Դեռևս 2015 թվականի հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-113-Ն օրենքը, որը արմատական փոփոխություններ է նախատեսում բուժաշխատողների մասնագիտական որակների շարունակական բարձրացման ներկայիս մոդելում` այն համահունչ դարձնելով միջազգայնորեն ընդունված չափանիշներին և մեթոդաբանությանը: Այսուհետ ՀՀ տարածքում մասնագիտական գործունեության իրավունք ձեռք բերելու համար բուժաշխատողները պետք է ունենան մասնագիտական գործունեության հավաստագիր, որը տրամադրվելու է 5 տարի ժամկետով:
Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռքբերված գիտելիքներով կարողանալու են ինքնուրույն մշակել բժշկական կազմակերպության կամ նրա որևէ ստորաբաժանման զարգացման ռազմավարությունը, մշակել նրանում կատարվող գործընթացները, կարողանալու են կառավարել բժշկական կազմակերպության ֆինանսները, ունենալու են հնարավորություն միջազգային չափորոշիչներն ու որակի տարբեր համակարգերի ցուցիչները կիրառել տարբեր մակարդակների կառավարման գործընթացներում, մշակելու մրցունակ մարքեթինգային ռազմավարություն և պացիենտակենտրոն բժշկական կենտրոնի քաղաքականություն, առաջնորդել այդ ռազմավարությունն ու հետևել դրա ճիշտ և գրագետ կատարմանը։
«Ազգային Բժշկական Պալատ» մասնագիտական միություն»ՀԿ-ի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) միջև ստորագրվել էր հուշագիր, ըստ որի, վերջինս հանձնառել էր բուհում կազմակերպել «Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացները: Դասընթացին կարող էին մասնակցել ՀՀ առողջապահության ոլորտում աշխատող բժշկական կազմակերպությունների և նրանց ստորաբաժանումների ղեկավարները, ավագ բուժաշխատողները և բժշկական կազմակերպությունների ոչ բժիշկ ղեկավար անձնակազմը։ Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին շնորհվելու են ՇՄԶ 54 տեսական և 9 գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ: Դասընթացը հիմնված է բացառապես միջազգային փորձի, պրակտիկ փորձառության և ՀՀ օրենսդրության համադրության վրա։
Մայիսի 5-ին (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ «Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացի ամփոփումը, և դասընթացները ավարտող 38 մասնակիցներին շնորհվեցին ավարտական վկայականներ:
ՀՊՏՀԳՄ ռեկտոր Կարեն Պետրոսյանը նշեց, որ այս դասընթացները սկիզբ էին առել դեռ 2020 թվականից, սակայն հայտնի պատճառներով հնարավոր եղել է կազմակերպել մեկ տարի խառը գրաֆիկով, ավելի շատ օնլայն, իսկ սահմանափակումների մեղմացումից հետո նաև օֆլայն համակարգով:
«Ազգային Բժշկական Պալատ»-ի նախագահ Նարեկ Վանեսյանը նշեց, որ նախորդ տարին եղել է ցնցումային, սակայն կարողացել են թոթափել այն. «Այստեղ ներկաներին հատուկ շնորհակալություն պետք է հայտնեմ, որովհետև Կորոնավիրուսի բեռը կոնկրետ իրենց ուսերին է, և իրենք հաջողություն են գրանցել այդ պայքարում: Հատուկ շնորհակալություն Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին և Բժշկական կենտրոնին: Նաև շնորհակալություն եմ հայտնում պատերազմին մասնակցության ու աջակցության համար: Խոստանում եմ, որ այլ բնույթի հանդիպումների, նորարարությունների դեպքում, ինչպիսին փորձեցինք անել ՀՊՏՀ-ի հետ, Շիրակի մարզն առաջիններից մեկն է լինելու, որտեղ մենք կիրականացնենք այն»: Պարոն Վանեսյանը նաև շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանին՝ գործընկերության համար, Կարեն Պետրոսյանին՝ հյուրընկալության, հնարավորություններ տրամադրելու համար:
ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ներկայացրեց, որ անցած տարվանից ՀՊՏՀ-ն ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ լիցենզավորել է «Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացը: Սա առաջինն էր, որ իրականացրեցին Շիրակի մարզում՝ «Ազգային Բժշկական Պալատ»-ի հետ համատեղ: Տիկին Գալոյանը գտնում է, որ առողջապահության ոլորտի կառավարիչների և կազմակերպիչների պատրաստման գործում Տնտեսագիտական համալսարանը պետք է իր ուրույն դերն ունենա, որովհետև բժշկի մասնագիտությունը պետք է համադրվի կառավարչի մասնագիտության հետ: Այդ իսկ պատճառով իրենք իրականացնում են նաև Առողջապահության կառավարում և վարչարարություն MBA մագիստրոսական ծրագիրը: Նաև նշեց, որ «Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացը շուրջ 166 շրջանավարտ է ունեցել:
«Կարծում եմ մեծ արդյունավետություն ենք գրանցել: Մարզի 38 բուժաշխատողներ մասնակցելով և ակտիվ համագործակցելով, այսօր ստանում են արդեն առողջապահության կազմակերպիչների և կառավարիչների վկայականաններ»: