ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Գյումրու բժշկական կենտրոնում առաջին անգամ ստամոքսի բարդ վիրահատություն է իրականացվել

Հարցազրույց Գյումրու բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու ԱՐՄԵՆ ՆԱՍԻԲՅԱՆԻ հետ:

Բժիշկ, անցած շաբաթ Գյումրու բժշկական կենտրոնում (ԳԲԿ) տեղի է ունեցել ստամոքսի աննախադեպ վիրահատություն: Ընդունեք մեր շնորհավորանքները՝ առաջին անգամ նման բարդ վիրահատություն անցկացնելու և հաջողությամբ պսակելու կապակցությամբ: Կպատմե՞ք այդ վիրահատությունից, որն անգամ Հայաստանում առաջին անգամ է կիրառվել:

Ռոման Իզրաիլով եւ Արմեն Նասիբյան

— Շնորհակալություն: Ֆրեզնոյից ամեն տարի մեր ընկեր-բժիշկները գալիս էին Հայաստան, Գյումրի, մեզ օգնում էին որոշակի գործիքների, սարքավորումների առումով, էլ չեմ ասում՝ խորհրդատվություններ, եթե անհրաժեշտություն էր լինում՝ նաև վիրահատություններ: Կորոնավիրուսի և պատերազմի պատճառով անցած տարի չկարողացան գալ: Այս տարի ստացվեց, որ մեր ընկերներ-վիրաբույժներից մեկը՝ Վան Պողոսյանը կարողացավ գալ Հայաստան: Զուգադիպությամբ, մեզ մոտ ծանր հիվանդ կար, որն ուներ ստամոքսաելքի դեկոմպեսանցված ստենոզ, այսինքն՝ խոցային հատված, որը բերել էր նեղացման: Տեսեք, ստամոքսի խոցային հիվանդությունները շատ են տարածված, բայց պարտադիր չէ վիրահատական միջոցի կիրառումը, քանզի կա համապատասխան ժամանակակից դեղորայքային բուժում, որը, եթե ժամանակին պացիենտը դիմում է, բավական արդյունավետ միջոց է: Մենք հիմնականում բարդությունների դեպքում ենք միջամտում: Վերը նշած վիրահատությունը բավականին թանկարժեք միջամտություն է, մոտ 600 հազար դրամի կարգի և, ցավոք սրտի, ոչ բոլոր հիվանդներն ունեն պետպատվերով բուժվելու հնարավորություն: Եվ այն փաստը, որ ես մեկ ամիս առաջ վերապատրաստում էի անցել Մոսկվայի Լոգինովի անվան կլինիկական կենտրոնում, որը հզոր հնարավորություններով կենտրոն է, անգամ Դա Վինչի ռոբոտավիրաբուժության հնարավորություններով է հայտնի, դա հիմք հանդիսացավ, որ ես ավելացնելով իմ գիտելիքները, կարողացա ներդնել մեր կենտրոն: Իսկ Վան Պողոսյանի բերած կարող-կտրող նորագույն վիրահատական սարքը իր հերթին ունիկալ հնարավորություն էր, որպեսզի մենք առավել ռիսկային վիրահատություններ կկարողանանք իրականացնել: Եվ մենք կարողացանք այդ ծանր հիվանդի ստամոքսի վիրահատությունն հաջողությամբ իրականացնել, և մաքրել, ստամոքսի ստենոզի մասնահատում անել:

Դա ա՞յն է, որ երբ գիրացմամբ տառապողների մոտ ստամոքսը փոքրացնում են

— Ձեր ասածը բարիադրիկ վիրաբուժությունն է, որի վերապատրաստումը ես ևս անցել եմ: Ինչ-որ տեղ, այո, ստամոքսի մասնահատում էլ է ենթադրում, կամ գաստրոշունտավորման մեթոդն է կիրառվում: Ինչևիցե, մենք ձգտում ենք ամեն ինչ ներդնել, քայլել ժամանակի հետ համահունչ, մեր Գյումրու կենտրոնը հետ չթողնել ժամանակի շնչից: Եվ ինչո՞ւ մեր տարածաշրջանի հիվանդները գնան հասնեն այլ երկրներ, կամ թեկուզ մայրաքաղաքի կենտրոններ, երբ տեղում ունենք այդ հնարավորությունը, բոլորովին հետ չենք մնում՝ ոչ տեխնիկապես, ոչ պրոֆեսիոնալիզմով, և ամենակարևորը, գնային տեսանկյունից՝ մեզ մոտ համեմատաբար էժան է:

Տեխնիկան օրօրի զարգանում է, կարո՞ղ ենք ասել, որ Գյումրու ԲԿն հագեցած է ժամանակակից բուժսարքավորումներով:

— Իհարկե, չենք կարող ասել, թե ամենավերջին ճիչի սարքավորումներ ունենք, բայց որ այսօր համալրված ենք միջին և ավել հնարավորություններով՝ փաստ է: Վերջին մեկ տարվա մեջ մենք բաժանմունք ենք ներդրել 5 նոր վիրահատություն, որոնք արվում են, ասենք, լապարասկոպիկ եղանակով. այն է՝ կույր աղիքի հեռացում, լեղուղիների կոնտրաստավորում, լեղապարկի հեռացումը չհաշված, աճուկային և պորտային ճողվածքների վիրահատություն, կարևորագույններից մեկը կնշեի՝ կերակրափողի ճողվածքը, որը ևս լապարասկոպիկ մեթոդով է արվում և վերջինը, որի համար շնորհավորեցիք՝ ստամոքսի վիրահատությունն էր…




Բժիշկների հետ հարցազրույցներում մենք բնակչությանը բազմիցս հորդորել ենք հիվանդության դեպքում չսպասել, անմիջապես դիմել բժշկի: Սակայն բժշական ծառայությունները ոչ բոլորին է հասանելի: Ինչպե՞ս կարելի է առողջապահությունը հասանելի դարձնել բնակչությանը:

— Ձեր հարցադրումը շատ ճիշտ է: Տեսեք, մենք ունենք հիվանդների երեք կատեգորիա. առաջինները պետպատվերների հնարավորությամբ հատուկ սոցիալական խավն է: Մյուսները՝  համավճարային և վճարովի սկզբունքով բուժում անցնողներն են: Այսօր պետպատվերի լիմիտը սպառվել է, և մարդիկ, որոնք ունեն պլանային վիրահատության կարիք, ստիպված սպասելու են, թե երբ նորից պետությունը կֆինանսավորի: Սակայն, հիվանդությունը կարող է չսպասել, և պլանայինից դառնալ անհետաձգելի: Սա այն բարդությունն է, որ չես կարող հիվանդին չվիրահատել: Եվ ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ անհնար է, որ եթե ծայրահեղ վիճակով հիվանդը մեր կենտրոն դիմի՝ չվիրահատվի, օգնություն չցուցաբերվի: Հետվիրահատական շրջանն է, որ ևս հավելյալ ֆինանսների հետ է կապված, այլ հարց է, թե հիվանդանոցն իր ռեզերվների հաշվի՞ց կանի, թե՞ մարզպետարանը կօգնի և այլն: Դուք Ձեր հարցադրման մեջ նաև նշեցիք, որ հարցազրույցներում բժիշկները հորդորում են ժամանակին դիմել… Ինչո՞ւ համար ենք դա ասում: Շատ պարզ. բարդացած հիվանդությունը շատ ավելի դժվար է բուժելը, շատ ավելի ծախսատար է, երբեմն ելքը բացասական է լինում, ու դա բոլորովին բժշկի մեղավորությունը չէ, որ հիվանդությունը հասցված է եղել պիկի: Հասկանո՞ւմ եք, մենք՝ բժիշկներս ենք մոլորվում, որ երբեմն այնպիսի վիճակում են մեզ մոտ հիվանդ բերում, այն աստիճանի ախտահարված օրգանով, որ… Միակ հիվանդությունը, որ չգիտես ինչպես ժամանակին կանխել՝ դա ուռուցքաբանականն է. տարիներով կարող է ի հայտ չգալ, հետո միանգամից բարդություներով է հայտնվում: Երբեմն բժիշկը՝ իհարկե հիվանդատիրոջների համաձայնությամբ, նժարի վրա է դնում մարդու կյանքը. ելքը հայտնի է, բայց մեկ տոկոսի հույսը փորձում է իրացնել, կարող է ու… փրկի:

Ձեր աշխատանքի բարդությունն ահավոր է

— Այո, ինչպես ասեցի, մեր բաժանմունքը բազմապրոֆիլ է, ամենամեծն է, տարբեր պրոֆիլի 33 բժիշկ ունենք: Հերթապահ բժիշկներն հաճախ այնպիսի ծանրություն են իրենց վրա վերցնում, որ ստիպված են անել ոչ պրոֆիլային վիրահատություն: Այո, բժիշկը պետք է բարձր վարձատրվի, բայց մենք հասկանում ենք, որ մեր երկիրն այս հնարավորություններն ունի, ունենք այն, ինչ ունենք: Իսկ պացիենտներն էլ, այո, պետք է առնվազն տարվա մեջ մեկ անգամ դիսպանսեր հետազոտություն անցնեն: Ավելի լավ է պարտք անել, ստուգվել, բուժվել, քան թողնել, մինչև վատ լինի, նոր պատգարակով հիվանդանոց բերեն: Հետո էլ հիվանդատերերը դուրս գան, հայտարարեն, թե. «տեսե՜ք, մասնագետ չե՜ն, մեր հիվանդին մեռցրի՜ն…»: Մենք այս COVID-ի պայմաններում, այս տարվա մեջ մոտ 550 վիրահատություն ենք իրականացրել, իսկ մինչ այս վիրուսային շրջանը՝ տարեկան 1000 և ավել վիրահատություններ ենք ունեցել:

Բժիշկ, ըստ Ձեզ, որքա՞ն հաճախ պետք է բուժանձնակազմը վերապատրաստում անցնի, և իրականում որքան ժամանակը մեկ են անցում:

— Դուք ցավոտ հարց եք տալիս: Որպես բաժանմունքի վարիչ, ես գտնում եմ, որ հաճախ պետք է վերապատրաստում անցնեն բոլորը: Բայց օրինակն իմ վրա բերեմ. ասացի, չէ՞, որ Մոսկվայում վերապատրաստում եմ անցել: Ես իմ աշխատավարձից ինչ-որ ժամանակ գումար եմ կուտակել, որ կարողանամ երկրից դուրս, պրոֆեսիոնալ մասնագետների մոտ վերապատրաստում անցնել: Էլ չեմ ասում, թե որքան թանկարժեք են բժշկական գործիքները: Բայց, միևնույն ժամանակ, կասեմ, որ հպարտ եմ, որ այդ ամենն ապարդյուն չանցավ, և մեզ մոտ կատարված վիրահատությունը մոսկովյան առաջատար կլինիկայի մակարդակի էր: Դա մեր քաղաքի, տարածաշրջանի համար մեծ պատիվ է, նույնիսկ Երևանում հատով կհաշվեք, որ նման վիրահատություն արած լինեն: Բժշկությունն արագ զարգանում է, տեխնիկան արագ զարգանում է, այո, հաճախակի է պետք վերապատրաստվել: Ինչ խոսք, կուզենայինք, որ պետությունն ունենար նման հնարավորություն և օգներ, աջակցեր բուժանձնակազմին՝ վերապատրաստվելու, մասնագիտական կարողությունները զարգացնելու…