ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առափիի գազաֆիկացման խնդիրը մնում է օդից կախված

Շիրակի մարզի Առափի համայնքի բնակիչները ձմեռն անցկացնելու նպատակով ամբողջ տարին ստիպված են լինում վառելիք հայթայթել՝ փայտ կամ գոմաղբ: Գյումրուն հարակից այս համայնքում երբեք բնական գազ չի եղել, և գազաֆիկացնելու ծրագիր չի էլ մշակվել: Գյուղացիների խոսքով, հարևան համայնքներից կապույտ վառելիքը տեղ հասցնելը չափազանց ծախսատար է, ինչի հնարավորությունն իրենք չունեն։ Ամեն ձմռան նախաշեմին խնդիրն ավելի է սրվում: Այսօր էլ առափցիներն էլի խոսում են, բարձրաձայնում՝ հուսալով որևէ լուծում:

Գյուղացիներից շատերը, որոնք միջոցներ չունեն փայտ գնելու, մինչ օրս շարունակում են գոմաղբով ջեռուցել իրենց բնակարանները։ Վերջերս էլ ապօրինի փայտահատումների պատճառով փայտահատությունն արգելվել է, ինչի հետևանքով վառելափայտի գինը թանկացել է: Արդյունքում՝ վառելափայտ հայթայթելու խնդիր է առաջացել։

«Մեկ խորանարդ մետր վառելափայտը 30.000 դրամ է դարձել, գյուղացին ինչո՞վ, ինչպե՞ս ձեռք բերի։ Մեր մարզը հյուսիսային է, տարվա յոթ ամիսը գյուղացին պիտի տունը ջեռուցե: Գազ որ չկա, փայտ գնելու հնարավորություն չկա, գյուղացին ի՞նչ անի: Գոնե քարածուխի հարց լուծվի»,- ասում է Առափիի բնակիչ Մյասնիկը։

Վերջինս գյուղում ամենաշատն է զբաղվել խնդրի բարձրաձայնմամբ. ուր ասես, ում ասես դիմել է. «Տո ում ըսես դիմել եմ, է՛լ Փաշինյանի նամակներն ընդունող աշխատակազմին, է՛լ Նաիրա Զոհրաբյանին։ Ինքը կսե՝ ես մարդու իրավունքների պաշտպանն եմ, էդ հարցով չեմ զբաղվի։ Դիմեցի Վարդան Ղուկասյանին, ձենը չելավ։ Տեսա՝ բան դուս չեկավ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության Վահե Էնֆիաջյանին գրեցի, պատասխանեց, թե ընձի փաստաթուղթ է պետք, թե ով է պահանջողը գազի հարցով։ 23 հոգու ստորագրություն վերցրի գյուղացիներից, ուղարկեցի իրան, պատասխանն եկավ, որ իրենք միջոցներ չունին, որ հատկացնեն, գյուղում գազաֆիկացում անցկացնեն»։

Վերջերս էլ գյուղում տեղի ունեցած «Ղափամայի փառատոնի» ժամանակ, գյուղացիները դիմել են «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանին: Վերջինս խոստացել է զբաղվել, բայց գյուղացիները մինչ օրս արձագանքի են սպասում։

Համայնքի ղեկավար Ալբերտ Այվազյանի խոսքով՝ գյուղի միջոցներով խնդիրը միանշանակ լուծել հնարավոր չէ. «Գյուղի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ գազ անցկացնելը ծախսատար է։ Լուրջ գումարների հետ է կապված, լուրջ ներդրումներ են անհրաժեշտ։ Մարզպետարանն էլ է խնդրին քաջատեղյակ, կառավարությունն էլ, պատգամավորներին էլ ենք դիմել տարիներ շարունակ, բայց ինչպես տեսնում եք, մինչ օրս անորոշ է»։

Նշենք, որ գյուղում գազաֆիկացման խնդրից բացի, տարիներ շարունակ առկա է ևս մեկ լուրջ խնդիր. այն սողանքային գոտում է գտնվում։ Երկու տարի առաջ դրամաշնորհային համաձայնագիր կնքվեց, ըստ որի՝ Ճապոնիայի կառավարության կողմից Շիրակի մարզի ակտիվ սողանքային գոտում գտնվող Առափի համայնքին տրամադրվում է դրամաշնորհ՝ գյուղում ջրահեռացման համակարգ կառուցելու նպատակով: Համակարգը թույլ կտա հեռացնել գրունտային ջրերը՝ չեզոքացնելով սողանքի առաջացման վտանգը:

Գյուղացիներն ակնկալում են, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղը քաղաքին հարակից է, որ Հայաստանում իրավիճակներ են փոխվել, գոնե Առափիի գազաֆիկացման հարցը ուշադրությունից դուրս չի մնա։

ՇՈՒՇԱՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ
ՇՊՀ, Լրագրության բաժին, 4-րդ կուրս