ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Գյումրու այցեքարտը, կամ՝ «Թանգարան՝ բաց երկնքի տակ»

Հարցազրույց Գյումրու «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն ԻՆԳԱ ԱՎԱԳՅԱՆԻ հետ:

— Տիկին Ավագյան, Գյումրու այցեքարտ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանը՝ «թանգարան է բաց երկնքի տակ»: Խոսենք այս ինքնատիպ թանգարանից, խնդիրներից, հաջողություններից:

— Ինչպես գիտեք, արգելոցը ստեղծվել է դեռևս Խորհրդային Միության տարիներին՝ 1980թ.-ին՝ Սաշուր Քալաշյանի, Սասուն Գրիգորյանի ջանքերով, մարդիկ, որոնք և՛ ճարտարապետներ էին, և՛ շատ լավ հասկանում էին արգելոցի անհրաժեշտությունը, քանի որ խորհրդային ժամանակահատվածում մեծ վնաս էր հասցվել Ալեքսանդրապոլի հուշարձան-կառույցներին: Մինչ օրս կան շենք-շինություններ, որոնք տուժված են հենց խորհրդային՝ 70 տարիների շրջանում, մասնավորապես, ֆասադային հատվածներում ավտոտնակներ են կառուցվել, ինքնակամ գործողություններ են կատարվել: Իսկ արգելոցի ստեղծումից հետո, պատմական կենտրոնի բեռնաթափումն էր: Ինչո՞ւ: Որովհետև պատմամշակութային շինություն համարվող տանտիրոջ ազգը բազմացել էր, անհրաժեշտություն էր առաջացել մեկ-երկու սենյակի ավելացման, պետքարանի ավելացման, ամուսնություն-ամուսնալուծություն, ժառանգության կիսում… և այդ էր պատճառը, որ այս տիպի շինություններում կարիք կար բեռնաթափման և մարդանց բնակարանով ապահովելու խնդիր էր: Քաղաքի կենտրոնը գերխտացված էր: «Կումայրի» արգելոցի ստեղծման ժամանակ կար տնային կառավարչություն, որը հատուկ զբաղվում էր արգելոցի 1170 շենք-շինություններով: 1980-88թթ. մեծ ծավալի աշխատանք կատարվեց պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, նախագծման, վերականգնման և նպատակային օգտագործման ուղղությամբ: Աննախադեպ գործունեություն ծավալվեց բանահավաքչության, հասարակական, տնտեսական, քաղաքի ընտանեկան կենցաղին և մշակույթին վերաբերող թանգարանային արժեքների ձեռքբերման, դրանց գիտական ուսումնասիրության և հանրահռչակման ուղղությամբ:

Հետագայում «Կումայրին» արդեն լուծարվեց, 2007-ից այն դարձավ քաղաքաշինության ենթաբաժին: 2013թ. նոր վերականգնվեց «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի իրավական նախկին կարգավիճակը, որով էլ հնարավորություն ընձեռնվեց շարունակելու թանգարանի գիտահավաքչական գործունեությունը: Պարոն Բալասանյանի 2019թ-ին հղված նամակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որ վերջինս «Կումայրի» պատմամշակութային արգելոցն ընդգրկեր իրենց ցանկ, շատ էր անհրաժեշտ: Դրանից հետո եկան վերականգնող-ճարտարապետներ, որոնք ուսումնասիրեցին հետաղետյան վերականգնման առանձնահատկությունները և եկան եզրակացության, որ մենք սխալ ենք արել. եթե մի հատվածը կրաշաղախով շարված պատ էր, իսկ մենք փորձել ենք բետոնաշաղախով ամրացնել, դա կարող էր հաջորդ յուրաքանչյուր ցնցումից հետո բերել կտրուկ փոփոխությունների ու հուշարձանն ավելի կտուժեր: Իրենք ռիսկայնության հետ կապված խնդիրներով քաղաքն ընդգրկեցին, որպեսզի հետագայում գրագետ կերպով կատարվեր վերականգնումը: Այն հուշարձան-շենքերը, որոնք բետոնապատումով էր՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն չհամարեց հուշարձան, առաջարկվեց քանդել ամրացումը և կրաշաղախով անել, իսկ այդ ծախսերը միլիոնների էր հասնում:

— Սակայն, եվրոպական զարգացած ճարտարապետական ու քաղաքաշինական նորմատիվները, բնական է, որ մեզ համար անհասանելի պիտի լինեին…

— Երբ «Կումայրին» ստեղծվեց, մենք ունեցել ենք վերականգնող արվեստանոցներ՝ իր ճարտարապետներով, վարպետներով, գործիքներով, որի ղեկավարը Սասուն Գրիգորյանն էր, իսկ հիմնական նպատակն էր ստեղծել քարտաշ-որմնադիրների, փայտագործների, հյուսն-ատաղձագործների, տանիքագործների համքարական բազա, որպեսզի հնարավոր լիներ պահպանել հուշարձանները, և ոչ միայն: Մի շարք վերականգնող-արվեստանոցներ ստեղծվեցին նաև հանրապետության այլ մարզերում: Սակայն այսօրվա դրությամբ ոչ մի վերականգնող-արվեստանոց չկա, բացի Երևանի արվեստանոցից: Մենք ունենք խնդիր, չունենք մասնագետ, որը քարը կմշակի տարաղով (հատուկ գործիք է, որով քարը համապատասխան չափով է տաշվում)՝ կորցնում ենք վարպետի ձեռագիր… Իսկ ժամանակակից սարքավորումներով ու մեխանիկայով այն չի ստացվում: Եթե մենք ուզում ենք գրագետ կերպով պահպանել և՛ Ալեքսանդրապոլի, և՛ Կումայրիի, և Լենինականի ճարտարապետությունը, պատմամշակութային հուշարձանները, ապա անհրաժեշտություն կա, որպեսզի իտալացիներին հրավիրենք, որ գան և սովորեցնեն: Չեմ կարող ասել, թե իսպառ են վերացել մասնագետները, բայց…

— Եզրեր կա՞ն, պայմանավորվածություններ կա՞ն:

— Նախ ասեմ, որ դա մեծ գումարների խնդիր է: Ի վերջո, գործիքակազմը թալանվել է, սնանկության է հասցվել, վարպետները կային, իսկ եթե մարդկանց պիտի ուղարկենք՝ սովորելու, վերապատրաստվելու, դա ևս մեծ գումարների հետ են կապված: Ի վերջո, հուշարձանները մինչ վերականգնումը, չափագրման փուլ պիտի անցնեին: Ասենք, պահպանված չափագրություններ կան, երբ մարդիկ ուզում են այս կամ այն շինությունը վերականգնել, մենք պատրաստ ենք տրամադրել դրանք, որպեսզի շեղում տեղի չունենա: Քաղաքում ունենք քաղաքաշինական խորհուրդ, «Կումայրին» ներկայացված է մեկ ձայնով, երբ որևէ նախագիծ է գալիս, այն դրվում է քննարկման: Մենք ունենք հրաշալի վերականգնող ճարտարապետներ, անվճար խորհրդատվություն է տրվում մեր կողմից, առաջարկությունները մինչև լուրջ, խորը մասնագիտական ուսումնասիրում, քննարկում չանցնի՝ թույլտվություն չեն ստանա: Այսօր մեր կառույցի և քաղաքաշինության բաժնի, ճարտարապետների, մարզպետարանի, մշակույթի նախարարության հետ սերտ համագործակցություն կա, փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք ամեն մի քարը ճիշտ տեղը դնենք: Ես 2018-ից եմ այս պաշտոնում, այս ընթացքում մի 50 նախագիծ գնացել, հաստատվել, իրականացվել է, սակայն դրա կողքին մի 10-15 քրեական գործեր էլ կան, որ ապօրինի գործողություններ են տեղի ունեցել հուշարձանների հետ: Շենքեր կան, որ մասնավորի է վաճառվել, և վերջիններս իրենց պատկերացումներով են ուզում ձևափոխումներ անել, իսկ սա անթույլատրելի է, քանզի խափանվում է ընդհանուր ճարտարապետական դիմապատկերը: Բոլոր դեպքերում, մենք հետևողական ենք: Հիմա մեզ հնարավորություն է ընձեռվել հուշարձան-շենքերի սեփականատերերի հետ պահպանական պարտավորագրեր կնքել, որը մեզ՝ օրենքով՝ իրավական գործառույթների հնարավորություն է տվել:

— Բացառապես ֆասադային պահպանության կարևորությա՞մբ են վերաբերումները:

— Ոչ, դա սխալ է: 2013թ-ին պատմական միջուկում կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ կա 3 տիպի հուշարձան շենքեր. 1) որոնց միայն ֆասադն է պահպանված, 2) որտեղ ավանդաբար նույն ընտանիքն է բնակվել, ջանացել են պահպանել և՛ արտաքին, և՛ ներքին հարդարանքը՝ փայտից պահարանները, դռները, ծածկափեղկերը, «բոխչաթավանները», փայտյա պատշգամբները, կամարակապ նկուղները, գերդաստանն հասկացել է, որ 120 տարի ապրելով այս տան մեջ, ինքն ամեն ինչի վրա պետք է դողա: Սրանք քաղաքի այն մարգարիտներն են, որոնք կարող են ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակ: Իսկ որոնց միայն ֆասադն է պահպանվել՝ ոչ, ինչպես, օրինակ, ԿԳԲ-ի շենքը:

— Իսկ ի՞նչ կտա ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկումը:

— Իհարկե, պահպանության համար ֆինանս, որը լուրջ գումար է, և սա բաղձալի երազանք է, մեկ տոկոսի հույս էլ որ լինի՝ էլի բան է:

— Տեսեք, ովքեր եղել են Թբիլիսում, կարող են փաստել, որ Հին Թիֆլիսը պահպանելով, այն վերածվել է զբոսաշրջային հիասքանչ վայրի, մենք նման հնարավորություն ունե՞նք, թույլատրելի՞ է, որ գերադաստանային տան բնակիչն իր տունը վերածի հյուրատան:

— Ունենք այդ տիպի շենքեր, օրինակ Ղորղանյան 101-103, երեկ ենք ուղարկել մշակույթի նախարարություն, ու շատ խիստ ենք մոտենում… Գիտե՞ք, երբ մենք ամեն մի փայտի վրա դողում ենք, բնակիչն ինքն էլ է սթափվում, որ պիտի պահպանի: Նույնը կստացվի Գորկու 30-ի հետ՝ «Գյումրի» ռեստորանի շենքի համար են դիմել: Մենք ամեն ինչի վրա պիտի դողանք, չպետք է թողնենք ավերեն՝ ինչպես Երևանի Կոնդը, և այլ հին թաղամասերը, և չասեն, թե ներդրողը ներդնում է… մենք էլ ստիպված բերաններս փակենք, թե ներդրողն աշխատատեղեր է ստեղծում, տնտեսական օգուտ է բերում, բայց օդատարն ու խողովակներն անցկացնի հուշարձան-շենքի պատի վրայով, անցքեր բացի շենքի վրա, ֆասադին կիպ կառուցի բացօթյա սրճարան, և այլն:

— Պատմական միջուկում ծավալուն շինաշխատանքներ պիտի իրականացվեն, իրենց հետ բնականաբար, աշխատանքներ տարել եք:

— Այո, իրենց հետ քննարկումների ժամանակ մի քանի առաջադրումներ է արվել. փողոցների մակարդակի չբարձրացնելը, որովհետև փայտից դարպասներ ունենք, որ եթե մակարդակը բարձրացվի, ստիպված դրանք պիտի կտրվեն, այդ դեպքում դա անթույլատրելի է: Իջեցմանը կողմ էինք, բայց դա էլ իրենք մերժեցին, ֆինանսատար է. բացվում էին կլոր քարերով սալահատակները, գեղեցիկ կլիներ, բայց այլ խնդիրներ ևս ի հայտ կգային: Իսկ դուրս եկած շքամուտքերի առումով հասցեական բնակիչների հետ աշխատանքներ են տարվել, համաձայնություն ենք ստացել: Այնպես որ, ամեն ինչ փորձում ենք պահպանել հավուր պատշաճի: