ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջընթաց կամ ջիգյարով առաջ` դեպի ջեբի ընտրություն

ՀՀԿ-ի «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը, թերևս, ակներևորեն աղերս ունի «Առաջ, Հայաստանի» հետ: Առաջ, առաջընթաց բառերը կարծես ճշգրտորեն, ուղղակի դիպուկահարի կրակոցի պես, պատճենում են կոմունիստական ժամանակների բոլշևիկյան կոչերը, նույնիսկ կարելի էր «առաջ» բառարմատով մի ամբողջ բառարանագիտական գրքույկ լույս ընծայել հաջորդ սերունդների համար: Գտնված բառը կարծես ոչնչով չի զիջում հանրապետականների անհնարամտորեն գտնված ոգուն ու տեսլականին: Երևի դա է պատճառը, որ երբ հերթական ԱԺ ընտրություններից առաջ զրուցում էի մի երիտասարդի հետ, նա անկեղծացավ ու, ի զարմանս ինձ, խոստովանեց, թե այս անգամ ինքն ընտրելու է կոմունիստներին: Երիտասարդն իր ընտրության հարցում սեփական հիմնավորումն ուներ. «Որին ըսես ձենս չտվեցի էս տարիներին, բայց տեսա, օր հեչ մեկի հետ էլ հույս կապել չի էղնի: Էս կոմունիստները գոնե տարիքով մարդիկ են, սուտ խոսալ չեն սիրե, էրթամ ըդոնց ընտրեմ, թե չէ` ջեբդ փարա դնելով, ապագայիդ հետ հույսեր կապել չի էղնի»: Ես իմիջիայլոց նրան տեղեկացրի, որ արդեն իսկ սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել, ու դրանք կոմունիստների համար կանխատեսում են մեկ տոկոսից էլ փոքր ընտրաձայներ, մի՞թե, այդուհանդերձ, նրանց հետ է կապելու հույսերը: Նա ընդամենը ուսերը թոթվեց, կարծես դա նրան բոլորից քիչ հուզող թեման էր: Չգիտեմ, թե այդ երիտասարդն այնուհետ հետևե՞ց քարոզարշավին լծվածների, պարկեշտ ներկայացողների հորովելային ու, միևնույն ժամանակ, պերճաշուք հռետորաբանությանը և իմացա՞վ, որ իր նախընտրած կոմունիստները ևս մյուս կուսակցությունների տված առասպելական խոստումների ակադեմիական համապատկերում իրենց գուներանգը բերեցին, ետ չմնացին մյուսներից, հավաստիացնելով, թե իշխանության գալուն պես, ներդրումների տեսքով մի աստղաբաշխական գումար են ներկրելու դրսից: Հետաքրքիր է, չէ՞: Երևի, մտածեցին, թե իրենք ինչո՞վ են վատը հանրապետականներից: Կարծեցին, որ եթե նրանց կարելի է բստրել այն, ինչ լեզուներին կգա, ապա ինչո՞ւ իրենք էլ չփորձեն նույնն անել:

Իսկապես, ես, այնքան էլ մեծ տարբերություն չեմ տեսնում այս երկու կուսակցությունների միջև: Միայն այն, որ երկուսն էլ տարբեր ժամանակներում միահեծան իշխանության խորհրդանիշն են հանդիսացել կամ հանդիսանում, կարծում եմ, որ համանմանության վատ օրինակ չէ: Ու երկուսին էլ` և՛ կոմունիստներին, և՛ հանրապետականներին միանգամայն սազական է բոլշևիկ մականունը: Ինչորէ, հանրապետականն էլ սազը ձեռին մեյդան ելավ ու խոստումներ շռայլեց Նիագարայի ջրվեժի բարձունքից: Միայն թե` այս դեպքում, եթե ջրվեժի մասին կարելի է ասել, թե այն միանգամայն տեսանելի երևույթ է, ապա, ինչպես բազմիցս հնարավորություն ենք ունեցել համոզվելու մեր բազմաչարչար տառապանքի փորձով, տրված խոստումների չափողականությունն այլ ֆանտաստիկ աշխարհից են: Երբ աթոռին բազմելն հավասարազոր է իրենց բարեգործությունների լիկվիդացիոն շրջանին:

ՀՀԿ-ի ոճը նույնն էր ու, ինչպես և սպասվում էր, ռեինկարնացիան, ինչպես ավետում էր համանուն հայկական ռոկ խմբի գովազդային հոլովակը, որտեղ թմբկահարում էր նորընծա վարչապետը, Հանրապետականը վերստին պահպանեց իշխանությունը: Էլ ի՞նչ էր պահանջվում թեորեմի ապացուցման համար

Ընտրությունները, ահավասիկ, անցան տեխնիկական և բովանդակային նորամուծությունների պայմաններում, ռեյտինգային կարգը գլխեց անգամ կասկածամիտներին: Իսկ մատնահետք կարդացող սարքն ուղղակի «նոու հաու» էր, արտերկրից ուղարկված նվեր, որ պետք է նպաստեր ընտրությունների արդարությանն ու թափանցիկությանը: Սարքն այդ այնպիսի հրաշք էր, որ թերացավ ճանաչել ոչ միայն Հայաստանի առաջին, այլև` վերջին նախագահի մատնահետքերը, այնպես, որ առաջինը զայրացավ այսպիսի անկաշառ սարքի բթացումից, թե կողմնակալությունից և կես-կատակ կամ կես-լուրջ չզլացավ հետաքրքրասեր ունկնդիրներին հայտարարել, թե իրեն մատուցված այսպիսի ֆոկուսից հետո, մնում է միայն տուն գնալ:

Հանրապետականների մարտական ոգին վերստին անպարտելի էր: Ի հավելումն սրա, հանրապետության «գլխավոր» սոցիոլոգը ընտրակաշառքն աջակցություն որակելով, միաժամանակ նշեց, թե ՀՀԿ-ի օգտին տրված բոլոր քվեները չէ, որ կարելի է միանշանակ գնված համարել, ասել կուզեր, թե ընտրությունների արդյունքի վրա չէր կարող ազդած չլինել «սրտաբուխ» քվեարկածների թիվը: Երևի նկատի ուներ ուժային համակարգերի և վարչական ապարատի` երախտիքի մղումով շնորհ արած ձայները: Լավ, ասենք թե կարելի է վերապահումով համաձայնել սոցիոլոգի «աջակցություն նեղյալներին» անվանված տեսությանը, բայց մի նրբերանգը տվյալ դեպքում հո բացառել անկարելի է: Զորօրինակ` ո՞վ կանտեսի այս վաղուց նախադեպային դարձած իրավիճակում այն, թե ինչո՞ւ այդ աջակիցների բարեգթության ակցիաները` իրենց բոնուսներով հանդերձ, հենց ընտրարշավի ընթացքում են ծայր առնում, իսկ երբ նույն այդ բարեգթության սպասավորները բազմում են երանելի բազկաթոռներին, իսպառ մոռանում են խորհրդարանում առաքյալներ լինելու իրենք իրենց իսկ վերագրած կարգավիճակի մասին: Բայց կանխատեսված մուլտիպլիկատիվ էֆեկտն անկասելի էր, քանի որ «անհատույց վարկառուների» պակաս չկար: ՀՀԿ իշխանությունից դժգոհողներն ու հոգնածները ևս, վստահ եմ, նրա օգտին քվեարկեցին: Իսկ գուցե ընդդիմությո՞ւնն է հոգնած: Դա ևս բացառել չի կարելի: Դե, ընտրողներ են, էլի, մտածեցին, թե ով գիտի հայտնի ու անհայտ դիմակների տակ ովքեր են թաքնված, հանկարծ սատանայի մատը խառը չլինի և հեշտ ու հանգիստ որոշեցին, որ ճշմարիտը դարձյալ գործող իշխանություններին հանձնվելն է: Ի՞նչ արած, թող այս անգամ էլ վերահասության սատանան խնդա: Այնպես չէ, թե «էստի համեցեք» կանչեք էս պահիս, վռազ հասնող եմ: Չէ, վռազողների գինն էժան է, հասանելիքը`բոմժի ստատուսով: Իսկ զազրախոսել այդ իշխանությունների հասցեին իրենք՝ բոմ… (քիչ էր մնում գրեի` քաղաքացի բոմժերը, լավ է, կոռեկտությունս կանխեց) միշտ էլ թաղային խոսք ու զրույցում կհասցնեն` դրա համար լիքը ժամանակ կլինի. վրեքով կանցնեն, փչան կանվանեն, իրենք էլ իրենց ընտրած թեկնածուների պես, ռեյտինգային վարկ ձեռք կբերեն: Բայց սոսկ` իրենց սեփական թաղում: Մայլի հոգեբանություն է` ինչ արած:

Իսկ սկուտեղով մատուցված Իսահակյանի դիմապատկերով թղթադրամները, որ ստացան ընտրողների մեծ մասը, արդյո՞ք մեկ կամ երկու օրից ավել գոհացման երջանկություն կպարգևի, թողնում եմ նրանց իսկ «հեռանկատ» հաշվարկների «լուսանցքում»: Սա, համենայն դեպս, կույր ձևացող Պանիկովսկու գործելաոճը չէր: Նա գոնե այնքան խելամտություն ու պատկերացում ուներ, որ քաղաքացի Կորեյկոյից պահանջում էր ոչ ավել, ոչ պակաս` միլիոն, իր դեպքում` Լենինի դիմանկարով, քանզի հստակ գիտեր, որ նույնիսկ միլիոնը նրա` ետհեղափոխական Պովոլժիեի սովյալների բերանից պատառ հացը խլելու դիմաց, անմեղսունակությունը հավաստելու կամ ամրապնդելու գինը չէր:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ