Դարձյալ հանցագործ աշխարհում
1973-ի մայիսի 11-ն էր, գարնանային մի գեղեցիկ օր… Բայց ինձ տրված չէր այն վալելել… Նետված էի ԿՊԶ-ի խուլ ու խավար բետոնյա զնդանը` մենակ ու անպաշտպան, խեղճ ու անճարակ: Հեղձուցիչ օդը չէր բավականացնում, չէի կարող շնչել, դողացող սիրտս ուզում էր պոկվել տեղից ու թռչել, փախչել վանդակից, սակայն իզուր… իր տերն էլ է վանդակի մեջ: Հետզհետե աչքերս վարժվեցին խավարին. պատի տակ փայտից մահճակալն էր, կողքին փոքրիկ սեղանիկ…
Աստված իմ, ինչո՞վ եմ տարվել, ինչի՞ս է պետք, թե ինչ կա-չկա այս դժոխքում: Միևնույն է, օդը չի բավականացնում, ես խեղդվում եմ, տանջվում, գազազում` ինքս ինձ վրա, աշխարհի վրա: Նզովում եմ ինքս ինձ ու աշխարհին, որն այդքան նեղ է ու տեղ չկա ինձ համար…
…Աստված իմ, ինչո՞ւ ես ստեղծել ինձ: Ինչո՞ւ, ինչո՞վ եմ վաստակել քո նզովքն ու բարկությունը, որ այդչափ իմ գլխին ես թափում: Մի՞թե ես քո զավակներից մեկը չեմ: Ախ, հա՜, որբ եմ, ո՛րբ, ո՛րբ` նույնիսկ ամենակարող, ամենաարդար, ամենա-ամենա Աստծո համար:
Մարդիկ սպանում են, երկիր կործանում, ուրիշների արյունն են ծծում, երկրի հարստությունն են քամում, վայելում աշխարհի բարիքները, մարդկային բոլոր վայելքները: Իրենց տխմար էությամբ գիտուն ձևանալով, երկերեսությամբ, կեղծավորությամբ, ստախոսությամբ, որդի պես սողալով, օձի պես սրան-նրան խայթելով, ճանճի պես տզզալով, ապրում են, շնչում, ընտանիք պահում, հարստություն դիզում… Ու մնում են անպատիժ, շարունակում են վայելել անարդար ճանապարհով ձեռք բերած իրենց արյունոտ վաստակը: Իսկ ե՞ս, Աստված իմ…
Պառկել եմ մեջքիս վրա ու անթարթ հայացքս հառել առաստաղին: Էլեկտրական լամպի աղոտ լույսը բետոնյա պատի վրա իմ երևակայությամբ պատկերներ է նկարում: Ահա և տեսնում եմ իմ հինգ երեխաներին: Նրանք մագլցում են պատն ի վեր, հետո կռվում են, ապա բարիշում: Աչքերս չեմ կարող թարթել, չեմ ուզում, որ երեխաներիս տեսիլքն անհետանա: Երբեմն զոռով եմ փակում աչքերս, բայց միևնույն է, նրանց սպիտակ ստվերները չեն անհետանում` կամ ժպտում են անհուն խավարի մեջ կամ` քաղցից արտասվում: Թվում է, ուր որ է մի դիվական քրքիջ արձակելով, խելագարված, կսկսեմ պատերը ճանկռել, երկաթյա դուռը կրծել: Սակայն ինչո՞ւ, ինչո՞ւ է ուշանում… ինչո՞ւ չեմ խելագարվում, ինչո՞ւ գլուխս պատերին չեմ տալիս, չեմ ջախջախում, որ էլ չտեսնեմ անմեղ երեխաներիս սովալլուկ դեմքերը:
Այդպես, խցիկում, մեն-մենակ` 5 օր ու գիշեր: Չգիտեի` երբ է լուսանում ու երբ մթնում, ոչ քնում էի, ոչ սնվում: Հինգերորդ օրն ինձ տարան Կիրովականի կենտրոնական բանտ: Այնտեղ գտա ինձ նմաններին ու մեր վշտերը միաձուլվեցին: Համակերպվեցի, կամաց-կամաց այս պայմաններին էլ համակերպվեցի: Երազ էր թվում իմ այստեղ ընկնելը, երազ էր դրսում ապրելը, երազ եմ և ես և, ընդհանրապես, երազ է կյանքը, մի հավիտենական երազ, որից սթափվել ոչ մի կերպ չեմ կարողանում: Այդ օրվանից սկսեցի ապրել այդ հավիտենական երազի մեջ, այլևս չբողոքելով Աստծուց, չբողոքելով կյանքից, չբողոքելով ճակատագրից…
Եվս մեկ դատավարություն
Ինձ հետ բանտում նստածներից շատերը լավատեսորեն էին տրամադրված և կարծում էին, թե կպրծնեն իրենց հոդվածներով նախատեսված մինիմում պատժաչափերով: Նրանք մտածում էին, թե սովետական դատարանն ամենաարդարն է ու երբեք հենց այնպես մարդուն չի կործանի: Սակայն, արդարադատության առումով, ես արդեն դառը փորձ ունեի…
1973 թվականի օգոստոսին Կիրովականի դատարանում սկսվեց իմ դատավարությունը: Ինչ խոսք` ես շատ լավ էլ հասկանում էի, որ անաշայի գործը դատապարտելի հանցանք է: Բայց ընտանիքիս հոգսը, կարիքների ծովը, սովամահության տանող «արահետն» այնպես էր կոկորդս սեղմել, որ ստեղծված «հարմար պահից» չէի կարող չօգտվել: Մտածում էի, որ դատարանին անկեղծորեն կպատմեմ եղելությունը: Նրանք կհասկանան, որ ես նախկինում երբեք այդ գործով չեմ զբաղվել, կհասկանան, որ դիմել եմ այդ քայլին` կարիքից դրդված, ու կտան մինիմում պատժաչափ, այսինքն` 2-3 տարի: Ազատվելու հույս, բնականաբար, չունեի:
Սկսվեց դատավարությունը: Դատարանում շատ մարդ չկար: Այնպես որ, որքան էլ «հանդիսականների» մեջ փորձեցի գտնել հարազատներիս` այդպես էլ չտեսա: Չնայած ինչ-որ տեղ ուրախացա, քանի որ, եթե Օֆիկը գար, ապա ստիպված երեխաներիս էլ հետը պիտի բերեր: Իսկ ես չէի ուզում, որ նրանք իրենց հորը տեսնեն խեղճացած վիճակում: Թեպետ նրանց բացակայությունից սիրտս կտոր-կտոր էր լինում: Այսպիսի հույզերով ու մտածմունքներով էի տարված, երբ դատավորը հարցրեց.
— Ամբաստանյալ Շահբազյան, համաձա՞յն եք, որ դատավարությունը սկսենք առանց վկաների:
— Դատեք,- անկախ ինձանից դուրս թռավ բերանիցս:
Եվ դատեցին…
Սկզբում ինձ խոսք տվեցին: Մանրամասնորեն պատմեցի անաշան ձեռք բերելու բոլոր մանրամասները, ինձ հետ պատահած դժբախտությունները, ընտանիքիս անմխիթար վիճակը, թե ինչ դառը ճանապարհով է անցել իմ կյանքը: Տարօրինակ էր… ինձ չէին ընդհատում և այնպիսի զգացողություն ունեի, կարծես Մեծ դատաստանի օրն է…
Դատապաշտպան չունեի այն պարզ պատճառով, որ դա վճարովի ծառայություն էր: Իսկ մեղադրողը մեկ ժամից ավելի նկարագրում ու բացատրում էր, թե ինչ է անաշան ու ինչ հետևանքներ է թողնում մարդու առողջության վրա, թե ինչպիսի մեծ վնասներ է հասցնում սովետական հասարակարգին: Ելույթից հետո, ի վերջո, դատարանից պահանջեց 5 տարի ազատազրկում` որպես «միամիտ մարդկանց թունավորողի», այն էլ` խիստ ռեժիմի աշխատանքային ճամբարում (որպեսզի ինձ նմաններին մեկուսացնեն սոցիալիզմ կառուցող ազնիվ ու արդար հասարակարգից):
— Լավ է, հաստատ, դատավորն իմ պատմությունն ավելի ուշադիր լսեց և մի 2 տարի կպակասեցնի, ու 3 տարով կպրծնեմ… ջհանդամ ու գյոռ,- մտածեցի ես:
Դատավորն ու ատենակալները գնացին խորհրդակցության: Չնայած մի կես ժամից վերադարձան, սակայն այդ կես ժամն ինձ համար մի ամբողջ հավիտենականություն թվաց: Դատավորի կարդացած դատավճռի ներածական մասը չէի կարողանում ըմբռնել, բայց անհանգիստ սպասում էի, թե, վերջը, ինչքան են տալու…
…Աստված իմ… կարծես քնած էի, երբ երազիս մեջ մի հեռավոր անկյունից լսեցի. «ԽՍՀՄ քրեական օրենսգրքի 229 հոդվածի 1-ին մասի մաքսիմում պատժաչափը. վեց տարի ազատազրկում, խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային ճամբարում…»:
…Անզգայացած ինձ դուրս բերեցին դատարանի դահլիճից:
Աշխատանքային լագերներում
Ինձ 6 տարի ազատազրկելով, սովետական արդարադատությունը «լվաց ձեռքերն» ու գործը փակված համարեց: Իսկ մի՞թե ես էի անաշա ստեղծողը, մի՞թե ես էի իրացման ցանց կազմակերպողը: Ես ընդամենը հանցագործության ծառի մի փոքրիկ տերևն էի` նոր ծլած ու շուտ թոռոմած: Իսկ ծառի համար միևնույնն էր` այն առանց ինձ էլ անարգել կաճեր ու կզարգանար: Ինչո՞ւ իրավապահ մարմինները չփորձեցին իմ միջոցով դուրս գալ այդ ծառի արմատների վրա, այլ սահմանափակվեցին միայն մի տերև պոկելով: Մանավանդ, ես նրանց ասել էի, որ կարող եմ հեշտությամբ գտնել ուզբեկ Գայդարին ու քանդել ողջ կծիկը: Սակայն վայ-արդարադատությունը թողնելով իսկական հանցագործներին, բռնեց մի մարդու, ով ամբողջ կյանքում որբ ու մուրացիկ է ապրել…
Կիրովականից տեղափոխեցին Արթիկի գաղութ, ավելի ճիշտ, իրավաբանական լեզվով ասած` ուղղիչ աշխատանքային հիմնարկություն: «Աշխատանքային հիմնարկություն» ասելը որոշ չափով արտահայտում է տվյալ գաղութի առանձնահատկությունները, որովհետև այնտեղ, եթե հիվանդ չես, ուրեմն պարտավոր ես աշխատել և կատարել քո առջև դրված արտադրական նորման: Իսկ ինչ վերաբերում է «ուղղիչ» բառին, ապա դա միայն բառ է: Այստեղ ընկնողը ոչ միայն չի ուղղվում, այլև` ինչքան էլ ազնիվ ու միամիտ լինի, միևնույն է, նրա ուղեղում կծնվեն հանցագործ մտքեր, նա կձուլվի ու կմերվի հանցագործ աշխարհի հետ և ժամանակի ընթացքում կդառնա այդ միջավայրի արժանի «անհատը»:
Աշխատում էի Արթիկի քարհանքում: Քար կտրելն ինձ համար անսովոր գործ էր: Այդ աշխատանքը պահանջում էր ֆիզիկական կոփվածություն և ուժ, առողջ մկաններ, իսկ իմ առողջական վիճակը թույլ չէր տալիս: Եթե ավելացնենք նաև վատ սնունդը, ապա պետք է ասեմ, որ ես կամաց-կամաց քայքայվում էի: Ստիպված ինձ տեղափոխեցին Երևանի կենտրոնական բանտի հիվանդանոց: Բժիշկների «լուրջ» հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ «առողջ» եմ և լիովին պատրաստ` գաղութ վերադառնալուն (հետո իմացա, որ «բուժվելու» համար այնտեղ էլ կաշառքի սահմանված չափ կար): Ինձ «բուժեցին» ու ետ ուղարկեցին: Այնքան հյուծված ու դեղնած տեսք ունեի, որ հատուկ հանձնաժողովը, հավանաբար, խղճի խայթ զգալով, ինձ տեղափոխեց Ղափանի աշխատանքային ճամբար:
***
Արթիկի հետ համեմատած, Ղափանում եղանակը մեղմ է: Բացի այդ` գաղութում աշխատանքները քիչ ծանրաբեռնվածության են և հիմնականում պարապ ենք: Սկզբում պարապությունը դուր չէր գալիս, բայց հետզհետե ընտելացանք և արդեն օրերն անցնում են գրեթե աննկատ: Հենց այս օրերին էլ իմ ընկերոջ` Արտավազդ Հովհաննիսյանի հետ գրում եմ սույն օրագիրը: Ինձ հետ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում: Ես բառերով դա չեմ կարող բացատրել…
Օֆիկի հետ կանոնավոր նամակագրական կապ ունեինք: Յուրաքանչյուր նամակից հետո, որում վիշտ ու կսկիծն անպակաս էին, ես է՛լ ավելի էի ինքնամփոփ դառնում, երբեմն մռնչում էի վանդակ ընկած գազանի պես, երբեմն էլ քաշվում խցի մութ անկյունն ու ժամերով լռում:
***
Օֆիկը տեսակցության եկավ: Երեխաներին հետն էր բերել: Մեկը մյուսի հետևից, իրար հերթ չտալով, «պապա, պապա» գոռալով, դեպի ինձ էին վազում: Հսկիչն ամեն ինչ անում էր, որ արգելեր, սակայն տեսնելով, որ հնարավոր չէ երեխաներին ետ պահել, թափ տվեց ձեռքն ու մի կողմ քաշվեց: Երեխաներս, ա՜խ երեխաներս…
…Ասում եմ, չէ՞, երբեմն մոտս խենթ ու խելակորույս ցանկություններ են առաջանում, մեջս մի մթագնություն է գլուխ հանում, որի իմաստը դեռ չեմ հասկանում…Ես չեմ կարող գրել, թե դա ինչ զգացում է…
***
Օֆիկը գրել էր, թե ուզում են գալ տեսակցության: Պատասխանեցի, որ ավելի լավ է չգան: Ի՜նչ իմաստ ունի` անմեղ ու անպիղծ երեխաներս նորից շփվեն այս կեղտ աշխարհի հետ: Հետո ինչ, որ ես եմ այստեղ:
Անտրամադիր նստած էի, մեկ էլ ռադիոն հայտարարեց. «Շահբազյան Ժոռա, անցիր տեսակցության»:
Ես, ինչպես ամպրոպ, տեղում ժայթքեցի… Ի՞նչ է նշանակում, ինչո՞ւ են եկել, չէ՞ որ ասել էի, որ չգան: Չէի ուզում գնալ: Մի քանի անգամ ռադիոն կրկնեց, բայց ես անդրդվելի էի: Սակայն օպերատիվ աշխատակիցները զոռով տարան: Եկել էին Օֆիկն ու քույրը: Աշխենիկիս էլ էին բերել: Սկզբում դժկամորեն էի խոսում, բայց հետո, երբ աղջկաս գիրկս առա` ջղայնությունս միանգամից անցավ:
***
Որոշ ժամանակ անց նորից անձնական տեսակցություն… Այս անգամ Օֆիկը բոլոր հինգ երեխաներիս էլ բերել էր: Նրանց հետ էր նաև ընկերս, իմ միակ, իմ լավ, ազնիվ ընկերս` Աշոտ Եղիազարյանը: Ես գոհ ու շնորհակալ եմ նրանից, որ նեղ պահերին ընտանիքիս կողքին է: Երեխաներիս ուրախացնելու համար, իմ սուղ միջոցներով 5 հատ 60 կոպեկանոց շոկոլադներ էի առել: Մի «սուտկա» մոտս մնացին: Այն ինձ համար ավելին արժեր, երանության մեջ էի ու չէի ուզում, որ այդ օրն ավարտվեր: Չնայած սենյակում մի մահճակալ կար, բայց համով զավակներիս տեղավորեցինք, իսկ ես ու Օֆիկը ողջ գիշեր աչք չփակեցինք` խոսելու շատ բան ունեինք:
Քանի դեռ չէին եկել տեսակցության, այրվում էի նրանց տեսնելու կարոտով, իսկ հիմա, չգիտես ինչու, տրամադրությունս ընկած է, թախիծն է պատել հոգիս, ողջ էությամբ տնքում եմ, տնքում ու տառապում…
…Երևի չկարողացա հագեցնել ընտանիքիս կարոտը, երևի այդպես էլ չհասցնեմ…
Այստեղ Ժոռա Շահբազյանի օրագիրն ընդհատվում է: Հավանաբար, անբուժելի հիվանդության պատճառով նա չի կարողացել ավարտին հասցնել իր տառապալից ու դժվարին կյանքի մասին գրառումները:
Ժոռա Շահբազյանի կյանքի օրագիրը «Շրջապատի» խմբագրությանն է ներկայացրել նրա աներորդու դուստրը` Մարիամ Ադամյանը:
(տպագրվել է 2007 թվականի «Շրջապատի» համարներում)
Պիտակներ՝ #հուշեր