ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ

Ավստրիայի գյուղատնտեսությունն ու բիզնես հոտառությունը

Ավստրիան հրաշքների երկիր է. այն գտնվում է Եվրոպայի սրտում և դարերի պատմություն ունեցող այս երկիրն հայտնի է իր հարուստ պատմագրությամբ, մշակույթով ու տնտեսությամբ: Այս ճանապարհորդության ընթացքում մենք կծանոթանանք Ավստրիայի գողտրիկ վայրերի ու գյուղերի հետ, որտեղ մարդիկ ապրում են բացարձակապես գյուղատնտեսական աշխատանքներով։

Մեր առաջին կանգառը Լադինգ գյուղն էր, որտեղ 1300 մետր բարձրության վրա մի քանի օր առաջ ձյուն էր տեղացել՝ զարմացնելով տեղի բնակիչներին։ Այս փոքրիկ հյուղակում ամուսինները տարեկան երկու-երեք ամիս հյուրընկալում են սար բարձրացող հովիվներին՝ կացարան և տաք գյուղական ուտելիք առաջարկելով։ Այն իրենց ընտանեկան բիզնեսն է, ինչպես նշեցին՝ և՛ օգնում են հովիվներին, որոնք սար են բարձրանում, և՛ իրենք իրենց փոքրիկ բիզնեսով տարեկան կլորիկ գումար են աշխատում։ Ասում են, իրենց շատ զբոսաշրջիկներ են այցելում, բայց և այնպես նախընտրում են իրենց սենյակը հանձնել տեղի հովիվներին, ասելով, որ գյուղում շատ այլ վայրեր կան, որտեղ կարող են զբոսաշրջիկներ տեղավորվել՝ այս բարձրության վրա նպատակահարմար ենք գտնում օգնել մեր գյուղի բնակիչներին։

Իրենց գյուղից ոչ շատ հեռու՝ Ֆրիդրիխն իր ընտանիքի հետ միասին, զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով՝ խոզաբուծությամբ և ձիաբուծությամբ։ Ունի մոտ 220 գլուխ խոզ, ու բացի ստացած մսի վաճառքից, նաև այն մշակում է ու պատրաստում ապխտած ծխեցրած ձևերով։ Իսկ իրենց ընտանիքի հարսը շաբաթական մեկ անգամ դիմավորում է զբոսաշրջիկներին՝ սովորեցնելով ձիավարություն։ Ֆրիդրիխը նշում է, որ ձիարշավարանի հատվածում, որտեղ դասեր են անցկացվում երկու շաբաթը մեկ, կազմակերպվում են նաև կինոդիտում, որի ընթացքում վաճառում են իրենց պատրաստած մսեղենները։ Ընտանիքի բացարձակ եկամուտը տալիս են խոզերը, որոնց բուծումը սկսել է մեկ-երկու հատից։

Այս ճանապարհորդության ժամանակ պարզ ու հասկանալի էր մի շատ կարևոր հանգամանք. տեսականորեն ու պրակտիկորեն մարդուն սովորեցնում է, որ կարելի է գյուղում ամենասովորական գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելով ունենալ հագեցած օր ու վաստակել գումար, եթե, իհարկե,  ունես աշխատասիրություն և բիզնես հոտառություն։

Հեղինակ՝  ՌԻՄԱ ԱՄԻՐՅԱՆ

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Լրագրություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի