Մարտի 24-ին Շիրակի պետհամալսարանում կայացավ հոգաբարձուների և գիտական խորհրդի համատեղ նիստը, որը փակ էր: Նիստին ներկա էին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ պատգամավոր, ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը, նախկին ԱԺ պատգամավոր, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի պրոռեկտոր Սուքիաս Ավետիսյանը, ՇՊՀ ռեկտորը և գիտխորհրդի անդամները: Նախ այն հանգամանքը, որ լրատվամիջոցներին զգուշացվել էր ներկայանալ վկայագրերով, արդեն իսկ զարմանալի էր, էլ չեմ ասում, որ համալսարանում ոստիկաններն էին ներկա: Մի՞թե ուսանողական ընդվզումից էին «սարսափել»:
Ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը ևս նիստի մասնակից էր և ավարտից հետո փոխանցեց, որ սկզբում ուսանողներին անգամ համալսարանի շենքից էին դուրս հրավիրել, ինչը դժգոհության ալիք էր բարձրացրել, և վերջիններս համալսարանի շենքի դիմաց նստացույց էին արել:
Նախարարն ու Ֆ.Ցոլակյանը նիստից հետո հրավիրեցին մամլո ասուլիս: Պարոն Ցոլակյանը նշեց, որ քննարկում եղել է, ներկայացվել են կարծիքներ. «Մենք գտնում ենք, որ այն աժիոտաժը, որը ստեղծվել է բուհի շուրջ, կարող են լուծում ստանալ հանգիստ պայմաններում: Բոլոր պայմանները կան, կան լավ մանկավարժական և դասախոսական կազմ, ժամանակի ընթացքում բոլոր հարցերն ի վիճակի ենք լուծել: Կոնկրետ ինչ, չեմ կարող ասել, բայց ասում եմ այն, ինչն ընկալելի պետք է լինի»:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը երկար խոսեց: Խոսեց բուհի հեղինակության, վարկանիշի մասին, ապագայում կանոնակարգերում տեղի ունենալիք փոփոխություններից: Դժգոհեց, որ աղմուկը շատ է բարձրացվել, ինչն անգամ հատել է անձնական վիրավորանքների սահմանը: Մինչդեռ հնարավոր էր ներսում հարցը կարգավորել: «Ուսանողները բողոքում են աշխատանքից հեռացված դասախոսների համար, իսկ որտե՞ղ այդ հարցը պետք է քննարկվեր, վստահո՞ւմ ենք համալսարանական մարմիններին, թե՞ ցանկացած խնդիր տանում ենք դուրս, որտեղ ցանկացած քաղաքական, սոցիալական շրջանակներ այդ կոնֆլիկտն իր դիտանկյուն է տանում: Յուրաքանչյուր կոնֆլիկտի մեջ մեկը հաղթող է, մեկը պարտվող: Բայց, ի վերջո, պարտվողը կլինի համալսարանը»: Այնուհետև մանրամասներ նշեց, որ այսուհետ բուհն ամեն տարի հաշվետվություն է ներկայացնելու, հրապարակային ներկայացնելու է կատարված աշխատանքները, աուդիտի արդյունքները, ստուգող մարմնի եզրակացությունները… որպեսզի ավելորդ բամբասանքների տեղիք չլինի: Նաև ընտրովի համակարգ են մտցնելու բուհ, դասախոսներին ընտրելու են ֆակուլտետը, ուսանողները:
Ուսանողների համբերությունն ասես հատվում էր, քանի որ նախարարը խոսում էր ամեն ինչից, սակայն ոչ ներկայում տիրող վիճակից:
Ակտիվ ուսանողներից մեկը նախարարին ներկայացրեց իրենց բողոքները, նշեց, որ բուհի վարկանիշը ոչ թե իրենց քայլերով վարկաբեկել են, այլ հակառակը, նրանք կամք են դրսևորել, պահանջ են ներկայացրել և ուզում են արդար լուծում տեսնել. «Մարդը, որ բարձրաձայնում է խնդիրը, նա չէ մեղավորը: Այնպես էլ դասախոսներ Խորիկյանն ու Համբարյանը բարձրաձայնել են այն խնդիրները, որոնք իրենց մեղավորությամբ չեն առաջ եկել: Անչափ ցավում եմ, որ Դուք ասում եք, թե պետք է մնար բուհի ներսում: Այս խնդիրները սկսվել էին դեռ սեպտեմբերից, և Ձեր լռության պատճառով է, որ խնդիրներն աճեցին այնքան, որ հիմա լավագույն ուսանողներն են այստեղ նստած ու Ձեզանից լուծում են պահանջում… Ձեր լռության պատճառով է»: Ուսանողները ծափահարեցին իրենց ընկերոջը:
Մոտ երկու ժամ տևած ասուլիսն, ընդհանուր առմամբ, ոչինչ չտվեց: Խնդիրները շատ են կուտակվել ու խտացել են այնքան, որ անգամ մանրուքները մեծ խնդիրների են վերածվել, դրանք հատ առ հատ լուծման անհրաժեշտություն ունեն:
Նախարարը փորձեց հանդարտ խոսել, նեղսրտած էր անձնական վիրավորանքի անցածներից, ուսանողներին բացատրեց. «Եթե կատարված է Աշխատանքային օրենսդրության խախտում, հրաման է հրապարակված ռեկտորի կողմից, դրա ճանապարհը դատական կարգով լուծելն է։ Բողոքելու ձևը դա է»: Նա առաջարկեց՝ ուսանողներից խումբ կազմավորել, և հրավիրեց նախարարությունում հանդիպել, քննարկել:
Լրագրողների հարցադրումներին հնչած պատասխանները ևս հստակ չէին: Հարց բարձրացվեց, թե արդյո՞ք պատրաստվում են հանդիպել դասախոսներ Խորիկյանի և Համբարյանի հետ: Նախարարն ու Ֆ.Ցոլակյանը պատասխանեցին, որ իրենք պատրաստ են, սակայն իրենց վերջիններս չեն դիմել: Ասուլիսի ավարտին սկզբում Խորիկյանը, ապա Համբարյանը եկան բուհ՝ հանդիպելու նրանց հետ:
Ֆ.Ցոլակյանը տեսնելով ուսանողների անհամաձայնությունը, այդ առիթով մի անեկդոտ հիշեց. «Մի գյուղում տրակտոր են բերում: Բացատրում են, նկարագրում են աշխատանքը ժամերով: Մի գյուղացի վերջում հարցնում է. «Էդ հասկացանք, բա հըմի ասեք՝ եզներն ուրտեղի՞ց պտի լծենք»… Հիմա Ձերն է, ոչ մի բան ձեր դուրը չի գալիս: Ես սկզբում բան ասացի, բայց դուք ինձ երևի ճիշտ չհասկացաք, նորից եմ կրկնում. ամեն հարցի հնարավոր է լուծում տալ, ես ճանապարհները չեմ կարող ասել ու մանրամասնել, բայց լուծում կա: Էն արգելավազորդների օրն ենք ընկել, հերթով պետք է վրայից թռնենք, լուծում տանք»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Ս.ՄԵԽԱԿՅԱՆ