Դեռևս ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ «Գյումրու բժշկական կենտրոն»-ի ստեղծման նպատակով նախատեսվեց միավորել Շիրակի մարզային, Սամարիթեր և Սեդրակ Խաչատրյանի (Գյուլբենկյանի) անվան վիրաբուժական հիվանդանոցների վիրաբուժական ու թերապևտիկ բնույթի ծառայությունները: Այժմ ի՞նչ կարգավիճակ ունեն նախկին Գյուլբենկյանի անվան վիրաբուժական և Շիրակի մարզային հիվանդանոցների մասնաշենքերը, արդյո՞ք դրանք որևէ մեկին պատկանում են:
Վերը նշվածը պարզելու համար «Շրջապատը» հարցում էր ուղարկել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, որտեղից ստացվել է հետևյալ պարզաբանումը. «Համաձայն Պետական գույքի կառավարման վարչության անշարժ գույքի հաշվառման բազայի տվյալների՝ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ջիվանու 74 հասցեում գտնվող նախկին Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի անշարժ գույքը հանձնվել է վարչության տնօրինությանը և ներդրումներ ներգրավելու նպատակով ընդգրկվել օտարման ենթակա գույքի ցանկում: Գյումրի քաղաքի Մանուշյան 8 հասցեում գտնվող «Գյումրու Սամարիթեր վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի անշարժ գույքն հանդիսանում է ՓԲԸ-ի սեփականությունը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Գյումրի քաղաքի Ղանդիլյան 51, Ղանդիլյան 51/9, Ղանդիլյան 51/10 և Ղանդիլյան 51/11 հասցեներում գտնվող՝ Շիրակի մարզային հիվանդանոցի անշարժ գույքը, համաձայն ՀՀ կառավարության 13.06.2003 թվականի հ. 882-Ն և 04.02.2016 թվականի հ. 84-Ա որոշումների, օտարվել է «ՍԱՍՍՏԵՔՍ» ՍՊԸ-ին»:
ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը «Շրջապատի» հետ զրույցում նշեց, որ ցանկացած գույք, որն օտարվում է, հանձնվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը. «Ճիշտ կլինի, որ շենքերը ոչ թե պահեն, թթու դնեն, այլ վերցնեն, օգտագործեն: Ինչ վերաբերում է նախկին Մարզային հիվանդանոցի շենքին, այնտեղ մասնավոր մարդիկ տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություն են բացում»:
«Սամարիթեր վերականգնողական կենտրոն»-ի տնօրեն Վալիկո Ներգաձեն մեզ հետ զրույցում նշեց, որ հիվանդանոցը լուծարման շեմին է գտնվում, և օպտիմիզացիայի արդյունքում 3 ամսվա ընթացքում աշխատողներով հանդերձ իրենք միանալու են «Գյումրու բժշկական կենտրոն»-ին. «Այստեղ են տեղափոխվելու նաև վերականգնողական կենտրոնի բուժսարքավորումները: Շենքը վերցնելու է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը»:
Հ.Գ. Գյումրու բժշկական կենտրոնի բացումը տեղի ունեցավ 2012 թվականին: Դրա ստեղծմամբ բժշկական գրեթե բոլոր ծառայությունները կենտրոնացվեցին մի տեղում, ինչի արդյունքում այդ կենտրոնը մոնոպոլ դիրք գրավեց: Մինչդեռ մի քանի հիվանդանոցների առկայության դեպքում, դրանց միջև մրցակցություն կառաջանար, ինչը որոշ չափով կնպաստեր այդ ծառայությունների գների իջեցմանը: Իսկ այժմ ՀՀ-ում հակառակ գործընթացն է տեղի ունենում. անվճարունակ ազգաբնակչության համար բժշկական ծառայությունների գները ոչ միայն չեն նվազում, այլև բարձրանալու միտում ունեն: Այս մասին վերջերս հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ