«Հայկական Ֆուտբոլի ստրատեգիական զարգացման ծրագրի» շրջանակներում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան (ՀՖՖ) 2011 թվականին նախաձեռնեց Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի շինարարությունը: ՀՀ Կառավարության նիստի 25 սեպտեմբերի 2015 թվականի N43 Արձանագրության քաղվածքում նշված է. «…Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրը Հայաստանի Հանրապետության, ՀՖՖ և երկու միջազգային կազմակերպությունների՝ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից իրականացված համատեղ ներդրումային ծրագիր է:
Ընդհանուր ներդրումային ծրագիրը Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի մասով 1.162.884.249,33 ՀՀ դրամ է (1 միլիարդ 162 միլիոն 884 հազար 249 դրամ): Մարզահամալիրի բնականոն գործընթացը հետագայում ապահովելու համար նախատեսվում է իրականացնել` 36.067.422 ՀՀ դրամի չափով շարժական գույքի ձեռքբերում: Հիմնական միջոցների մասով ներդրումային ծրագիրը գլխավոր մասնաշենքի շինարարությունում 502.876.718,04 ՀՀ դրամ արժեքով է: Ծրագրում ներառված նախագծում առկա բնական խոտածածկով 6 խաղադաշտը` յուրաքանչյուրը 35.786.148 ՀՀ դրամ արժեքով է: Համալիրի ենթակառուցվածքում է նաև արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտը` 142.420.903 ՀՀ դրամ արժեքով, արհեստական խոտածածկով փոքր խաղադաշտը` 57.130.739 ՀՀ դրամ արժեքով… որոնք համապատասխանում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար ընդունված չափորոշիչներին:
Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի գոյությունը «Մուշ» թաղամասում, ակադեմիայի հետագա շահագործումը նաև տարածաշրջանային ներգրավվածության առումով ենթադրում է ակադեմիայի տարածքի բարեկարգում` տարածքի ասֆալտապատում և անցուղիների շինարարություն 36.895.000 ՀՀ դրամ արժեքով, տարածքի պարսպապատում` 78.064.000 ՀՀ դրամ արժեքով:
Նկատի առնելով Գյումրու բնակլիմայական պայմանները և թե վարչական մասնաշենքի, և թե հատկապես խաղադաշտերի համար բնականոն կենսագործունեության համար պայմանների ապահովումը, անհրաժեշտություն է ակադեմիայի կաթսայատունը` 5.558.000 ՀՀ դրամ արժեքով:
Անհրաժեշտ ենթակառուցվածքների մասով ներդրումային ծրագիրը 660.007.531 ՀՀ դրամ արժեքով է»:
2014 թվականի սեպտեմբերի 13-ին այս կարևորագույն ֆուտբոլային ենթակառուցվածքն հանձնվեց շահագործման, որի բացմանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան զբաղեցնում է 8 հեկտար հողատարածք, բաղկացած է 1.200քմ մակերեսով եռահարկ մասնաշենքից, որտեղ կան ենթակառուցվածքներ՝ կահավորված մարզչական սենյակներ, հանդերձարաններ, սանհանգույցներ, ցնցուղարաններ, դասասենյակ, լսարան, բժշկի սենյակ, վարչական մաս, արհեստական 2 և բնական խոտածածկով 6 խաղադաշտ, որոնք համապատասխանում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար ընդունված բոլոր չափորոշիչներին:
2015թ. ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշմամբ՝ Գյումրու ֆուտբոլի ակադեմիան անհատույց հանձնվեց «Շիրակ» ֆուտբոլային ակումբին:
Ապագա ծրագրերի շարքում էր նաև փակ մարզադահլիճի կառուցումը: Երբ ակադեմիայի բացմանը ներկա գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նկատեց, որ բավականին մեծ տարածք դատարկ է, ծածկված կերամզիտային ծածկույթով, այն ժամանակվա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին ասաց, որ ակադեմիային անհրաժեշտ է փակ մարզադահլիճ, տրենաժորային ենթակառուցվածք, ինչին պատրաստակամությամբ արձագանքեց Հայրապետյանը: Սակայն 5 տարի անց անգամ խոսակցության մակարդակում այս թեման չկա, դե՝ Սերժն էլ, Ռուբենն է՛լ չկան…
Փաստենք ընդամենը այն, ինչը երևացող մասն է.
Ըստ ակադեմիայի աշխատակիցների մասնավոր խոսակցությունների. «Խնդիրները սրանցով չեն ավարտվում»… Ֆուտբոլի ակադեմիայի շենքը նման է այն նորահարսին, որի երեսին քանի դեռ քող է գցած՝ հիասքանչ է, իսկ երբ քողը բարձրացնում ես, այ, այստեղից սկսվում է անտեսանելի կողմի բացահայտումները: Հարց է ծագում. 5 տարեկան շենքի վրա մի՞թե նման ճաքեր պիտի գոյանային… Ամեն պահը վտանգված է. մեկ ցնցում, եղանակային պայմանների անբարենպաստ շարունակական շրջան ու… շենքի կտուրային մասի պատերը «կոկոնի» նման կբացվեն:
Բացի այս, Շիրակի ցրտաշունչ ու տեղումնառատ եղանակային պայմաններին բոլորովին անհամապատասխան է տոլածածկ հարթ կտուրը, ինչի պատճառով ակադեմիայի ղեկավարությունն ամեն տարի փորձում է ինքնուրույն լուծում գտնել՝ թերությունները վերացնելու համար:
Ակադեմիայի աշխատակիցները համեմատության մեջ դնելով, ասում են, թե ինչպես է, որ երևանյան ակադեմիան, որը ևս կառուցվել է նույն ծրագրի շրջանակներում, ապահովված է դրախտային պայմաններով. ունի ծածկած մարզադաշտ, ծածկած լողավազան, տրիբունաներ (անգամ Վանաձորինն ու Էջմիածնինն են ապահովված), հյուրանոց, տեխնիկապես հագեցած ճաշարան, մի խոսքով՝ դրախտ է: Ասում են, թե ինչ խոսք, ուրախ են, որ կա ֆուտբոլի ակադեմիա, որտեղ Գյումրու և հարակից շրջանների երեխաները հնարավորություն ունեն մարզվելու, բայց ասել, թե բոլոր պայմաններն համապատասխանում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար ընդունված բոլոր չափորոշիչներին, այնքան էլ այդպես չէ:
Խաղադաշտերի ավազային հիմքի փոխարեն կերամզիտային լցոն է, դե, որովհետև շատ էժան է, բայց այն չի պահպանում խոնավությունը, ինչի շնորհիվ կապահովվեր առատ խոտածածկ: Ակումբը ստիպված է ամեն տարի 300-400խմ ավազ լցնել, որ բացերը փակեն:
Խաղադաշտերի խոտածածկը հատուկ մշակելու տեխնիկա է պահանջում: Մյուս ակադեմիաներին ֆեդերացիան ապահովվել է բազմաֆունկցիոնալ տրակտորներով, իսկ Գյումրու ակադեմիային նման հնարավորություն չի տրվել: Տրվել է մեկ կցատրակտոր, երկու գազոնակտրիչ, որոնցից մեկն հենց առաջին օրից անսարք է, իսկ երկրորդն էլ չի փայլում իր աշխատունակությամբ: Այն տեխնիկան, որն անհրաժեշտ է դաշտերի խնամքի համար՝ չի տրվել, և հիմա ակադեմիան իր հնարավորություներով է փորձում հարցը լուծել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ֆուտբոլը ֆինանսաբեր բիզնես չէ, ստացվում է, որ «Շիրակ» ակումբը մեծ ներդրումներ է անելու ոչ միայն աշխատավարձի ու մասնաշենքի պահպանման ու կենցաղային այլ հարցերի լուծման համար, այլ նաև այն ամենի, որն ըստ էության, պետք է ՀՖՖ-ն ապահովեր:
Երբ խոսք է գնում փակ մարզադահլիճից, որն անչափ անհրաժեշտ է, քանզի Շիրակի մարզում ձմեռը տևում է 6 ամիս, աշխատակիցները նշում են, որ այդտեղ միայն ասֆալտելը շուրջ 200 հազար դոլար է պահանջում, իսկ «Շիրակ» ակումբի վրա նման հոգս թողնելը շատ ծանր է: Թեպետ, խոսում են, որ ակումբը պատրաստվում է տրենաժորային մարզադահլիճ կառուցել (մինչդեռ Վանաձորում ֆեդերացիան է ապահովել, իսկ Էջմիածնում ծածկած լողավազան է կառուցել), ինչի հավանականությունը միայն ապագայում հայտնի կլինի:
Բնական խոտածածկով երկու խաղադաշտերի մեջտեղում ազատ տարածք է թողնված, որն, իբրև պիտի ծառայեր որպես թենիսի կորտ, սակայն մեր ֆոտոխցիկը փաստեց ընդամենը վայրի խոտածածկով պատված տարածք:
Բացի այս, խաղադաշտերի ողջ տարածքում չկա գոնե մեկ զուգարան, որ մարզիկը օգտվի, պետք է մի ծայրից մյուսը վազեն, որ ակադեմիայի շենքում հոգան իրենց բնական կարիքները: Ջրային համակարգը ևս մեծ թերություներով է կառուցված, ինչի պատճառով ակադեմիան հաճախ խնդիրների առաջ է կանգնում: Ողջ տարածքում չկա գոնե 10-20 նստատեղերով կառուցած տրիբունա, որ երեխաների ծնողները նստեն՝ իրենց երեխաների խաղին հետևելու, ինչը, մյուս ակադեմիաներում կա:
Հ.Գ. 1. Ըստ խոսակցությունների, շինարարությունն իրականացվել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող շինկազմակերպության կողմից:
Հ.Գ. 2. Գուցե պիտի գոհ լինենք, որ Հայաստանի երկրորդ քաղաքում ունենք նման ֆուտբոլային ակադեմիա՝ 6 խաղադաշտով: Բայց, մյուս կողմից, որպես գյումրեցի, որպես ապագա ֆուտբոլիստ մեծացնող ծնող, իմ սուբյեկտիվ մոտեցումն եմ ցուցաբերում, մատնանշելով, որ Գյումրիում ֆուտբոլով մարզվողները մեծ թիվ են կազմում՝ համեմատության մեջ մյուս մարզերի, որ Գյումրին սպորտային մեծ ավանդույթ ունեցող քաղաք է, չեմպիոն ծնող քաղաք է, ու միգուցե Հայաստանի ազգային ֆուտբոլը ևս մեր չեմպիոնական ուսերին տանելիք է:
Շատ լավ հասկանում եմ, որ պիտի հակադարձեն, թե 2015-ից ակադեմիան «Շիրակ» ակումբին է անվարձահատույց հանձնվել: Ակումբի ղեկավարությունն հնարավորինս անում է, սակայն նշածս թերությունները նախկին ապաշնորհ ղեկավարների ամենաթողության արդյունք են:
Ս.ՄԵԽԱԿՅԱՆ