ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Բարի գալուստ Գյումրի. չվերթները վերսկսվել են

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի շենքն ու վազքուղին շահագործման են հանձնվել 1982թ.: Վազքուղու վրա և թռիչքադաշտում խոշորածավալ կապիտալ շինարարական աշխատանքներ չէին իրականացվել, ինչի պատճառով թռիչքուղին հայտնվել էր ոչ բարվոք վիճակում: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության միջոցներով 2007թ. ամբողջությամբ հիմնանորոգվել և ասֆալտապատվել էր թռիչքուղին (երկարությունը` 3220մ, լայնությունը`45մ), սակայն ժամանակի ընթացքում վազքուղին թարմացնելու անհրաժեշտություն էր առաջացել: Այս տարվա հուլիսի 15-ից դադարեցվել էին թռիչքները՝ վազքուղու հիմնանորոգման, նաև նոր ժամանման սրահ կառուցելու նպատակով:

Շինաշխատանքների իրականացման համար «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից ներդրվել է 7,5 մլն ԱՄՆ դոլար, որից 1,5 միլիոնը՝ ժամանման սրահի կառուցման, 6 միլիոն դոլարը՝ վազքուղու նորոգման համար: Ժամանման հին սրահի մակերեսը նախկինում 400քմ էր, այժմ՝ 870քմ: Տեղադրվել են անձնագրային հսկողություն իրականացնող 8 խցիկ և ուղեբեռի փոխադրման ժապավեն: Ժամանման նոր սրահը հնարավորություն է տալիս 1 ժամում սպասարկել 1 չվերթ, անհրաժեշտության դեպքում՝ նաև ավելին:

Սեպտեմբերի 15-ին «Շիրակ» օդանավակայանը բացեց իր դռները. կարմիր ժապավենի կտրման արարողությանը մասնակցելու էին եկել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայանի պաշտոնյաները:

Սուրեն Պապիկյանը կատարված աշխատանքից գոհ էր, կարծիք հայտնեց, որ «Շիրակ» օդանավակայանը կդառնա Գյումրու զարգացման գրավականներից մեկը: Լրագրողները նկատեցին, որ պարոն Պապիկյանը մանրամասն ուսումնասիրում է կատարված աշխատանքները, ինչին պատասխանեց. «Վերջին շրջանում շինարարների հետ շփվելիս, շինարարական աշխատանքները դիտարկելիս՝ դարձել է բնավորության գիծ»:

Հարցին, թե դեպի Եվրոպա թռիչքներ կիրականացվե՞ն, փոխվարչապետը պատասխանեց. «Իհարկե՝ կիրականացվեն: Քանի որ այս օդանավակայանը նաև համարվում է լոուքոստ ընկերությունների համար հարմար օդանավակայան »:

«Շրջապատի» հարցին, թե ինչ ծանրաբեռնվածություն է նախատեսված օդանավակայանի համար, պատասխանեց. «Այս պահին բավականին ծանրաբեռնվածություն կա: Հաշվի առնելով, որ ռուսական տարբեր օդանավակայաններ որոշակի սահմանափակումներ ունեն, Գյումրու օդանավակայանը բոլորի համար ցանկալի օդանավակայան է՝ իր գնային քաղաքականությամբ և տարբեր այլ հանգամանքներից ելնելով»:

Թե ինչ ճակատագիր է սպասվում օդանավակայանի նախկին՝ քարաշեն շենքային հատվածին, Ս.Պապիկյանն ասաց, որ դա արդեն հաջորդիվ. «Սա էլ 2023թ-ին էր նախատեսված, բայց մենք որոշեցինք ավելի արագ անել, մնացածի մասին կխոսենք հետո»:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը նշեց, որ այս տարվա ընթացքում Գյումրու օդանավակայանը մեծ ակտիվություն է ցուցաբերել, հույս հայտնեց, որ այդպես էլ կշարունակվի. «Մեր ընկերության կողմից արվող ներդրումները պատահական չեն. տեսնում ենք ապագան։ Օդանավակայանն, անշուշտ, պիտի ունենա իր մրցակցային առավելությունը և մեր պատկերացրած տեսանկյունից՝ այն պիտի ծառայի որպես մեր երկրի երկրորդային օդանավակայան՝ հիմնական շեշտը դնելով բյուջետային ընկերությունների ներգրավման վրա»։

Հարցին էլ, թե կա՞ն շահագրգիռ ընկերություններ, որոնք կցանկանան «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ իրականացնել, Սերգեյ Ավետիսյանը պատասխանեց. «Արդեն իսկ մեծ թվով ավիաընկերություններ թռիչքներ իրականացնելու են, այդ թվում Ռուսաստանի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ «Աէրոֆլոտը», որը նախադեպային է լինելու «Շիրակ» օդանավակայանի համար։ Ավիաընկերությունների հետ մեր քննարկումներն անընդհատ բնույթ են կրում, չենք դադարում բանակցել իրենց հետ՝ ներկայացնելով թե՛ Գյումրին, թե՛ «Զվարթնոցը»։ Ես կարծում եմ, որ ապագայում կունենանք լավ ցուցանիշներ, միակ խնդիրն, անշուշտ, այն անկանխատեսելիությունն է մեր ոլորտում, որը պայմանավորված է համաճարակով, իսկ դա միայն մեզանով չէ, այլ աշխարհով մեկ է»։

Պատասխանատուների հաշվարկներով, այս ամենը հնարավորություն կտա ուղևորների թիվը տարեկան 250 հազարից հասցնել 700 հազարի։

Հ.Գ. ժամանման սրահի պատերը զարդարում են Գյումրու և Հայաստանի մարզերի հայտնի զբսաշրջային վայրերի լուսապատկերները, Ֆրունզիկ Մկրտչյանի, Գյումրու եկեղեցիների ու «Լոդկա» շենքի գծանկարները: