Նիկոլ Փաշինյանը մի բավականին տխմար հոդված էր գրել բանակցային գործընթացի և 44-օրյա պատերազմի մասին։ Ընդ որում՝ տխմարը ոչ միայն բուն հոդվածն էր, այլև ընդհանրապես այդ թեմայով հոդված գրելու գաղափարը, որովհետև մարդը պիտի գրի միայն այնպիսի բաների մասին, ինչից հասկանում է։ Եվ եթե նա, վարչապետի պաշտոնը զբաղեցնելով, այնուամենայնիվ հոդված գրելու ժամանակ էր գտել, թեմաների պակաս պիտի որ չունենար։ Օրինակ՝ «Իջևանի խոզի համային նրբերանգները», «Թանի դինջացնող հատկությունները», «Քյալլայի մասնատումը դաշտային պայմաններում» և այլն։ Այ դրանք իսկապես արժեքավոր աշխատություններ կլինեին։
Ինչ վերաբերում է բուն հոդվածին, ապա դրա համառոտ իմաստը հետևյալն էր՝ ինձանից առաջ բոլորը մեղավոր են եղել, էս ամեն ինչը կանխորոշված էր, բայց ես մտածեցի՝ փորձեմ մի բան անել, բալքիմ ստացվի, էն էլ չստացվեց, դե հիմա ես ի՞նչ մեղավոր եմ, համ էլ՝ մի քանի հազար քառակուսի կիլոմետր էս կողմ-էն կողմ, մի քանի հազար ջահել կյանք էս կողմ-էն կողմ․․․»։
Իսկ հոդվածի առանձին դրույթներին անդրադառնալը բացարձակապես անիմաստ է։ Դա թերևս կարող է հետաքրքրել միայն հոգեբաններին, որովհետև նրանց համար երևի հետաքրքիր կլինի՝ հոդվածում այնուամենայնիվ բացահայտ սո՞ւտն է շատ, խեղաթյուրումնե՞րը, թե՞ մանիպուլյացիաները, և դրանք բացարձակ անտեղյակությա՞ն, ինտելեկտի ցածր մակարդակի՞, թե՞ ինքնասիրահարվածության ու թերարժեքության բարդույթի բարդ սիմբիոզի հետևանք են։
Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյան
Պիտակներ՝ #FB