Սեպտեմբերի 10-ին հայաստանյան կինոէկրաններ բարձրացավ երիտասարդ ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» լայնամետրաժ խաղարկային ֆիլմը՝ նվիրված Վարդապետ Կոմիտասի կյանքին: Սեպտեմբերի 23-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոն կարմիր գորգով անցավ «Սողոմոնի երգերը» պատմական դրաման:
«Սողոմոնի երգերը» պատմում է Օսմանյան կայսրությունում 1881-1915թթ. տեղի ունեցած իրադարձությունների, պատանի Սողոմոնի կյանքի, նրա երկու ընկերուհիների՝ թրքուհի Սևիլի և հայուհի Սոնայի մասին։ Ֆիլմը կառուցված է իրական դեպքերի հիման վրա, իսկ իրադարձությունները զարգանում և ավարտվում են Կոմիտասի հոգևոր երաժշտության ֆոնի ներքո և վերջին համերգով:
«Սողոմոնի երգերը» ֆիլմի սցենարի հեղինակն է Օդրի Գևորգյանը, պատմությունը՝ Սիրվարդ Կավուկչյանի (Սիրվարդ Կավուկչյանի տատիկի պատմությունն է): Պրոդյուսերներ՝ Օսկարակիր ռեժիսոր՝ Նիք Վալլելոնգա, Ասկո Հակոբյան, Արման Նշանյան: Դերերում նկարահանվել են՝ Սամվել Թադևոսյանը (Կոմիտաս), Արևիկ Գևորգյանը (Սևիլ), Տաթև Հովակիմյանը (Սոնա), Սոս Ջանիբեկյանը (Սարգիս), Արման Նշանյանը (Օսման), Արտաշես Ալեքսանյանը (Աբդուլլա), Ժան—Պիեր Նշանյանը (Արքեպիսկոպոս Դերձակյան): Իսկ փոքրիկ Սողոմոնի դերակատարը ծնունդով արցախցի 15-ամյա Սլավա Սեյրանյանն է:
Ի դեպ. Ֆիլմն էկրաններ պետք է բարձրանար դեռևս 2019թ—ին, սակայն հայտնի պատճառներով՝ համավարակ, 44-օրյա պատերազմ, այն հետաձգվեց:
Ֆիլմի նկարահանումների մեծ մասը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության այն վայրերում, որոնք այսօր, ցավոք, թշնամու ձեռքում են, մասնավորապես՝ շատ դրվագներ նկարահանվել են Շուշիում։ «Սողոմոնի երգերը» ֆիլմը ՀՀ բանակին նվիրել է 16մլն դրամ։
Ֆիլմի ավարտին, մութ կինոդահլիճն ասես դատարկ էր… լռություն էր… Զգացմունքներդ լրիվ իրար են զարկվում, հուզմունքից ոչ թե արցունքներդ, այլև բարձրաձայն հեկեկոցդ չես կարողանում զսպել, իսկ արյանդ կանչը՝ երակներովդ այնքան արագ է պտտվում, որ շունչդ կտրվում է… Իմ կողքին նստած էին Արման Նշանյանն ու Սոս Ջանիբեկյանը: Իրենք, որ արդեն որերորդ անգամն էին դիտում իրենց կողմից խաղարկված ֆիլմը՝ արտասվում էին… Հասկացա լռության պատճառը. դահլիճում գտնվողներն էլ էին փորձում զսպել հուզմունքը:
«Սարգիսի կերպարը, որը ես մարմնավորում եմ, հայի ինքնության, պատվի, նամուսի, մշակույթի հավաքական կերպարն է,- ասում է Սոս Ջանիբեկյանը:- Պատմությունը և վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ այս կռիվը մեր տարածաշրջանի, մեր հանրապետության, մեր հայ լինելու, հայապահպանության, հայ ավանդական երազանքների պայքարն է… Իսկ երեխայի ծնունդն այն հանգուցալուծումն է, որ հայի նոր կյանքն է, վերածնունդն է, և ով ուզենա այն դադարեցնել՝ դժվար թե ստացվի»:
Սիրվարդ Կավուկչյանն ասում է, որ իր տատիկի պատմությունն այնքան հուզիչ էր, որ միշտ ուզեցել է էկրանավորել, և ամուսնու հետ միասին հովանավորել են ֆիլմի նկարահանումները. «Տատիկս 13 տարեկան է եղել, մազապուրծ փրկվել է Ցեղասպանությունից: Ունեցել է իրենից փոքր քույր-եղբայր, որոնց կորցրել է գաղթի ճանապարհներին: Այդուամենայնիվ, փնտրել է նաև իր թրքուհի ընկերուհուն, որի հետ մանկություն են անցել, երկուսն էլ երաժշտասեր են… Կոմիտասի տարիքին են եղել, սակայն Վարդապետի կյանքի զուգորդումներն իրենց հետ՝ արդեն հորինված պատմություն է, ես ուզել եմ կապել իրար հետ: Ֆիլմը խորն ասելիք ունի, միայն Վարդապետի տաղանդի կամ կենսագրականի մասին չէ, այլ այն, որ այսօր էլ կրոնական, ազգային տարբերությունների պատճառով ազգերը թշնամական հարաբերությունների մեջ են: Իսկ անվախ թրքուհուն ներկայացնելը ասում է, որ իրականության մեջ եղել են նաև նման դեպքեր, ես հազարավոր նման պատմություններ ունեմ հավաքած: Ֆիլմը շատ փառատոների արդեն մասնակցել է: Մեծ հույս ունեինք, թե «Օսկար»-ի հավակնորդ կլինենք, սակայն չանցանք»:
«Ցավոք սրտի, վերջին պատերազմն ապացուցեց, որ ազգամիջյան թշնամանքի թեման արդիական է,- ասում է Տաթև Հովակիմյանը,- և շատ հաճախ հարձակման ենք ենթարկվում թշնամու կողմից: Ֆիլմն ասում է, որ մենք 1915թ-ից առաջ էլ ջարդեր տեսել ենք: Հուսանք, որ օրերից մի օր մեր կյանքը կխաղաղվի»: Ասում է, որ դարերով լինելով հալածված ազգ, մենք ծնվում ենք այդ ցավով, և դրա համար մեր զգայական աշխարհն ուրիշ է: Նաև խոսեց Շուշիում նկարահանումներից ու ցավ է ապրում, որ այն վայրերով, որտեղով անցել են, այն հյուրանոցը, որտեղ ապրել են նկարահանումների ընթացքում, այլևս ադրբեջանցիների ոտքերի տակ է:
Արման Նշանյան. «Երբ կարդացի պատմությունը, շա՜տ հուզվեցի, միևնույն ժամանակ վախեցա, որովհետև խոսել Կոմիտասի մասին՝ դա մեծ պատասխանատվություն էր, որ պետք է կարողանաս խոսել յուրաքանչյուրիս հոգու ու սրտի միջի Կոմիտասի մասին: Բայց պետք էր աշխարհին ևս մեկ անգամ ցույց տալ, հիշեցնել, թե 100 տարի առաջ ու այսօր հայն ինչ ճանապարհ է անցել, և սա դաս է մեզ համար. երբեք չվստահել թուրքին»: