Հարցազրույց Գյումրու զբաղվածության տարածքային Կենտրոնի նախկին տնօրեն, այժմ «Ադամյան և ընկերներ» ձեռնարկության տնօրեն ԱՄԱԼՅԱ ԱԴԱՄՅԱՆԻ հետ:
— Տիկին Ադամյան, տարիներ շարունակ, Շիրակի մարզի լրատվականներիս եթե աշխատատեղերի, գործազրկության և նման այլ հարցեր էին հետաքրքրում, մենք առաջինը Ձեզ էինք դիմում՝ տեղեկություններ իմանալու համար: Ներկայում Զբաղվածության տարածքային կենտրոնի շենքը շինարարության տակ է և, ընդհանրապես, կառույցն որպես այդպիսին՝ գործո՞ւմ է:
— Այս տարվա ապրիլի 1-ից մարզային բոլոր Զբաղվածության ծառայությունները լուծարվեցին, կառուցվածքային փոփոխությունների ենթարկվեցին, դրա փոխարեն ստեղծվեց միասնական սոցիալական ծառայությունների համակարգ և Զբաղվածության ծառայությունը՝ որպես այդպիսին, որոշակի, ավելի փոքր կառուցվածքով մտավ այդ համակարգի կազմ:
— Բազմաթիվ հարցազրույցների, մասնավոր զրույցների ընթացքում շատ ենք խոսել մարդկանց՝ աշխատատեղ փնտրելու դժվարությունների, ինչպես նաև մասնագիտական որակավորումներ ստանալու, անգամ նոր մասնագիտություն ձեռք բերելու մասին: Դուք, որ մոտ 30 տարվա աշխատանքային փորձ ունեք, մասնագիտացել էիք զբաղվածությանը վերաբերող հարցերում, օգնում էիք, որպեսզի համապատասխան մասնագետը աշխատանք գտնի: Հիմա արդյո՞ք մեկ պատուհանի սկզբունքի պարագայում մարդիկ դժվարությունների առաջ չեն կանգնի:
— Ես նոր համակարգի մասին որևէ որակավորում ինձ թույլ չեմ տա, բայց այն, որ Հայաստանում զբաղվածության, գործազրկության լուրջ խնդիր է և, քանի որ աշխատաշուկայի կարգավորումը տնտեսության շարժիչ ուժն է, կարծում եմ, որ ճիշտ չէր այս ծառայությունը մասշտաբային փոքրացնելը: Մենք ավելի մեծ ծավալի աշխատակազմով փորձում էինք խնդիրները հազիվ կարգավորել, իսկ հիմա, ծավալները նույնն են, բայց աշխատակազմն է փոքրացել, և այլն: Լինելով 30 տարվա ոլորտի պատասխանատու, շատ լավ պատկերացնելով գործընթացները, աշխատաշուկան, հատկապես Շիրակի մարզի խնդիրները զբաղվածության ոլորտում, դա դարձավ այն շարժիչ ուժը, որ ես հանձն առա այս տարածաշրջանում մասնավոր՝ կադրային, աշխատանքի տեղավորման խնդիրներով զբաղվող կենտրոն ստեղծել: Եվ այս կադրային կենտրոնի ստեղծելու նպատակն այն է, որպեսզի մեր ունեցած բազմակի փորձը օգտագործենք ի շահ մեր տարածաշրջանի աշխատաշուկայի կարգավորման:
— «Ադամյան և ընկերներ» ձեռնարկությունը սկսել է գործել սեպտեմբերի 1-ից: «Ադամյանը» բնականաբար, Ձեր ազգանունն է, իսկ «ընկերները» ովքե՞ր են. ներդնողնե՞ր, բաժնետերե՞ր…
— Ոչ, «Ադամյան և ընկերներ»-ը անհատ ձեռնարկություն է, բաժնետերեր չունի, իսկ ընկերները դա իմ այն գործընկերներն են, որոնց հետ ես երկար ճանապարհ եմ անցել, տարիների փորձով հմտացած մասնագետներ են, որոնք այսօր աշխատանքից դուրս մնացին: Մեծ խոսքեր չասեմ, բայց հույս ունեմ, որ այս տարածաշրջանում մենք կկարողանանք զբաղվածության ոլորտում լուրջ ներդրում ունենալ ու լուրջ արդյունքներ գրանցել: Միայն այն, որ նորաստեղծ ձեռնարկություն ենք, և բազմաթիվ գործատուներ արդեն իսկ մեզ հետ ակտիվ կապի մեջ են, ուրախացնում է՝ մեզ վստահում են, լուրջ հայտեր են ներկայացնում՝ հույս ունենալով, որ մենք կկարողանանք օգտակար լինել՝ լրացնելու իրենց կադրային բացը:
— Տիկին Ադամյան, Զբաղվածության տարածքային կենտրոնը պետական լուրջ ծրագրեր էր իրականացնում: Ինչպե՞ս եք տեսնում մասնավոր ձեռնարկության աշխատանքային ընթացքը, քանի որ, հավանաբար, պետական ծրագրերով չեք աշխատելու, փորձելու եք միջազգային դրամաշնորհներո՞վ աշխատել:
— Ինչ խոսք, մենք դա հաշվի առել ենք… Իհարկե, պետական ծրագրերը շատ կարևոր գործոն էին, դրանց հնարավորությունները, գործատուներին և աշխատանք փնտրողներին աջակցող ծրագրերը ծանրակշիռ էին, բայց Ձեզ հավաստիացնեմ, որ մենք հիմնելով նման կենտրոն, հաշվի առել ենք այդ ամենը, ամեն ինչ անելու ենք, որպեսզի ստեղծենք հնարավորություններ: Իհարկե, լինելով մասնավոր ընկերություն, մենք վճարովի ծառայություններ ենք մատուցելու, բացի այդ, կլինեն, ասենք, պետական կառույցներից պատվիրակումներ, գործարարներից պատվիրակումներ, որովհետև մարդիկ գիտենալով մեզ, մեր աշխատանքային փորձը, շահագրգռված կլինեն այս ռեսուրսը ևս օգտագործել՝ զբաղվածության ոլորտի բեռը թեթևացնելու համար: Փորձելու ենք օգնել մարդկանց, ովքեր, իրոք, աշխատանք են փնտրում, և ոչ թե պետական նպաստային համակարգում ուղղակի գրանցում ունենալու: Իսկ գործատուի համար կարևոր է, որպեսզի իրենց մոտ ուղղորդվեն մարդիկ, ովքեր մոտիվացված են աշխատանք գտնելու համար:
— Ըստ Ձեզ, ի՞նչ ոլորտի մասնագետներն են աշխատանք փնտրում, և ի՞նչ ոլորտի գործատուներն են աշխատակից փնտրում:
— Գործ միշտ էլ կա, և միշտ էլ աշխատանք փնտրողը գործ գտնում է: Անգամ այն ժամանակ, երբ պետական ծառայող էի, ես միշտ ասել եմ՝ այն մարդիկ, ովքեր փնտրում են՝ գտնում են: Գործի տեղեր շատ կան, բայց այսօր անհրաժեշտ մասնագետներն են պակասում, այսպես ասեմ, մասնագետներ կան, բայց այն մասնագիտական որակավորումը չունեն, որպեսզի բավարարեն գործատուի պահանջները: Դրա համար շատ ենք կարևորում մասնագետների վերապատրաստումները, որովհետև այսօր գործատուները պատրաստ են ներդրում անել՝ մասնագետ ստանալու համար: Իսկ ինչ մնում է, թե ովքեր են աշխատանք փնտրողները, ապա ասեմ՝ իրավաբան, տնտեսագետ, մանկավարժ, հիմնականում մարդիկ, ովքեր ունեն մասնագիտական կրթություն, բայց իրենց տեղը չեն գտնում: Սպասարկման ոլորտից դիմողները դեռ քիչ են, սակայն մեր մոտ արդեն պահանջարկը շատ է: Այս պահին արդեն ունենք մի քանիսը, որոնք փորձաշրջան են անցնում գործատուների մոտ: Սա մեզ համար արդեն ուրախալի արդյունք է, որ կարողանում ենք մարդկանց աջակցել՝ աշխատանք գտնելու համար: