ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Գյումրին ի վերջո մշակութային քաղաք է, ոչ թե՝ քյալլա կամ ձուկ ուտելու տեղ»

Գյումրիում մինչև մայիսի 10-ը սպասվում է թատերական մեծ տոնախմբություն՝ Գյումրու միջազգային թատերական փառատոն, որի մասին են ազդարարում թե՛ քաղաք մտնող, թե՛ փողոցներում, թե՛ թատերական հրապարակում տեղադրված գովազդային վահանակները։ Մանրամասների մասին հայտենելու համար «Մտորումների թատրոնում»  ասուլիս էին հրավիրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Գյումրու դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, և նախագծի հեղինակ, պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը:

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի ու Գյումրու քաղաքապետարանների, ինչպես նաև Շիրակի մարզպետարանի աջակցությամբ։ Փառատոնի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 52 միլիոն դրամ, որից 43 միլիոնը տրամադրել է նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը տրամադրել է 10 միլիոն դրամ, իսկ Գյումրու քաղաքապետարանն իր բյուջեից հնարավորություն է ունեցել հատկացնել 1,5 միլիոն դրամ։ Փառատոնի շրջանակում Գյումրին կհյուրընկալի 22 թատերական խմբերի, 500 արտիստների՝ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև Ռուսաստանից ու Վրաստանից։

Ըստ Արա Խզմալյանի, հայաստանյան թատերական փառատոնային կյանքում այս փառատոնն ամենամեծ բյուջեն ունի. «Կարևորագույն առաջնահերթություններից է Երևանից դուրս՝ մշակույթի ապակենտրոնացումը, հասանելիություն ապահովելը: Վերջին տարիներին այդ առումով քիչ բան չի արվել: Եվ այս փառատոնն էլ ասածներից լավագույն դրսևորումներից մեկն է»:

Թե ինչու է հենց ապրիլի 24-ին մեկնարկում փառատոնը, Ա.Խզմալյանն ասում է. «Շատերին կարող է տարակուսելի թվա, թե ինչու որոշվեց ապրիլի 24-ին անել փառատոն… տոն և ապրիլի 24։ Ես կարծում եմ, որ սրա մեջ խորհուրդ կա. Գյումրին էլ իր հերթին շատ ցավերով է անցել։ Հենց ապրիլի 24-ին մենք հաստատում ենք մեր ստեղծարար լինելը, մեր մշակութային լինելը, մեր վերածնված ու հեռանկար ունենալու գաղափարը։ Թեմային համապատասխան ներկայացմամբ էլ կմեկնարկի փառատոնը»։

Տիգրան Վիրաբյանը նախ նախարարության ուշադրությունը հրավիրեց այն վայրին, որտեղ անցկացվում է ասուլիսը՝ «Մտորումների թատրոնը», որը գործում է հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանի և երիտասարդ ջատագովների մեծ ջանքերով՝ դժվար ժամանակահատվածում ինքնուրույն ֆինանսավորում հայթայթելու շնորհիվ: Ապա նշեց, որ փառատոնի գործունեությունը պետական բարձր աջակցության ներքո է. «Սա շատ կարևոր է, որ մայրաքաղաքն իր ահռելի հնարավորություններով, մշակութային ահռելի բյուջեով նաև մասնակից դառնա։ Ես փոքր համեմատություն անեմ. Հայաստանի երկրորդ քաղաքի, որը մենք ասում ենք մշակութային մայրաքաղաք, տարեկան միջոցառումների բյուջեն 30 միլիոն դրամ է, մինչդեռ մայրաքաղաքինը 2 միլիարդ և ավելի է։ Սա կարծես ուղիղ խոսում է այն մասին, որ մենք այստեղ անելիք ունենք, պետությունն անելիք ունի։ Հռչակել մշակույթի մայրաքաղաք և չտալ ֆինանսական հնարավորություն, առնվազն մենք պիտի կարողանանք այլ մեծ քաղաքների ֆինանսական, ստեղծագործական ներուժն օգտագործել, որպեսզի մշակույթի մայրաքաղաքը զուտ տեքստ չմնա գյումրեցիների շուրթերին։ Այս փառատոնը մի շատ հետաքրքիր առաքելություն ունի։ Ցավոք սրտի, մենք սկսել ենք վերադառնալ այն ժամանակահատվածին, երբ զբոսաշրջիկները գալիս են Գյումրի, վերադառնում են միայն ուտելիքի մասին պատմելով. «Լավ ձուկ կերանք, էդ ինչ համով քյալլա էր, այ ախպեր»… այդ ամենը ցավեցնում է, որովհետև կարծում եմ՝ մարդիկ գան, վերադառնան Երևան և պատմեն՝ ինչ լավ ներկայացում նայեցինք, ինչ լավ ցուցահանդես էր, ինչ հետաքրքիր միջավայր էր։ Մենք ամեն ամեն ինչ պիտի անենք, որ զբոսաշրջիկների համար Գյումրին չլինի միայն փողոցում ֆոտո անելու, ձուկ ուտելու տեղ։ Մենք պիտի կարողանանք իրենց կյանքը մշակույթով լցնենք, և ոչ միայն Գյումրիում ստացվող մշակույթով, այլ նաև մայրաքաղաքի մշակութային կյանքով»:

Փառատոնին հրավիրված թե՛ հայաստանյան, թե՛ դրսի թատերական խմբերի կեցության ծախսերը հոգացել են կազմակերպիչները։ Ըստ Տիգրան Վիրաբյանի, փառատոնը ոչ միայն մշակութային իրադարձություն է, այլ որոշակի տնտեսական շարժ Գյումրիում։ Բացի այդ, նպատակ կա նաև Գյումրին ճանաչելի դարձնելու, հնարավորություն ստեղծելու հյուրերի համար այս գողտրիկ քաղաքը վայելելու։

Բանախոսները նաև մեկնաբանեցին, թե որքան կարևոր են նման միջոցառումները: Օրինակ բերելով, որ գյումրեցի հանդիսատեսը եթե լավատեղյակ է տեղի թատրոնի խաղացանկին, ապա շատերն անծանոթ են մայրաքաղաքային և այլ տեղանքների թատրոններին: Եվ նման միջոցառումները ևս մեկ հնարավորություն են՝ տեսնելու, վայելելու և ինչ-որ տեղ համեմատություն անելու:

«Հաշվի առնելով այն, որ Գյումրիի հանդիսատեսին դեռ մեր հայկական թատերական ներկայացումները մատուցելու առաջնահերթություն ունենք, այս տարի մենք փորձել ենք միջազգային հատվածն անել ավելի համեստ և հաջորդ տարիներին, երբ կարողացանք հայ թատրոնը ներկայացնել լավագույնս, կանդրադառնանք միջազգային թատերախմբերին,- ասաց Տ.Վիրաբյանը՝ ավելացնելով, որ այս տարի ընտրել են մի քանի ձևաչափեր,- ներկայացումներ կլինեն Վրաստանից, Ռուսաստանից՝ Սանկտ Պետերբուրգի ազգային ակադեմիական թատրոնը կլինի։ Ձևաչափից մեկը՝ «Գյումրին թատերական խաչմերուկ»-ն է, որի շրջանակներում մայիսի 7-ին և 8-ին կլինեն մի շարք ներկայացում-քննարկումներ։ Այդ ժամանակ թատերախմբեր կլինեն Իրանից, Ֆրանսիայից, կգան բեմադրիչներ։ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան ազգային ակադեմիական թատրոնի ղեկավար Ռոբերտ Ստուրուան էլ վարպետության դաս կանցկացնի թատերականի ուսանողների համար»:

Նիկոլայ Ծատուրյանը նշեց, որ քանի որ փառատոնին Գյումրու թատրոնը չի մասնակցում, և որպեսզի իր խիտ խաղացանկով պարապուրդում չմնա, դուրս է գալիս ՀՀ-ով շրջագայության: Նա մի կարևոր հանգամանքի վրա ուշադրություն հրավիրեց. երբ Երևանից կամ ՀՀ այլ մարզերից մարդիկ գալիս են Գյումրու թատրոնի ներկայացումը դիտելու, ապա վերադառնալու հնարավորությունը խոչընդոտում է շատերին. գնացքի ժամանակացույցն անհարմար է ընտրված, երեկոյան ժամի եթե լինի չվերթ, ապա շատերը կկարողնան Գյումրիում ավելի շատ ժամանակ անցկացնել, այդ թվում ներկայացում նայել: Ժողովրդական արտիստն ասում է, որ կյանքում մի լավ բան էլ է արել. երկու մարդկանց է արվեստին տվել՝ ի դեմս Տիգրան Վիրաբյանի և Լյուդվիգ Հարությունյանի՝ մեկը թատրոնը ոտքի հանեց, շենքին ուշադրություն դարձրց, ակտիվություն մտցրեց, երկրորդն էլ հիանալի կերպով է Գյումրու թատրոնն ապրեցնում: Նա նախարարի տեղակալից խնդրեց լուսաձայնային տեխնիկայով ապահովել Գյումրու և մյուս մարզերի թատրոններին: