ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Աստված մեզանից երես է թեքել»

Ծանոթներիցս մեկը խնդրեց անդրադառնալ Գյումրու Մանուշյան փողոցի 230/267 տնակում  բնակվող ընտանիքին: Հենց նույն օրն այցելեցի տվյալ հասցե: Տնակի մոտ փիսիկների ընտանիք էր խմբված, որոնց հոգատարությամբ փաղաքշում էր մի տիկին, թաշկինակով անընդհատ սրբելով արցունքները: Պարզվեց, տիկինը տնակի բնակիչն է` Ալվարդ Կիրակոսյանը: Ներս հրավիրեց: Չնայած վագոն-տնակը վաղուց իր դարն ապրել էր, սակայն մաքուր ու կոկիկ ներսը հուշում էր, որ տանտիկինը մաքրասեր ու հոգատար է: Տնակում ապրում են 4 հոգով. տիկին Ալվարդը, 28-ամյա դուստրն՝ իր 3-ամյա որդու հետ, և տան միակ տղամարդը, ով ներկա պահին ծառայում է բանակում:

Հարցեր, բնավ, պետք չէր տալ, տիկինն այնքան էր լցված, որ անկախ իրենից, չգիտես բողոքն առ Աստված էր, թե՞ ի լուր աշխարհի, կիսվեց հոգում կուտակվածով: «Այսօր աղջկաս ծնունդն է… Առավոտ արթնացավ, ասաց. «Մա, ափսոս մենակ կմնաս, ու էրեխես էս վիճակին է, թե չէ կկախվեի…»: Ա՜խ, եթե իմանայի, որ կյանքն այսպես մեզանից երես կթեքեր, ես երեք երեխա չէի ունենա»:

Տիկնոջ հայրական տունը եղել է Գայի փողոցում: Տիկին Ալվարդն ու ամուսինը՝ երկու երեխաներով, բնակվել են հայրական տան մոտ գտնվող տնակային ավանում: 1994-ին, ծնողների մահից հետո, տունը վաճառել են և բոլոր ժառանգները ստացել են իրենց հասանելիք բաժինը: 1997-ին, երբ ծնվել էր երրորդ երեխան, տիկին Ալվարդի ամուսինը զոհվել է ավտովթարում: Տնակային փոքր ավանի հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած անձը՝ նախկին զինկոմ Հմայակ Մաթևոսյանը՝ տեսնելով սևազգեստ երիտասարդ կնոջ անհուսալի վիճակը, խղճից դրդված՝ օգնել է: «Էսօրվա պես հիշում եմ, 20 հատ հարյուր դոլարանոց հաշվեց, դրեց սեղանին, ասաց, ես ավելին չեմ կարող անել, բայց ոչինչ չանել էլ չէի կարող,- պատմում է տիկին Ալվարդը,- մարդուց թաքցնեմ, Աստծուց ի՞նչ թաքցնեմ, այդ ժամանակ քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ 1500 դոլար տվեց, որ էլի պարտական չէր, բայց 11, 8 տարեկան ու բարուրով երեխաներս ձեռքիս կանգնել, մնացել էի: Այդ ժամանակվանից տեղափոխվել ենք այս տնակը: Այն ժամանակ որպես միակողմանի որբեր, երեխաներս հովանավոր ունեին, սնունդ էին ստանում, հագուստ, հիգիենիկ պարագաներ»:

Տիկնոջ ավագ դուստրն ամուսնացել է, ՌԴ-ում է ապրում: Իսկ որդին՝ Հուսիկը, ով ի ծնե ասթմատիկ հիվանդ է, ծառայում է բանակում, 5 ամիս է մնացել զորացրվելուն: Տիկին Ալվարդը բացատրում է, որ այս տնակում վարձակալությամբ են բնակվում, որ վարձը չտալու պատճառով տնակատերը տնակն ազատելու ժամանակ է տվել. «Ես այլևս ոչ մի հույս ու հավատ չունեմ, ես չգիտեմ՝ ուր պիտի գնանք, փողոցում կմնանք, որդիս ուր-որէ արձակուրդ է գալու, թե ի՞նչ պիտի անեմ…»:

Հարցնում եմ, թե ինչո՞ւ այն ժամանակ տնակ չեն գնել, եթե, իհարկե, տուն գնելու հնարավորություն չեն ունեցել: «Նախ, իրոք, գումարը չէր բավականացնի՝ տուն գնելու համար: Հետո, ես այն մարդկանցից չեմ, որ ուշքս ու միտքս տայի սնունդին կամ հագուստին, ես մտածում էի, որ երեք երեխաներիս կրթության տամ, ապագա ունենան: Մեծ աղջիկս համալսարանի իրավագիտական բաժինն է ավարտել, փոքր աղջիկս՝ բժշկական քոլեջը, իսկ տղաս չհասցրեց որևէ տեղ սովորել՝ ապրիլյան պատերազմից հետո, անգամ հիվանդ երեխեքին լցրեցին ավտոբուսները ու քշեցին հավաքակայան, իսկ այնտեղից հայդե՝ պոստեր: Նա խրոնիկական ասթմա ունի, մի տարի բանակից տարկետում է ունեցել, արդար որ նայենք, իրեն չպետք է տանեին, իր զինգրքույկում անգամ նշում կա… Ինչե՜ր եմ քաշել երեխայիս համար, ի՜նչ դժվարությունների մեջ է՝ չեք պատկերացնի: Խեղճ երեխաս դպրոցական տարիքից աշխատել է, հենց նոր միտքս էր եկել էդ օրերը, թե ինչպես սառած ու կարմրած փոքրիկ ձեռքերն առնում էի ափերիս մեջ, որ մի քիչ տաքացնեմ: Դասերից հետո աշխատում էր, ուշ ժամի տուն գալիս, ու դաս էր սովորում: Դպրոցում երեխաներս շատ լավ են սովորել, անգամ Հուսիկիս ուսուցիչները գիտենալով մեր վիճակի մասին, գիտենալով, որ Հուսիկն աշխատում է, մեղմ էին մոտենում, բայց միևնույն է, նա գիշերները դաս էր սովորում:

Մեր հովանավորը Աշոցքի հիվանդանոցի տնօրեն Մարիո Կուկարելոն է եղել: Չնայած հիմա այլևս առնչություն չկա, սակայն մարդը որևէ մեկի արած լավությունը չպիտի ուրանա: Երբ երեխաներս հիվանդանում էին, բազմաթիվ անգամ մենք այդ հիվանդանոցում պառկել ենք, այնտեղ անվճար էր, քանի անգամ ուսանող աղջիկներս սովածությունից ուշաթափվել են… Հատկապես Հուսիկս ասթմայի պատճառով հաճախակի շնչարգելակում էր ունենում ու նրան ուշաթափ վիճակում հիվանդանոց էին տեղափոխում… Գլխավոր բժիշկը՝ Վարդան Սարգսյանը, քանի-քանի անգամներ է երեխաներիս, տղայիս կյանքը փրկել…»:

Ընտանիքը նպաստառուի կարգավիճակ չունի, միայն փոքրիկի համար 23 հազար դրամ են ստանում: Բնականաբար, որտեղի՞ց ապրուստի միջոց ունենան, երբ միակ աշխատողը, այն էլ խրոնիկական հիվանդությամբ, բանակում է, տիկին Ալվարդը թոշակառուի տարիքում չէ, իսկ 28-ամյա դուստրն աշխատանքի տեղ չի կարող գտնել:

3-ամյա թոռնիկը հենաշարժողական խնդիր ունի, նաև նշագեղձերը բարդ վիճակում են, տեղի բժիշկները հանձն չեն առնում վիրահատել: Հոգեբանական աջակցության անհրաժեշտություն ունի, սակայն դարձյալ ֆինանսի պատճառով չեն կարող դիմել:

Տիկին Ալվարդը խոստովանում է, որ դիմել է թե՛ մարզպետարան, թե՛ քաղաքապետարան: Այո, օգնել են, չի կարող ուրանալ, բայց վիճակի լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել, քանի որ որքանով կարողացել, օգնել են, այդ փոքր գումարով հնարավոր է եղել միայն խանութի պարտքերը փակել, չնայած ներկայում 320 հազար դրամ միայն սննդի պարտք ունի խանութներում: «Ես երեխայիս բանակ հագուստ եմ ուղարկում, սնունդ եմ ուղարկում, հիգիենիկ պարագաներ եմ ուղարկում… որտեղի՞ց, ստիպված «Փարոսի» գրքույկը վերցնում, ընկնում եմ դռնեդուռ, աղաչում-պաղատում եմ, որ զինվորիս համար բան տան, ուղարկեմ: Պոստերում վատանում է, իջեցնում են հոսպիտալ, հետո լրիվ չապաքինված՝ նորից տանում են: Ով օգնել է, Աստված հասնի իրեն, իր ընտանիքին: Անցած տարի դուք պետք է տեսնեիք, թե իմ որդին ինչ վիճակում է արձակուրդ եկել… Մինչև Երևան հասցրել են ու «բրախել»: Մինչև երեկո տղաս չկար, զանգեցի, պարզվեց որդուս վիճակը վատթարացել է, իջեցրել են… Ստիպված շուկայի մոտի վարորդներից մեկին խնդրեցի, աղաչեցի, նպաստ ստանալուց գումար տալու նախապայմանով համաձայնեց տանել… Տղայիս տուն բերեցի: Բան չի ասում, չի բողոքում, դու մի ասա՝ երկկողմանի հայմորիտների թարախային բորբոքումով, ամբողջ ճակատը թարախակալված, ահավոր վատ վիճակում է երեխաս… Եթե նրան արձակուրդ չբերեին, ես էլ տղա չէի ունենա:

Հաջորդ իրիկունը դեսից-դենից հավաքածս սնունդը, շորը, անհրաժեշտ պարագաները դասավորում եմ պայուսակի մեջ, տեսնեմ՝ տղաս ահավոր ձևով ցնցումների մեջ է: Շտապ օգնությամբ հասցրեցինք հիվանդանոց: Զինկոմիսարիատից եկան, համոզվեցին, թե չէ երեխայիս որպես դասալիք պիտի մի հատ էլ դատեին: Հետո, իհարկե, տեղափոխեցին Երևան՝ հոսպիտալ, 2-3 ամիս պառկեց, դեռ չապաքինված, նորից տարան: Չհասած Հադրութ, նորից մեքենա են կանչել, որովհետև դարձյալ ուշաթափվել է երեխաս…

Վառելիքով երբեմն օգնել է «Շիրակ կենտրոնը», բայց միշտ չէ, որ հաջողվում է աջակցություն ստանալ: Զինվորական հագուստի համար տիկին Ալվարդը գնացել է «Լենտեքս», նորից «Փարոս» գրքույկը տվել է, որ իբր թե իրեն անհրաժեշտը տան, հետո գումարը ստանան. «Բայց այդ կինը ինձ վերադարձրեց գրքույկն ու ամոթանք տվեց, թե ինչե՞ր եմ խոսում, զինվորին օգնելն իրենց ու յուրաքանչյուրի պարտավորությունն է: Ու ամեն ինչ տվեցին՝ տեղը տեղին: Ամեն ինչ չէ, որ կարող եմ պատմել, երեխայիս համար եմ վախենում, բայց լիքը թերի բաներ կան: Էլ չեմ ասում՝ դեղերը, դուք հո լավ գիտեք, թե որքան թանկ արժեն: Հավատացեք, երբեք մտքովս չէր անցնի, որ ես դռնեդուռ պիտի ընկնեի, խնդրեի… Ես սովոր չեմ եղել, մենք լավ ենք ապրել, բայց կարծում եմ՝ Աստված երես է թեքել մեզանից: Ես հասկանում եմ՝ ոչ մեկը պարտավոր չէ, բայց մյուս կողմից էլ՝ ո՞վ էր իրավունք տվել միակողմանի որբուկիս, տան միակ կերակրողիս, հիվանդ երեխայիս տանեին, պոստեր հանեին: Տա Աստված որդիս ողջ վերադառնա… Երդվում եմ, երբ որդիս վերադառնա, մենք էլ դուրսը մնացած եղանք, կհրաժարվենք Հայաստանի քաղաքացիությունից»:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ