Հարցազրույց «Գյումրի բժշկական կենտրոնի» սրտաբանական բաժանմունքի վարիչ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:
— Բժիշկ, սիրտ—անոթային հիվանդություններն ամբողջ աշխարհում հիվանդությունների մեջ առաջնային դիրք են զբաղեցնում, մեզ մոտ է՞լ է այդպես:
— Այո, այդպես է, ինչպես և այդ հիվանդությունից մահացածության ցուցանիշն է առաջին տեղում՝ ամբողջ աշխարհում: Եվ սա կապ չունի սոցիալական վիճակից, երկրի զարգացածության աստիճանից, ուղղակի, ընդհանուր առմամբ, սիրտանոթային հիվանդություններն առաջնային դիրքերը չեն զիջում:
— Պատճառը ո՞րն է:
— Կան փոփոխվող և չփոփոխվող գործոններ: Չփոփոխվող գործոններն են՝ սեռը, տարիքը և ժառանգականությունը: Իսկ փոփոխվող գործոնները կախված են մարդու անհատական հատկանիշներից՝ արյան մեջ ճարպային նյութերի փոխանակում, խոլեստերինի բարձր պարունակություն, գլյուկոզայի քանակություն կամ շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, հիպոդինամիան: Հիմա նոր փոփոխվող գործոն էլ է նշվում, որն Հայաստանին ավելի բնորոշ է, առավել ևս մեր քաղաքին՝ դա լարված, նյարդա-հոգեբանական վիճակն է, խրոնիկական սթրեսները, որոնք պատճառ են դառնում սիրտ-անոթային հիվանդությունների աճի ու տարածվածության:
Սիրտ-անոթային հիվանդությունների երկու խումբ կա, որ ամենապրոբլեմատիկներն են. բարձր զարկերակային ճնշում և սրտի անոթների հետ կապված, որը կոչվում է սրտի իշեմիկ հիվանդություն, որի ժամանակ սիրտը սնուցող զարկերակը խոլեստերինի փոխանակության խանգարման հետևանքով սկսում է աստիճանաբար նեղանալ և սրտամկանը համապատասխան թթվածնի քանակություն չի ստանում: Այս երկու հիվանդություններն են, որ այսօր ավելի ակտուալ են ու գնալով ավելի ու ավելի են աճում:
— Ասացիք տարիքը կապ ունի, սակայն ավելի հաճախ նաև երիտասարդների մոտ է սիրտ—անոթային հիվանդություն ի հայտ գալիս:
— Բնականաբար, կապ ունի, որքան տարիքային խումբը բարձրանում է, այնքան կենսաբանորեն անոթների փոփոխություն է տեղի ունենում, անոթների առաձգականությունը թուլանում է, ընկնում է դիմադրողականությունը, ինչը հանգեցնում է ճնշման, և սիրտը սնուցող սրտամկանի անոթների նեղացումը բերում է սրտային անբավարարության: Իսկ երիտասարդացում, այո, կա նման բան, որի պատճառ կարող է հանդիսանալ նշածս փոփոխական գործոնները:
— Բժիշկ, կարծես հայտնի էր, որ որոշակի տարիքային խմբի բնորոշ է զարկերակային ճնշման որոշակի աստիճանային սահման: Սա փոխվե՞լ է, թե դեռ նույն ցուցիչներով ենք առաջնորդվում:
— Մի ժամանակ, այո, կար նման ցուցիչ, իսկ հիմա ընդունված է, որ տարիքային տարբերությունը կապ չունի մարդու նորմալ զարկերակային ճնշման հետ. ընդունելի է, և նորմայի մեջ է 120/80-130/80: Իսկ առաջ, տարեցների համար նորմալ էինք ընդունում 160/90 աստիճանը: Չնայած այս ամենին, պետք է ասեմ, որ այդուամենայնիվ, յուրաքանչյուր մարդու մոտ կարող է լինել ինդիվիդուալ զարկերակային ճնշման նորմա՝ կապված օրգանիզմի ծանրաբեռնվածություններից ու կենսակերպից:
— Ճնշման ուղղումն ի՞նչ է, որքանով է այն անհրաժեշտ:
— Դա ռիսկի գործոնների ուղղում է, որպեսզի քրոնիկական իշեմիկ և հիպերտոնիկ հիանդությունների սրացում չլինի, որ հիվանդը դեղորայքային համադրումով պահպանի ստաբիլ վիճակ, եթե ախտորոշված է այս հիվանդությունները, ապա բուժում վերջնական չկա, սա ապրելակերպի որակի բարձրացման նպատակով է արվում:
— Սննդակարգ ու որակ, բնակլիմայական փոփոխություն, արտաքին այլ ազդակներ. որքանո՞վ ենք կախված այս գործոններից:
— Եվ սնունդը, և բնակլիմայական պայմանները շատ մեծ նշանակություն ունեն: Ճիշտ սննդակարգով է պայմանավորվում և հիպերտոնիա հիվանդության զարգացումը, և սրտի իշեմիկ հիվանդությունը: Երկուսի դեպքում էլ կարևոր է օրգանիզմում խոլեստերինի չափավոր պարունակությունն ու փոխանակությունը, եթե մշտապես յուղոտ կամ արհեստական ճարպային նյութեր են օգտագործվում, դրանք առաջացնում են անոթների կարծրացում, որը նպաստում է երկու հիվանդությունների առաջացմանը: Հիպերտոնիկների համար նաև մեծ նշանակություն ունի աղի սահմանափակումը, մանավանդ կանանց մոտ:
Իսկ բնակլիմայական պայմանների առումով՝ տարվա շոգ եղանակների դեպքում մարդը, եթե քիչ ջուր է օգտագործում, իսկ քրտնարտադրությամբ մարմնի ջրի պաշարը գոլորշիանում է, կարող է արյան խտացման գնալ, և արյան մակարդելիության վրա ազդել, ինչը կբերի թրոմբների առաջացման՝ իր բոլոր հետևանքներով:
— Դիմելիությունն ինչպիսի՞ն է:
— Բարձր է, սակայն… Երկու գործոն անփոփոխ են. մեկ դեպքում՝ ուշ դիմելու բնավորությունն է, մյուս դեպքում՝ ֆինանսականը: Ամեն դեպքում՝ անտարբերների թիվն ավելի մեծ է, քան առողջությանն ուշադրություն դարձնողներինը:
— Բժիշկ, մեկ այլ հանգամանք էլ կա, նույնիսկ հումորային դարձվածք է դարձել. ասում են՝ երբ բժշկի դիմեցի, պարզվեց ավելի շատ հիվանդություններ ունեմ, քան ինքնազգացողությունս էր:
— Կատակը՝ կատակ, բայց, եթե հիվանդություն չունես, ապա բժիշկն այն չի արձանագրի: Այնպես որ, լավագույն դեպքում նախօրոք, հիվանդության սկզբնական շրջանում դիմելն է, որովհետև բարդացած շրջանում այն բուժելն ավելի բարդ կլինի և, իհարկե, ֆինանսական ծախսն էլ կմեծանա:
— Իսկ ի՞նչ կարծիքի եք, արդյո՞ք պետությունն առավել մեծ ուշադրություն չպետք է դարձնի ազգաբնակչության առողջությանը, մանավանդ, մեր նման երկրում, որտեղ դեմոգրաֆիկ խնդիր ունենք:
— Ասեմ, որ նոր կառավարությունը գնում է պոլիկլինիկական ծառայությունների հզորացման, որպեսզի հիվանդը գտնվի պոլիկլինիկայի հսկողության տակ: Դա ճիշտ է, և պետք է պոլիկլինիկայի հնարավորությունները մեծացնել…
— … Մինչդեռ, այս հաստատություններն ասես մնացել էին նախորդ դարում:
— Դա պետության հնարավորությունից է կախված. պետք է բյուջե ունենա, որ կարողանա ֆինանսավորել, որ պոլիկլինիկան էլ կարողանա հիվանդին համապատասխան ծառայություն ապահովել: Այս դեպքում, անվճարը կամ մասնակի վճարումը դրական կազդի հիվանդի հաճախելիության վրա:
— Սիրտ—անոթային հիվանդությունների համար համացանցում, կայքերում բազմաթիվ տնային բուժումներ ու բուսաբուժության դեղատոմսեր են հրապարակվում: Դրանք առողջացման հետ աղերսներ ունե՞ն:
— Ես տնային բուժումների մեթոդների կողմնակիցը չեմ: Միգուցե նոր սկսվող հիվանդության դեպքում ինչ-որ բուսական հավելումներ օգտակար լինեն, սակայն, երբ հիվանդությունն արդեն զարգացել է, ավանդական բժշկությունը դժվար թե կանխարգելի, բուժի:
Զրուցեց՝ Ս.ՄԵԽԱԿՅԱՆԸ
Պիտակներ՝ #առողջապահություն