ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավերակաց թագավորելու ռաբիսությունը

Գյումրու Կիրով-Ռիժկովի ճեմափողոցում մեկին տեսա՝ բջջային հեռախոսը ականջին «սոսնձած», ականջ սղոցող ինչ-որ ռաբիս երգ էր լսում: Նրանից մի քանի քայլ հեռու, մեկ ուրիշն իր ակորդեոնի նվագակցությամբ, ոչ պակաս ռաբիս էր փառաբանում: Այս «վարպետն» այնպես էր կատարում երգերը, որ, եթե ճեմափողոցի մանրավաճառների ձեռն հնար լինի, նրան այստեղից դեպորտացիա կանեն: Իսկ հեռախոսով անցորդը սրան հանիրավի անտարբերության մատնած, իր նախընտրած ռաբիսին ականջալուր, անցավ-գնաց: Բայց, եթե այս մարդն իսկապես ռաբիսի ֆանատ էր, պետք է, որ հավաներ ակորդեոնահարի ճեմող նվագը: «Չէ, սա Արբատը չէ»,- Օստապ Բենդերի ոճով ասում ու ես էլ եմ անցնում-գնում:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ իր ոճի մեջ վերջերս մի դիպուկ խոսք ասաց. «Այն ժամանակ, երբ մարդիկ հասկացան, որ չոբանի օժտված որդին պետք չէ, որ նույնպես չոբան դառնա, ստեղծվեց գրադարանը»: Իսկ Շիրակի մայր բուհի ղեկավարը երևի գիրքը մերօրյա թափոն է համարել ու որոշել բարեհոգաբար ազատել ուսանողներին ընթերցասիրության «ճիրաններից»: Ազատեց գրադարանն ավելորդ գրքերից: Երևի այս դեպքում գործ ունենք չոբան դառնալու միտքը ողջունելու հետ: Միտս եկավ աշխարհի հրաշալիք համարվող Ալեքսանդրիայի գրադարանը, որ ավերակվել է դարեր առաջ: Մեղք էր գրադարանը: Չպահպանեցին:

Հա, Արմեն Մարտիրոսյանը, ով հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով, մի միտք էլ է հայտնել, որը հնարավոր չէ միանշանակ ընկալել: Ասել է. «Եթե Սերժ Սարգսյանն իմանար, թե որքան եմ ուզում, որ ինքն ուժեղ լինի, կզարմանար»: Ես ինքս հո՛ հասկանում եմ, որ նրա ասած «ուժեղը» ոչ մի առնչություն չունի միապետ կամ բռնակալ լինելու հետ: Նկատի ունի միապետական մտածողությունից փրկվել կարողանալու ուժը: Արտաքին, թշնամական մարտահրավերներին դիմակայելու ուժը: Երկիրն Ասորեստանին վիճակված բախտին չարժանացնելու և այն ռաբիս կարգախոսներով առաջ տանելու սնամեջ տեսլականից հրաժարվելու կամքի ուժը:

Մի առիթով ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Ծատուրյանի հետ զրուցում էինք մեր երկրի վիճակից: Ասաց, թե Երևանում իր տունն Ազնավուրի հրապարակի մոտ է գտնվում ու ամեն օր տեսնում է, որ մեծ թվով մարդիկ լցվում են ավտոբուսներն ու հեռանում երկրից. «Ուզում եմ հարցնել Սերժ Սարգսյանին՝ չի՞ տեսնում այս ամենը: Չեմ ընդունում, թե պատերազմական իրավիճակն է «մեղավոր»: Ա՛յ մարդ, զարմանում եմ էս հրեաների վրա: Ճահիճների վրա երկիր սարքեցին, թշնամաբար տրամադրված երկրներով են շրջապատված, բայց ապրում են իրենց պուճուր հողին կպած: Է, իսկ մենք հայրենիք ենք կորցնում: Էդ ինչո՞ւ, եթե անցյալում Բյուզանդիան, Ասորեստանն ու այլ երկրներ են վերացել, կարծում ենք, թե մի օր էլ մեր երկիրը չի՞ վերանա: Հետո ո՞ւմ է ղեկավարելու»:

Երևի այսպիսի տեսլականի իրականացումից հետո Սերժ Սարգսյանը շտապ օգնություն կզանգի: Թարսի պես, երևի այդ պահին շտապ օգնության ծառայությունն արդեն վճարովի դարձած կլինի, ու բժիշկները կորոշեն անվճար չգնալ նախագահի դժգոհությունը լսելու: Երևի նաև, երբ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հրապարակավ հայտարարում էր, թե 100 տոկոսով համամիտ է այն քաղաքացիների հետ, ովքեր կարծում են, որ շտապ օգնության ծառայությունը պետք է վճարովի դառնա, Սերժ Սարգսյանն էլ էր գտնվում հարյուրտոկոսանոց համաձայնություն տված քաղաքացիների շարքում: Բայց, երբ իմացա Ալթունյանի՝ վեհանձնորեն արած այս հայտարարության մասին, հարց ծագեց՝ էդ նախարարը բացի իր նախագահից, էլ ո՞ւմ համաձայնությունն է ստացել՝ հարյուր տոկոսով ապահովված Հայաստանի էլիտայի՞: Հա, երևի մեկ էլ այն մարդկանց, ովքեր ամեն օր լքում են երկիրը, չէ՞ որ նրանց համար արդեն միևնույն է, թե այստեղ մնացողներն ինչպես կշարունակեն իրենց կյանքը: Իսկ իրենց՝ գնացողներին, հավանաբար ավերակաց երկրի հեռանկարն է սարսափեցնում, ստիպում ինքնադեպորտացվել:

Ես պաթոսային հայրենասիրության ջատագով չեմ և նրանց խրատական ճառեր ասելու հակված չեմ: Ինչո՞ւ անհնարինը կարող է ակնհայտ լինել, իսկ հնարավորը՝ ոչ ակնհայտ: Անհնարինը ակնհայտի շարքին կարելի է դասել, օրինակ, Սաուդյան Արաբիայի արքայազնի վարքը: Ալ-Վալիդ բին Թալալ բին Աբուլազիզ ալ-Սաուդը մարդու արժեքը գնահատող արքայազն է: Նա իր ամբողջ հսկայական կարողությունը, որ գնահատվում է 32 միլիարդ դոլար, նվիրաբերել է բարեգործական նպատակների համար. «Ես այս փողերն ինձ հետ գերեզման չեմ տանի, ես ուզում եմ, որ դրանք ծառայեն բարուն: Ամենուր այնքան մարդիկ կան, ովքեր օգնության կարիք ունեն: Ինչ-որ մեկը կբուժվի ծանր հիվանդությունից, ինչ-որ մեկն ուսման հնարավորություն կստանա և կկարգավորի իր կյանքը: Սա իմ պարտքն է: Ես աշխարհը լավը դարձնելու հնարավորություն ունեմ և կանեմ դա»: Իսկ մեր հայ կառավարողներն ու օլիգարխները տեսնես ի՞նչ են մտածում իրենց հարստությունը գերեզմաններ տանելու հաշվով:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ