Հանդիպման վայրը՝ Գյումրի, սրճարան… անվրդով է քաղաքը՝ մեր զրույցի պես։ Կարևոր մտքերն ընդգծելիս՝ նայում է ակնոցի տակից։ Խոսքի մեջ ընդմիջումներն ավելի պերճախոս են, ըմբոստացումները՝ աչքերի մեջ. ձայնն այստեղ հաղորդիչ չէ։ Զրույցի ավարտին դատարկ է ծխախոտի մեկ տուփ ու կոնյակի երկու բաժակ…
Ինքնանկար
Կայարանի մոտ ծնված սովորական տղա, որ գնացել է ռուսական դպրոց, եղել է խորը երեխա։ 6-7 տարեկան էի, մայրս ինձ կրկես տարավ, բոլորը ծիծաղում էին, բացի ինձնից։ Ծաղրածուն նույնիսկ, տխրությունս նկատելով, ինձ վերցրեց, միասին այդ շրջանը պտտվեցինք, բայց էլի չծիծաղեցի, որովհետև ծիծաղելի չէր. նշան էր գուցե, որ խորը երեխա եմ։ Դե, եթե 17 տարեկանում գրել եմ «Կորցրած մեղեդին», որի մեջ նյարդ կա, ուրեմն՝ գուցե ժամանակից առաջ ենք մտածում։ Իմ լրջությունն ամենևին էլ տանը սիրո պակասությունից չէր. այդպես ծնվել եմ։ Հանրությունն ինձ «բարդ մարդ» է ասում։ Ես այսպես կձևակերպեի՝ մարդ, որ ի՛ր համար է բարդ ապրում, ապրում է բոլորի համար, իր համար՝ ավելի քիչ։ Դա հերոսություն չէ ու այնպես չէ, որ պիտի մեծանաս, որ հասկանաս՝ ոնց է պետք ապրել. մի փոքր դաստիարակություն ու մի փոքր խելք, որտեղ հոգին պետք է խելքին համընթաց քայլի, հակառակ պարագայում իշխում են էմոցիաները, ուրիշ տեղ տանում։ Որևէ դժգոհելու բան չունեմ ինքս ինձնից. մարդ եմ, որ լիքը սխալներ է արել կյանքում, չեմ փոշմանել, որովհետև բոլորս էլ անում ենք. երջանիկ եմ…
Ինքնակռիվ
Չունեմ ինքնակռիվ։ Երբևէ նույն իրադրության մեջ հայտնվելով՝ երկրորդ հնարավորության մասին չեմ երազել։ Կարող էի, օրինակ, մնալ Մոսկվայում, հետո գալ Հայաստան ու ինձ շատ ավելի լավ կընդունեին, բայց ես չկարողացա։ Երիտասարդ ժամանակ երբեք չեմ մտածել, որ մի օր կարթնանամ, երգեր կգրեմ ու կդառնամ հանրահայտ կամ ժողովրդական արտիստ։
Ինքնորոշում
Երգերիս համար ինձ ԿԳԲ էլ են տարել. ես ազատ եմ, շատ ազատ եմ, կախվածություններ չեմ ունեցել։ Կոմունիստնրի ժամանակ եղել է՝ ինձ բեմ չեն թողել, որովհետև ես հեղափոխական էի, հեղափոխական երաժշտության մեջ. Բաբաջանյանից ու Օրբելյանից հետո, մի ջահել տղա, ով բռնեց սաղ խառնեց իրար։ Հեղափոխությունը դա էր և բոլորովին էլ թավշյա չէր։ Հետո սկսեցի ընդունվել։ Իմ ազատությունն իմն է։ Տղամարդկությունն ընկերներին չդավաճանելու մեջ է՝ ինչ ու ինչ տեսակ հեղափոխություն էլ որ լինի։ Այսօր էլ իմ սկզբունքներն իմ ազատության մեջ են ու կարծեմ, արդեն պարզ է, որ ես թատրոնի շենքից դուրս չեմ գա. միակ տարբերակն ինձ այդ շենքից վերցնելն է՝ ուղիղ և փոխաբերական իմաստով, որովհետև ես չեմ մատծում, որ ես թույլ եմ այնքան, որ թույլ տամ թույլ մարդկանց հասնել դրան…
Ինքնապատում
Այն երգերը, որոնք իմ մասին են կամ իմ հոգու երգերն են, դժվարությամբ եմ տալիս հանդիսատեսին։ Կան, որ այդպես էլ չեմ հանել բեմ ու երևի ոչ էլ կհանեմ. չեմ ուզում մարդիկ ծափահարեն դրանց։ Երբ խեղդվում եմ Երևանում, նստում եմ մեքենաս ու գնում Ղարաբաղ… գնում եմ՝ տնտղեմ, զգամ օդում ինչ է կատարվում, վերցնեմ այդ խաղաղությունը, որի մեջ միշտ տագնապ կա ու նոր միայն որոշեմ՝ գրել, թե՝ չէ։ Դաշնամուրը չարչարել չեմ սիրում, եթե կանչում է՝ գնում եմ միանգամից և հինգ րոպեում ծնվում է նոր երգը ու այլևս երբեք, ոչ մի փոփոխության չի ենթարկվում։
Ինքնաըմբոստացում
Ըմբոստանում եմ, որ 21-րդ դարում, մենք՝ հայերս, չենք կարողանում գնահատականները ճիշտ դնել. սկսում եմ չհավատալ, որ մենք 12-րդ դարում Նորավանք ստեղծած ազգն ենք։ Ըմբոստանում եմ «արխայինությունից». այսօր պատերազմ չկա, գռադ չեն կրակում, ուրեմն՝ ամեն ինչ լավ է։ Թանկ արժե այս «խաղաղությունը»։ Օդում շատ տարօրինակ տագնապ կա, ճիշտ այնպիսին, ինչպիսին լինում է փոթորիկից առաջ։ Ես դա զգում եմ, որպես արվեստի մարդ ու որովհետև մարդկանց աչքերում արտացոլված է դա։ Չի կարելի «արխային» լինել։ Ըմբոստանում եմ, որ շատ են ուտում՝ ուղիղ և փոխաբերական իմաստով։ Ըմբոստանում եմ, որովհետև մեր ազգի մեջ խախտված բաներ եմ տեսնում. 24 ննջասենյակ ունեցող տուն, ամեն ծնունդին նոր հագուստ, ճոխ թաղումներ. դրանք ինձ համար չեն։
Ինքնաներում
Լիքը բաներ չեմ ներում։ Վերջերս սկսել եմ լուռ մնալ, բայց դա շատ ավելի ցավոտ է դիմացինի համար, ով հասկանում է, որ ես չներեցի, բայց լուռ մնացի։ Չեմ ներում մարդկային փնթիությունը, փնթի վերաբերմունքն ամեն ինչի նկատմամբ. օրը անցավ, մարդը քնեց-զարթնեց… չի կարելի այդպես։ Մեր վերևի ընկերը՝ Աստծո մասին է խոսքը, այդպես չի ստեղծել մարդուն. ցավեր է տվել ու ասել՝ գնա՛, տե՛ս ինչ ես անում։ Այդ տվածի հետ փնթի վարվել չի կարելի։
Ինքնամաքրում
Կուզենայի, որ այս տարիքում մի քիչ հանդարտվեի, հանգիստ ապրեի։ Կոչումով վարժապետ եմ ու հիմա իմ մոտ 200 երեխա է սովորում. պետք չէ, որ այդ 200-ն էլ լավ երգեն, թող 4-ը լավ երգեն, մնացած 196-ը իմանա, որ երեկոյան էլ է պետք ատամները լվանալ. այստեղից է սկսվում ամեն ինչ… մեզ ու մեր հոգիները լվանալուց…
ԼԻԼԻԹ ԹՈՎՄԱՍՅԱՆ