ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Բոլորիս ցանկությունն է՝ քաղաքը դարձնել ավելի գեղեցիկ, ավելի մաքուր, ավելի բարեկարգ»

Հարցազրույց «Գյումրու կոմունալ ծառայություն» ՀԲՀ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ԱՐՏԱԿ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ:

Պարոն Ոսկանյան, վաղո՞ւց եք այս համակարգում:

— Շուրջ 4 տարի: Նախ բրիգադիր եմ աշխատել, ապա տնօրենի տեղակալ, իսկ անցած ամսից Գյումրու քաղաքապետի որոշմամբ՝ պաշտոնավարում եմ «Գյումրու կոմունալ ծառայություն» ՀԲՀ-ն:

Այս ժամանակահատվածների միջև համեմատական տանելով՝ փոփոխություն կա՞:

— Այո կա, որն եղել է թիմային աշխատանքի շնորհիվ: Թե այն ժամանակ աշխատում էինք պարոն Սամսոնյանի հանձնարարականներով, հիմա էլ նրա խորհուրդներով, հանձնարարականներով ենք աշխատում: Բոլորիս ցանկությունն է քաղաքը դարձնել ավելի գեղեցիկ, ավելի մաքուր, ավելի բարեկարգված, ու այնպես աշխատենք, որ Գյումրու բնակիչը դժգոհություն չունենա, հակառակը՝ գոհունակություն հայտնի մեր աշխատանքի համար:

Բայց այդ ամենը պետք է փոխադարձաբար լինի: Յուրաքանչյուրը մինչ պահանջատեր լինելը, պետք է նաև պատասխանատու լինի. բնակիչն ինքն էլ քաղաքին պետք է վերաբերվի այնպես, ինչպես իր տան հետ:

— Այո, համամիտ եմ, բնակիչն էլ պետք է ընդունի որպես անխախտ, թեկուզ չգրված օրենք՝ աղբը թափել աղբամանում, և ոչ թե շենքերի, բնակելի տարածքից դուրս հատվածում՝ փողոցում, մայթեզրերին, մեքենայից դուրս աղբ չպիտի նետի: Փառք Աստծո, կարելի է ասել՝ քաղաքում բավականաչափ թվով աղբամաններ դրված են: Բայց ոչ թե վերաբերվեն այնպես, ինչպես, ասենք, պատմական միջուկի 14 և 16 փողոցների հատվող հատվածում աղբը թափող բնակիչների պես:

Մի՞թե դեռ այդպես են վարվում. այս թեման արդեն մի քանի տարի շոշափվում է…

— Այո, շարունակվում է: Եթե արդարացում են գտնում, թե իբր աղբամանները հեռու են, դա այդպես չէ, քանզի 500 մետր շառավղով տարբեր տեղերում կան աղբամաններ: Բնակիչը իրեն նեղություն չի տալիս մի քանի մետր անցնելու, այլ ուղղակի փոքր աղբարկղում է նետում իր կենցաղային աղբը: Վերջիվերջո, անհարմար է. պատմական միջուկում եք, գեղեցիկ, բարեկարգ փողոցներ են, հյուրերն էլ են այս հատվածում շատ: Դուրս է գալիս, որ մեր աշխատակիցները առավոտից երեկո հենց այս փողոցում պիտի հերթապահեն, որ բնակիչների անփույթ արարքների հետևանքները մաքրեն:

 

Իսկ ճիշտ չի՞ լինի, եթե տեսախցիկներ տեղադրվեն, ֆիքսեն անփույթ բնակչին և տուգանքի ենթարկեն: Երևի գրպանին կպնելով հարցը շատ արագ կլուծվի:

— Այդ հարցը քննարկման փուլում է, տեսնենք, թե ինչպես կլինի, որովհետև կազմակերպչական խնդիրներ կան. ո՞վ է համակարգելու, ո՞ւմ իրավասության դաշտում է տուգանելու գործառույթը և այլն: Տեսեք, կա նման գործառույթ, որ պարեկային ծառայության կողմից կարող են կանգնեցվել այն մեքենաները, որոնցից աղբ է դուրս նետվում: Մի մեխանիզմ պիտի մտածենք, որ ճիշտ լինի:

Ձեր բաժինը աշխատակիցների անհրաժեշտություն ուներ, հնարավոր եղա՞վ համալրել:

— Այո, արդեն աղբատարի վարորդներ կան, սանմաքրման աշխատակիցներ կան, ներկայում կանաչապատման աշխատակիցներ են անհրաժեշտ: Սա սեզոնային աշխատանք է համարվում, մի քիչ սա դժվարացնում է աշխատակից գտնելու հարցը: Մյուս կողմից, մարդը չի ուզում սեզոնային աշխատանքի պատճառով զրկվել պետական նպաստից՝ ոչինչ չանելով 20-30 հազարը հեշտ կստանան:

Պարոն Ոսկանյան, մենք բավարար քանակի տեխնիկա ունե՞նք աշխատանքները մաքսիմում լավ կազմակերպելու համար:

— Ունենք իհարկե, սակայն միշտ էլ նոր ու խելացի տեխնիկայի կարիք կզգացվի: Իսկ աղբամանների քանակը բավարար է, բայց ոչ բավական. եթե կրկնակի ավելացվի՝ վատ չէր լինի:

Իսկ տեսակարար աղբի համար այդպես էլ աղբամաններ չդրվեցին:

— Հիմա ծրագիր կա աղբի տեսակավորման, կարծում եմ մինչև տարեվերջ այդ աղբամանները կհասնեն քաղաք, կտեղադրվեն, և արդեն տեսակավորված աղբը կհեռացվի:

Նոր աղբավայր հատկացնելու խոսք կա:

— Առայժմ քննարկման փուլում է, կառավարության որոշմամբ պետք է նոր աղբավայր հատկացվի, որպեսզի «Մուշ» թաղամասից Բուլվարային հատվածը մաքրվի, որտեղ, ինչպես գիտեք, նախկին տնօրենի՝ Արման Շաբոյանի գործուն աշխատանքի շնորհիվ անտառահատված հիմնվեց, որը շարունակական է լինելու, մինչև մաքրվի, ծածկվի աղբավայրը:

Նաև փողոցին զուգահեռ ոռոգման ցանց է անցկացվում, որը, կարծում եմ, ամենակարևորն է: Մինչդեռ քաղաքում այդ համակարգը կորավ

— Այո, ջուրն է կյանքը, և այդ հատվածում ցանցի անցկացումը կբավարարի անտառահատվածի ջրման համար: Իսկ ինչ վերաբերում է քաղաքի ոռոգման ցանցի Ձեր ասած՝ կորստյանը, այո, ցավոք, այդպես է. ստիպված ծառերն ու թփերը ջրվում են ջրցան մեքենաներով, մինչև մի գեղեցիկ օր հնարավոր դառնա նոր ոռոգման ցանցի անցկացումը:

Ժամանակին, երբ երևէ մեկը ապօրինի ծառ էր կտրում՝ խայտառակ էինք անում, քաղաքային իշխանությունն էլ կարծեմ տուգանում էրինչո՞ւ հիմա այդպես չէ. մարդիկ երբ, որտեղ ուզում՝ ծառ են կտրում, որտեղ խանութ ու օբյեկտ են կառուցում, դիմացի ծառերի ճակատագիրն են լուծում՝ կտրելով իհարկե:

— Դե, կանոնակարգ կա, եթե բնապահպանական տեսչությունը ուսումնասիրություն է անում, տուգանք են սահմանում, իրավապահ մարմինն էլ իրականացնում է այդ գործառույթը: Երբ մեզ տեղյակ են պահում ապօրինի ծառահատման դեպքի մասին, մենք անմիջապես արձագանքում ենք, գնում ենք դեպքի վայր, հրավիրում ենք բնապահպահական տեսչությանն ու ոստիկանությանը, կամ հարցում են անում, թե արդյո՞ք մենք թույլտվություն տվել ենք էտման աշխատանքներ իրականացնելու համար:

Տեղյակ եմ, որ երբ քաղաքապետարանը ծառատունկ է իրականացնում, դրանից օրեր անց շատ ծառեր անհետանում են

— Ես անձամբ մասնակից եմ եղել ծառատնկմանը, բայց որոշ ժամանակ անց գնացել, տեսել ենք միայն փոսերն են մնացել, հատկապես խոսքը մրգատու ծառերին է վերաբերում: Լավ՝ երբ տանում են իրենց բակում ու հարակից հատվածում դրանք տնկելու՝ դա էլ ինչ-որ տեղ թթվածնի պաշարը համալրում է, բայց այլ է, երբ հատուկ վնասման միտումով ծառերը կոտրվում են: Եղել է, որ բնակիչն եկել է, բողոքել, թե այդ ծառը, որ տնկել եք մեր շենքի մոտ, վաղը մյուս օր կմեծանա, կփակի պատուհանները: Նման մտածելակերպ ունեցողներ էլ կան, որ ինքնուրույն պոկում, վերացնում են նոր տնկիները: Սակայն չեն մտածում, որ մենք այդ ծառերը տնկելով, մշտական, փուլ առ փուլ հետևողական աշխատանքներ ենք իրականացնելու: Իսկ օբյեկտատերերին մենք ասել ենք, որ պատրաստ ենք օգնելու՝ սև հող տանք, ծառատեսակ, ծաղիկ տանք, որ իրենց օբյեկտի շուրջ բոլորը բարեկարգեն, կանաչապատեն, դա նաև շատ գրավիչ է: Քաղաքապետն էլ է մեզ խորհուրդ տվել, որ բնակչին ընդառաջենք, եթե կանաչապատման, բարեկարգման համար օգնության կարիք կունենան:

Իսկ ի՞նչ կարծիքի եք, երբ սոցիալական ցանցերում լուսանկարներ են հրապարակվում, կամ տեղեկություն է տարածվում, որ զբոսաշրջիկներն են աղբահանություն իրականացնում

— Շատ շնորհակալ ենք, որ կան մարդիկ, որոնք հետևողական են մաքրությանը, միշտ էլ ուրախ կլինենք, որ մեզ օգնում են, եթե կլինեն կազմակերպություններ, անհատներ, որոնք մաքրության նախաձեռնություն ունեն, մենք պատրաստակամ ենք նրանց միանալ, տեխնիկա տրամադրել: Այո, հնարավոր է, կան տարածքներ, հատվածներ, որ միգուցե մեր տեսադաշտից դուրս է մնացել, ուրախ կլինենք, որ տեղեկացնեն: Դա որպես բողոք չենք ընկալում, այլ որպես օգնություն: Պարոն Սամսոնյանն էլ է միշտ ասել, որ պետք է միշտ պատրաստակամ լինենք բնակչի պահանջներին ընդառաջ գնալու այն խնդիրների դեպքում, որը մեր գործառույթներում է: Կոմունալ ծառայության աշխատակազմը պատրաստակամ է իրականացնելու թե իր գործառույթները, թե բնակչին օգնելու՝ քաղաքը մաքրելու, բարեկարգելու, կանաչապատելու առումով բոլոր նախաձեռնություններում: