Հարցազրույց Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
— Մինչև 2016 թվականը Մշակույթի նախարարության կողմից աջակցություն էր ցուցաբերվում Հայաստանի գրողների միության անդամների գրքերի տպագրությանը, այս տարի այդ կարգն այլևս չի գործում: Ի՞նչ եք կարծում՝ այս որոշումն ինչո՞վ էր պայմանավորված:
— Իսկապես, դա այդպես է: Բայց կարծում եմ, որ սա ձեռնտու է զուտ իրենք իրենց գրող կարծողներին: Կենսունակ միջակության երևելի ներկայացուցիչները, որոնց դեմ, իրոք, պետք է դռները փակել, տրտինգ տալով կտոնեն իրենց մենաշնորհը, որովհետև նրանք թե՛ պետական աջակցության, թե՛ պետական չաջակցության պայմաններում կտպագրեն իրենց բազմաքանակ շաբաթագրքերը և կփաթաթեն ժողվրդի վզին: Գրականության դաշտում սա եմ տեսնում իրական չարիքը և դրա դեմ, իրոք, «խաչաԳրած» պայքարի պահանջ կա:
— Այս իրադրությունում ինչպիսի՞ ելք եք ակնկալում, որ ձեռնտու լիներ շնորհալի գրողներին:
— Մշակույթի նախարարությունն այլ ծրագրեր է մշակում, իսկ թե ի՞նչ, հավանաբար հայտնի կդառնա առաջիկայում: Ինչպես նշեցի, միջակությունները դարձյալ կշահեն սրանից, պարզապես, գտնում եմ, որ ոչ թե պետք էր «մաղը» վերացնել, որով ընտրություն էր կատարվում, թե ով է պետպատվերով տպագրվելու, այլ այդ մաղն ավելի մանրացնել: Ես նաև վստահ եմ, որ կանցնի մի փոքրիկ ժամանակահատված, երբ կզորանա մեր երկիրը և գրականության զարգացման նոր ռազմավարություն երևան կգա, որը պակաս կարևոր չի լինի ռազմավարական մեր մյուս դրույթներից:
— Իսկ բաժանմունքի պարբերաթերթի «գործերն» ինչպե՞ս են:
— Այժմ մեր բաժանմունքի երկամսյա պարբերականությամբ լույս տեսնող «Եղեգան փող» թերթը շարունակում է աջակցություն ստանալ Մշակույթի նախարարությունից, ինչը շատ կարևոր հանգամանք է մարզի գրողների համար: Դա նրանց ստեղծագործությունները մարզի ընթերցասեր հանրությանը ներկայացնելու հիմնական միջոցն է: «Եղեգան փողը» սկսել է տպագրվել 1992 թվականից, այնուհետև հինգ տարով ընդհատվել էր տպագրությունը: 1995 թվականին մի քանի համար է տպագրվել և նորից դադար, այ, իսկ 2003 թվականից թերթը կանոնավոր լույս է տեսնում մինչ օրս: Արդեն 128-րդն համարն է ընթերցողին հասել:
— Պետական աջակցությունն ի՞նչ է տալիս «Եղեգան փող» պարբերաթերթին:
— Այն թույլ է տալիս մասնակիորեն ապահովել տպագրությունը, բայց նշեմ, որ դա էլ բավարար չէ թերթի ամբողջական ծախսերը հոգալու համար:
— Իսկ թերթի իրացման առումով ընթացքն ինչպիսի՞ն է:
— Եկեք իրացումից չխոսենք, որովհետև դա կոմերցիայի բնույթից է: Ասեմ, որ թերթն ունի իր ընթերցողները: Այն երբեմն հասնում է 1500 տպաքանակի և ամբողջությամբ հասնում է իր ընթերցողին: Խմբագրությունը կապի մեջ է նաև մտավորականների և արվեստագետների հետ, ովքեր սիրով հոդվածներ են գրում և տպագրվում են մեր թերթում:
— Ես գիտեմ, որ գրականությանը նվիրված երտասարդությունն էլ իր համար «պատուհան» ունի թերթում, նրանք մշտապես տպագրվում են «Սրբազան դող» խորագրի ներքո: Ինչպե՞ս են երիտասարդները կապվում թերթի հետ:
— Ամեն անգամ «Սրբազան դողում» ներկայացնում ենք նոր անուն: Այս առումով նկատելի է երիտասարդների համախմբումը թերթի շուրջ: Սա էլ պատճառ հանդիսացավ, որ «Արարատ Մկրտումյան» հիմնադրամի կողմից սահմանվեց ամենամյա նույնանուն գրական մրցանակաբաշխություն: Բանաստեղծ Արարատ Մկրտումյանը ծնունդով լոռեցի է, բայց ապրել և ստեղծագործել է Գյումրիում: Նա 31 տարեկանում զոհ է գնացել երկրաշարժի արհավիրքին: Մրցույթի հայտ կարող են ներկայացնել մինչև այդ խորհրդանշական 31 տարեկանը բոլորած երիտասարդները: Այն մի տարի անցկացվելու է մեր մարզում, մյուս տարի` բանաստեղծի ծննդավայր Լոռիում: Եվ այդպես շարունակ: Մրցույթն ամեն տարի տեղի կունենա Արարատի ծննդյան օրը` մայիսի մեկին, բայց այս տարի արտահերթության կարգով այն կանցկացվի սեպտեմբերին: Հաղթողի պարգևը կլինի այն, որ «Արարատ Մկրտումյան» գրական հիմնադրամն իր միջոցներով լույս կընծայի նրա բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն: Այս անգամ հավակնորդները 13-ն են: Սա խոսում է այն մասին, որ արդեն տասնյակից ավելի շնորհալի ստեղծագործողներ են ի հայտ եկել թերթի և գրողների մեր բաժանմունքի հետ կապի շնորհիվ: Գյումրու մանկական գեղագիտական կենտրոնում բանաստեղծուհի Ռոզա Հովհաննիսյանը գրական պարապմունքներ է անցկացնում երիտասարդների հետ: Այդ պարապմունքներին վարպետաց դասեր են տալիս նաև գյումրեցի հայտնի այլ գրողներ: Փաստորեն, այս երիտասարդները խոստանում են լինել վաղվա գրական սերունդը:
— Շատ է խոսվում այն մասին, թե գրքի, ընթերցասիրության նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, այս կարծիքին ինչպե՞ս եք վերաբերվում:
— Գուցե՞ երկրորդ պլան է մղվել այն, բայց միջին ու տարեց ընթերցողների շրջանում, կարծում եմ, գրքի նկատմամբ հավատարմությունը մեծամասամբ պահպանվել է: Մյուս կողմից, մեր բաժանմունքը երտասարդների ընթերցանությունը խթանելու համար, գրադարաններում հաճախ մասնակցում է գրական ցերեկույթների ու հանդիպումների: Մասնավորապես` մարզային գրադարանում գրական խմբակ է գործում, որի կազմակերպած թեմատիկ հանդիպումներին տարվա ընթացքում առնվազն 4-5 մասնակցություն ենք ունենում: Հետաքրքիրն այն է, որ այս գրադարաններում`ըստ նրանց հաշվարկների, տարեցտարի աճում է ընթերցողների թիվը, ինչը մեզ` գրողներիս համար, անչափ ոգևորիչ փաստ է:
ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ