ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արհեստը տղամարդուն շատ է սազում կամ՝ Գյումրվա բանալիների տիրակալները

Երևի գյումրեցիներից շատերը, ովքեր խնդիրներ են ունեցել դռան փականի կամ ավտոմեքենայի բանալիների հետ, հաստատ նրանց ուղղորդած կլինեն «Միկրոյի» շուկայի տարածք, Սլաբոդկա թաղամաս տանող փողոցի խաչմերուկում գտնվող արհեստանոց՝ Աշոտի մոտ:

Այնպես եղավ, որ ինձ ևս անհրաժեշտ էր դռան նոր փական, սակայն հներից, այն, որ սովետական շրջանում էր հայտնի… Տարիքով տղամարդկանցից մեկը խորհուրդ տվեց դիմել Աշոտին:

Աշոտի արհեստանոց-խանութն հեշտությամբ գտա, նկուղային հարկով իջնելով հազար ու մի տեսակի դռան փականների, բռնակների խանութը, երիտասարդ «վաճառողին» հարցրեցի.

Աշոտըձյաձ Աշոտն էստե՞ղ է:

Երիտասարդը խառատային հաստոցն անջատեց ու պատասխանեց, որ Աշոտը…ձյաձ Աշոտը քաղաքից բացակայում է ու հարցրեց, թե ինչով կարող է օգտակար լինել: Հույսս կտրած, իսկ ավելի շուտ՝ մտածելով, թե էս ջահելն ի՞նչ իմանա, թե սովետի ժամանակ ինչ փականներ էին, ամեն դեպքում բացատրեցի, որ մեր դուռը երկաթյա է, ու իմ գծագրած փականի նկարագիրը ցույց տալով, ասացի, որ ձյաձ Աշոտն է վերջին հույսս… Հետո պետք է հաճելիորեն զարմանայի և, ինչ-որ տեղ ուրախանայի, որ երիտասարդն ու իր եղբայրը ոչ միայն ծանոթ են սովետական ժամանակների դռան փականներին, այլև ձյաձ Աշոտի որդիներն են:





 

Արհեստանոց-խանութը Աշոտ Մալոյանինն է, որդիները՝ Սերգեյն ու Սերոբն են: Բայց այս արհեստը իրենց է փոխանցվել պապից՝ Սերգեյ Մալոյանից՝ տարեց գյումրեցիներին ավելի հայտնի Գյումրեցի Ծիտեից:

Այսինքն, պապիցդ է գալիս արհեստը, իսկ արհեստի հանդեպ սե՞րը…,- հարցնում եմ տղաներին:

— Արհեստի նկատմամբ սերն եկել է մանկուց: Գալիս էինք հայրիկի մոտ, կողքը նստում ու տեսնում, թե ինչն ինչպես է սարքում: Երբեմն էլ աշխատանքը տուն էր բերում, և տանն էր շարունակում աշխատել: Այդպես մենք էլ էինք մասնակցում աշխատանքներին՝ համ օգնում էինք, համ սովորում:

Սերոբ և Սերգեյ Մալոյաններ

 

Իսկ սիրո՞վ էիք անում, թե՞ միայն հայրիկին օգնելու համար:

Սերգեյը, որը տարիքով մեծն էր, պատասխանեց.

— Ես սկզբում հավեսով չէի մոտենում էս գործին, պապային էի օգնում, հետո, որ իմ մոտ սկսեց ստացվել, կամացից սիրեցի:

Տղաները բացատրեցին, որ 10 տարի առաջ փականներն ու կողպեքներն այնքան բարդ չէին, ինչպես հետագայում բազմաթիվ բարդություններով ու գաղտնակոդերով բանալիներն հայտնվեցին մեր կյանք: Ու այս դժվարություններն իրենց ավելի է գրավել, որպեսզի խորանան, մասնագիտանան, տարբեր մեխանիզմներն ուսումնասիրեն, և ինչ խոսք, նաև… իրենց ենթարկեցնեն: Ցավով են մատնանշում, որ պապին չեն տեսել, բայց անգամ նրա 30 տարվա բացակայությունը ներկա կյանքից մոռացնել չի տվել փականագործ Ծիտեին:

Հարցնում եմ.

Տղաներ, գիտե՞ք ինձ ավելի շատ ինչը գրավեց. այն, որ դուք երիտասարդ եք, ու պապական խոսքով՝ գլուխներդ կախ՝ ձեր գործին եք, դազգահի դիմաց, արհեստ եք բանեցնում: Նաև ուրախ եմ, որ Գյումրիում արհեստները չեն մահանում: Ձեր հասակակիցնե՞րն ինչպես են վերաբերվում:

— Երբ դպրոցական էինք, դասերից տուն գալիս, մեր դասարանացիներն էլ էին մտնում արհեստանոց, իրենց էլ էր հետաքրքիր խառատի հաստոցը, աշխատանքը… Բայց մերն ուրիշ է. մերը սեր է աշխատանքի, արհեստի նկատմամբ: Ի դեպ, Ձեզ մի շարք երիտասարդների տվյալներ կարող ենք փոխանցել, ովքեր նույնպես արհեստավոր են ու պապական ժառանգական արհեստ են բանեցնում:

Գյումրիից դուրս գնալ, կամ այլ բնագավառում ձեզ գտնել չե՞ք փորձել:

— Ոչ, մենք տիրապետում ենք մեր գործին, սիրում ենք մեր արհեստը, իսկ դուրս գնալ երբ ուզենք՝ կարող ենք, որովհետև մենք ռուսական քաղաքացիություն ունենք:

Իսկ ձեր «սրտի բանալի» պատրաստել տվե՞լ են

— (Ծիծաղում են): Չէ՜, մեր սրտի բանալին դեռ չեն գտել…

Ի՞նչ խորհուրդ կտաք ձեր հասակակիցներին:

— Ով Գյումրիում է ծնվել ու ապրում, շատ լավ գիտի, թե սա ինչ քաղաք է. արվեստների ու արհեստների: Գյումրին հայտնի է ոչ միայն Հայաստանում: Ու մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր քաղաքի անունն ու պատիվը ամենուր բարձր պահենք, բոլոր ասպարեզներում՝ լինի արվեստ, սպորտ, թե արհեստ: Պիտի երիտասարդները արհեստ սովորեն, տղամարդուն դա շատ սազական է: