Գյումրու թիվ 30 դպրոցի մարզադահլիճում մեծահասակ, պատանի ու դեռահաս սաների հետ եզակի սեմինար պարապմունք անցկացրեց ավանդական կարատեի աշխարհի ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 8-րդ դան որակավորում ունեցող, ազգությամբ լեհ Վլադիմիր Կվիչինսկին: Նա չթաքցրեց իր բավարարվածությունը երեխաների հետ շփվելիս ու ընդգծեց, որ մեծ էներգիա է ստացել սեմինարների ընթացքում: Ի դեպ, սա 4-րդ սեմինար պարապմունքն էր Հայաստանում: «Թեև կարատեի ու, ընդհանրապես, արևելյան մարտարվեստների հայրենիքը Ճապոնիան է, սակայն այս մարզաձևերը գնալով ավելի մեծ աշխարհագրական տիրույթներ են ընդգրկում: Կարևորն ավանդական կարատեի մասսայականացումն է և այստեղ շատ մեծ է Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 5-րդ դան, սենսեյ Սուրեն Մաթևոսյանի դերը: Հայաստանին ծանոթ եմ արդեն 12 տարի: Ունեք շատ լավ մարզիկներ, որոնք իրենց լավագույն կողմերով են դրսևորել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում: Կարևորում եմ այսպիսի սեմինար պարապմունքները, քանի որ այն նպաստում է սաների արագ աճին: Ձեր երեխաներից շատ մեծ էներգիա ու բավարարվածություն եմ ստացել ու կարևոր է, որ նրանք յուրացնում են իմ ասածները,- «Շրջապատի» հետ զրույցում նշեց Վլադիմիր Կվիչինսկին:
Սեմինար պարապմունքների նախաձեռնողը Հայաստանի ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 5-րդ դան Սուրեն Մաթևոսյանն է:
– Ամեն տարի ունենում ենք նման սեմինար պարապմունքներ, որն անցկացնում է ավանդական կարատեի աշխարհի ֆեդերացիայի նախագահը: Այս տարի սեմինարներ եղան երկու օր Երևանում, մեկ օր՝ Վանաձորում և ահա, ինչպես տեսնում եք՝ Գյումրիում: Սեմինարի նպատակն է՝ ավանդական կարատեն ճիշտ մեկնաբանվի ամբողջ Հայաստանով մեկ, իսկ պարապմունքների շնորհիվ մենք՝ մարզիչներս ու մարզիկները, կարողանանք բարձրացնել մեր վարպետության աստիճանը, – նշեց Հայաստանի ֆեդերացիայի նախագահը:
Ավանդական կարատեի մարզային կառույցի նախագահ, սև գոտի 3-րդ դան որակավորում ունեցող Կարեն Հովհաննիսյանը համոզված է, որ այսպիսի դասընթացի շնորհիվ գյումրեցի կարատեիստներն ավելի արագ կաճեն հավաքականի մակարդակով:
Քանի որ առջևում մինչև 14 տարեկանների Եվրոպայի առաջնությունն է Լեհաստանում, իսկ 14-ից բարձր տարիքի մարզիկների համար՝ Ռումինիայում, մեր սաների համար շատ կարևոր էր այն գիտելիքների պաշարը, որը նրանք ստացան սեմինարի ընթացքում:
Վլադիմիր Կվիչինսկուն հյուրընկալեց նաև ՀԱՕԿ-ի Շիրակի մարզային ներկայացուցչության տնօրեն Արմեն Բադեյանը: Նա խոսեց այցի կարևորության մասին՝ շեշտելով մի հանգամանք. թեև այս մարզաձևն օլիմպիական չէ, այդուհանդերձ, իրենք խտրականություն չեն դնում մարզաձևերին աջակցելու խնդրում ու պատրաստ են սատարել ցանկացած նախաձեռնություն, որը նպաստում է մարզաձևերի մասսայականացմանն ու զարգացմանը: Վլադիմիր Կվիչինսկին իր հերթին նշեց, որ խոստումնալից սաները Գյումրիում շատ են ու վստահ է, որ մոտ ապագայում նրանք կարդարացնեն իրենց ուսուցիչների սպասելիքները: Արմեն Բադեյանը շնորհակալություն հայտնելով Վլադիմիր Կվիչինսկուն՝ իրենց գրասենյակ այցելելու համար, հուշանվերով պարգևատրեց ավանդական կարատեի աշխարհի ֆեդերացիայի նախագահին:
Եվս մեկ հետաքրքիր հանդիպման ականատեսը դարձավ Գյումրին: Ծնողները մեծ ոգևորությամբ հետևեցին իրենց զավակների մարզումներին, իսկ տեղի մասնագետները հիացան Վլադիմիր Կվիչինսկու ցուցադրական տարրերից:
ՍԱՄՎԵԼ ԱՂԱՆՅԱՆ