ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Բռնություն՝ քողարկված չարիք

«Խավարի մեջ մի շող»

«Հարբեցող ամուսին, դժոխատես սկեսուր, ովքեր բռնանում են իմ կամքին».-Աստղիկի ամուսնական կյանքը դժոխքի է վերածվել:

Նա դեռահասության տարիներից երազկոտ էր, սիրում էր կյանքը, իր գյուղի զմրուխտափայլ բնությունը, երազանքին անձնատուր եղած ապրում էր հույսով ու հավատով: Պարմանուհին մեծացավ, թևակոխեց կյանքի նոր փուլ, հրաշալի ապագայի ակնկալիքով որոշեց բարձրագույն կրթություն ստանալ քաղաքում:

Նոր էր բոլորել 24-ամյակը, (հերոսուհու անունը փոխված է հարազատների հետ խնդիրներից խուսափելու համար) մի հիասքանչ օր որոշում է այգում զբոսնել: Քամու սուրոցից բարձրուղեշ ծառերի մեղեդին պարուրել էր պարտեզը, փթթած խնձորենիները վսեմաշուք տեսք էին հաղորդել, արևի շողերով ողողված էր այն: Դրախտային միջավայրում նստարանին նստած, աշխարհից անէացած  երազանքների գիրկն էր ընկել օրիորդը: Վեր կենալով նստած տեղից  հուշիկ քայլերով մոտեցավ խնձորենիներին՝ ըմբոշխնելու դրանց բույրը: Այգում զբոսնելը ճակատագրական եղավ իր համար. հանդիպեց տղայի, ում սիրահարվեց: Դա սեր էր առաջին հայացքից: Ապագա ամուսինը մասնագիտությամբ շինարար էր, ընտանիքի երրորդ որդին, մնացածներն ամուսնացել, գնացել էին Ռուսաստան:

Զուգընկերների հարաբերությունները բավական լավ էին: Ընտրյալը  ծաղիկներ էր նվիրում Աստղիկին, ով հասցրել էր ծանոթանալ նաև ապագա սկեսրոջ հետ: Ամիսներ անց երկուսն էլ ամուսնացան. յուրաքանչյուրը նման էր  ծաղկի, ապրում էին համերաշխ, կարծես աշխարհն իրենցը լիներ: Չորս տարի անց իրավիճակը փոխվեց, երբ զույգերն աղջիկներ ունեցան:

Զրույցիս հերոսուհին երբևէ չէր մտածում, թե մի օր ամուսնու և սկեսրոջ դիմակները պատռվելու են, որ երջանիկ ընտանիք ունենալու ցանկությունները չպետք է իրականանային, կյանքի խորդուբորդ ճանապարհներն էր անցնելու,  այն լաբիրինթոսի էր վերածվելու, որից դուրս գալու ելք գտնելը բավական դժվար էր լինելու.«Սոցիալական խնդիրները խորանում էին: Ամուսինս մեծ-մեծ բրդում էր, որ ամեն ինչ կանի իմ, մեր ապագա երեխաների համար, սակայն այժմ հաճախ հարբած է տուն գալիս, նախկինի նման չի ցանկանում աշխատել: Եղել է դեպք, երբ առանց պատճառի ապտակել է ինձ: Սկեսուրս էլ տղային լարում է իմ դեմ, խոչընդոտում իմ՝ երեխաների դաստիարակությամբ զբաղվելուն, հիշեցնում, որ բանի պետք չեմ, չնայած տան միակ աշխատողը ես եմ, դպրոցում եմ դասավանդում և աշխատածս գումարը սկեսրոջս եմ տալիս:

Գնալով հիասթափվում եմ նրանից,-վրդովվում է երիտասարդ կինը,-մի անգամ էլ բարձիս մեջ քորոցով ծակած թուղթ գտա, վրան թվեր էին գրված: Իմացա, որ թուղթուգրով է զբաղվում: Մտածում եմ՝ ինչպիսի տգիտություն և անգրագիտություն, այս ու՞ր եմ ընկել: Ինձ վատություն է ուզում անել, բայց ինչու՞…այս հարցի պատասխանը մինչ օրս չեմ կարող գտնել»:

Երիտասարդ կնոջ աղջիկները հաճախ են ծնողների վիճաբանությանն ականատես լինում: Նրանք չեն ցանկանում շփվել հոր հետ, ով վեճերի սիրահար է.«Ամուսինս կարծում է, որ  ես պետք է լուռումունջ հանդուրժեմ իր քմահաճույքները, չբարձրաձայնեմ իմ իրավունքների մասին:

Հետզհետե գիշերները ուշ է տուն գալիս: Ամենասարսափելին, որ պետք է պարզվեր՝ սիրուհի ունենալն էր: Շարունակում եմ նրան հանդուրժել հանուն երեխաներիս, ովքեր ինձ համար մթության մեջ մի շող են: Չեմ ցանկացել բաժանվել ամուսնուցս, բայց անհրաժեշտ է  նայել մեդալի մյուս երեսին. չեմ ուզում, որ երեխաներս հարբեցող հայր ունենան: Ծնողներս համաձայն են իմ՝ երեխաներիս հետ հայրական տանը բնակվելուն: Երբեմն խորհում եմ՝ լավ չէ՞ր մեր գյուղում մնայի, որքա՜ն եմ կարոտել  իմ հայրական տանը»:

«Դողալով կապրեի, քնած տեղն էլ կվախենայի»

Տարեցներին բռնության ենթարկելու դեպքեր առկա են ամբողջ աշխարհում: Հետևանքը՝ նրանց կյանքի միջին տևողության կրճատումն է:

Հայ ընտանիքներում բռնության են ենթարկվում նաև ծեր կանայք՝ հիմնականում չցանկանալով բարձրաձայնել տեղի ունեցածի մասին: Բռնությունը քողարկված չարիք է՝ հղի կործանարար հետևանքներով:

Տարեց կանանց ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական բռնության են ենթարկում ոչ միայն կողակիցները, այլև չափահաս աշխատունակ զավակները: Նմանատիպ դեպքերում վերջիններս իրենց անաշխատունակ, կարիքավոր մայրերի կեցությանն անհրաժեշտ պայմանները դիտավորյալ չեն բավարարում:

Ոմանք հավաստում են՝ չնայած ժամանակին հոգ են տարել իրենց երեխաների մասին, սակայն ծերունական տարիքում մնացել են բախտի քմահաճույքին կամ ստիպված են ճիրանների մեջ ապրել: Լինում են դեպքեր, երբ ծերության հասած կանայք հարազատների վատ վերաբերմունքի պատճառով տանից հեռանում և բնակվում են ծերանոցներում:

«Գյումրու տուն-ինտերնատ»-ում բնակվող 91-ամյա Վերոնիկա Ալեքսանյանը հարսի և որդու հետ տարաձայնություններ է ունեցել. հարսը չի ցանկացել, որ նա իրենց հետ բնակվի՝ պատճառաբանելով, թե տան պայմանները լավը չեն՝ դժգոհելով.«Հոժար չե՞ս, օրը երկու-երեք անգամ հաց կուտես»:

Վերոնիկա Ալեքսանյան

Տարեց կինը նշում է, թե ինքն հիմնականում տնակում է բնակվել, միայն 2-3 ամիս՝ ձմռանն է իր տղայի և հարսի հետ ապրել.«Տղիս նեղություն կուտար, տղես էլ խմեր, գուկար ղալմաղալ կեներ, հայհոյանք: Դողալով կապրեի, քնած տեղն էլ կվախենայի: Ընձի վիրավորեց, ոտնահարեց տղես, վերջը տեսա հնար չկա, դուռը բացի ու փախա: Սի փախնիմ, էրթամ ծերանոց, գոնե փորմ հաց կուտեմ, տաք տեղ կմնամ»:


Կանանց
հանդեպ բռնության պատճառական կապը

Ընտանիքում կնոջ նկատմամբ բռնությունը բացասաբար է անդրադառնում մայրիկի՝ անչափահաս երեխաների հետ ունեցած փոխհարաբերությունների վրա՝ պատճառ հանդիսանալով նրանց հանդեպ մոր չգիտակցված ագրեսիվության: Ընտանիքում մշտական բռնության տեսարանների առկայությունը նպաստում է երեխաների՝ դեռահասության տարիքում շեղվող վարքագծի ձևավորմանը:

Գյումրու «Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի կենտրոնի հոգեբանին կանայք սովորաբար դիմում են անուղղակի կերպով՝ երեխաների միջոցով.«Ոնց որ երեխան լինի այն կամուրջը, ով ահազանգում է, որ ընտանիքում ինչ-որ բան այն չէ: Երեխայի հետ աշխատանքի ընթացքում բացահայտվում է, որ նա ագրեսիվ է: Անանուն տվյալները լրացնելուց, խնդիրն հստակեցնելուց պարզվում է, որ մայրը բռնության է ենթարկվում, ընտանիքում բազմաթիվ խնդիրներ կան: Եթե մայրը ճնշված է, ծեծված, մշտապես առկա են սահմանափակման խնդիրներ, ապա ոչ գիտակցված վարքային դրսևորում է, երբ նա բռնություն է կիրառում երեխայի նկատմամբ»,-կանանց հանդեպ բռնության հետևանքներին է անդրադառնում կենտրոնի հոգեբան Ելենա Հովհաննիսյանը:

Ելենա Հովհաննիսյան

Կանանց դեմ ուղղված բռնության հիմնական պատճառն այլակարծությունն է, որը ծնում է ագրեսիա: Բռնությունը (ֆիզիկական, սպառնալիք, վստահության չարաշահում, ճնշում, տնտեսական, ունեցվածքի ոչնչացում, հուզական սակավություն,  ինքնակործանիչ վարք, վերբալ (խոսքային), սեռական, մեկուսացում, հարկադրում) միշտ նույն նպատակն է հետապնդում. վերահսկել կանանց, կառավարել՝ վախեցնելու միջոցով:  Ամենատարածվածն հարկադրում, մեկուսացումն է: Այս դեպքում անձն ունենում է սոցիալական միջավայրի հետ նվազագույն շփում.«Կանանց արգելում են տանից դուրս գալ, մասնակցել երեխայի՝ սոցիալական միջավայրում իրականացվող ծնողավարման գործընթացին, արգելում են կապի միջոցով, սահմանափակում  հայրական ընտանիքի հետ շփումները: Հարկադրում են, զրկում խոսքից, որոշումներ կայացնելու իրավունքից, իր աշխատած գումարն ազատ ծախսելու հնարավորությունից: Եթե կինն աշխատում է, պարտավորեցնում են գումարը բերել, տալ տան ղեկավարին կամ տղամարդուն»:

Կնոջ հանդեպ ֆիզիկական բռնությունը բնորոշվում է իբրև անձի նվաստացում, որը մեր ազգային առանձնահատկություններից է.«Նույնիսկ կա նման պատկերացում՝ եթե ծեծում է, ուրեմն սիրում է, այն չդիտարկելով որպես բռնություն և ստորացում»:

Սովորաբար մայրերն են  իրենց զավակներին հրահրում՝ պատժելու կնոջը, որպեսզի վերջինս չհամարձակվի ինչ-որ հարցում անհամաձայնություն ցուցաբերել.«Ամուսնացած կանայք մուտք գործելով բազմանդամ ընտանիք, ստիպված ենթարկվում են սկեսուրներին, ովքեր ընտանիքի ղեկավարությունն իրենց ձեռքն են վերցնում: Սկեսուրն ամբողջ հարցերի կառավարիչն է, հարսին չի ընդունում որպես անձնավորություն, ով ընտանիք է կազմել և պետք է երեխաներ ունենա, գտնելով, որ հարսն իրեն պետք է ենթարկվի: Ենթագիտակցորեն սկեսուրների մոտ առկա է վախի դրսևորում, որ կկորցնեն իրենց առավելությունները, իրավունքները տան մեջ: Երբ սկեսուրները կարողացան չդիտարկել հարսներին որպես մրցակից, ովքեր իրենց զավակներին պետք է իրենցից տանեն, հարցերը կդիտվեն այլ կերպ»:

Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանին հուզում է այն, որ բռնության ենթարկվելու արդյունքում ոչ միայն կանայք են առողջական, հոգեբանական խնդիրներ ունենում, այլև նրանց երեխաները.«Բռնությունն անկանխատեսելի հետևանքներ է ունենում: Մարդը չի կարող մշտապես ֆիզիկապես և հոգեպես ճնշված լինել: Նրան անհրաժեշտ է երբեմն իրեն գնահատված, կարևոր զգալ ընտանիքում և հասարակության մեջ: Եթե անընդհատ նա ճնշվում է և՛ խոսքերով և՛ հայհոյանքով և՛ բռունցքներով և՛ քացիներով, բացառված է, որ մարդն ադեկվատ վիճակում լինի»:  Կանայք Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին դիմում են ծայրահեղ դեպքերում, երբ դանակն հասնում է ոսկորին. կինը երեխաների հետ հայտնվում է փողոցում.«Ներկայացնեմ երկու դեպք, երբ տան մեջ եղել է սկեսուր, ամուսին, կին և երկու երեխա, սակայն ամուսինը դուրս է արել և՛ մորը և՛ կնոջն ու երկու երեխային: Դեպք ենք ունեցել, երբ ամուսինը ՌԴ-ում է, բայց կինն ապրում է սկեսրոջ, տեգրոջ հետ մի հարկի տակ և բռնության ենթարկում է տեգրն իր եղբոր կնոջն ու երեխաներին: Մեկ այլ դեպքում ամուսինը ոչ ադեկվատ (ոչ համարժեք) պահվածք դրսևորելով, լինելով թմրամոլ, իր պահանջները բավարարելու նպատակով և՛ տան ֆինանսին է վերջ տվել և՛ կնոջն ու երեխաներին է ծեծել»:

Լիլիթ Գորգինյան

Մարզպետարանի համապատասխան բաժին դիմելուց հետո, երբ չի հաջողվել ընտանիքին վերադարձնել բնականոն միջավայր, բռնության ենթարկված կանայք ուղղորդվել են ապաստարան: Սակայն, շատ դեպքերում կանայք հրաժարվել են այնտեղ գնալ՝ հույս ունենալով, որ ամուսինները կուղղվեն.«Երբ իրենց բացատրում ես, որ ունես այս-այս իրավունքները, պետք է դիմում գրես ոստիկանություն, որպեսզի քրեական գործ հարուցվի, հրաժարվում են դիմում գրելուց, գրելու դեպքում էլ, 2-3 օր անց, այն ետ են վերցնում»:

Մեծ խնդիր է Շիրակի մարզում բռնության ենթարկված կանանց համար ապաստարանի բացակայությունը.«Հանրապետությունում մեկ-երկու ապաստարան կա, կարող է տեղ չլինել, սակայն մեր մարզին միշտ ընդառաջել են, երբ մենք կնոջը երեխայի հետ միասին ապաստարան ուղարկելու խնդիր ենք ունեցել»:

«Ժողովրդավարությունն այսօր» ՀԿ-ի նախագահ Գուլնարա Շահինյանը գտնում է, որ  ՀՀ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն ընտանեկան բռնությունը ծնող պատճառները վերացնելու համար. սոցիալ-տնտեսական ծանր վիճակ, աշխատատեղերի բացակայություն: Դրանց առկայությունը բռնության ենթարկված կանանց անկախ ապրելու գրավականն է.«Տղամարդիկ էլ են ենթարկվում բռնության, այս հարցին ևս պետք է ուշադրություն դարձնել»:

Համաձայն «Հայաստանում ընտանեկան բռնությանը բազմաոլորտային արձագանքի տրամադրման առկա պրակտիկայի և նախաձեռնությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված» հետազոտության,   այն կանխարգելելու առաջնային պայման է տղամարդուն և կնոջն աշխատատեղով ապահովելը:


Կանանց
դեմ ուղղված բռնության վերաբերյալ վիճակագրություն, ընտանեկան բռնության մասին ՀՀ օրենքը                                                                                                                                    

 ԱՀԿ-ի՝ (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) տվյալները փաստում են՝ աշխարհում յուրաքանչյուր երրորդ կին՝ (35%)-ն իր կյանքի ընթացքում զուգընկերոջ կողմից ենթարկվում է սեռական կամ ֆիզիկական բռնության կամ նրանց սեռական բռնության են ենթարկում այլ անձինք: Կնոջ հանդեպ ֆիզիկական, սեռական, հուզական բռնությունը կարող է ընկճախտի, մահվան պատճառ դառնալ՝ սպանությունների և ինքնասպանությունների տեսքով: Աշխարհում մինչև 38% կանանց սպանությունն իրականացնում են արական սեռի ինտիմ զուգընկերները: Եվրոպայում 12%-15% կանայք ընտանիքում բախվում են ամենօրյա բռնությանը:

Որևէ մեկը մյուսի հանդեպ չպետք է ունենա իրավունքի գերակայություն, ճնշի, դաժանորեն վերաբերվի այլ անձանց, մինչդեռ Ռուսաստանում, Հնդկաստանում, աֆրիկյան և մի շարք այլ երկրներում կանանց հանդեպ բռնությունը տարածված է:

Խաչատուրյան քույրերը դաժանորեն սպանեցին հորը: Զարհուրելի սպանությունը ցնցեց Ռուսաստանը: Մամուլում առկա տեղեկատվությամբ, Միխայիլ Խաչատուրյանը տարիներ շարունակ բռնության էր ենթարկել աղջիկներին: Դուստրերի պատմելով փաստացի, հայրը նրանց օգտագործում էր որպես ստրուկների:

Ռուսաստանում բնակվողների կեսից ավելին՝ 55%-ը բացասաբար է վերաբերվում ընտանիքում ծեծի ապաքրեականացմանը:

Հնդկաստանում ամուսինը ծառից կապված կնոջը 100 անգամ հարվածել է, երբ նրան մեղադրել են ամուսնուն դավաճանելու համար:

2010 թվականի հոկտեմբերի 1-ին, (ՀՀ-ում նշվում է  ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը) ամուսնու դաժան ծեծի պատճառով զոհվեց Զարուհի Պետրոսյանը:

Ընտանիքում բռնության առկայությունը՝ ամուսինների՝ կանանց բռնության ենթարկելը բացասաբար է անդրադառնում վերջիններիս սեռական, վերարտադրողական առողջության վրա:

Վիճակագրական տվյալները փաստում են՝ Հայաստանում ամուսինների՝ կանանց դեմ ուղղված բռնությունն ընտանիքներում ամենամեծ թիվն է կազմում:

Ըստ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանի, 2018 թվականի 5 ամիսներին իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ գրանցվել է բռնության 864 դեպք, որից 40-ը սեռական անձեռնմխելիության և ազատության դեմ ուղղված հանցագործություններն են: 864-ից 223–ն ընտանեկան բռնության դեպքերն են: Ամուսնու՝ կնոջ նկատմամբ բռնության 164 դեպք է արձանագրվել, կնոջ՝ ամուսնու նկատմամբ՝ 1 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իգական սեռի ներկայացուցիչների վերաբերյալ բռնության 842 դեպք է ի հայտ եկել, որից 41-ը սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն են, 241-ը՝ ընտանեկան բռնության դեպքերը:

ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով, 2018 թվականի առաջին կիսամյակում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննվել է 258 քրեական գործ՝ նախորդ տարվա 215-ի փոխարեն։ Դրանց մեծ մասն առնչվում է ամուսնու կիրառած բռնությանը: Ընտանեկան հանցագործություններից 5-ը եղել է մոր, 10-ը՝ հոր, 2-ը` խորթ հոր, 5-ը՝ եղբոր, քրոջ, 23-ը` զավակի, 99-ը՝ ամուսնու, 5-ը՝ կնոջ, 4-ը՝ թոռան, 4-ը՝ ամուսնու ծնողների, 5-ը՝ հարսի, փեսայի կատարած:

ՀՀ ոստիկանության տեղեկություններով, Շիրակի մարզում 2017 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է ընտանիքի մի անդամի՝ մյուսի նկատմամբ կատարված ոտնձգության 53 դեպք, որից 21-ն ամուսնու՝ կնոջ հանդեպ: 2018 թվականի առաջին կիսամյակում՝ 47 դեպք, որից 25-ն ամուսնու՝ կնոջ նկատմամբ:

ՀՀ-ում ընտանեկան բռնության մասին օրենքի կիրառումն ապահովելու նպատակով  հաստատվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու, խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները հաստատելու մասին» որոշման նախագիծը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասի լրամշակմամբ որոշ հանգամանքների առկայությամբ պայմանավորված դատախազն իրավասու է ընտանիքում բռնության դեպքերում հարուցել քրեական գործ անկախ տուժողի բողոք ներկայացնելուց: Տուժողի ու մեղադրյալի հաշտության դեպքում քրեական հետապնդումը չի դադարեցվում:

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան կոչված է ձևավորել ընտանեկան բռնության հանդեպ «զրոյական հանդուրժողականություն», որի անկյունաքարը բռնության կանխարգելումն է, նրա զոհերի պաշտպանությունը և ուղղված է առանձին անհատների աշխարհընկալման վրա ազդելուն, հատկապես տղամարդկանց և տղաների, փոխել նրանց վարքագիծը:

Եվրոպայի խորհրդի կոնվենցիայով սահմանված չափանիշների տեսանկյունից ՀՀ քրեական օրենսդրության վերլուծությամբ էական է համարվում ընտանեկան բռնության գործերն առանձին հանցակազմով քրեականացնելը:

Ստորև ոլորտի մասնագետներն առաջնային են համարում նաև այս հարցը: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի իրավաբան Ստելլա Չանդիրյանը պարզաբանում է, թեև ընտանեկան բռնության մասին օրենքն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ին, սակայն որոշ դրույթներ (օրենքի 2-րդ գլուխը և 22-րդ հոդվածի 2-րդ մասը) ուժի մեջ են մտել այս տարվա հուլիսի 1-ից: Օրենքով սահմանված աջակցության կենտրոնների և ապաստարանների մատուցվող ծառայությունների վերաբերյալ դրույթները դեռևս չեն գործում և ուժի մեջ են մտնելու օրենքի պաշտոնական հրապարակմանն հաջորդող օրվանից մեկ տարի հետո՝ 2019 թվականի հունվարի 1-ից.«Օրենքում առկա են խնդրահարույց դրույթներ, որոնք ամբողջապես հնարավորություն չեն ընձեռում իրականացնել ընտանեկան բռնության ենթարկված անձի իրավունքների լիարժեք պաշտպանությունը։

Հարկ է փաստել, որ ընտանեկան բռնությունը հայտնի է որպես լատենտային (քողարկված) բնույթ ունեցող հանցագործության տեսակ, որի վերաբերյալ տեղեկություններն ու վիճակագրական ցուցանիշներն ամբողջությամբ չեն արտացոլում բռնության իրավիճակի իրական պատկերն, իսկ նման կարգավորման արդյունքում առավել ևս  առերեսվում ենք այն իրականության հետ, որ բռնության ենթարկվող մի շարք անձինք (օրինակ՝ զուգընկերային հարաբերությունների մեջ գտնվող) զրկվելու են օրենքով սահմանված պաշտպանության և աջակցության միջոցներից»։   Անընդունելի է նաև օրենքում տեղ գտած հաշտեցման ինստիտուտի կիրառումը. միջազգային փորձից ելնելով կարելի է փաստել՝  դրա կիրառումն արդյունավետ է կողմերի հավասարության պարագայում, ինչը բացակայում է ընտանեկան բռնություն գործադրած և ընտանեկան բռնության ենթարկված անձանց հարաբերություններում.«Ընտանեկան բռնության գործերով հաշտարարության կիրառման խնդրահարույց և ոչ արդյունավետ լինելու վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաև ՄԱԿ-ի՝ կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոմիտեն իր 33-րդ ընդհանուր հանձնարարականում: Իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց է օրենքում՝ ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդումն ու համերաշխության վերականգնումը որպես ընտանիքում բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության սկզբունք ներառելը, քանի որ «ավանդական արժեքներ» հասկացության սահմանումն իսպառ բացակայում է ՀՀ իրավական որևէ փաստաթղթում»։

Այս եզրույթը չի հանդիսանում իրավական հասկացություն, ուստի հետագայում, անգամ իրավակիրառ գործունեության մեջ անհնարին է լինելու մասնավորեցնել դրա  բովանդակության շրջանակը: Այն կապված է սուբյեկտիվ ընկալման հետ և յուրաքանչյուր դեպքով՝ կախված իրավահարաբերության սուբյեկտների անձնական հատկանիշներից, իրավագիտակցության մակարդակից, կրթվածության աստիճանից և այլ հանգամանքներից, ավանդական արժեքների շրջանակն ու բովանդակությունը միանգամայն տարբեր են, ինչը գործնականում հանգեցնում է իրավական որոշակիության սկզբունքի խախտման և մարդու մի շարք հիմնարար իրավունքների ոտնահարման: Նշված ձևակերպումն հակասում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքներին և «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 5-րդ հոդվածի ա կետով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին:

Ներպետական օրենսդրությամբ ընտանեկան բռնության ոչ բոլոր տեսակներն են որակվել որպես այդպիսին:

Օրինակ ՀՀ քրեական օրենսգրքով կարգավորված չէ հետամտումը. պարբերաբար մեկ այլ անձի հետապնդելը, անցանկալի հաղորդակցության մեջ ներգրավվելը կամ անձին հետևելու մասին իմաց տալը.«Ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետ միջոց է դրա քրեականացումը: Դա կարող է դրսևորվել կա՛մ մեկ հանցակազմի նախատեսմամբ կա՛մ ընդհանուր հանցակազմերով գործը քննելիս որպես պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք։

Խնդրահարույց է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքը, այն է՝ տուժողի վարքագծի հակաօրինականությունը կամ հակաբարոյականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը: Ընտանեկան բռնության դեպքում նման մեղմացնող հանգամանք նախատեսելն համահունչ չէ ընդունված միջազգային չափանիշներին»:

Այսպես կոչված հանուն «պատվի» կատարվող հանցագործությունները որակվում են որպես բռնության գործադրման  արդարացումներ.«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) 42-րդ հոդվածի համաձայն՝ դրանք հանցագործությունների անընդունելի արդարացումներ են»:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ընդունում է, որ ընտանեկան բռնության մասին օրենքն ավելի շատ կանխարգելիչ, քան պատժիչ նշանակություն ունի, քանի որ ՀՀ-ում ընտանեկան բռնությունը քրեականացված չէ: Օրենքը բաղկացած է երեք մասից՝ կանխարգելում, բռնության ենթարկված անձանց պաշտպանություն, հաշտեցում: Վերջինս այնքան էլ արդյունավետ չէ. հաճախ ուժ գործադրողի և բռնության ենթարկվողի միջև առկա են անհավասար հարաբերություններ.«Երբ ընտանիքում բռնության դեպքն առաջին անգամ է հայտնաբերվում, կատարված արարքն առերևույթ հանցակազմ չի պարունակում, բավարարվում են նախազգուշացմամբ: Այս դեպքում բռնություն գործադրած անձի մշտական բնակության վայրի աջակցության կենտրոնը պետք է նրան աջակցի վերականգնողական ծրագրով՝ հետագա բռնությունները կանխարգելելու նպատակով:

Պաշտպանական երկրորդ մեխանիզմն անհետաձգելի միջամտության որոշումն է: Այն գործում է նախազգուշացումից հետո՝ 1 տարվա ընթացքում: Կիրառվում է, երբ անձը ընտանիքում հանցակազմ չպարունակող բռնություն է գործադրում, և առկա է մտավախություն, որ այն կարող է վերածվել անձի խեղման կամ քրեական լուրջ հանցագործության: Այս դեպքում բռնարարի հանդեպ կիրառվում են որոշակի սահմանափակումներ՝ 20 օր բռնարարն իրավունք չի ունենա հայտնվել բռնության ենթարկված անձի բնակության վայրում, զանգահարել կամ նամակագրական կապ ունենալ նրա հետ: Երրորդը պաշտպանական որոշումն է. բռնության ենթարկված անձի կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց պաշտպանելը՝ ընտանիքում բռնության նոր դրսևորումները կանխարգելելու նպատակով: Ժամկետը 6 ամիս է, որը կարող է երկարաձգվել մինչև 1 տարի»:

Թեև օրենքն ուժի մեջ է մտել, սակայն չկան դրա կիրարկման մեխանիզմներ: Մի շարք հարցեր Զ.Հովհաննիսյանին խնդրահարույց են թվում:

Եթե բռնության ենթարկված կնոջ հետ աշխատում են ՀԿ-ները, ապա Հայաստանում չկա բռնարարների հետ աշխատանքի փորձ, անգամ ՀԿ-ների մակարդակով: Բռնության ենթարկված կանանց կարող են տեղափոխել «Կանանց աջակցման կենտրոն»-ի ներքո գործող ապաստարան, իսկ անհետաձգելի միջամտության պարագայում որտե՞ղ է բնակվելու բռնարարը:

«Ժողովրդավարությունն այսօր» ՀԿ-ի ղեկավարի դիտարկմամբ, ընտանեկան բռնության մասին օրենքը թերի է, որը չունի ֆինանսական համակարգ.«Նախ օրենքը պետք է կիրառվի, դրանում իրավաբանորեն բռնությունը ընտանիքում լավ չի ձևակերպված: Մինչ օրենքի ընդունումը պետք է շատ աշխատանք կատարեինք, հասկանայինք, ինչ ենք ակնկալում դրանից, քանի որ եվրոպական կոնվենցիայում բռնությունն ավելի լայն ձևով է սահմանված»:

Որքան էլ օրենքը լավը լինի, դրանում բռնարարների հանդեպ պատժամիջոցների բացակայությունը դրա կիրառումը խնդրահարույց է դարձնում:

Դրանից զատ, կնոջը թերահավատորեն վերաբերվող ոստիկանն ինչու՞ պետք է քայլեր ձեռնարկի իրեն բռնարարի հետ հաշտեցնելու: Ոստիկանը դա չի անելու և միշտ չէ, որ դա հնարավոր է.«Ընտանեկան բռնությունը չի դիտարկվում քրեական հանցագործություն: Օրենքում չկա կետ, որի համաձայն բռնարարը որոշակի հեռավորության վրա պետք է գտնվի բռնության ենթարկված անձից, որպեսզի չվնասի կնոջը և երեխաներին»:

Կարելի է եզրահանգել՝ ընտանեկան բռնության որակումը քրեական հանցագործություն հրամայական է՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության հարկավորությամբ:

Մասնագետների մեկ այլ խումբ ենթադրում է՝ օրենքի գործածման հետ մեկտեղ պետք է բացառվի բռնության զոհ դարձած անձանց ընտանեկան գործերին ոստիկանների միջամտությունը: Այս տեսակետի կողմնակից է փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Հոգեբան Աշոտ Հակոբյանն համակարծիք չէ, որ ընտանեկան բռնությունը մեր հասարակությանը բնորոշ է.«Գուցե որոշ հայ ընտանիքներում այն առկա է, դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»:

Գյումրիում «Շրջապատը» փոքրիկ հարցախույզ է անցկացրել, որը վկայում է՝

ընտանեկան բռնության մասին առկա է տարակարծություն:

Տղամարդկանց մի մասը համարում է, որ ընտանիքի գլխավորն է, իրավունք ունեն  ժամանակ առ ժամանակ ապտակել կանանց, ովքեր պետք է իրենց ենթարկվեն: Մի քանիսը բողոքում է կանանց կողմից մերթընդմերթ հոգեբանական բռնության ենթարկվելուց: Երբեմն արական սեռի ներկայացուցիչները խոստովանում են՝ ընտանիքում բռնության առկայությունը նպաստում է դրա քայքայմանը:

Հետաքրքիր է աղջիկների և կանանց հայեցակետերը:

Նոր սերնդի ներկայացուցիչներն, ովքեր ունեն զարգացածության բարձր մակարդակ, դեմ են բռնությանը՝ մտածելով, որ ընտանիքում չպետք է լինեն գլխավոր և երկրորդական անձինք, առկա խնդիրները պետք է կարգավորվեն փոխհամաձայնությամբ: 50-60 տարեկան կանայք գլխավորապես պահպանողական մտածելակերպ  ունեն՝ հլու-հնազանդ ենթարկվելով ամուսիններին:

Հոդվածը պատրաստվել է «Մարդը կարիք»-ի մեջ չեխական ՀԿի՝ լրագրողների համար հայտարարված մրցույթային ծրագրի շրջանակներում

Հեղինակ` լրագրող Անահիտ Սիմոնյան