ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Արհեստական բեղմնավորման կենտրոնի հիմնում Գյումրիում

Հարցազրույց Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» գործադիր տնօրեն ԱՇՈՏ ԿՈՒՐՂԻՆՅԱՆԻ հետ:

— Բժիշկ, տեղեկացա, որ «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» բացվելու է այս տարածաշրջանի միակ արհեստական բեղմնավորման կենտրոնը:

— Այո, ուզում ենք: Ասեմ Ձեզ, որ միանգամից լիարժեք հայտարարել, թե արդեն ամբողջական ցիկլով արհեստական բեղմնավորման կենտրոն ենք հիմնել, մի քիչ շուտ կլինի: Այն բավական լուրջ լաբորատորիա է ենթադրում, և ամենամեծ խնդիրը ոչ թե միայն թանկարժեք լաբորատոր սարքերով հագեցվածությունն է, այլ այն մասնագետների, որոնք բացարձակ վերապատրաստված են տվյալ ծառայությունը մատուցելու համար: Սակայն, ինչպես բոլորս տեսանք, որ որևէ բարդ գործողության սկիզբը դնելու համար պետք է քայլ անել (նկատի ունի հեղափոխության քայլը,- հեղ.), ապա կարող եմ փաստել, որ այդ ուղղությամբ քայլն արել ենք: Հանդիպել եմ Հայաստանի վերարտադրողական բժշկության ասոցիացիայի ղեկավարի հետ, կարողացանք ոգևորել, նաև խնդիրը բացատրել: Բանն այն է, որ Հայստանում գործում է 5-6 նման լաբորատորիաներ, որոնք գտնվում են Երևանում: Որևէ մարզ չունի նման ծառայություն, մինչդեռ խնդիրն առկա է ու շատ կարևոր: Այս լաբորատորիայի հետ գործ ունեցողը այն պացիենտներից չէ, որ գնա, վիրահատվի, գա: Կարող է մի 2-3 տարի անհրաժեշտություն լինի զույգի հետ աշխատանք տանելու, մինչև բարեհաջող ավարտով պսակվի: Բայց այդ զույգը մի քանի ամիս կամ տարի, եթե մարզային բնակիչ է, պիտի գնա ու գա, գնա ու գա, ինչը թե՛ հավելյալ ֆինանսական ծախս է ենթադրում, թե՛ ժամանակի վատնում, թե՛ հոգեբանական բարդույթ է առաջացնում: Դրա համար մենք առաջարկեցինք, եթե հնարավոր է, նախքան բուն արտամարմնային բեղմնավորումը, բոլոր լաբորատոր պրոցեդուրաները զույգն անցնի տեղում: Երկրորդ, հնարավո՞ր է, որ հետազոտությունները, որոնց արդյունքում արտամարմնային բեղմնավորում է իրականացվում՝ անցնի տեղում: Եվ բոլոր ամուլ զույգերը չեն, որ արտամարմնային բեղմնավորումով պիտի անցնեն, կան ԻՔՍԻ (սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկումը ձվաբջիջ) գործընթաց, որն ավելի շատ պարզ է ու կարիք չկա, որ գնան հասնեն Երևան: Եվ, վերջապես, եթե դու ունես նման մասնագետ, որն աշխատում է այդ զույգերի հետ, հնարավո՞ր է, ճիշտ կազմակերպման դեպքում, լուրջ հովանավորներ ունենալու և լուրջ ներդրումների պարագայում հասնես նրան, որ լիարժեք արտամարմնային բեղմնավորման փակ շղթայով կենտրոն ունենալ: Մենք այս ամենը քննարկեցինք և, ի հաջողություն մեզ, մեզ հետ կար մասնագետ, ով անցել է վերապատրաստում այդ ոլորտում, նման զույգերի հետ աշխատելու փորձ ունի, նրա հետ աշխատանքային պայմանագիր կնքեցինք, առաջին քայլն արեցինք. բացեցինք այստեղ կահավորված կաբինետ՝ առաջին բոլոր գործողություններն իրականացնելու համար, քանզի նաև հիվանդանոցի լրացուցիչ, օժանդակ ծառայությունները հնարավորություն են տալիս այդ զույգերին լիարժեք հետազոտություն իրականացնելու համար:

— Քանզի կաբինետը նոր եք բացել, պացիենտներն արդեն տեղյա՞կ են: Եվ, կա՞ վիճակագրություն՝ ամուլ զույգերի տվյալերի վերաբերյալ:

— Երբ սկսեցինք այս գործընթացը, որպեսզի վերարտադրողական ոլորտի հրավիրված մասնագետներին մի քանի զույգ արդեն ներկայացնեինք, մի 10 օրվա կտրվածքով հայտարարություն ենք տվել: Ենթադրում էինք, որ գոնե 5 զույգ գտնենք, ուրեմն լավ կլինի, ամբողջ օրը մասնագետները նրանցով կզբաղվեն: Բայց, դա ցավով եմ նշում, այդ կարճ ժամանակահատվածում 78 զույգ հերթագրվեց: Փաստորեն, լուրջ խնդիր կա: Խոսում ենք դեմոգրաֆիայի մասին, ծնելիության խթանման մասին, ազգագրական վիճակագրության բարելավման մասին և այս ներկապնակի ֆոնին… 10 օրվա մեջ 78 զույգ, որ չի կարող երջանկանալ բալիկ ունենալու հրաշքով: Եթե նրանցից թեկուզ 18-28-ին հաջողվի այդ շանսը տալ, ապա ինչպիսի երջանկություն է: Այս ծառայությունը ենթադրում է բարդ գործընթաց, որի մեջ համարյա բոլոր բժշկական միջամտություններից բացի, կան նաև հոգեբանական, իրավաբանական, երաշխիքի և այլ խնդիրներ:

— Տեղյակ եմ, որ մարզպետարանի հետ մեկ այլ գործընթացի շուրջ էլ էիք բանակցում…

— Այո, մենք փոխմարզպետի հետ քննարկում էինք մեկ նոր կաբինետ հիմնելու մասին, որը կլինի ընդամենը ստոմատոլոգիա, բայց աուտիզմով, հոգեկան ու մենտալ այլ արատներ ունեցող երեխաների համար: Իհարկե, դա ևս պետպատվերի շրջանակներում է: Պատկերացրեք, որևէ մենտալ արատ չունեցող, առողջ երեխաներին որքան դժվար է ստոմատոլոգի մոտ, իսկ իմ նշած երեխաների համար որքան դժվարություններ կարող են լինել: Անկախ ամեն ինչից, նման երեխաներն արդեն իսկ պետական հոգացածության ներքո են, բայց մեր ծառայությամբ նրանց կտրամադրվի կարճատև ստացիոնար պայմաններ, քանզի նրանցից շատերը հնարավոր է անեստեզիայի միջամտությամբ բուժում անցնեն, և նրանց անհրաժեշտ է համապատասխան պայմաններ: Տեսեք, թե ինչ բաց դաշտ է սա: Երբ 3-4 տարի առաջ հիմնեցինք մեր վերականգնողական ծառայությունը, որն հայտնի է ամբողջ մարզում ու սահմաններից դուրս, նաև տարիների իմ աշխատանքի ընթացքում չէի պատկերացնում, որ այդքան բազմաթիվ խնդիրներ կան այս դաշտում: Այս պահին 150 մենտալ արատով երեխաներ կան հերթագրված՝ վերականգնողական բուժում ստանալու համար: Բնականաբար, պետական պատվերի շրջանակում է, հերթագրված են, որովհետև ֆիզիկապես մեր ունեցած հնարավորություններով կարող ենք մեկ ամսում սպասարկել 60 երեխայի, մնացածի հերթը հաջորդիվ է:

— Փաստորեն, նորարությունների պակաս չունեք:

— Ոչ միայն պակաս չունենք, այլև ամեն անգամ նորանոր ծառայություններ ենք ավելացնում: Օրինակ, հատուկ ուզում եմ խոսել ընտանիքի պլանավորման, հղիների՝ ոչ միայն ծննդօգնության, այլ նախածննդաբերական շրջանի ամենահաջողված բժշկական խորհրդատվական կենտրոն ունենալու մասին, ժողովրդի լեզվով ասած՝ կանանց կոնսուլտացիայի: Այսօր մենք պացիենտների թվով ամենաառաջատարն ենք՝ այս պահին ունենք 150 հղիի գրանցում: Չափորոշիչով պատկերացնելու համար ասեմ՝ մարզում մեկ բժշկին 80 հղիից ավել չի թույլատրվում սպասարկել, բայց մենք ստիպված մեկ բժշկով էինք աշխատում, իսկ հիմա նրանք երեքն են: Եվ սա մեզ ուրախացնում է: Մենք միակն ենք, որ կատարում ենք գինեկոլոգիական բարդ վիրահատություններ՝ լապորոսկոպիկ, ներարգանդային, և այլն: Բայց, միևնույն է, էլի պետք է զարգանանք: Մեր հիվանդանոցը ծնունդների թվով մարզում երկրորդն է: Մի կարևոր փաստ մեջբերեմ. ամբողջ հանրապետությունում, 6 ամիսների ծնունդների քանակի վիճակագրությամբ, համեմատած 2017-ի, ցավոք, 600-ով քիչ է: Իսկ մեզ մոտ թիվը չի պակասել: Բացի այս, վստահ եմ, որ շատ լավ գիտեք, որ մարզում միակ նորածնային ռեանիմացիոն բաժանմունքն ունենք: Ինչո՞ւ եմ ուզում առանձնակի շեշտել. որովհետև նորածնի ռեանիմացիան այլ է, և միայն մեր մոտ է, որ կարող ենք նորածնին ինտուբացիա անել՝ խողովակով միացնել արհեստական շնչառական ապարատին: Եթե ճիշտ ժամանակին ու շատ արագ անհրաժեշտության դեպքում դա իրականացնում ես, ուրեմն դու ծնողներին լիարժեք երեխա ես հանձնում, հակառակ ու մյուս դեպքերում, կարող է ողջ կյանքի ընթացքի որակի անկմամբ երեխա ստանաս՝ րոպեների ուշացման հետևանքով:

Հպարտորեն պիտի նշեմ հետևյալը. մի քանի օր առաջ առողջապահության նախարարի հետ հանդիպել են մայրաքաղաքային, համալսարանական կլինիկաների ղեկավարները՝ մանկական ծառայության հետ կապված խնդիրների շուրջ քննարկման: Նշել են հիմնականում մարզերից տեղափոխումների մասին, որ անհրաժեշտ է զարգացնեն, որ նվազեցնեն այդ տեղափոխումները: Հենց այդ ժամանակ հանրապետության գլխավոր մանկաբույժի ու գլխավոր անեստեզիոլոգի, Սուրբ Աստվածամայր կենտրոնի ռեանիմացիայի բաժնի վարիչի կողմից հատուկ շեշտվել է Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը»՝ որպես մոդել, որտեղ գրագետ կազմակերպվում է մանուկների բուժումը: Եվ վերջում, ի լրացումն ասեմ, որ օգոստոս-սեպտեմբերին սպասում ենք ավստրիական կողմից լուրջ խմբի այցելության: Ինչու եմ ասում լուրջ, որովհետև հետագա զարգացման լուրջ նպատակների հետ է կապված վերջիններիս այցը:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

Պիտակներ՝