ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կիրան Չոպրա. «Գիտեմ, թե որքան տառապած, բայց զորեղ ազգ եք»

[vc_row][vc_column width=”1/3″][vc_single_image image=”1869″ img_size=”full” onclick=”link_image”][vc_single_image image=”1871″ img_size=”full” onclick=”link_image”][vc_single_image image=”1872″ img_size=”full” onclick=”link_image”][/vc_column][vc_column width=”2/3″][vc_column_text]

Հնդկաստանում ծանոթացա մի քանի թերթերի խմբագիր, գրող, բարեգործ տիկին Կիրան Չոպրայի հետ: Նա տեղեկացել էր, որ ես ևս թերթի խմբագիր եմ, այսպես ասած՝ կոլեգաներ ենք, և ցանկություն էր հայտնել հանդիպել հայաստանյան գործընկերոջ հետ:

Կիրան Չոպրան Հնդկաստանում մեծ հեղինակություն վայելող մի քանի թերթերի խմբագիր է, գրքերի հեղինակ, «Varishth Nagrik Kesari» սոցիալական ակումբի հիմնադիր նախագահ: Հանդիսանում է J.R. Մեդիա ինստիտուտի հիմնադիր նախագահ:

Արժանացել է մի շարք մրցանակների՝ այդ թվում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից: Ամուսինը՝ գրող, հրապարակախոս, լրագրող Աշվինի Կումար Չոպրան է:

Տիկին Չոպրա, ինչպե՞ս է ստեղծվել Ձեր առաջին թերթը՝ «Փենջաբ Կեսարին», կպատմե՞ք:

— Սա ազգային շաբաթաթերթ է, որը հիմնել է իմ ամուսնու պապը՝ Լալա Ջագատ Նարաին ջին, ով մինչ Հնդկաստանի անկախացումը պայքարել է իմ երկրի ազատության համար։ Նա անգլիացիների կողմից դատապարտվեց 16 տարի ազատազրկման։ Իր գործը շարունակել է ամուսնուս հայրը՝ Շ. Ռոմեեշ Չանդեր ջին, որը նույնպես պայքարում էր Հնդկաստանի անկախության համար։

Երբ Հնդկաստանը ձեռք բերեց անկախություն, դրանից հետո ամուսնուս պապը սկսեց հրատարակել «Փենջաբ Կեսարին», եւ այն դարձավ Հնդկաստանում ամենատարածված շաբաթաթերթը։ Այս թերթը բոլորի համար է՝ հարուստ, թե աղքատ, ռադիկալ, թե սոցիալական ուղղվածության մարդկանց համար։ Իմ ամուսինն ազատ լրագող է, նա չի գրում ինչ-որ մեկի համար, նա ազատ է իր գործունեության մեջ։ Գրում է այն, ինչ ցանկանում է, ինչ գտնում է, որ ժողովուրդը կամ կառավարությունը պետք է իմանա։

Ուզում եք ասել, որ Հնդկաստանում մամուլն ազա՞տ է:

— Ամեն դեպքում, չնայած ազատություններին, մենք պետք է զգույշ լինենք, քանի որ իմ ամուսնու և՛ պապը, և՛ հայրը սպանվել են մեր երկրի անկախության համար պայքարում։

Տեղյակ եմ, որ Ձեր ամուսինը նաև պառլամենտի պատգամավոր է

— Այո, չնայած նա այժմ պառլամենտի անդամ է, բայց երբեք պաշտոնների ետևից չի ընկել, առաջին հերթին նա ազատ լրագրող է։ Ես էլ եմ լրագրող, գրում եմ սոցիալական հարցերի մասին: Մեր հասարակությունում շատ են բացասական երևույթները, օրինակ՝  ընտանեկան բռնություն, աղքատություն և այլն։

Սոցիալականի մասին խոսեցիքԴուք բազմաթիվ սոցիալական կենտրոններ եք հիմնադրել, այդ թվում՝ «Varishth Nagrik Kesari»-ին…

— Իմ ամուսնու պապն երազանք ուներ՝ ստեղծել հիմնադրամ ծերերի համար։ Ամբողջ աշխարհում ստեղծվում են բարենպաստ պայմաններ՝ տարեցներին օգնելու համար, իսկ Հնդկաստանում նրանք պետությունից ոչինչ չեն ստանում։ Այժմ ես փորձում եմ իրականացնել նրա երազանքը և ստեղծել եմ մի հիմնադրամ, որը կօգնի տարեցներին։ Կյանքը փոխվել է, ընտանիքներում բոլորն աշխատում են և ժամանակ չեն ունենում ուշադիր լինել ծերերի նկատմամբ։ Մենք փորձում ենք այդ բացը լրացնել: Կյանքի մայրամուտին մոտեցող մարդկանց տալ հնարավոր ամենը, որպեսզի թեթևացնենք նրանց օրեցօր մաշվող կյանքի ընթացքը:

20 տարի առաջ, երբ ես ամուսնուս հետ մեկնեցի ԱՄՆ, այցելեցինք ծերերի համար նախատեսված հատուկ տուն։ Ամուսինս հարցրեց եղբորը, թե ո՞ւր է նա մեզ բերել: Վերջինս պատասխանեց, որ սա հիվանդանոցի նման մի տեղ է, որտեղ ծերերը սպասում են իրենց մահվանը։ Ամուսինս ասաց, որ պետք է մի բան անենք, որպեսզի ծերերն ապրեն երջանիկ։ Եվ ես սկսեցի աշխատել նրանց համար. դա շարժում է, որը ես եմ սկսել։

Դժվար չէ՞րհամախոհներ ունեի՞ք:

— Երբ սկսեցի այս շարժումը, բոլորն ինձ ետ էին պահում՝ ասելով, թե ընտանիքը նույնիսկ մեկ ծերի հետ չի կարող ապրել, ինչպե՞ս ես աշխատելու մի քանիսի, եթե ոչ՝ հարյուրի հետ։ Դա ինձ համար նոր մարտահրավեր էր։ Ասում էին, որ պետք է աշխատես երեխաների համար, նրանք երջանիկ կզգան իրենց և, երբ մեծանան, կմեծարեն քեզ, իսկ ծերերն այսօր կան, վաղը չկան, ոչինչ չեն կարող անել քեզ համար։ Ես ասացի, որ ինձ ոչինչ պետք չէ, ուղղակի ուզում եմ իրականացնել ամուսնուս և նրա պապի վաղեմի երազանքը… դա շատ բարդ է, իհարկե։

Առաջին անգամ մենք սկսել ենք ծերերի որդեգրման ծրագիրը, քանի որ կարծում ենք, որ տարեցները պետք է անպայման անցկացնեն իրենց օրերն ընտանիքներում: Այժմ ունեմ 23 մասնաճյուղ Հնդկաստանի ողջ տարածքում, որից երեքը գյուղերում են, և ունենք 30.000 շահառու:

Տիկին Չոպրա, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար:

— Ես ևս շնորհակալ եմ: Հաճելի է, որ հայաստանյան ԶԼՄ-ն հետաքրքրություն ցուցաբերեց իմ գործունեության նկատմամբ: Գիտեմ, թե որքան տառապած, բայց զորեղ ազգի ներկայացուցիչ եք:

Հ.Գ. Կիրան Չոպրան գործունեություն է ծավալում նաև կանանց իրավունքների, կրթության, հավասար պայմանների, ընտանեկան բռնությունների դեմ պայքարի, աղքատ ընտանիքների երեխաների կրթությունն ապահովելու բարեգործական ծրագրերի իրականացման ոլորտում:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ

Դելի-Գյումրի

[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Պիտակներ՝