Բիթքոյն կամ գաղտնարժույթ: Էլեկտրոնային փող կամ վիրտուալ արժույթը սկսել է շրջանառվել դեռևս 2008 թվականից։ Թվային այս արժույթը որևէ կառույցի կողմից ոչ միայն չի վերահսկվում, այլև դրա փոխարժեքի վրա չեն ազդում տնտեսական և քաղաքական ճգնաժամերը:
Բիթքոյնի իրական ստեղծողն հայտնի չէ: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ դրա հիմնադիրը հանդես է գալիս Սատոշի Նակամատո կեղծանվամբ: Մեկ այլ տեղեկության համաձայն՝ այս գաղտնարժույթի ստեղծողը ավստրալացի գործարար Քրեյգ Ռայթն է, ով լրագրողներին ցույց է տվել էկետրոնային ստորագրությունը, որում օգտագործվել են կրիպտոգրության բանալիները: Դրանք ստեղծվել են այն պահին, երբ բիթքոյնը նոր էր զարգանում:
Բիթքոյնները հնարավոր է գնել, սակայն որևէ պետության կենտրոնական բանկ բիթքոյն չի թողարկում: Որոշ երկրների կենտրոնական բանկեր այն ճանաչել են որպես արժույթ: Դեռևս 2016 թվականին բիթքոյնով կարելի էր համացանցում մի շարք ծառայություններ ու ապրանքներ գնել: 2016-ին աշխարհում 15.5 միլիոն բիթքոյն է շրջանառվել:
CNBC փարձագետների գնահատմամբ՝ 2018 թվականի վերջին բիթքոյնի գինն հասնելու է 40.000 ԱՄՆ դոլարի: «Ֆորբսի» կանխատեսմամբ՝ առաջիկա 5 տարիների ընթացքում այն կհատի 100.000 ԱՄՆ դոլարի շեմը:
Բիթքոյն ստեղծելու համար անհրաժեշտ է կատարել բարդ հաշվարկներ՝ օգտագործելով համապատասխան ծրագրային ապահովում, նաև սարքավորումներ: Բիթքոյնով կատարված գործարքները գրանցվում են հատուկ համակարգում, որը կոչվում է «բլոքչեյն»: Սա մի համակարգ է, որտեղ բոլոր գործարքները թափանցիկ են՝ բոլորին տեսանելի: Գործարքները գրանցվում են բազմաթիվ համակարգիչներում, հետևաբար որևէ մեկը չի կարող նույն բիթքոյնը երկու անգամ վաճառել կամ այլ կեղծիքներ կատարել:
Իսկ ո՞րն է առավել հեշտ՝ ստեղծե՞լ, թե՞ գնել բիթքոյն: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ամենահեշտը բիթքոյն գնելն է, քանի որ այն ստեղծելու համար թանկ սարքավորումներ են անհրաժեշտ: Մինչդեռ գնել հնարավոր է փոխանակման հարթակներից ու բորսաներից: Դուք ստեղծում եք առցանց դրամապանակ, որից հետո կարելի է գնել բիթքոյն՝ Qiwi և Paypal համակարգերով բանկային համապատասխան հաշվին փոխանցումներ կատարելով:
ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Սամսոն Դավոյանը «Շրջապատի» հետ զրույցում այս գաղտնարժույթի վերաբերյալ մասնավորապես նշեց. «Բիթքոյնն էլեկտրոնային փող է, որի հիմնադիրները մասնավոր անձինք են: Հիմնական նպատակը փոխարժեքի տատանումների արդյունքում հնարավորին չափ գերշահույթներ ապահովելն է: Իրենք շրջանառության մեջ են դնում որոշակի գումար և հետևում դրա փոխարժեքին: Ընդ որում, շատ երկրներ, օրինակ՝ Չինաստանն իր տարածքում չի թույլատրում բիթքոյնի օգտագործումը, մինչդեռ Վենեսուելան իր էլեկտրոնային փողն է ստեղծել: Որոշ երկրներում, եթե քո անձնական հաշվին ունես բիթքոյն, կարող ես առևտուր անել՝ սկսած անշարժ գույքից, վերջացրած շարժական գույքով: Աշխարհում կան հարյուրավոր էլեկտրոնային փողի տեսակներ, բայց բիթքոյնների շրջանառության ծավալներն ավելի մեծ են՝ հասնելով մինչև 300 միլիարդ դոլլարի:
Ռուսաստանի ֆինանսների նախարարն ասել է, որ դա պրոֆեսիոնալների ոլորտ է, խորհուրդ չէինք տա, որ սովորական մարդիկ էլ մտնեն այդ խաղի մեջ, քանի որ ծուղակներ են պատրաստվում, իրենք պետք է փորձեն ֆինանսական վերլուծություններ կատարել: Հիմնականում խաղը գնում է փոխարժեքի փոփոխության վրա»:
Իսկ հասարակ քաղաքացին ինչպե՞ս կարող է ձեռք բերել բիթքոյն, Ս.Դավոյանը պարզաբանում է, որ դրա համար անհրաժեշտ է, որպեզի անձը մուտք գործի այն կայքերը, որտեղ բիթքոյն է վաճառվում: Գրանցվում են, համապատասխան հաշվին դոլարով գումար են փոխանցում և դրա դիմաց իրենց հաշվին էլեկտրոնային տարբերակով բիթքոյն է գրվում, ասենք 50 բիթքոյն, որը կարող են վաճառել կամ դարձնել 60 բիթքոյն: «Նպատակն այն է, թե ինչպես շահող դուրս գաս՝ էժան առնես, թանկ ծախես: Դա էլ բիթքոյնի հիմնադիրներն ու պրոֆեսիոնալները կարող են անել: Պատահական մարդն էլ կարող է հասկանալ՝ երբ գնի, երբ վաճառի բիթքոյն, բայց քիչ հավանական է, որ կարող է պրոֆեսիոնալ կերպով տիրապետել այդ ամենին: Այնպես որ՝ բիթքոյնը ռեալ գումարի վերածել հնարավոր է: Ինձ ասել են, որ Երևանում էլ խանութ կա, որտեղ բիթքոյնով առևտուր կարելի է կատարել: Օրինակ՝ վրաց ձեռնարկատեր Բիձինա Իվանիշվիլին 2 մլրդ դոլար է աշխատել, երբ բիթքոյնը սկսել է շրջանառվել: Ուրեմն բիթքոյնի ստեղծողների հետ համագործակցել է, եթե նման չափի գումար է աշխատել»:
Հարցին՝ արդյո՞ք բիթքոյնի շրջանառության մեծացումը կարող է հանգեցնել այլ արժույթների վերացմանը, Ս.Դավոյանը պատասխանեց. «Դա չի կարող լինել: Համապատասխան գործող օրենսդրության, տարբեր երկրներում տարբեր արժույթներ են շրջանառվում: Մինչդեռ բիթքոյնի մասին այդպիսի օրենսդրություն դեռ չկա, դրա համար երկրները երբ ուզենան, կարող են արգելել բիթքոյնի շրջանառությունը, եթե դա իրենց հայրենական արժույթին վնաս հասցնի: Օրինակ՝ օրենսդրություն չկա այն մասին, թե ինչպես հարկել բիթքոյնից ստացված եկամուտը»:
ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ