Սեպտեմբերի 19-ին Գյումրու քաղաքապետն իր ներդրումը կատարեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հայտարարած «Տանկից տուն մեկ քայլ է» ակցիային՝ գնելով մեծ կտավի միանգամից 100 կտոր: Օգտվելով առիթից, քաղաքապետին մի քանի հարց հղեցինք:
— Պարոն քաղաքապետ, հույս կա՞, որ շուտով Գյումրին վերջնականապես կազատվի տնակներից:
— Դե, տեսեք, ԱՌԴԱ բարեգործական ծրագիրն ընթացքի մեջ է, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամն իր գործընթացներն է իրականացնում, տեսնենք, եթե այս փազլների ակցիան փառքով ավարտին հասցվի՝ շատ գովելի քայլ կլինի: «Հայաստան համահայկական հիմնադրամն» երկու շենք կվերականգնի՝ վերածելով բնակարանների, իսկ առաջին հարկերում սպասարկման ու ծառայությունների ոլորտի աշխատատեղեր կստեղծի: Անհատներ են այս ուղղությամբ գործունեություն ծավալում… Նման ծրագրերով, նաև կառավարության՝ պետական բնակարանաշինական, ԲԳՎ, սոցիալական բնակարանաշինության և այլ ծրագրերով, կարծում եմ, Գյումրին կձերբազատվի այդ անցյալից:
— Հնարավոր համարո՞ւմ եք՝ կառուցապատողի կողմից բնակարաշինություն իրականացնելու և կապալառուից հիփոթեքով բնակարան ձեռք բերելու ծրագիրը: Գյումրիում կա՞ ներդրող, որը կուզենար կառուցել:
— Դա հիանալի գաղափար էր, որն առաջինը Երիտասարդության ու սպորտի նախարարությունն էր իրականացրել, որ նաև եկամտահարկն է վերադարձվում կամ վճարումներից տոկոսը մաշվում: Հետաքրքրություն շատ կա, քաղաքի նկատմամբ հիմնական միջոցները թանկացել են, որը շատ կարևոր է: Եթե իրենց համար հասկանալի լինի, որ մեկ շենքի թվով երիտասարդ ընտանիքներ կլինեն, որ կուզենան հիփոթեքով բնակարան ձեռք բերել, կարծում եմ, որպես բիզնես, կսկսեն այդ ընթացքը:
— Ի՞նչ ընթացքում է իսրայելական ընկերության կողմից լոգիստիկ կենտրոն կառուցելու ծրագիրը:
— Կառավարությունն ազատ գոտու փաստաթուղթը շուտով կստորագրի, ընկերությունն էլ քաղաքի հետ վարձակալական պայմանագիրը կկնքի, ու երևի 2020 թվականից կսկսեն լոգիստիկ կենտրոնի շինարարությունը:
— Փողոցների ասֆալատապատումը ե՞րբ կավարտվի:
— Փողոցաշինության այս էտապը մինչև հոկտեմբերի վերջ ավարտին կհասցվի: Ասեմ, որ «Մուշ» թաղամասի հրապարակի հարցը դեռ ընթացքի մեջ է. հրաժարվել ենք շինարարից, խզել ենք պայմանագիրը, երևի նոր մրցույթ կհայտարարենք: Շատ գեղեցիկ բան էի սպասում, բայց չստացվեց, ոչինչ, էդպես էլ է լինում՝ 42 ծրագրից թող մեկն էլ լավը չլինի, բայց հետևողական ենք, որպեսզի արագ շտկվի հարցը:
— Փողոցների գծանշումները լրիվ փոխել է քաղաքի տեսքը՝ որքա՞ն կդիմանան այդ գծանշումները, բարձր որակն ապահովվա՞ծ է:
— Դե, եվրոպական ծրագիր է, պիտի որ եվրոպական ոճի էլ լիներ: Բայց չէի ասի, թե բարձր որակ է ապահովված, կարծում եմ, մի ժամանակ հետո կջնջվի, էլի մեր վրա է մնալու: Տեխվերահսկող կա, բնականաբար, որակի մասին իրենք կտան իրենց եզրակացությունը:
— Ծրագրով նախատեսված էր, որ հենասյուներն էլ են փոխվելու…
— Դրանք արդեն պատրաստ են, լուսատուների հետ են խնդիրներ ունեցել, բայց արդեն մրցույթ հայտարարել են: Բացի այդ կտեղադրվեն նաև նոր աղբամանները և նստարանները: