ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Գյումրին ամեն ինչով ասում է. «իմ նկատմամբ պետք է ինտեգրված մոտեցում լինի»

Հարցազրույց Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի Շիրակի մարզային կառույցի ղեկավար ՍԵՅՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:

Պարոն Մարտիրոսյան, կառավարությունը ՀՀ նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ 1.5365 հա սպասարկման տարածքովսեփականության իրավունքով անհատույց տրամադրել է Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան: Արդյո՞ք, սա այն դեպքն է, ինչպես նախորդ երկու նախագահների պարագայում էր, որ Սերժ Սարգսյանը «վաստակած» հանգստի է անցնելու ու չի հավակնելու վարչապետի պաշտոնին:

— Հատուկ թոշակ, մեքենա, աշխատակազմ, բնակարան… այս բոլորն օրենքով նախատեսված են, ինչպես նախկինների դեպքում է եղել: Այս անգամ իրավիճակը սպեցիֆիկ է և հայտնի չէ, թե ինչ է լինելու. «թոշակի չանցնող մարդուն» ճի՞շտ էր տալ այն, ինչը տրվելու էր գնացողին: Ես չգիտեմ, բայց հարցեր, բնականաբար, առաջանում են: Այս պահին ձեռքիս տակ չունեմ նաև այն, թե նախորդներին թոշակի անցնելուց են տվել, թե՞ մինչ այդ:

Միջազգային փորձից եթե հետևություն անենք, օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Մերկելն իր ընտանիքով ապրում է վարձակալած բնակարանում

— Գիտեմ, որ համեստ ապրելակերպով են ապրում: Համեստ են ապրում նաև Մեծ Բրիտանիայի վարչապետը, այդպես ապրում էր և հրաժարվեց հատուկ պայմաններից Ֆրանսիայի նախորդ նախագահ Օլանդը: Գիտեմ, որ այստեղ-այնտեղ հաճախակի հանդիպում են ոտքով, մետրոյով կամ հեծանվով գործի գնացող թե՛ վարչապետների, թե՛ նախարարների: Նրանց համեմատ, մերոնք հատուկ են, որովհետև Հայաստանի Հանրապետությունը շատ հարուստ երկիր է, և կարող է իրեն թույլ տալ շռայլություններ:

Հա, մերոնք առանձնահատուկ են:

— Եվ այս դեպքում, եթե խոսքն այն բանի մասին է, որ Սերժ Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել, գուցե ճիշտ կլիներ շարունակել օգտվել ծառայողական բնակարանից: Երկիր, որի արտաքին պարտքը 7 միլիարդի է մոտենում, որն իր թոշակառուի, նպաստառուի, բյուջետային աշխատողի աշխատավարձերը չի բարձրացնում, որովհետև բյուջեում համապատասխան միջոցներ չկան, և հիմա այս խնդիրը լուրջ հարցադրումներ է առաջացնում:

Կուզենայի հակիրճ գնահատեիք Սերժ Սարգսյանի 10-ամյա պաշտոնավարումը:

— Այն 10 տարիների ընթացքում, որ Սերժ Սարգսյանն եղել է նախագահ, ի դեպ, երկու անգամն էլ ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքում, ես, որպես ՀՀ քաղաքացի, հետևելով զարգացումներին, չեմ կարող նշել որևէ ձեռքբերում, որն եղել է նրա շնորհիվ: Էլ չեմ նշում մեգապրոյեկտների մասին. ատոմակայն, երկաթուղի և այլն… էլ չթվարկեմ: Ձեռագիրն եղել է նոմենկլատուրային. նորակառույց միակ շենքը, որը չգիտեմ տրվելու է, թե ոչ՝ երիտասարդ գիտնականներին, կամ քանիսն են իրականում լինելու գիտնական, թե՝ ոչ, գնալ կարմիր ժապավեն կտրել, ապա պատուհանից երազկոտ հայացքով Մասիսին նայելը… Այս ամենը հնուց եկող «զիզի-բիզի» ձեռագիր է: Իսկ հակառակը կարելի է անվերջ թվարկել. աղքատության աճ, արտագաղթ, արտաքին նախագծերից դուրս մնալ, ձախողումներ: Ասում են, էդ արտագաղթածները մեր քաղաքացիներն են, որոնք արտագնա աշխատանքից վերադառնալու են հայրենիք: Նախ, եթե այդպես է, ապա ինչո՞ւ են նրանք զրկված ընտրելու իրավունքից: Չգիտես ինչու հայ, բայց Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հայերը ժամերով կանգնում են հերթ, որպեսզի իրենց հավատարմությունը ցույց տան Պուտինին, բայց մեր քաղաքացիներին ռուսաստաններում նման հնարավորություն չի տրվում: Այդպիսի ջերմեռանդությամբ, հարցազրույցներում, սոցիալական ցանցերում ջերմեռանդ գովերգելը ՌԴ նախագահին ապացույցն են այն բանի, որ այդ քաղաքացիներին մենք կորցրել ենք, նրանք անդառնալի են:

ՌԴից խոսեցինք, ի՞նչ է նշանակում Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում և Երևանի զինվորական կայազորում ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումների տեղակայումը:

— Ալիկ Սարգսյանն եղել է ոստիկանապետ, եղել է Ս.Սարգսյանի խորհրդական, մարզպետ, այժմ ԱԺ պատգամավոր, որը պետաիրավական հարցերի հանձնաժողովի կազմում է, խոսքի մեջ ասում է, թե մարտի 15-ից են այդ ստորաբաժանումներն այստեղ և անցել են իրենց պարտականությունների կատարմանը: Սա հանցագործության մասին հաղորդում է: Դու՝ լինելով այդ հանձնաժողովի կազմում, երբ մյուսներն ասում են, որ դա հակասում է օրենսդրությանը, դա պայմանավորված չէ, էդպիսի կետեր չկան համաձայնագրում, գիտենալով այդ ամենը, ասում ես, թե արդեն պարտականությունների կատարման են անցել: Սա ոչ մի պատկերացման մեջ չտեղավորվող ստրկամտություն է… Էլ դուք ինչի՞ համար եք:

Ու ի՞նչ, հիմա այս ստորաբաժանումների հաց ու ջուրն էլ ենք ապահովելո՞ւ:

— Լրացուցիչ բեռ են, թե՝ ոչ, ես չգիտեմ, բայց ուրիշ երկրում ռազմաբազա ունենալը տվյալ տարածքի համար լրացուցիչ մեծ միջոցներ են ենթադրում, սակայն մեր դեպքում ճիշտ հակառակն է:

Իսկ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի մասով ի՞նչ կասեք: Եթե մնա իր պաշտոնում, ըստ Ձեզ, ինչոր բան կկարողանա՞ փոխել:

— Ես կարծում եմ, կարող է: Շատ կոնկրետ թեմայով ու կոնկրետ հատվածում եմ ուզում դիտարկում անել. կարճ ժամանակահատվածում որոշ փոփոխություններ Գյումրիում ակնառու են: Գուցե մասիսցին, արարատցին ասի, թե մեզ համար բան չի արել, կարևորն այն է, որ մարդը վերցրել է մի հատված ու հասել արդյունքի, հաջողության պատմություն ունի: Կարեն Կարապետյանը պատկերացում ունի, թե Հայաստան պետությունը որ ոլորտում ինչ խնդիրներ ունի, և պետք է իր կոնցեպտուալ, իր տարբերակն առաջարկի: Արհեստական զիջել այս դիրքը կամ այն դիրքը, իբր թե թիմային աշխատանք է, աշխատանքի բաժանում է, կամ այս մարդուն թույլ չեն տալիս մոտենալ այս ոլորտին, դա լրիվ ուրիշ թեմա է: Բայց այն, որ Կարեն Կարապետյանը նույնացվում է ժամանակակցի կերպարի հետ, թեկուզ և իր երաժշտական նախասիրություններից սկսած ու վերջացրած հագուկապով, ենթադրում էր, որ ինքը շատ ավելի ակտիվ պետք է լիներ արևմտյան ուղղությամբ, սակայն ցուցաբերած չգիտեմ, ասեմ՝ երկչոտությունը, կաշկանդվածությունը, արդեն անհասկանալի է:

Պարոն Մարտիրոսյան, Դուք շատ երկրներում եք եղել, շատ քաղաքներ տեսել, ի՞նչ եք կարծում, Գյումրին հնարավո՞ր է զբոսաշրջության կենտրոն դարձնել:

—  Գյումրին ամեն ինչով ասում է. «իմ նկատմամբ պետք է ինտեգրված մոտեցում լինի»: Ոչ թե պարզապես զբոսաշրջություն, այլ զբոսաշրջություն պլյուս… թեթև, ծանր արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, Վրաստանի հայաբնակ տարածքի հետ սահմանակից լինելը, ռազմաբազայի ֆակտորը, առողջապահական, կրթական, մշակութային և այլ ոլորտների հնարավորություններ ունի: Գյումրին, իսկապես, այդ ներուժն ունի: Եվ ոչ թե միայն Գյումրին պետք է դիտարկել, այլ ամբողջ Շիրակի մարզը՝ իր տարվա չորս եղանակով: Նույնիսկ կարելի է երեխաների բերել ու այստեղ բացատրել, թե ինչ է աշունը, գարունը, ձմեռը: Մի քանի ուղղություններով պետք է ճյուղավորումները զարգացնել ու բերել մեկ գաղափարի՝ զբոսաշրջության: Եղանակային դիտարկումն ասացի, և ամեն եղանակի սիրահար էլ կգտնվի՝ համապատասխան զվարճանքներով: Մեր Ամասիայի ցրտաշունչ ու ձնառատ հատվածը տաք երկրների բնակիչներին կարող է հետաքրքրել, կամ արարատյան դաշտավայրը՝ իր եղանակային սպեցիֆիկայով: Կան զբոսաշրջիկներ, ովքեր սիրում են համտեսել օտարազգիների ճաշատեսակները, իսկ մենք ունենք լայն տեսականի ու ավանդական ճաշատեսակներ: Ունենք յուրահատուկ ճարտարապետություն, չնայած որոշ իշխանավորներ փորձեցին իրենց անճաշակություններով փչացնել, բայց լավ է, դեռ ունենք պահպանած եզակի ու առանձնահատուկ ժողովրդական ճարտարապետություն, ինչը նույնպես կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել ճարտարապետությամբ հետաքրքրվող զբոսաշրջիկների մոտ: Այն պատմությունը, այն սպեցիֆիկան, այն կոլորիտը, ադաթն ու ավանդույթն, անգամ բարբառը, որ ունի Գյումրին, անգամ կարող է ներքին զբոսաշրջիկին գրավել:

Ի դեպ, այսօր աշխարհում պտտվել, եկել է պարույրի այն հատվածը, երբ նորից գնահատվում է ազգայինը, հինը, ավանդականը, այսպես ասած՝ ֆոլկլորը: Իսկ սա ենթադրում է, որ կարելի է զարգացնել զբոսաշրջային ինդուստրիան, որ ոչ թե գալիս, տեսնում, գնում են, այլ առնում, իրենց հետ տանում են այնպիսի բաներ, որոնք այս տարածաշրջանին է յուրահատուկ: Ունենք մեզ ներկայացնող թանգարաններ, «Կումայրի արգելոց», թանգարան բաց երկնքի տակ: Պետք է միջազգային ճանաչում վայելող, ասենք, Գյուրջիևի կենտրոնի զարգացման վրա ուշադրություն դարձնեն, աշխարհում նրա տեսության հետևորդներ կան… Տեսեք որքան մեծ հնարավորություններ ունի Գյումրին, ուր զբոսաշրջիկին ընդունելով, կարող ես նրան երկար պահել, եթե… Եթե ունենանք այն իշխանությունը, այն խելացի իշխանությունը, որը ապակենտրոնացում կապահովվի:

Գյումրին նաև էկումենիկ քաղաք է, ինչը ողջ Հայաստանում չկա. ունենք ոչ միայն Հայ առաքելական եկեղեցի, նաև Կաթողիկե, Ավետարանական, Ուղղափառ: Եկեղեցիներից յուրաքանչյուրն այն ծիսաարարողակարգային ինստիտուտը չէ, ինչը շատ տեղերում է, ինքը ունի նաև շատ մեծ սոցիալական դերակատարում, որովհետև բոլորն իրենց կից նաև կառույցներ ունեն, սոցիալ-կրթական կենտրոններ, համայնքային կենտրոններ, մասնագիտական, մեծահասակների ու երեխաների համար կենտրոններ ունեն: Սա ահռելի հարստություն է և այդ առումով էլ տարբեր դավանանք ունեցող զբոսաշրջիկներին կարող է գրավիչ լինել: Զարգացման հնարավորություններն անսահմանափակ են:

Կարծում եմ, մնում է այդ ամենը խելացի ղեկավարության, ակտիվ ու ինքնատիպ մտածելակերպ ունեցող ջատագովների աշխատանքով այնպես մատուցել, որ արդյունքները գոհացուցիչ լինեն: