանձին-առանձին, իրենց դրոշմն են թողել հիշողությանս մեջ, ոմանք` լավ ու բարի, մյուսները` անտանելի ու զզվելի: Սակայն նրանց մեջ կար մեկը, ում կուզենայի առանձնակի ներկայացնել: Այդ մարդը մեծ դեր ունեցավ նաև իմ հետագա կյանքում: Ժիտագարա քաղաքի նույն դատարանը 8 տարվա ազատազրկման էր դատապարտել իմ հայրենակից Աշոտ Եղիազարյանին: Պատիժը կրելու համար նրան ևս բերեցին մեր ճամբար: Աշոտի հայտնած առաջին ուրախ լուրն այն էր, որ ինձ դատապարտող դատավորի տունը ինչ-որ մարդիկ հրդեհել էին (երևի վրեժ են լուծել) ու դաժան մահի ենթարկել այդ անգութ, անսիրտ մարդուն: Այդ լուրն ինչ-որ չափով հագեցրեց իմ վրեժի ծարավը:
Բնականաբար, լինելով հայրենակիցներ, ես ու Աշոտը պետք է մտերմանայինք: Մենք մեկս մյուսիցս գաղտնիքներ չունեինք, միասին կիսում էինք և՛ տխրությունը, և՛ ուրախությունը: Մեր ընկերությունն անշահախնդիր էր, մաքուր: Նա երկու տարով մեծ էր ինձանից, այդ պատճառով ես նրան ընդունեցի որպես մեծ եղբայր ու լսում էի նրա խորհուրդները: Շատ հարցերում Աշոտն օգնում ու պաշտպանում էր ինձ:
1958 թվականն էր: Ճամբարի ադմինիստրացիան արդեն տեղյակ էր իմ փախչելու մտադրության մասին: Բայց մի օր ինձ իր մոտ կանչեց ռեժիմի պետը` մայոր Յակովլևն ու ասաց.
— Շահբազյան, որոշել եմ քեզ ազատ անցագիր տալ…
— Քաղաքացի մայոր, բայց դուք լավ գիտեք, որ ես ճամբարից դուրս պրծնելու ելք եմ փնտրում…- զարմացած ասացի ես:
— Գիտեմ,- հաստատուն ձայնով ընդհատեց մայորը,- բայց համոզված եմ նաև, որ դու ազնիվ տղա ես ու երբեք ինձ չես դավաճանի:
«Անհավանական է… Մի՞թե վստահում է… Թե՞ կատակում է»,- հարցնում էի ինքս ինձ: Բայց զարմանքս էլ ավելի մեծացավ, երբ երկու օրից ինձ կանչեցին ու հանձնեցին ազատ անցագիր: Է՛հ, ի՞նչ պիտի անեի… Իրոք, նրանք լավ գիտեին իմ բնավորությունը. ես չէի կարող դավաճանել կամ վատություն անել որևէ մեկին: Ես լույս աշխարհ էի եկել մաքուր հոգով ու չէի կարող այն պղտորել նույնիսկ այս հանցավոր աշխարհում, չէի կարող կորցնել մարդկային խիղճս: Ուստի, հենց այդ օրվանից հրաժարվեցի փախչելու մտադրությունից:
1959 թվականին փոխվեց ԽՍՀՄ օրենսգիրքը: Փոփոխություններն ազդեցին նաև իմ պատժաչափի վրա. 15 տարին նվազեցվեց մինչև 10 տարվա: Արդեն նստել էի 3 տարի և, փաստորեն, մնում էր ևս 7 տարի: Ստանալով ազատ անցագիր` ընդունեցի բեռնատար ավտոմեքենա ու սկսեցի աշխատել որպես վարորդ: Նշեմ, որ փախուստի մտքից հրաժարվելուն նպաստեց մեկ այլ հանգամանք ևս: Շուտով իմացա, որ ինձ մեղադրող դատախազին կաշառակերության համար դատապարտել են 8 տարվա ազատազրկման, և վերջինս իր պատիժը կրում է Ալմա-Աթայի 4-րդ ուղղիչ գաղութում: Այն միտքը, որ այդ տականքը գտնվում է Ալմա-Աթայում, ինձ հանգիստ չէր տալիս: Ճիշտն ասած, վրեժխնդրության կրակը դեռ չէր մարել: Բայց, միևնույն ժամանակ, չէի ուզում սպանել նրան: Ուզում էի կանգնել նրա առջև, նայել աչքերին ու մատներովս հանել այդ աչքերը, որ այդ կեղտը մնացած կյանքն անցկացներ խավարի մեջ: Ես լավ էի հասկանում, որ նման արարքի համար պատժափս առավելագույնը կերկարացնեին 3-4 տարով, բայց ներքուստ պատրաստ էի դրան: 1960 թվականի սկզբներին լուր տարածվեց, որ մեր ճամբարից մի խումբ կալանավորների տեղափոխելու են Ալմա-Աթա: Դատախազի հետ հանդիպելու ձգտումը ստիպեց մեզ` ինձ ու Աշոտին, մեծ դժվարությամբ դասավորել ու մտնել այդ ցուցակի մեջ: Սակայն, հասնելով տեղ, մեծ եղավ մեր զարմանքը, երբ իմացանք, որ դատախազին այլ կալանավորների հետ տեղափոխել են մեր նախկին ճամբար: Երևում է` Աստված չէր ուզում, որ մենք հանդիպենք ու իմ ձեռքերով հագեցնեի վրեժիս ծարավը:
Վերաբնակեցման գոտի եւ ազատություն
1963 թվականին ՍՍՀՄ Գերագույն Սովետի կողմից արձակած հրամանագրի համաձայն` որոշ կալանավորների տրվեցին արտոնություններ. նրանք, ովքեր կրել էին իրենց պատժի 2/3 մասը, տեղափոխվեցին վերաբնակեցման գոտի: Դա վերաբերում էր նաև ինձ: Եվ այսպես, 7 երկար ու ձիգ տարիների չարքաշ կյանքի բեռը շալակիս, կրածս տանջանքների կսկիծը սրտիս` 1963 թվականի հունիսին ես հայտնվեցի վերաբնակեցման (ազատ) գոտում: Մեր խմբին տարան Ղազախստանի Կոկլիտայի մարզ, որտեղ պետք է մշակեինք խամ ու խոպան հողերը: Որոշ ժամանակ ապրեցինք վրանների մեջ, մինչև պատրաստեցինք փայտից տնակներ: Ես ու ընկերս` Աշոտ Եղիազարյանը, տեղավորվեցինք մի տնակում, ստեղծեցինք փոքրիկ տնտեսություն` պահում էինք խոզեր, կովեր և այլ ընտանի կենդանիներ: Որոշ ժամանակ անց ամուսնացածներին թույլատրեցին, որ ընտանիքները տեղափոխվեն իրենց մոտ: Ես ընտանիք չունեի, ո՞ւմ պիտի կանչեի, դեռ նոր էի մտածում ընտանիք կազմելու մասին: Եթե մի ժամանակ ինձ համար դա հեռավոր քաղցր երազանք էր, ապա այժմ արդեն դարձել էր մոտակա ժամանակում հնարավոր մի երևույթ, որին սպասում էի սրտի փափագով: Աշոտն ուներ կին և երեխաներ, որոնցից երկուսը մեծ էին` դպրոցական. նրանց այստեղ տեղավորել հնարավոր չէր: Ուստի այստեղ բնակություն հաստատեց կինը` Երանը, մանկահասակ երեխայի հետ: Պարզ էր, որ այդ ընտանիքում իմ մնալն արդեն անհարմար էր, դրա համար էլ որոշեցի տեղափոխվել հանրակացարան: Սակայն Աշոտն ու նրա կինը կտրականապես դեմ եղան իմ որոշմանը: Ստիպված էի մնալ ու ապրել նրանց հետ` որպես նրանց ընտանիքի անդամ:
Շուտով լրացավ Աշոտի պատժաժամկետը, ու նրանք կարող էին արդեն վերադառնալ Հայաստան: Մի երեկո` սովորական ճաշից հետո, Աշոտն ասաց.
— Մի քանի շաբաթից մենք պետք է գնանք, իսկ քեզ դեռ բավական ժամանակ կա: Այստեղ մենակ ապրել ու տնտեսություն վարել չես կարող: Ես ու Երանը մտածեցինք, որ քեզ պետք է ամուսնացնենք: Վերջիվերջո, ինչքա՞ն դեռ պիտի մենակ մնաս:
Ես խոսքեր չգտա պատասխանելու. արդեն 30 տարեկան էի, ամուսնանալուս ժամանակն էր, բայց Ղազախստանում ինչպե՞ս գտնեի հայ աղջկա, որը կհամաձայներ իմ կյանքի ընկերը դառնալ: Մի քանի օրից, երբ Աշոտն ինձ նորից դիմեց նույն հարցով, ես նրան հայտնեցի մտահոգությունս:
-Ի՞նչ անեմ, Ժոռա ջան, քույր էլ չունեմ, որ բերեմ ամուսնացնեմ քեզ հետ: Բայց բարեկամի աղջիկներ կան, ոմանց նկարներն այստեղ են, մյուսներինն էլ` լուր կտամ, թող ուղարկեն: Նկարները նայիր, տես` որին կհավանես, բերեմ այստեղ, հետը խոսիր, լեզու գտեք և ամուսնացեք:
Նկարների մեջ ինձ ամենից շատ դուր եկավ Երանի փոքր քույրը` Օֆիկը, որի հայացքում կարդում էի խորաթափանցություն, հեզություն ու քնքշություն: Ես ամաչելով հայտնեցի իմ կարծիքը Աշոտին ու Երանին: Քրոջը բերելու համար Երանը մեկնեց Հայաստան: Եվ նա եկավ… Եկավ, որ դառնա իմ կյանքի ուղեկիցն ու հավատարիմ ընկերը:
Ես ու Օֆիկը համակրեցինք իրար ու միմյանց չդավաճանելու անխախտ երդում տվեցինք:
***
Եվ այսպես, ընկերական միջավայրի, անգամ ամենամոտ հարազատների բացակայությամբ 1964 թ-ին տեղի ունեցավ մեր հարսանիքը: Կատարվել էր իմ վաղուց ի վեր փայփայած երազանքը: Աշոտն ու Երանը վերադարձան Հայաստան և բնակություն հաստատեցին Լենինականում: Մեկ տարի անց ծնվեց անդրանիկ որդիս` Դավիթը: Ապրում էինք ծանր պայմաններում, մի կերպ հաղթահարում միջինասիական տափաստանների ցրտաշունչ ձմեռներն ու ամառվա տապը: Շուտով ծնվեց նաև դուստրս` Մանուշը: Որքան դժվարություններ էր կրում Օֆիկն այդ ժամանակ: Երեխաների հոգսը մի կողմից, ահագին մեծ տնտեսության հոգսը մյուս կողմից հարկադրում էին նրան օրնիբուն աշխատել: Ես նրան ի վիճակի չէի օգնել, քանի որ առավոտյան շուտ դուրս էի գալիս, մութն ընկնելուց հետո միայն տուն գալիս:
1966 թվականի հոկտեմբերին վերջապես լրացավ պատժաժամկետս, և ես դարձա ազատ քաղաքացի:
Ու թեև Կոկլիտայի սովխոզում տնտեսական պայմաններս այնքան էլ վատ չէին, այնուամենայնիվ, հայրենիքիս կարոտը խեղդում էր, ու մենք որոշեցինք վերադառնալ Հայաստան: Մի կողմից էլ ինձ մտատանջում էր այն, թե ո՞ւր պիտի գնամ, որտե՞ղ պիտի հանգրվանեմ: Հայրական տունս իմ բացակայության ժամանակ քանդել էին, տեղը բնակելի շենքեր ու հիմնարկներ կառուցել: Դրա դիմաց որոշ գումար տրամադրել էին: Եվ երբ ինձ հասանելիք գումարը մայրացուս տվեց ինձ, ես հրաժարվեցի այն վերցնել` ասելով.
— Քեզ փողն ավելի շատ է պետք: Ի՞նչ է եղել, դեռ կաշխատեմ, դեռ փող կվաստակեմ:
Ու քանի որ գլխներիս վերև տանիք չունեինք, իջևանեցինք մայրացուիս տանը` Մեծխեթիում: Այստեղ անմիջապես աշխատանքի տեղավորվեցի, ապահովվեցի նաև բնակարանով: Սակայն այդտեղ երկար մնալ չէի կարող. երեխաներս արդեն մեծանում և վրացերեն էին խոսում: Եվ ես ու Օֆիկը վճռեցինք տեղափոխվել Երևան: Բնակարան ու աշխատանք ստանալու հույսով դիմեցի Երևանի մի քանի շրջսովետների, և իշխանավորների վերաբերմունքից զգացի, որ գրանցման գործը և Երևանում ապրելու ձգտումը անհուսալի է, գրեթե` անհնարին: Աշխատեցի բախտս փորձել Երևանի քաղաքամերձ կոլխոզներում, սակայն այնտեղ էլ` ամենուր ինձ մերժեցին: Մնում էր դարձյալ գնալ ծննդավայրս, այնտեղ բնակվել: Երբ ներկայացա Սպիտակի շրջանային գործադիր կոմիտեի նախագահ Թորոսյանին ու պատմեցի իմ ով լինելը և այստեղ գալուս նպատակը, նրա դեմքին ոչ մի զգացում չնշմարվեց: Նա անտարբեր ու սառը պատասխանեց.
— Առայժմ տեղ չունենք, ազատ բնակարան չունենք, դիմում տվեք` դնենք հերթի: Երբ հերթը հասնի, կստանաս:
Ես, իհարկե, գիտեի, որ իմ հերթը դժվար էլ թե հասներ: Սակայն, այնուամենայնիվ, դիմում տվեցի ու մնացի սպասող:
Հուսահատ, երբ տեսա, որ բնակարանի հարցը չի լուծվում, ներքնահարկում վարձեցի մի խոնավ սենյակ, որը ոչ նորմալ լուսավորություն ուներ, ոչ էլ տախտակե հատակ: Երկար ժամանակ վարորդի աշխատանք փնտրեցի տարբեր հիմնարկներում, բայց ոչինչ չստացվեց: Հետո միայն իմացա, որ մեքենա ձեռք բերելու համար պիտի փող խաղացնեի: Իսկ ես գումար չունեի: Ուստի հրաժարվեցի վարորդի աշխատանք գտնելու մտքից և ընդունվեցի շինվերանորոգման տրեստ` որպես ներկարար:
Աշխատանքային պայմաններից դժգոհ չէի, ընկերներս հասկացան ինձ, շրջապատեցին հոգատարությամբ, աշխատավարձս էլ բավական էր` ընտանիք պահելու համար: Ամենամեծ դժվարությունը, որ ծառանում էր իմ առաջ, բնակարանի հարցն էր. չէ՞ որ մի միջոց պետք է գտնեի` ընտանիքս խոնավ նկուղից դուրս բերելու համար:
***
Մի անգամ` աշխատանքի պահին, մեզ մոտ եկավ շրջկոմի քարտուղար Մխիթարյանը, որը, հավանելով մեր բրիգադի աշխատանքը, իր մոտ է կանչում բրիգադիր Վաչիկ Ադամյանին ու ասում.
— Շատ գոհ եմ քո բրիգադի աշխատանքներից: Այսօր ձեր պատվին քեֆ եմ կազմակերպելու: Երեկոյան կհավաքվեք և ինչ խնդիր ունեք` կկատարեմ:
Բրիգադիրն ասում է.
— Մենք գրեթե ոչ մի խնդիր չունենք, ընկեր Մխիթարյան, միայն մեր տղաներից մեկը, ա՛յ, նա, որ աշխատում է վերևում,- ձեռքը իմ կողմն է մեկնում Վաչիկը,- վատ պայմանների մեջ է գտնվում, բնակարան չունի, խնդրում ենք նրան ապահովեք բնակարանով:
Նրանց շուրջբոլորը հավաքված բանվորները չորս կողմից վրա են տալիս.
— Ճի՛շտ է, ճի՛շտ է, Ժոռան արժանի է, օգնեք նրան:
— Կանչեք, թող գա ներքև,- ասում է Մխիթարյանը:
Ես բանից անտեղյակ իջա ներքև ու բարևեցի: Առանց որևէ խոսք ասելու` նա ինձ նստեցրեց իր մեքենան և ուղևորվեց գործկոմ:
— Դու երբևէ դիմե՞լ ես գործկոմի նախագահին` բնակարանի հարցով,- շուռ գալով իմ կողմը` դիմեց քարտուղարը:
Ես պատմեցի, թե քանի՜-քանի անգամ եմ դիմել նրան (և իսկապես, առաջին դեպքից հետո էլ մի անգամ դիմել էի) ու միշտ մերժվել:
— Իսկ ինչո՞ւ ոչ մի անգամ ինձ չես դիմել,- զայրացավ նա:
Շփոթահար` չգիտեի ինչ պատասխանեի: Միգուցե, կարծում էի, թե նրանից է՞լ նույն պատասխանը պիտի ստանայի… Սակայն լռեցի, միայն թոթվեցի ուսերս:
Շրջկոմի քարտուղարի` Մխիթարյանի հետ գնացի գործադիր կոմիտե: Մտնելով նախագահի աշխատասենյակ, Մխիթարյանը դիմեց գործկոմի նախագահին` Թորոսյանին.
— Անմիջապես Շահբազյանին ապահովեք բնակարանով:
Թորոսյանը սկսեց առարկել, թե ազատ բնակարան չունի: Այդ պահին, ի զարմանս մեզ` քարտուղարը միանգամից բորբոքվեց, ձեռքն ուժգին խփեց սեղանին ու գոռաց.
— Հենց հիմա՛, նրան պե՛տք է ապահովեք բնակարանով…
Գործկոմի նախագահը տեղի տվեց ու կմկմալով ասաց.
— Քաղաքում բնակարան չկա, բայց ծայրամասում մի բան կգտնեմ, այն էլ` 5-րդ հարկում:
— Այ այդպես, շատ լավ է,- ասաց Մխիթարյանը և շրջվելով իմ կողմը, շարունակեց,- Շահբազյան, այսօր ևեթ կտեղափոխվեք այնտեղ:
Վերադարձանք աշխատավայր: Մխիթարյանն իջնելով մեքենայից, վարորդին կարգադրեց.
— Շահբազյանին կտանես Թորոսյանի ասած բնակարանը… Տեսեք ինչ վիճակում է այն: Հետո կգաս իմ ետևից: Հասկացա՞ք:
Քիչ անց հասանք քաղաքի ծայրամաս: Բարձրացանք 5-րդ հարկ: Երկու սենյականոց բնակարան էր: Չնայած վերանորոգման կարիք ուներ ու կոմունալ հարմարություններ չկային, բայց որոշեցի այդ թերությունների մասին քարտուղարին չհայտնել. պակաս-պռատ գործերը ինքս կանեի: Իսկ քարտուղարի այն հարցին, թե տունը հավանեցի՞, պատասխանեցի, որ ավելի լավն էր, քան սպասում էի: Ուրախ-ուրախ գնացի տուն, որ րոպե առաջ Օֆիկին հայտնեի անսպասելի նորությունը: Հենց նույն օրն էլ մենք տեղափոխվեցինք նոր բնակարան: Ու այդ օրվանից վերջացավ իմ թափառումների շրջանը:
(շարունակությունը հաջորդ էջում)
Պիտակներ՝ #հուշեր