Համաշխարհային հյուրանոցային ցանցի՝ «Ռեդիսսոն հոթել գրուպ»-ի (Radisson Hotel Group) ներկայացուցչակազմը պաշտոնապես հուշագիր ստորագրեց Գյումրիում արդեն իսկ իր ուրույն տեղը զբաղեցնող, քաղաք այցելող զբոսաշրջիկների և բիզնես-հյուրերի սիրտը գրաված «Շիրազ պլազա հոթելի» և «Ալեքսանդրա SPA» ( Shiraz Plaza hotel և Alexandra Spa)-ի միջև: Այսուհետ հյուրանոցը կկրի Radisson Hotel & Spa Gyumri անունը:
Սա Radisson Hotel Group-ի երկրորդ համալիրի գործարկումն էր Հայաստանում (առաջինը Երևանում է): Ծանոթացման կարգով նշենք, որ այս բրենդն են կրում աշխարհի շուրջ 115 երկրում գործող մոտ 1400 հյուրանոց, ինչպես նաև՝ բրենդն հայտնի է ամենամեծ թվով հյուրանոցային բարձր մակարդակի համարներով:
Գյումրու Շահումյան 105 հասցեում գործող «Շիրազ պլազա հոթելը» քաղաքում միակ հյուրանոցն է, որն ունի մեծ թվով սենյակներ՝ 64 տարբեր դասի: Բացի այդ, այն քաղաքի պատմական կենտրոնում շքեղ ճարտարապետական կառույց է, ունի 70 անձի համար նախատեսված, տեխնիկական միջոցներով հագեցած կոնֆերանս դահլիճ, հանդիպումների համար նախատեսված երկու սրահ: Ինչպես նաև՝ ռեստորան, բար, մարզադահլիճ: Սրան զուգահեռ, հյուրանոցում հյուրընկալված հյուրերը հնարավորություն ունեն անվճար օգտվելու նաև Alexandra Spa-ի մուտքի ծառայություններից:
Համալիրի կառուցման մեկնարկը տրվել է 2022թ-ին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 8 մլն դոլար: Ստեղծվել է 50 և ավել աշխատատեղ:
Radisson Hotel Group-ի Բիզնեսառաջխաղացման գլխավոր տնօրեն Մարիա Զնովան մինչ հուշագրի պաշտոնական ստորագրումը՝ հյուրերին ներկայացրեց ընկերության հաջողության պատմությունը, տարածվածությունը, առավելությունները, մատնանշելով, որ բրենդի մուտքը Գյումրի՝ դա լայն իմաստով՝ բարձրակարգ ծառայությունների մատուցման և միջազգային հյուրանոցային ստանդարտներին համապատասխանեցման լավագույն հնարավորություն է:
Մեզ հետ զրույցում, այն հարցին, թե հատկապես որ առավելությունները կմատնանշի «Շիրազ փլազա»-ից, տիկին Զնովան ասաց. «Նախ հյուրանոցի տեղն ու դիրքն են հիանալի: Ապա, միակն էր, որ ուներ 50-ից ավել, տարբեր դասի սենյակներ: Բացի այդ, կոմունիկացիաները բարձր մակարդակով են պլանավորած: Շենքային պայմանները շքեղ են, հարմարավետ՝ ինչը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Գործող հյուրանոցն իր մատուցած ծառայություններով, հարմարավետությամբ, լուսավորությամբ և դիզայնով համապատասխանում են մեր պահանջներին»: Նա հույս հայտնեց, որ միջազգային բրենդի մուտքը Գյումրի կխրախուսի նաև այլ հայտնի ապրանքանիշներին, որպեսզի վերջիններս ևս հայացք ուղղեն Գյումրու ուղղությամբ և ինչու չէ, ներդրումներ կատարեն, և քաղաքը դարձնելով առավել գրավիչ՝ ամենը կնպաստի Հայաստանի երկրորդ քաղաքի զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը: «Բացի այս, ինչպես գիտեք, «Ռեդիսսոն հոթել գրուպ»-ի հյուրանոցները բաժանվում են ըստ դասակարգման՝ էկոնոմ, միջին, երիտասարդական «Կարմիր», բարձրակարգ՝ «Ռեդիսսոն բլյու», «Արտ հոթել», որն արվեստի ուղղվածություն ունի… Կարծում եմ, Գյումրին, որպես մշակութային մայրաքաղաք, նաև կարող է հետագայում հավակնել որպես Արտ հոթելի… Սա իմիջիայլոց: Իսկ ինչ մնում է մեր գործընկերոջ՝ «Ալեքպոլ փրոջեքթս մենեջմենթ»-ի հետ համագործակցությանը, ապա պետք է նշել, որ վստահելի գործընկերներ են, որոնք մեծ ծրագրեր են իրականացնում թե՛ Գյումրիում, թե՛ Հայաստանում»,- մատնանշեց տիկին Զնովան: Իր հերթին, Radisson Hotel Group-ի տարածաշրջանային գլխավոր ինժեներ Պավել Ստելմաչենկոն հավելեց, որ հյուրանոցի տեղը, դիրքը, անվտանգային համակարգը, տեխնիկական և կոմունիկացիոն բոլոր համակարգերը բավարարում են իրենց պահանջներին:
«Ալեքպոլ փրոջեքթս մենեջմենթ» (Alecpol Projects Management) ընկերության տնօրեն Արման Բարսեղյանը ներկայացրեց, որ գործարար Արման Սոսի Սահակյանը և շվեյցարահայ գործարար Վարտան Նազարեթի Սիրմաքեսը համատեղելով իրենց ծրագրերը, 2019թ-ին ստեղծեցին «Ալեքպոլ փրոջեքթս մենեջմենթ»-ը՝ այսինքն, թարգմանաբար՝ Ալեքպոլյան նախագծերի կառավարում, քանզի խնդիր էր դրվել վերականգնել Ալեքսանդրապոլի մշակութային ժառանգությունը, որը գտնվում է հատկապես քաղաքի կենտրոնական՝ պատմամշակութային հատվածում: Որպես հաջողության պատմություն, պարոն Բարսեղյանը հակիրճ ներկայացրեց դրանցից մի քանիսը:
«Առաջին նախագիծը Ռուսթավելի փողոցում գտնվող պատմամշակութային հուշարձան համարվող մի քանի գույքերի միավորումն էր՝ մեկ համալիրի մեջ: Մոսկվայից ճարտարապետներ են հրավիրվել, որոնք նախագիծ են ներկայացրել, ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի հավանությանն արժանանալով՝ վերականգնողական և վերաիմաստավորման աշխատանքներ իրականացվեցին: Հիմնվեցին երեք ռեստորաններ՝ «Բաստուրմա», «Միրոն», «Ալ Ահուազ»: Այնքան գեղեցիկ, ինքնատիպ ու հաճելի միջավայրեր ստացվեցին, որ միանգամից գրավեցին ոչ միայն գյումրեցիների սիրտը, այլև քաղաք այցելած հյուրերի, որոնք պարտադիր իրենց հանգիստը վայելում են այս հանգստավայրերում: Հաջողված ծրագիրը նորանոր ձեռքբերումների մղեցին: Միանգամից երեք նախագիծ պատրաստվեց: Գյումրու Աբովյան փողոցում՝ գյումրեցիների լեզվով՝ «ԿԳԲ-ի սև շենքը» (ԽՍՀՄ տարիներին այս շենքում ԿԳԲ-ն է գործել) վերականգնվեց, տխրահռչակ պատմությունը փոշիանալով՝ տեղում վերհառնեց հաճելի ու աշխույժ հանգստի ու առևտրի կենտրոնը՝ «Ալեքսանդրա Պլազան», որն իր մեջ ներառում է ճարտարապետական բարձրաճաշակ լուծումներով «Ալեքսանդրովսկի» ռեստորանը և Բիզնես կենտրոնը՝ վարձակալական հիմունքներով նախատեսված գրասենյակային տարածքներով: Ռեստորանում կազմակերպվում են բացօթյա միջոցառումներ, հայտնի բենդեր են ելույթ ունենում, երիտասարդների ուրախության ու ժամանցի անցկացման յուրահատուկ դիզայնով, գեղեցիկ ու նախընտրելի վայր, որը ոչ միայն տեղացիների համար է նախընտրելի վայր, այլև մայրաքաղաքից և ՀՀ այլ մարզերից հատուկ հյուրեր են գալիս, որ իրենց հանգիստն այստեղ կազմակերպեն: Իսկ Գորկու 28 հասցեում՝ 1881թ. ճարտարապետական արժեք համարվող շենքը ոչ միայն վերականգնվեց որպես կառույց, այլև վերաիմաստավորվեց Գյումրվա հին ավանդույթը կրող բաղնիքը՝ վերածվելով Հայաստանում եզակի՝ «Ալեքսանդրա Սպա» ծառայությունների կոմպլեքսի, որտեղ կանանց և տղամարդկանց համար առանձնացված մասնաշենքերում առաջարկվում են լոգանքի և արտասահմանցի մասնագետների կողմից՝ մարմնի պրոֆեսիոնալ մերսման բարձրակարգ ծառայություններ, գործում է 4 տեսակի շոգեբաղնիքներ՝ ֆիննական, ռուսական, հռոմեական և ասիական համամ, շքեղագույն լողավազաններ և ջակուզի:
Եվ վերջապես, 2022թ. որոշվեց Alexandra Spa-ն միավորել «Շիրազ պլազա հոթելի» հետ, արդյունքում կունենանք մեկ համալիր՝ Radisson Hotel & Spa Gyumri : Մեծ ուրախություն է, որ մեր առաջարկը համապատասխանում է միջազգային ապրանքանիշի որակի չափանիշներին, առավել ուրախալի է, որ մենք այդ ամենին հասել ենք բացառապես գյումրեցի կադրերով: Բացի այս, մեր կադրերը հնարավորություն կունենան վերապատրաստվելու միջազգային ապրանքանիշի ստանդարտներով: Համաշխարհային հյուրանոցային ապրանքանիշի ընտանիքի անդամ դառնալը մեզ համար մեծ պատիվ է: Կարծում եմ՝ միջազգային բրենդի Գյումրի մուտքով՝ առավել կբարձրանա Գյումրու գրավչությունը թե՛ զբոսաշրջիկների, թե՛ բիզնեսմենների և թե՛ ներդրողների համար:
Այսպիսով՝ Գյումրու հյուրընկալությունը մուտք է գործում միջազգային ասպարեզ: