ՍՊՈՐՏ

Գյումրիի թիմերը վերադարձան արծաթե եւ բրոնզե մրցանակներով

Երևանում կայացած Հայաստանի մանկապատանեկան մարզադպրոցների բասկետբոլի առաջնություններից  վերադարձան  Գյումրու Արամ Սարգսյանի անվան խաղերի մարզադպրոցի տղաների և աղջիկների թիմերը: Այսպիսի պատանեկան մրցումներն իրենց կազմերով չեն զիջում Հայաստանի այդ տարիքային առաջնությանը և մասնագիտական հետաքրքրությունը մեծ էր կայացած հանդիպումների նկատմամբ:

Դեռևս ստուգատեսից առաջ տղաների թիմի մեկնարկային կազմը հայտնի էր: Նրանք էին թիմի ավագ Նարեկ Մարտիրոսյանը, Ժորա Բերնեցյանը, Արթուր Ասեցյանը, Դավիթ Մխլաջյանն ու Ռոբերտ Տեր-Ավագյանը: Իսկ աղջիկների թիմից իրենց լավագույն կողմերով դրսևորեցին ավագ Մելինե Գալոյանը, Արմինե Արմուտյանն ու Քրիստինե Կյուրեղյանը:

Գյումրու աղջիկների թիմը

Մարզիչ Արտակ Հարությունյանի գլխավորությամբ մեր պատանի բասկետբոլիստները գրավեցին 2-րդ տեղը: Տղաների թիմը՝ խմբային 2 հաղթանակից հետո, եզրափակիչ մրցավեճում 30:34 հաշվով պարտվեց Երևանի խաղերի օլիմպիական մարզադպրոցի թիմին, որը փաստացի հանդիսանում է Հայաստանի պատանեկան հավաքականը: Իսկ աղջիկների թիմը՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Վարդանյանի ղեկավարությամբ, բրոնզե մեդալների համար մրցավեճում համառ պայքարում հաղթեց արթիկցիներին:

Մեր թիմերի մարզիկ-մարզուհիներն այնքան էլ գոհ չէին իրենց ցուցադրած խաղից և նշեցին, որ կարող էին ու պարտավոր էին պայքարել 1-ին տեղի համար: Իսկ Արտակ Հարությունյանը խոսեց ձեռքից բաց թողած հնարավորությունների մասին:

— Երևանյան մրցումները բացահայտեցին մի հանգամանք: Մեր թիմերը նրանց ոչնչով չեն զիջում: Եթե ավելի լուրջ մոտենանք գործին, ավելի նպատակային կազմակերպենք մարզումները, արդյունքներն ավելի ակնառու կլինեն,- նշեց Արտակը:

Այս ստուգատեսից հետո, հենց առաջին մարզումների ժամանակ, երկու թիմերի մարզիչները՝ փոքրիկ նախավարժանքից հետո, կազմակերպեցին ստուգողական հանդիպում տղաների և աղջիկների թիմերի միջև: Այսպիսի խաղերից ավելի մեծ օգուտ են քաղում հատկապես աղջիկները, քանի որ, ինչպես նշեց Արամ Սարգսյանի անվան խաղերի մարզադպրոցի ուսմասվար Հարություն Խաչատրյանը, նման հանդիպումները նպաստում են բասկետբոլիստուհիների ֆիզիկական պատրաստականության և տեխնիկական տարրերի արագ աճին:

Առջևում Հայաստանի պատանեկան, ապա մեծահասակների առաջնություններն են: Մարզադպրոցի տնօրեն, մեծահասակների թիմի ավագ մարզիչ Արման Տիրայանը չի բացառում, որ տղաների այս տարիքային թիմից կլինեն համալրումներ, կարևորը՝ մեր քաղաքը պատվով ներկայացնելն է ու դրա համար ջանք ու եռանդ չեն խնայի:

ՍԱՄՎԵԼ ԱՂԱՆՅԱՆ