ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Գյումրու օդում մի կախարդական, պոետիկ բույր կա»

Հարցազրույց բանաստեղծ, թարգմանիչ ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:

Պարոն Գևորգյան, դուք 25 տարի ապրել և ստեղծագործել եք Դոնի Ռոստովում ու, ի վերջո, որոշել եք վերադառնալ հայրենի քաղաք` Գյումրի: Այստեղ կարճ ժամանակում արդեն հասցրել եք տպագրել մի քանի գրքեր: Ըստ Ձեզ, դա հիմք տալի՞ս է ենթադրելու, որ Ձեր եռանդը Գյումրիում կրկնապատկվել է:

— Ճիշտն ասած` ես դարձյալ բավարարված չեմ, ավելին` համոզված եմ, որ ավելի շատ բան  կարող էի անել: Պարզապես մեր իրականությունում դառը ճշմարտությունն այն է, որ գրքեր հրատարակելու համար ֆինանսական միջոցներ են հարկավոր: Ահա, օրինակ, նշածս պատճառով չեմ կարողանում տպագրել ռուսերեն բանաստեղծություններիս հատընտիր ժողովածուն, որում տեղ են գտել 400 բանաստեղծություններ:

Այսուհանդերձ, լույս է տեսել Ձեր հայերեն թարգմանությամբ ռուսերենով ստեղծագործող Նունե Մելիքյանի բանաստեղծությունների ժողովածուն: Ինչո՞վ էր պայմանավորված այս բարեպատեհ առիթը:

— Չեմ կարող չնշել, որ ինձ համար ուրախալի էր այն հանգամանքը, որ հաջողվեց ռուսերենից հայերեն թարգմանել անվանի ջութակահարուհի, նուրբ պոետական հոգու տեր Նունե Մելիքյանի բանաստեղծությունների ժողովածուն: Դժվարությունն այն էր, որ երկար ժամանակ ապրելով ռուսական միջավայրում, ինձ համար դյուրին չէր Նունեի բանաստեղծություններն հայերեն թարգմանել: Ի դեպ, ասեմ, որ այս գործին ձեռնամուխ լինել հորդորեց Նունեի հայրը: Սկզբում թերահավատ էի, թե կկարողանամ հավուր պատշաճի թարգմանել, բայց հետո իմ գրախոսներն ասացին, որ ինձ հաջողվել է Նունեի քնարահույզ տողերին համահունչ թարգմանություն ապահովել: Հետո արդեն ընթերցողների շրջանում գրքի պահանջվածությունն ինձ համար անչափ ոգևորիչ եղավ:

Դուք նաև ստեղծագործում եք արձակի ժանրում, ռուսերեն լեզվով հրատարակել եք «Պատմվածքներ կորսված քաղաքից» գիրքը: Ըստ Ձեզ՝ արձա՞կն է ավելի հեշտ տրվում, թե՞ պոեզիան:

— Երկուսն էլ ինձ համար սրտամոտ են: Պարզապես գաղտնիքն այն է, որ երբ գործդ նվիրումով ես անում, այն անպատճառ քեզ հոգեհարազատ է դառնում: Բայց ինձ թվում է՝ պատմվածքներս ավելի հաջողված են: Երկար ժամանակ չէի կարողանում այս գիրքս տպագրել: Հետո այնպես ստացվեց, որ ձեռագիրը տվեցի ռուս գրչընկերուհուս` Լյուդմիլա Կանատևային, որպեսզի կարդար: Նրա կարծիքն իմանալն ինձ համար շատ կարևոր էր: Լյուդմիլային անչափ հուզել էին պատմվածքներս: Նա որոշեց, որ գիրքն անպայման պետք է տպագրվի, և ինքն իր սեփական միջոցներից գումար հատկացրեց դրա համար:

Հետաքրքիր է՝ Ձեր «Տիգրան Մեծ» պատմական դրաման, որը Դոնի Ռոստովի ակադեմիական թատրոնում բեմադրվեց, ինչպիսի՞ ընդունելության արժանացավ ռուս հանդիսատեսի կողմից:

— «Տիգրան Մեծ» պատմական դրամաս մի քանի տարի Դոնի Ռոստովի ակադեմիական թատրոնի խաղացանկում իր հաստատուն տեղն ուներ: Ինքներդ եք հասկանում, որ այսպիսի ներկայացումը, որ արտացոլում էր հայոց պատմության փառահեղ էջը, մեծ ծախսեր էր պահանջում: Եվ այստեղ օգնության եկան հայ համայնքի ներկայացուցիչները: Նրանք դեկորացիաների և զգեստների համար 600 հազար ռուբլի տրամադրեցին թատրոնին: «Տիգրան Մեծն» ընթանում էր լեփլեցուն դահլիճում: Ռուս հանդիսատեսն ուղղակի խանդավառված էր այս ներկայացմամբ: Մի հետաքրքիր դեպք պատմեմ: Այնպես էր ստացվել, որ մոտավորապես երեք ամիս ընդհատվել էր դրամայի ցուցադրումը ու հանկարծ ինձ է զանգում թատրոնի գլխավոր ռեժիսոր և տնօրեն Նիկոլայ Սորոկինն ու հրավիրում իր մոտ: Գնացի, նա խորամանկ ժպիտով ինձ նայեց ու ասաց, թե քիչ առաջ եկել էին մի խումբ թատերասեր կանայք ու իրենց դժգոհությունն հայտնել, թե ինչո՞ւ խաղացանկում չկա պիեսը: Այդ կանայք Սորոկինից համառորեն պահանջել էին վերականգնել այն:

Իսկ Դոնի Ռոստովի հայկական համայնքն ինչպե՞ս ընդունեց այս ներկայացումը: Հավանաբար, հպարտությամբ, որ ռուսական բեմին ներկայացվում էր հայկական պատմական դրամա:

— Պետք է հիասթափեցնեմ ձեզ, բայց իրականությունն այն է, որ նրանք անտարբեր վերաբերվեցին այս փաստին: Հայերի չնչին տոկոսը եկավ թատրոն: Հայերն այնտեղ առավելապես ձգտում են փող աշխատել ու բարեկեցիկ կյանքով ապրել: Արվեստին հաղորդակցվելը նրանց համար հետաքրքիր չէ: Ու սա, հասկանում եք, ինձ` գրող մարդուս համար, միանգամայն անընկալելի երևույթ է: Ռուսներն այդպիսին չեն, նրանք պարզապես իրենց կյանքը չեն կարող պատկերացնել առանց արվեստի հետ սերտ հաղորդակցության:

— 2015 թվականին Ձեր թարգմանություններով լույս տեսավ  «Շիրակ աշխարհի պոեզիան» վերնագիրը կրող անթոլոգիան, ինչպե՞ս եք կատարել բանաստեղծների ընտրությունը: Կարծում եմ` հեշտ չի եղել:

— Ընտրել եմ այնպիսի բանաստեղծների, ովքեր առավել ցայտուն են ներկայացնում Շիրակ աշխարհը: Մյուս կողմից, ես ծանոթացել եմ նախորդ տարիներին լույս տեսած հայալեզու անթոլոգիաներին, ու դրանք ինձ մեծապես օգնել են հեղինակների ընտրության հարցում:

Իսկ Ձեր նոր` «Շիրակի կանանց պոեզիան և արձակը» գրքում որքա՞ն տեղ եք տվել գյումրեցի բանաստեղծուհիներին:

— Ընդհանուր առմամբ, գրքում տեղ են գտել 250 թարգմանություն: Ես, առհասարակ, մեծ հարգանք եմ տածում մեր Շիրակի բանաստեղծուհիների նկատմամբ: Իմ խորին համոզմամբ, նրանք` իրենց օժտվածությամբ և հուզականությամբ, գերազանցում են մայրաքաղաքի բանաստեղծուհիներին: Ես մեծագույն հաճույքով եմ թարգմանում նրանց գործերը:

Եվ վերջին հարցը. կարո՞ղ է մի օր այնպես պատահել, որ որոշեք վերադառնալ Դոնի Ռոստով:

— Վստահ եմ, որ ոչ: Գյումրու օդում կա մի կախարդական, պոետիկ բույր:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ