Գյումրու քաղաքապետի նորանշանակ տեղակալ Հայկ Սուլթանյանն ասուլիս էր հրավիրել, որի նպատակն էր հանրությանը տեղեկացնել, թե ապօրինի շինությունների, անպարտաճանաչ սեփականատերերի, անբարեխիղճ կառուցապատողների հարցերով զբաղվող քաղաքապետարանի պատասխանատու բաժինն ինչ աշխատանքներ է իրականացրել, ինչքան իրավախախտումներ է արձանագրել և այլն:
Հայկ Սուլթանյանը, մասնավորապես, ասաց. «Համայնքի ղեկավարի որոշմամբ՝ ինձ վերապահվել է համակարգելու համայնքային անշարժ գույքի կառավարման, գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման, կրթության, ֆիզկուլտուրայի և սպորտի, իրավաբանական և տրանսպորտի բաժինների աշխատանքները, ինչպես նաև սոցիալական աջակցության Գյումրի-1 և Գյումրի-2, և Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժանմունքների աշխատանքները: Աշխատանքային մեկ ու կես ամսվա ընթացքում ես տեսա, որ քաղաքացիները՝ ոչ բավարար իրազեկվածության հետևանքով, սկսում են շինարարություն՝ չգիտենալով օրենքի պահանջները, կատարում են իրավախախտումներ, որոնք առաջացնում են հետևանքներ: Դրա համար մեր քաղաքացիներին կուզենամ բացատրել, թե ինչ է ինքնակամ շինությունը… Շինարարությունը կամ շինությունն համարվում է ինքնակամ կամ ապօրինի, եթե այն կառուցվում է օրենքով և իրավական ակտերով սահմանված նպատակներին չհամապատասխանող հողատարածքներում, կամ կառուցվում է առանց թույլտվության, կամ կառուցվում է թույլտվությամբ, բայց սահմանված պայմանների, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտմամբ»
Այնուհետև Հ.Սուլթանյանը ներկայացրեց, թե որն է կոչվում շինթույլտվություն, որ դեպքերում են քաղաքացիները ենթարկվում պատասխանատվության, և ինչպիսի վարչական տուգանքներ են նախատեսված. «Ի՞նչ տուգանքներ են նախատեսվում «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքով. եթե շինարարությունն իրականացվել է սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա առանց շինթույլտվության, կամ բազմաբնակարան շենքերի ներսում կամ շենքերին կից ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի (մեկ հազարի) 200-ապատիկի չափով: Եթե քաղաքացին հողօգտագործման իրավունք չունի, և ինքնակամ շինարարություն է իրականացրել պետությանը կամ համայնքների սեփականության իրավունքով պատկանող տարածքներում, ապա տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի 400-ապատիկի չափով: Եթե քաղաքացին շարունակում է ինքնակամ շինաշխատանքները, տուգանվում է աշխատավարձի 2500-ապատիկի չափով»:
Պատասխանատուն նաև նշեց, որ քաղաքապետարանի աշխատակազմը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել շինարարություն իրականացնող բոլոր անձանց, որպեսզի շինարարությունն իրականացվի օրենքով, իրավական ակտերով սահմանված կարգով: Ասաց՝ կան դեպքեր, որ քաղաքացին տեղյակ չի եղել, բայց եղել են դեպքեր, որ դիտավորյալ են կատարել իրավախախտումներ: Համայքնապետարանի համապատասխան բաժնի աշախատակիցները հայտնաբերելով իրավախախտմամբ իրականացվող ինքնակամ կամ ապօրինի շինությունները, արձանագրում են, և համապատասխան վարույթ սկսում:
Քաղաքապետարանի իրավաբանական բաժնի աշխատակից Աննա Մանուկյանը ներկայացրեց, թե քանի ապօրինի շինություններ են արձանագրվել. «Օրինակ, Գյումրու Հալաբյան փողոց, Թբիլիսյան խճուղի, Աբովյան, Մանուշյան փողոցներում, Շահումյան 125/6, Ավետիսյան 19 շենք, Գարեգին Նժդեհ 20 շենք և այլ հասցեներում… Գյումրու համայնքապետարանում 36 վարչական վարույթ է ընդունվել, որից 25-ի դեպքում տույժ-տուգանքի են ենթարկվել ինքնակամ, ապօրինի կառույցի սեփականատերերը: Երկու գործի վարույթ կարճվել է, մյուսները վարույթի փուլում են»:
Լրագրողներից մեկն ասաց, որ Գյումրիում կարծես ձևավորված պրակտիկա է. մարդը գիտակցաբար շինարարություն է իրականացնում, հետո քաղաքապետարանը «պատահաբար» հայտնաբերում է, տուգանում է, բայց ամեն ինչ մնում է իր տեղում… Հ.Սուլթանյանը բացատրեց, որ կան գործեր, որոնց հանդեպ բոլոր տուգանքներն իրականացնելուց հետո դիմել են դատարան: Օրինակ բերեց Աբովյան փողոցի 133/2 և 133/7 հասցեներում գործող «Անի» ռեստորանը (Քաղաքապետարանը հայցադիմով դիմել է դատարան, որպեսզի պարտավորեցնեն շահագործողին՝ դադարեցնել գործողությունները և վերացնել հետևանքները: Քանի որ դատական գործընթացներն երկար են տևում և, որպեսզի կարողանան քայլեր ձեռնարկել, միջնորդություն են ներկայացրել դատարան՝ արգելել սեփականատիրոջը: Դատարանը միջնորդությունը մերժել է):
Փոխքաղաքապետը ներկայացրեց, որ այդ ռեստորանի բարձր երաժշտությունը խանգարում է ճեմողներին, կից գործում է Տիկնիկային թատրոնն ու Երիտասարդական պալատը: Լրագրողներից մեկն էլ նկատեց. «Թող սկզբից ևեթ թույլտվություն չտայիք»: Ապա լրագրողները մեկ առ մեկ նշեցին այն բացթողումները, որոնք քաղաքապետարանի գիտությամբ են. Ռիժկովի ճեմափողոցի երկու կողմերում բացօթյա սրճարանների կողմից մայթերի «զավթումը», արդյո՞ք այն իրավախախտումներով չէ:
Մյուս օրինակը վերաբերում էր՝ Բորյան փողոցի 2/3 հասցեի բնակելի մասով («Դվին» հանդիսությունների սրահ) առտրի և սպասարկման երկհարկանի օբյեկտին: Տարածքը պատկանում է Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի նախկին պետ Հովհաննես Գրքիկյանի ազգականներ` Անահիտ Գրքիկյանին ու Արմեն Մովսիսյանին: Վերջիններս դատի են տվել Գյումրու քաղաքապետարանին՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացնելով նյութական վնասի փոխհատուցման պահանջով հայց, քանի որ քաղաքապետարանի առաջացրած խոչընդոտների հետևանքով իրենք 3 տարի 8 ամիս չշահագործելու պատճառով, իրենց հաշվարկներով, կրել են 54 մլն դրամի չափով վնաս:
Հայկ Սուլթանյանը նեղված ասաց. «Այստեղ ավելի շուտ բարոյական խնդիր կա. մենք բազմաթիվ կազմակերպությունների, կառույցների հետ ենք աշխատում, որպեսզի մեր քաղաքում տարբեր ծրագրեր իրականացնենք… Նույն չափի գումար մարաթոնի շնորհիվ հավաքվեց և մենք 2 մանկապարտեզ նորոգեցինք: Մեր բիզնեսմենների, գործարարների նման պահանջները շատ վատ արձագանք է ունենում սփյուռքում, և բարեգործական կազմակերպությունների մոտ, իսկ մեր գործարարները նման հայցով են դիմում դատարաններ: Խնդրում և հորդորում եմ մեր գործարարներին` միտումնավոր որևիցե փաստեր չօգտագործել համայնքի դեմ և նման հայցադիմումներով հանդես չգալ»:
Լրագրողների շատ հարցերին՝ ինչո՞ւ են քաղաքում, հատկապես կենտրոնական հատվածներում, թույլատրում բազմատեսք ու բազմաձև տաղավարների, առևտրի կրպակների տեղադրումը, ինչո՞ւ շատ տարածքներում ինքնակամ կառուցապատումներ են իրականացվում, իսկ համայնքը դեմը չի առնում և այլն, Հայկ Սուլթանյանը պատասխանեց, որ ինքը պատասխանատու է այն աշխատանքների համար, որոնք իր պաշտոնավարման ընթացքում են գրանցվել, բայց քաղաքապետարանն իր իրավասությունների սահմանում բոլոր քայլերն անում է: Նաև հորդորեց, խնդրեց` ինքնակամ, ապօրինի շինություններ նկատելիս` անպայման ահազանգել: