ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ասաց. «դիլխո՞ր եք»…  Չէ՛, դիլխոր չենք… Հիասթափված ենք ձեզնից էլ, ձեր կառավարությունից էլ

Նախ ուզում եմ երախտագիտությունս հայտնել Կարեն Գոմցյանին, Աննա Թադևոսյանին, Գուրգեն Ղարիբյանին, Գուրգեն Մինասյանին և բոլոր բարի կամեցողներին, ովքեր ինձ հավատացին, վստահեցին ու թիկունք կանգնեցին: Ճիշտ է, եղան մարդիկ, ովքեր ասացին, թե մտածածս լոկ ռոմանտիկա է, խորհուրդ տվեցին շատ հույսեր չկապել, իզուր ջանքերի կորուստ է:

Ընթերցողին հավանաբար տարօրինակ թվա այսպիսի սկիզբը, բայց…

Եթե հիշում եք, հուլիսին «Ճանապարհ դեպի Հնդկաստան» հոդվածաշարում ներկայացրեցի իմ ճանապարհորդությունը Հնդկաստան: Պատմեցի, թե ինչու գնացի, ինչպիսի ծանոթություններ ձեռք բերեցի, ում հետ հանդիպեցի, ինչեր պայմանավորվեցի և ինչ էի ուզում արդյունքում ստանալ: Նաև, եթե հիշում եք, 2016-ին, երբ մասնակցում էի Գյումրու ՏԻՄ ընտրություններին, իմ նախընտրական  ծրագրում հիմնական շեշտը դրել էի Գյումրիում զբոսաշրջության զարգացմանը: Ուրեմն, իմի բերելով, ասեմ, որ 5-օրյա ճամփորդությունս վերածելով լոկ աշխատանքային շրջայցի, Հնդկաստանից վերադարձա մի քանի ծրագրերով՝ զբոսաշրջային, տնտեսական, մշակութային, սպորտային…  Ամեն մի ծրագրի ուղղությամբ սկսեցի թե՛ Գյումրիում, թե՛ մայրաքաղաքում դիմել պատկան մարմիններին, որոնց պետք է որ հետաքրքրեր:

Վարչապետ

Նախ՝ նամակ գրեցի վարչապետի ֆեյսբուքյան էջին, գրեցի նրա աշխատանքային խմբին (իրենք էին կապ հասատատել ինձ հետ): Իսկ երբ վարչապետը շրջայցի էր եկել Գյումրի, անձամբ մոտեցա նրան: Ասացի, որ գործնական խոսակցություն ունեմ: Կանչեց իր օգնականին, որպեսզի վերջինս լսի ինձ: Նա էլ ուղղորդեց մամուլի խոսնակի կողմը: Վերջինս էլ «ոտաց վրա» լսելով ասածս, հորդորեց դիմել ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտե: Հաջորդ անգամ (մոտ մեկ ամիս անց), երբ վարչապետը դարձյալ Գյումրիում էր, նրան անձամբ նամակ հանձնեցի: Խոստացավ ծանոթանալ ու պատասխանել… Ու մինչ հիմա պատասխանում է…

Շատերը ասացին, թե ինչո՞ւ էի միանգամից դիմում կառավարության ղեկավարին, երևի խելամիտ կլիներ, որ մինչև ամենավերևներն հասնելը, ներքևներից սկսեի: Չսկսեցի ներքևներից, քանի որ ներքևի բյուրոկրատների հետ չարժե հույսեր կապել (բազմիցս եմ համոզվել): Դիմեցի Կարեն Կարապետյանին, որովհետև ուզում էի միանգամից բոլոր ծրագրերս ներկայացնել, հետո նա կորոշեր՝ որն արժեր, որը՝ ոչ: Դիմեցի նրան, որովհետև նա էր «դրայվով», «կրեատիվ մտածողությամբ» հանդես գալիս: Դիմեցի նրան, որովհետև դեռ տարեսկզբին Գյումրիում անդրադառնալով այն փաստին, որ գյումրեցիները շատ խոստումներ են լսել, բայց աշխատանք չեն տեսել, կառավարության ղեկավարը ասել էր. «Ես չեմ կարող, որպես երաշխիք բարաթ տալ: Այ, երբ որ չենք անի, էդ ժամանակ ինչ ուզում եք՝ գրեք… Ժպտացե՛ք, դիլխոր մի եղե՛ք», ու  խորհուրդ տվեց. «Ծրագիր գրեք, ծրագիր ներկայացրեք»:

Հիմա ուզում եմ հարց տալ վարչապետին. «Է, հա՛, ծրագիր ներկայացրեցինք, հետո՞…»: Պարոն վարչապետ, ժպտում եմ, դիլխոր էլ չեմ, ուղղակի հիասթափված եմ…

Մշակույթի նախարար

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին հանդիպելու համար ինձանից ևս մեծ ջանքեր պահանջվեցին: Նրան ուզում էի ներկայացնել մշակութային-զբոսաշրջային ծրագիրը, որը ենթադրում էր Հնդկաստանի բոլիվուդյան աստղերի խմբային այցը Հայաստան (աստղերն անձամբ ինձ իրենց հմաձայնությունը տվել էին՝ հրավերի դեպքում, առանց որևէ հոնորարի, այցելել Հայաստան): Նպատակս՝ նրանց միջոցով սոցիալական հարթակներում Հայաստանը ներկայացնելը, փիառելն էր: PR տեխնոլոգիաները տարբեր կերպ են լինում, և ես համոզված եմ, որ դա ևս կաշխատեր, ինչը միայն իմ համոզմունքը չէր, այլ ինձ հետ համամիտ եղան շատերը:

Մշակույթի նախարարին հանդիպելու համար դիմեցի Շիրակի մարզի նախկին մարզպետին՝ պարոն Ցոլակյանին, ով կարողացավ կազմակերպել այդ հանդիպումը, ինչի համար նրան ևս պետք է շնորհակալություն հայտնեմ: Նախարարին իմ ծրագրերը ներկայացնելով, նրանից դրական արձագանքի արժանացա, մանավանդ, Հնդկաստանից վերադառնալուց հետո մի քանի հնդիկ ռեժիսորներ էին կապ հաստատել ինձ հետ, և ուզում էին Հայաստանում ֆիլմ նկարահանել, իսկ մեր պետությունն էլ փորձում էր միջազգային համագործակցություններ ձեռք բերելով, զարգացնել կինոարտադրությունը: Այնպես որ, թիրախը տեղին էր: Նախարարը սկզբում մի 10 օր ժամանակ խնդրեց: 10 օրն անցավ, լուր չկար: Դարձյալ հանդիպեցի, երբ մշակութային միջոցառման շրջանակում եկել էր Գյումրի: Այս անգամ ասաց, որ մի առ ժամանակ սպասեմ: Ասես թևաթափ եղա, բայց լինելով նպատակասլաց, չէի դադարում հուսալ՝ մտածելով, որ ամեն ինչ միանգամից չի լինում:

Այլ մանրամասների չանդրադառնալով, ասեմ՝ պարոն Ամիրյանն ինձանից մանրամասն նկարագրված ծրագիր ուզեց: Չզլացա, մոտ մեկ ամիս զբաղվեցի ծրագիր կազմելով. այն է՝ զանգել, Երևան գնալ-գալ, բանակցել զբոսաշրջային կազմակերպությունների հետ, հյուրանոցների, ռեստորանների, ավիաընկերությունների, զբոսաշրջային կենտրոնների, թանգարանների հետ: Ծրագիրս պատրաստ էր: Բայց նախարարը դարձյալ չէր պատասխանում հեռախոսազանգերիս:

Էլի մանրամասներ բաց թողնեմ. անցած ամիս նկարիչ Վալմարի գրքի շնորհանդեսի ժամանակ առանձնազրույց ունեցանք: Ինչ-որ մարդիկ նրան սխալ տեղեկություններ էին փոխանցել, թե իբր ես ոչ մի ծրագիր չունեմ, այլ ուղղակի մեծ ցանկություն կա՝ բոլիվուդյան դերասաններին Հայաստան բերելու: Բայց նախարարն իմ հակադարձ պատասխանից համոզվեց, որ ես օդից չեմ խոսում, որ աստղերի հետ ծանոթությունս ձնագնդի մեծանալու էֆեկտի պես՝ շարունակվում է: Դարձյալ հորդորեց ծրագիրս ուղարկել, որը վաղուց պատրաստ էր: Նոյեմբերի 2-ին ուղարկել եմ… Մինչ օրս լռություն է…

Ազգային կինոկենտրոն

Կինոարտադրության ուղղությամբ, քանի որ մինչ Մշակույթի նախարարի հետ հանդիպելը, ժամանակ էր անցել, երկու հնդիկ ռեժիսորներ դադարեցրին հույսեր կապել Հայաստանի հետ: Իսկ մեկի համար դարձյալ ժամանակ ու ջանք չխնայեցի, գնացի Հայաստանի Ազգային կինոկենտրոն, ներկայացրեցի, շատ ոգևորվեցին, կապ հաստատեցի նրանց միջև, մնացածն արդեն նրանց ու «տեխնիկայի» գործ էր… բայց կրկին լռություն…

Սպորտային

Սպորտային ծրագրերի իրականացման համար, որն իր մեջ ներառում էր ըմբշամարտի Ասիական ասոցիացիայի փոխնախագահի, Հնդկաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի հրավերը Հայաստան: Իմ կողմից Գյումրին ներկայացնելուց հետո, նա ներդրումային հեռահար ցանկություն էր հայտնել: Ասեմ նաև, որ պատրաստ էր իր կողմից ֆինանսավորել մեր և հնդիկ ըմբշամարտիկների փոխադարձ այցերը Հնդկաստան և Հայաստան, քանի որ մեծ ցանկություն ուներ, որ հնդիկ ըմշբշամարտիկները ուսումնամարզական հավաք անցկացնեին հայ ըմբշամարտիկների հետ (հատկապես օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ): Դիմեցի է՛լ Օլիմպիական կոմիտե, է՛լ ոլորտի համապատասխան մարդկանց, գրեցի փոխնախարար Վաչե Գաբրիելյանին, լուր ուղարկեցի Գագիկ Ծառուկյանին… Լռություն…

ՀՀ Զբոսաշրջային պետական կոմիտե

Եղա նաև ՀՀ Զբոսաշրջային պետական կոմիտեում: Ծրագրերս ներկայացրեցի, պատմեցի ամեն ինչ: Անչափ ոգևորվեցին: Կոմիտեի պետի տեղակալ Մեխակ Ապրեսյանն առաջարկեց աստղերի հետ նախնական պայմանավորվել՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստան այցելելու վերաբերյալ: Աստղերը համաձայնություն տվեցին՝ իրենց նկարահանումային օրերի ժամանակացույցը տեղաշարժելով, որպեսզի կարողանան մեր երկիր այցելել: Բայց, չանցած մեկ շաբաթ, Ապրեսյանը տեղեկացրեց, թե բյուջեում ֆինանսներ չեն գտնում, բայց ես կապը տաք պահեմ, որովհետև նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի այս գաղափարը կյանքի կոչվի: Ոչինչ էլ չեղավ: Իսկ աստղերից անձամբ ներողություն խնդրեցի՝ մեր երկրի բյուրոկրատական քաշքշուկների պատճառով նրանց այցը Հայաստան «հետաձգելու» համար: Փառք Աստծո, նրանք չնեղվեցին ու կապն իմ հետ չկտրեցին առ այսօր:

Կոմիտեի հետ մի երկու անգամ դարձյալ կապվեցի, իսկ վերջին խոսակցության ժամանակ Ապրեսյանն ասաց, որ տարվա կտրվածքով բյուջեն են ուսումնասիրելու և անպայման ֆինանսական միջոց կգտնեն, որ իրականացնենք իմ ծրագիրը…

Վերջերս  տեղակացա, որ ՀՀ Զբոսաշրջային պետական կոմիտեն հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ ու նրան առաջարկել… իմ ծրագրերից: Մինչ այդ ես արդեն մտավախություն ունենալով, որ հնարավոր է, ամենուրեք ծրագրերիցս այսքան խոսելով, գաղափարի «թալան» լինել, իմ ֆեյսբուքյան էջում կիսվել էի այդ մասին, և շատ շուտով համոզվեցի, որ մտավախությունս տեղին էր…

ԱԺ բարեկամական խմբերի հանձնաժողով

ԱԺ նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի միջնորդությամբ (շնորհակալություն նրան ևս), ինձ ընդունեց ԱԺ բարեկամական խմբերի հանձնաժողովի ղեկավարը: Նրան պատմեցի ողջ եղելությունը: Նա ևս շատ ոգևորվեց, սկսեց մտածել, թե ինչպես կարելի է իրականացման ճանապարհներ գտնել: Խոստացավ առաջին իսկ առիթի դեպքում տեղյակ պահել անգամ հանրապետության նախագահին:

Շիրակի մարզպետ

Իսկ ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանը, ապա այստեղ պետք է շնորհակալություն ասեմ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին, ով շատ արագ արձագանքեց, ինչ-որ բան նախատեսեցինք Հնդկաստանի Հարյանա նահանգի և Շիրակի մարզի միջև հարաբերություն ստեղծելու համար: Դա արդեն վերադառնալուցս երկու ամիս անց էր: Այս առումով չակերտներ դեռ չեմ կարող բացել, կարող է լինել, կարող է՝ ոչ, բայց ինչ-որ բան արել ենք, որ ստացվի, հետո չասենք՝ չարեցինք, չստացվեց…

Հ.Գ. Չմոռանամ ասել. այս բոլոր ծրագրերից ես, կոպիտ ասած, «քյար» չունեի ու չէի էլ ակնկալում: Միակ «քյարս» կլիներ այն, որ Գյումրին շահեկան դուրս գար:

ՍՅՈՒԶԻ ՄԵԽԱԿՅԱՆ

«Շրջապատ» շաբաթաթերթի տնօրեն