Հարցազրույց Գյումրու «Բեռլին պոլիկլինիկա» ՓԲԸ գործադիր տնօրեն ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
— Պարոն Հարությունյան, օգոստոսի 1-ից բարձրանալու է պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձերը, սա նշանակալի՞ փոփոխություն է:
— Ըստ նախարարի հրապարակածի, այո, մոտ 10-15 տոկոսի չափով բարձրանալու է, դա նշանակում է, որ ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունների վճարման չափորոշիչները պետք է փոխվեն: Գոնե այս վերջին երկու տարին, որ ես եմ ղեկավարում, նման փոփոխություններ չեն եղել: Այսինքն՝ ինչ է դա նշանակում. մեր բժիշկներն ու բուժքույրերը վարձատրվում են կցագրված ազգաբնակչության թվաքանակին համապատասխան գործակիցներով:
— Ի՞նչ եք կարծում, սա փոփոխություն կմտցնի՞ աշխատելաոճում, այսինքն, մարդիկ ավելի շատ բողոքում են պոլիկլինիկաներում երկար սպասելուց, հերթ կանգնելուց, չնայած, որ հայտնի է, նույն կաբինետի բժշկուհին նաև այլ կառույցում է աշխատում՝ համատեղության կարգով:
— Ինչ վերաբերում է մասնագետների մոտ սպասելուն. գիտե՞ք, որ մարզում նեղ մասնագետների պակաս կա, բայց սա միայն ֆիզիկական անձանց պակասին չի վերաբերում, այլ նաև դրույքներին: Մեր պոլիկլինիկայում մենք նեղ մասնագետների հետ կապված ունենք փոքր դրույքաչափեր, և նեղ մասնագետը չի կարող ամբողջ օրն այստեղ անցկացնել: Համաձայն Աշխատանքային օրենսգրքի, այն դրույքաչափը, որն ինքը ունի, մոտավորապես օրվա կտրվածքով 2-3 ժամն է, կամ շաբաթը երկու անգամ կարող է գալ և իր դրույքաչափին համապատասխան ժամանակահատվածում սպասարկել քաղաքացիներին:
— Նշանակում է, որ նեղ մասնագետի պահանջը չկա ու դրա համար փոքր դրույքաչա՞փ է սահմանված:
— Տեսեք, ըստ կցագրված ազգաբնակչության է ձևավորվում համապատասխան դրույքաչափը: Եթե ազգաբնակչությունը 30 հազար և ավելի է, համապատասխան դրա է ձևավորվում դրույքաչափը: Եթե մեզ մոտ 17 հազար է, ուրեմն նեղ մասնագետի համար ձևավորվում է ավելի փոքր դրույքաչափ, և մենք ստիպված նեղ մասնագետից պահանջում ենք կես դրույքաչափին համապատասխան ժամաքանակ: Աշխատանքային օրենսգրքին համապատասխան, բժիշկը պետք է աշխատի 7,5 ժամ, իսկ կես դրույքաչափի դեպքում արդեն հասկանալի է, չէ՞, որ նեղ մասնագետը ավելի քիչ ժամանակով է զբաղված լինում: Ու դրա համար նա կարող է կամ շաբաթական 2-3 օր 5-6 ժամով աշխատել, համապատասխան իր դրույքաչափի պահանջների, կամ ամեն օր՝ 2-ական ժամով: Կան նաև նեղ մասնագետներ, օրինակ, նյարդաբաններ, որոնց թիվը մարզում քիչ է, ու որի կարիքը շատ կա, մենք ստիպված ենք հարմարվել բժշկի աշխատանքային գրաֆիկի հետ: Այստեղ է, որ կողքից նայողին թվում է, թե հերթ է գոյանում, մարդիկ շատ են սպասում, մինչդեռ պոլիկլինիկայի հաճախորդներն արդեն իսկ տեղեկացված են, եթե չեն մտապահել, ապա մասնագետների կաբինետներին փակցված է աշխատաժամերը, ու աշխատանքը կազմակերպվում է ըստ հերթականության: Բայց մեկ այլ հանգամանք էլ պետք է նշեմ. հիմա, երբ մտցվել է էլեկտրոնային առողջապահական համակարգ, ապա փորձում ենք կարգավորել այնպես, որ մարդիկ տներից նստած հերթագրվեն, ժամ վերցնեն ու այդ ժամին մոտենան իրենց նախընտրած բժշկին…
— Սպասեք, ուզում եք ասել, որ, օրինակ տարեցները, համակարգիչներով կամ բջջայիններով կարող են օգտվել էլեկտրոնային առողջապահական համակարգի՞ց, հերթագրվե՞լ…
— Սակայն ապագայում դա օպտիմալ տարբերակն է, քանի դեռ հարցն այս մակարդակում է:
— Շատ բժիշկների հետ զրույցներում, համարյա բոլորը նշում են՝ երբ մարդը որևէ կլինիկա է իր մոտ հայտնաբերում, փոխանակ դիմի առաջնային օղակին՝ պոլիկլինիկային, այն շրջանցում է, և արդեն հիվանդության բարդացված վիճակում դիմում է հիվանդանոցներին: Սա ի՞նչ է, մարդիկ չե՞ն վստահում համաբուժարաններին: Կամ, միգուցե համաբուժարաններում ժամանակակից բուժսարքավորումների պակա՞սն է, որ վստահության կորստի է բերել:
— Սա ոչ թե մեկ բժշկի, մեկ պոլիկլինիկայի կամ հիվանդի վարվեցողության խնդիր է, այլ այն մեր մեջ մտած է, մեր մենթալիտետն է: Մյուս կողմից էլ, մենք շատ ենք թևավորվում մեր ծանոթ-բարեկամների խորհուրդներով և, ասենք, մեր բարեկամը կենտրոնում մի լավ բժիշկ գիտի, իր ծանոթին ուղեկցում է իր իմացածի մոտ: Ու ստացվում է, որ քաղաքացին առաջնային օղակին չի դիմել: Հետո, իհարկե, պարզվում է, որ ամբուլատոր ծառայություններն այնտեղ վճարովի է, վճարում են, հետո ասում են, թե համաբուժարանից չեն օգտվել, որովհետև կենտրոնում ավելի լավ ծառայություն են մատուցում: Մինչդեռ մեր սպասարկումը բնավ չի զիջում կենտրոնական հիվանդանոցների ծառայությունների մակարդակին: Մեր պոլիկլինիկան հագեցած է լավ սարքավորումներով, ունենք ռենտգեն կաբինետ, որը չի զիջում մյուսներին, ՈւԶԻ, ֆիզոթերապիայի կաբինետ… փորձում ենք դոնորներ գտնել, վերազինվելու համար: Դե տեխնիկան շատ սրընթաց զարգանում է, պետք է հասցնենք թեկուզ մինիմումով ապահովել: Նաև ժամանակակից տեխնիկային համապատասխան մասնագետներ ունենալն էլ է կարևոր: Սա շարունակական պրոցես է:
— Էլ չենք ասում, որ համաբուժարանի և կենտրոնի նեղ մասնագետներն էլ հնարավոր է, նույնն են…
— Այո, այդպես էլ է լինում: Ուղղակի այս խնդիրը, որ բարձրաձայնեցիք, կարևոր է, սա ուղղակի մեր ժողովրդի մեջ մտած սովորություններից է: Մինչդեռ պետք է սովորեցնել, որ կանխարգելման մասը բաց ենք թողել, անգամ բուժումից հետո այն դեռ պետք է շարունակվի: Աշխարհում կանխարգելումների՝ վակցինաների, պատվաստումների մասով մենք բարձր դիրքերում ենք, իսկ այն հիվանդությունները, որոնք են շաքարային դիաբետը, սիրտ-անոթային հիվանդությունները, և այլն, սրանք են բաց մնացել:
— Իսկ միգուցե Առողջապահության նախարարության մեղավորությո՞ւնն էլ կա. պետք է քաղաքացուն տեղեկացնել, թեկուզ գովազդեր առաջնային օղակի՝ համաբուժարանների դերը, որ քաղաքացին իմանա, իր մեջ նստեցնի տեղեկությունը, թե որ հիվանդության, որ ստուգման կամ ինչ ծրագրեր են նախատեսված՝ պետպատվերի շրջանակում:
— Բազմաթիվ ծրագրեր կան, որոնք քաղաքացուն լայն հնարավորություններ են տալիս՝ անվճար հետազոտություններ անցնելու: Պետք է նախ կապ պահել, հաճախել համաբուժարան:
— Դուք ի՞նչն եք պատճառ բերում:
— Ինֆորմացիայի պակասը:
— Դե, տեսեք, որ եկաք իմ կարծիքին, նշանակում է, Առողջապահության նախարարությունը պետք է ռազմավարություն մշակած լիներ, որ քաղաքացին հետևի իր առողջությանը: Ես գտնում եմ, որ նախարարությունը և քաղաքացին չեն համագործակցել, անգամ հաշտ չեն եղել. քաղաքացին միշտ վախեցել է ոտք դնել հիվանդանոց, երբ գրպանը փող չի ունեցել, բժիշկն էլ իր ստացած ցածր աշխատավարձի պատճառով ինչ—որ տեղ իր վստահությունն է կորցրել…
— Ես Ձեզ հավատացնում եմ, որ բժիշկների մեծ մասը գիտակցում է, որ իրեն պատիվ չի բերում հիվանդի՝ իր գրպանը խոթած գումարը… Նրան ավելի պատվաբեր կլինի աշխատավարձի օրը ստանալ իր աշխատանքին համարժեք վճար: Համաձայն եմ, որ ամենքս էլ մեր մեղքի բաժինը պետք է ընդունենք: Պետությունը պետք է մեխանիզմ մշակեր, իսկ մենք էլ՝ որպես առողջության կազմակերպիչներ, շարժվեինք մեր հմտություններով:
— Ընտանեկան բժիշկների ինստիտուտն ինչպե՞ս է գործում, ինչպե՞ս եք գնահատում ընտանեկան բժիշկ—համաբուժարան—պացիենտ փոխհարաբերությունները:
— Ընտանեկան բժիշկների ինստիտուտը, համոզված եմ, ավելի լավ է գործում մարզերում, քան մայրաքաղաքում: Մարդիկ իրենց կապը լավ են պահում բժշկի հետ և կանխարգելիչ ու բուժիչ պրոցեսները լավ են իրականացվում: